Գլխավոր տեղեկություն
Номер
N 410
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.03.2002-14.08.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2000
Дата вступления в силу
11.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 20 հուլիսի 2000 թվականի N 410
քաղ. Երևան

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 20-ի N 410 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաեվ վարկեր տրամադրելու

 

1. Բնակտարածությունը կորցրած բռնադատվածը կամ մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բռնադատվածի նախկին բնակության վայրում բնակարանային անհատական շինարարության (սեփականության իրավունքով) նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից երկարաժամկետ արտոնյալ պայմաններով վարկեր (այսուհետև` վարկեր) ստանալու համար մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը (2001 թվականի բյուջետային տարվա համար` մինչև 2000 թվականի սեպտեմբերի 1-ը) դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետև` նախարարություն):

Դիմումին կից ներկայացվում են`

ա) բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի կամ նրա առաջին հերթի ժառանգի (այսուհետև` դիմող)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վկայականի պատճենը.

բ) Հայաստանի Հանրապետությունում բռնադատված լինելու հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքում բնակտարածության կորուստը հավաստող փաստաթղթերը.

գ) Հայաստանի Հանրապետությունում` բռնադատվածի նախկին բնակության վայրում շինարարություն (վերականգնում, վերակառուցում) իրականացնելու վերաբերյալ համապատասխան թույլտվության մասին տեղեկանքը.

դ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների համապատասխան բնակշահագործման տեղամասի կամ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը.

ե) անավարտ կամ վթարային բնակելի տան (առանձնատան) դեպքում` դիմումը ներկայացնելու պահին անավարտ բնակելի տան (առանձնատան) շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի մասին տեղեկանքը.

զ) նոր բնակելի տան շինարարության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման ցուցակներում ընդգրկված լինելու մասին տեղեկանքը.

է) շինարարական աշխատանքների նախահաշիվը:

2. Նախարարությունը վարում է հատուկ հաշվառման մատյան, որում գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ընդունած որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները: Հատուկ հաշվառման մատյանը (այսուհետև` մատյան) պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի նախարարի կողմից: Նշված մատյանը` կնքված նախարարության կնիքով, պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և չի թույլատրվում դրանում ուղղումներ կատարել: Հաշվառման վերցված յուրաքանչյուր դիմողի համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմողի հաշվառման գործի համարը պետք է համընկնի մատյանում նրա ազգանվան դիմաց նշված համարին:

3. Նախարարությունը քննարկում է դիմումները` դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:

4. Նախարարությունն իրավասու է մերժելու դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը`

ա) չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին (այդ թվում` չեն վկայում հաշվառման վերցված դիմողների բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին),

բ) տրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ,

գ) ներկայացվել են տվյալ տարվա հուլիսի 1-ից հետո (2001 թվականի բյուջետային տարվա համար` 2000 թվականի սեպտեմբերի 1-ից հետո),

դ) սույն կարգի պահանջներին համապատասխան նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

ե) դիմողը սույն կարգի համաձայն թեկուզ մեկ անգամ վարկ է ստացել:

5. Նախարարությունը դիմումի մերժման որոշումն ընդունելու մասին ծանուցում է դիմողին` ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` նշելով դիմումի մերժման պատճառները:

6. Նախարարությունը դիմումը հիմնավոր ճանաչելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով, որ վերջինիս հայտը դրվել է հաշվառման` առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո նշված օրենքով բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ բյուջետային վարկերի գծով նախատեսվելիք հատկացումների շրջանակներում նրան վարկ տրամադրելու հնարավորության հարցը քննարկելու համար:

7. Նախարարությունը յուրաքանչյուր տարի սահմանված կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտ` դիմողներին վարկեր տրամադրելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում սահմանված կարգով ներառում է նախարարության կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերով վարկերի տրամադրման համար նախատեսվող հատկացումները:

9. Եթե առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով դիմողներին վարկերի տրամադրման համար սահմանված հատկացումների ընդհանուր գումարը պակաս է բյուջետային ֆինանսավորման հայտերով նախատեսված գումարից, ապա նախարարությունն անցնում է հիմնավոր ճանաչված դիմումների քննարկման երկրորդ փուլին` նպատակ ունենալով որոշելու օրենքով սահմանված հատկացումների շրջանակներում տվյալ բյուջետային տարում դիմողներին տրամադրվող վարկերի չափերը, ինչպես նաև ճշտելու վարկեր ստացողների ցուցակները: Այս դեպքում դիմողներին վարկերի տրամադրման առաջնահերթությունը սահմանում է նախարարությունը: Դրան համապատասխան` տվյալ բյուջետային տարում վարկեր ստացող դիմողների ցուցակները, ինչպես նաև տրամադրվող վարկերի չափերը` ըստ յուրաքանչյուր դիմողի, հաստատվում են նախարարի հրամանով:

10. Նախարարությունն առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում դիմումների քննարկման երկրորդ փուլի արդյունքների մասին ծանուցում է դիմողին, նշելով`

ա) դիմումը մերժելու դեպքում` մերժման պատճառները,

բ) դիմումը բավարարելու դեպքում` տվյալ բյուջետային տարում հատկացվող վարկի գումարի չափը, մարման ժամկետը, և նրան առաջարկում դիմել գործակալ բանկին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքին` վարկային պայմանագիր կնքելու համար:

(10-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն) 

11. Եթե առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով դիմողներին վարկերի տրամադրման համար սահմանված հատկացումների ընդհանուր գումարը համապատասխանում է նախարարության բյուջետային ֆինանսավորման հայտով նախատեսված գումարին, ապա վերջինս նշված օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 5-օրյա ժամկետում դիմողներին ծանուցում է հատկացվող վարկի գումարի չափի, մարման ժամկետի մասին և նրանց առաջարկում դիմել համապատասխան գործակալ բանկին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքին` վարկային պայմանագիր կնքելու համար:

(11-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն) 

12. Վարկային պայմանագրում նախատեսվում են լրացուցիչ պայմաններ` կապված դրամի արժեզրկման հետ: Դրամի արժեզրկումը հաշվարկվում է վարկային պայմանագրի գործողության յուրաքանչյուր տարվա համար` նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից արձանագրված տարեկան սղաճի ցուցանիշով, ընդ որում` վարկի տրամադրման տարվանից սկսած` առաջին 5 տարվա համար ինդեքսավորում չի կատարվում: Յուրաքանչյուր տարվա (սկսած վարկի տրամադրման 6-րդ տարվանից) հունվարի 1-ի դրությամբ վարկի չմարված մնացորդի գումարը բազմապատկվում է նախորդ տարվա սղաճի ցուցանիշով` հաշվարկված վարկի գումարով, արդյունքում ստացվում է վարկի ինդեքսավորված գումարը տվյալ տարվա համար, որից ելնելով կատարվում են տվյալ տարվա բոլոր հաշվարկները:

13. Տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:

14. Գործակալ բանկի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի կողմից վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով` տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր)` ըստ հանձնաժողովի որոշման, հետևյալ չափերով`

ա) անհատական նոր բնակարանի (առանձնատան) շինարարության համար 4-5 մլն դրամ,

բ) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան նոր շենքերի կառուցման համար` յուրաքանչյուր մասնակցին` 3-5 մլն դրամ,

գ) անհատական կիսակառույց բնակարանի (առանձնատան) շինարարությունն ավարտելու համար` ելնելով պատրաստվածության աստիճանից` 1-4 մլն դրամ,

դ) անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարության համար յուրաքանչյուր բնակարանատիրոջը` 2-4 մլն դրամ,

ե) անհատական վթարային տների (առանձնատների) և բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ամրացման համար 2,5-3,5 մլն դրամ:

(14-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն) 

15. Վարկի մարումն սկսվում է այն ստանալու օրվանից 3 տարի հետո` յուրաքանչյուր տարի հավասար չափերով` հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետում նշված արժեզրկումը: Տոկոսների վճարումն սկսվում է վարկի ստացման օրվանից երկու տարի հետո: Տոկոսները հաշվարկվում են վարկառուի վարկային հաշվին փաստացի հաշվեգրված գումարների մնացորդների նկատմամբ` հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետում նշված արժեզրկումը:

Վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 3-րդ բանկային օրը:

16. Որպես գործակալ բանկեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մրցույթով ընտրված այն բանկերը, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց հատկացվող վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունից վարկավորել հանձնաժողովի կողմից որոշված վարկառուներին: Գործակալ բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով, որով որոշվում է նաև գործակալության վճարի չափը:

17. Նախարարությունը վարկառուների ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և բռնադատվածի նախկին բնակավայրի համապատասխան մարզպետին:

18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վարկառուների ցուցակն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է գործակալ բանկի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի թղթակցային հաշվին: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը գործակալ բանկ կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք է փոխանցվում տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունը բռնադատվածի նախկին բնակավայրի համապատասխան մարզպետի և գործակալ բանկի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի կողմից հաստատվելու մասին համապատասխան ծանուցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

(18-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն)

19. Գործակալ բանկը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքը վարկի գումարը տրամադրում է վարկային պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, ընդ որում, վարկի գումարի առաջին 20 տոկոսը վարկառուին է հատկացնում ամբողջությամբ, իսկ մնացած մասը` վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն` գնված շինանյութերի հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա:

(19-րդ կետը լրաց. 13.03.02 N 232-Ն)

20. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: