Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.11.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
09.11.2007
Дата вступления в силу
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-1143

Քաղաքացիական գործ թիվ 3-1046(ՎԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան
դատավորներ` Դ. Խաչատրյան
Վ. Ավանեսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սիլվա Խաչատուրովայի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Սիլվա Խաչատուրովայի հայցի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի և Հիմնադրամի միջև 28.11.2001 թվականին կնքված Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2.1 կետի «զ» ենթակետը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 20.12.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Սիլվա Խաչատուրովան:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Հիմնադրամը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ, 438-րդ հոդվածները, 328-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել վճռի այն պնդումը, թե «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, համաձայն որի՝ կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում, որևէ կապ չունի պայմանագրով սահմանված 12-օրյա ժամկետի հետ և այդ 12-օրյա ժամկետը նույնպես վերաբերում է հաջորդ ամսվան: Բացի այդ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին), իսկ իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով: Հետևաբար, կենսաթոշակների վճարման 12-օրյա կամ 15-օրյա ժամկետ սահմանելը չի բխում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի պահանջից: Այսինքն՝ հիմնադրամին իրավունք վերապահված չէ ընտրություն կատարել, թե հաջորդ ամսվա ո՞ր օրերին պետք է կենսաթոշակառուն ստանա իր կենսաթոշակը:

Հիմնադրամի և Բանկի միջև 28.11.2001 թվականին կնքված պայմանագրի պահանջը՝ 30 օրացուցային օրվա ժամկետի սահմանափակման վերաբերյալ, խախտում է կենսաթոշակառուների սոցիալական իրավունքը և կենսաթոշակի գումարներն ազատ տնօրինելու սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված):

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել 446-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սեփական հայեցողությամբ պայմանագրի պայմանները որոշելու իրավունքը սահմանափակված է այն դեպքերով, երբ պայմանագրի համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանվում է օրենքով:

Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել նաև Պայմանագրի կնքման նպատակը, ինչի իրականացման պայմաններում կպարզվեր, որ Պայմանագիրը կնքվել է հօգուտ երրորդ անձի, տվյալ դեպքում՝ հօգուտ կենսաթոշակառուների:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը, համաձայն որի՝ երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկությունը պարտապանին հայտնելու պահից կողմերն առանց երրորդ անձի համաձայնության չեն կարող լուծել կամ փոփոխել իրենց կնքած պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

Կողմերը պայմանագիրը փոփոխել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտմամբ:

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 926-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կենսաթոշակառու Սիլվա Խաչատուրովան Հիմնադրամի շահառու լինելուց զատ, միաժամանակ Բանկի ավանդատու է, և իր բանկային հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց՝ ինչպես ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 926-րդ հոդվածով:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վճռի պատճառաբանական մասում չի հիմնավորել, թե վիճարկվող պայմանագրի 2.1 կետի «զ» ենթակետը՝ կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակը Բանկի միջոցով ստանալու իրավունքի ժամկետի սահմանափակման դրույթը որքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Բողոքի բազմաթիվ ենթադրություններն այն մասին, որ Պայմանագիրը կնքվել է ՀՀ օրենսդրության, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների խախտմամբ և պարունակում է հայցվորի՝ կենսաթոշակը ստանալու իրավունքի ժամկետը սահմանափակող դրույթ՝ անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Կենսաթոշակները և սոցիալական ծրագրերի գծով իրականացվող այլ վճարումները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, այդ թվում՝ Բանկի հետ կնքված Պայմանագրի հիման վրա: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը սահմանում է տվյալ ամսվա կենսաթոշակը հաջորդ ամսվա ընթացքում վճարելու իմպերատիվ դրույթը, որն ի կատար ածելու համար պատասխանողների միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան կնքվել է Պայմանագիրը:

Պայմանագրում վճարման 15-օրյա ժամկետ սահմանելիս, Հիմնադրամը, որպես վարչական մարմին, առաջնորդվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով իրեն վերապահված հայեցողական լիազորություններով և ընտրել հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը, այն է՝ վճարման համար սահմանել է որոշակի ժամկետ, հետևյալ նկատառումներից ելնելով`

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 36.2-րդ հոդվածը սահմանում է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրները, որոնց թվին են դասվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները: «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներն են: Իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածը սոցիալական վճարներ կատարող տարբեր ապահովադիրների համար սահմանում է դրանք հաշվարկելու և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու տարբեր ժամկետներ, ինչը բացառում է բոլոր ապահովադիրների կողմից սոցիալական վճարները միաժամանակյա փոխանցելու հանգամանքը, ինչն էլ հանգեցնում է կենսաթոշակները և սոցիալական ծրագրերի գծով իրականացվող այլ վճարումները սահմանված ժամանակացույցին համապատասխան կատարելուն:

Ինչ վերաբերում է հայցվորի կողմից մատնանշված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 926-րդ հոդվածին, ապա հարկ է նշել, որ այդ հոդվածի պահանջը վերաբերում է բանկային հաշվում առկա դրամական միջոցների մնացորդներին, այլ ոչ թե՝ մուտքագրման ենթակա և դեռևս չմուտքագրված գումարներին: Իսկ Պայմանագրի պահանջներին համապատասխան, առանց ավանդատուի հանձնարարականի բանկը իրավունք չունի ավանդագրել կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սիլվա Խաչատուրովան 15.10.1996 թվականից հանդիսանում է ծերության կենսաթոշակառու:

2) 28.11.2001 թվականին Բանկի և Հիմնադրամի միջև կնքվել է Պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվել է Հիմնադրամի առաջադրանքով և վերջինիս կողմից հատկացված միջոցների հաշվին ՀՀ տարածքում իրականացնել կենսաթոշակառուներին կենսաթոշակների վճարում:

3) Բանկի և Հիմնադրամի միջև կնքվել է Համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որի 1.1.2 կետի համաձայն՝ Պայմանագրի 2.1 կետի «զ» ենթակետը վերաշարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ կենսաթոշակառուներին կենսաթոշակի յուրաքանչյուր ամսվա վճարումը կատարել ֆինանսավորված գումարը «կատարողի» (Բանկի) մասնաճյուղերի ընթացիկ հաշիվներին ամրագրվելուց հետո 12 օրացուցային օրվա ընթացքում:

Վերոհիշյալ Համաձայնագրի 1.1.2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ Պայմանագրի 2.1-րդ կետի «ը» ենթակետից հետո ավելացվել է «ժ» ենթակետ հետևյալ խմբագրությամբ. «վճարումը սույն Պայմանագրով սահմանված ժամկետներում ավարտելուց հետո, ավելացած գումարները վերադարձնել «Պատվիրատուին» (Հիմնադրամին) 3 բանկային օրվա ընթացքում»:

4) Բանկի և Հիմնադրամի միջև 11.12.2006 թվականին կնքվել է Համաձայնագիր, որի 3-րդ կետով նախատեսվել է Պայմանագրի 2-րդ մասի «զ» ենթակետում «12» թիվը փոխարինել «15-ով»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում՝ ըստ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին 65 տարին լրանալու դեպքում նշանակվում է ծերության սոցիալական կենսաթոշակ:

Այսինքն, տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունքի բացակայությունը և անձի՝ 65 տարին լրացած լինելն այն իրավաբանական փաստերն են, որոնց առկայության պայմաններում անձի մոտ ծագում է ծերության կենսաթոշակի իրավունք, այսինքն՝ իրեն հասանելիք կենսաթոշակի գումարի նկատմամբ սեփականության իրավունք:

Նման դիրքորոշում է արտահայտվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 04.10.2006 թվականի թիվ 649 որոշմամբ, որի VII կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցներն են և նրա սեփականությունը:

Կենսաթոշակի վճարումը սեփականատիրոջը սեփականությունը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ կենսաթոշակառուի սեփականությունն է: Հետևաբար, անհրաժեշտություն է ծագում դիտարկել Պայմանագրի վիճարկվող դրույթները նաև Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ելնելով, որոնցից առաջինը հռչակում է սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, իսկ երկրորդը հռչակում է անձին սեփականությունից զրկելու անթույլատրելիությունը:

Այս հարցի վերաբերյալ նույնպիսի դիրքորոշում ունի նաև Եվրոպական դատարանը: Այսպես, Եվրոպական դատարանն անդրադառնալով վերոհիշյալ խնդրին արտահայտել է հետևյալ տեսակետը. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում նախատեսված «սեփականություն» հասկացությունն ունի ինքնուրույն նշանակություն, որը չի հանգեցվում ֆիզիկական իրերի նկատմամբ սեփականության իրավունքին և որը կախված չէ ներպետական իրավունքի ձևական որակումներով: Գույքային մի շարք իրավունքներ և շահեր նույնպես կարող են դիտարկվել որպես «սեփականության իրավունք» (տե՜ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի գործով Դատարանի 05.01.2000 թվականի վճռի 100-րդ կետը):

Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստ ստանալու իրավունքը, Կոնվենցիայի 1-ին արձանագրության առաջին հոդվածի իմաստով հանդիսանում է գույքային իրավունք (տե՜ս Գայգուսուզն ընդդեմ Ավստրիայի գործով Դատարանի 31.08.1996 թվականի վճռի 41-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը պետք է մեկնաբանել վերոշարադրյալի լույսի ներքո, այսինքն, ոչ թե որպես կենսաթոշակառուի՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կոնկրետ որոշակի ժամկետում ստանալու իրավունք, այլ որպես իրավասու պետական մարմնի՝ ոչ ուշ քան մինչև տվյալ ժամկետի ավարտը կենսաթոշակի գումարը թոշակառուին վճարելու պարտականություն:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիլվա Խաչատուրովան արդեն իսկ սեփականություն իրավունք ունի իրեն հասանելիք կենսաթոշակի նկատմամբ, ուստի տվյալ ձևակերպումը չի կարող մեկնաբանվել որպես Սիլվա Խաչատուրովայի պարտականությունը հենց տվյալ ամսին ստանալ հասանելիք գումարը և սահմանափակել վերջինիս՝ տվյալ ժամկետն անցնելուց հետո՝ իր սեփականությունն ստանալու իրավունքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկն հիմնավոր է համարում:

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հօգուտ երրորդ անձի կնքված է համարվում այն պայմանագիրը, որում կողմերը սահմանել են, որ պարտապանը պարտավոր է պարտավորությունը կատարել ոչ թե հօգուտ պարտատիրոջ, այլ՝ պայմանագրում նշված կամ չնշված երրորդ անձի, որն իրավունք ունի պարտապանից պահանջել իր օգտին կատարելու պարտավորությունը:

Տվյալ դեպքում Պայմանագրի առարկան ծառայություններն են, որոնք Ընկերությունը պարտավորվել է մատուցել Հիմնադրամին, ինչն արտահայտվել է Պայմանագրի 1.1. կետում, որի համաձայն՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ-ն պարտավորվել է Հիմնադրամի առաջադրանքով և վերջինիս կողմից հատկացված միջոցների հաշվին ՀՀ տարածքում իրականացնել կենսաթոշակների վճարումը կենսաթոշակառուներին:

Վերոհիշյալ նկատառումներով Պայմանագիրը չի կարող հանդիսանալ հօգուտ երրորդ անձի կնքված, քանի որ դրանով նախատեսված չէ դրույթ այն մասին, որ Պայմանագրի առարկան կազմող ծառայությունները կատարվելու են ոչ թե Հիմնադրամի օգտին, այլ՝ որևէ այլ անձի:

3) բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 926-րդ հոդվածը վերաբերում է բանկային հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու՝ հաճախորդի իրավունքների սահմանափակման անթույլատրելիությանը և որևէ կապ չունի սույն վեճի հետ:

4) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ բողոքում չի նշվել, թե Վերաքննիչ դատարանը որ ապացույցը չի հետազոտել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան