Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.11.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
09.11.2007
Дата вступления в силу
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2572

Քաղաքացիական գործ թիվ 3-1670(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
դատավորներ՝ Գ. Մատինյան
  Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի Աշխեն Ենգոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 15.09.2006 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ դիմումատուն խնդրել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշումը, որով ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.05.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.08.2007 թ. վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Աշխեն Ենգոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «գ» ենթակետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ և 32-րդ հոդվածները, 154-րդ հոդվածի 1-ին մասը, 247-րդ հոդվածի 8-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 17.07.2007 թվականի թիվ Վ-6/10 որոշմամբ կարճվել է Աշխեն Ենգոյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման գործի վարույթը, բավարարել է դիմումը և անվավեր է ճանաչել Աշխեն Ենգոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Աշխեն Ենգոյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման գործի վարույթի կարճման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ նույն իրավախախտման համար նախկինում (Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշմամբ) Աշխեն Ենգոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ինչը բացառում է նույն արարքի համար վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.05.2007 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

Աշխեն Ենգոյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու վերաբերյալ վճռաբեկ բողոքում տեղ գտած փաստարկն անհիմն է, քանի որ նրա կողմից հողազավթում կամ ինքնակամ շինարարություն չի կատարվել, այլ կառուցվել է տանիք, որը շինության անբաժանելի մասն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 07.09.2005 թվականի թիվ 2031436 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Աշխեն Ենգոյանի անվամբ գրանցված է Երևանի Շիրակի փողոցի 1/4 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ սեփականության, իսկ դրանց զբաղեցրած հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը:

2) Աշխեն Ենգոյանը Երևանի Շիրակի փողոցի 1/4 հասցեում սեփականության իրավունքով պատկանող շինության վրա, առանց համապատասխան թույլտվության, իրականացրել է շինարարական աշխատանքներ:

3) Աշխեն Ենգոյանը Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար: Նշանակվել է վարչական տույժ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

4) Երևանի քաղաքապետի 17.07.2007 թվականի թիվ Վ-6/10 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի հսկողության վարչության աշխատակիցների կողմից կազմված երկրորդ (կրկնակի) արձանագրության հիման վրա հարուցված վարչական իրավախախտման գործի վարույթը կարճվել է՝ գործի նյութերով շինարական աշխատանքները դիմողի կողմից շարունակելու (իրավախախտման) հանգամանքը հիմնավորված չլինելու հիմքով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «գ» ենթակետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Այսինքն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան քաղաքաշինական գործունեություն իրականացնելու պարտականությունը, որի խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշմամբ Աշխեն Ենգոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով դիմումը մերժվել է, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի պահանջը:

Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Աշխեն Ենգոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշումը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 17.07.2007 թվականի թիվ Վ-6/10 որոշմամբ կարճվել է Աշխեն Ենգոյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման գործի վարույթը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության դեպքում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով կրկնակի արձանագրության հիման վրա հարուցված վարչական իրավախախտման գործի վարույթը կարճված լինելը չի կարող Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշումն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ, քանի որ վերջինս հարուցված է եղել Աշխեն Ենգոյանի կողմից տարածքը նախագծային տեսքին չբերելու համար և կարճվել է գործի նյութերով շինարական աշխատանքները դիմողի կողմից շարունակելու (իրավախախտման) հանգամանքը հիմնավորված չլինելու հիմքով: Այսինքն` երկրորդ արձանագրությամբ հարուցված վարչական իրավախախտման գործի վարույթի կարճման հիմքը որևէ առնչություն չունի մինչ այդ Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշմամբ արձանագրված խախտման հետ, հետևաբար այդ վարույթը կարճված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշմամբ արձանագրված խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումներ կատարելու համար:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «գ» ենթակետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասը, 247-րդ հոդվածի առաջին կետը, որոնք պետք է կիրառեր:

Ինչ վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 8-րդ կետը չկիրառելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա վճռաբեկ դատարանը գտնում է այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, եթե առկա է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշում նույն փաստի վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 8-րդ կետը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վարչական իրավախախտման գործի վարույթի կարճման հիմք է հանդիսացել ոչ թե իրավասու վարչական մարմնի կողմից նույն փաստի վերաբերյալ որոշման առկայությունը, այլ շինարական աշխատանքները դիմողի կողմից շարունակելու (իրավախախտման) հանգամանքը հիմնավորված չլինելը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.05.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

 

Ս. Անտոնյան

  Ս. Գյուրջյան
 

Է. Հայրիյան