Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-737
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.03.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.229
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
11.03.2008
Дата вступления в силу
11.03.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

11 մարտի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ.Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում (Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. հունվարի 8-ին Հռոմում` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև:

2. Համաձայնագրով նախատեսված դրույթներին և պայմաններին համապատասխան Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (Հիմնադրամ) յոթ միլիոն ինը հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքների (7.900.000 ՓՀԻ) չափով փոխառություն և երեք հարյուր երեսուն հազար Փոխառության հատուկ իրավունքների (330.000 ՓՀԻ) դրամաշնորհ է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը (Փոխառու) «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի մասնակի ֆինանսավորման համար:

3. Վերոնշյալ ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի գյուղական աղքատ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագրի խնդիրներն են.

- աջակցել համեմատական տնտեսական առավելություններ ունեցող առաջնային արտադրողների և առավել բարենպաստ աշխատանքային հնարավորություններ փնտրող գյուղաբնակների հետ սերտ կապ ունեցող ձեռնարկություններին,

- տրամադրել ներդրումային գործիքներ և հարակից ֆինանսական միջոցներ, որոնք կբավարարեն գյուղական բաժնետիրական ֆինանսավորման պահանջարկը,

- աջակցել Հայաստանում ֆինանսական ոլորտի հետագա զարգացմանը՝ փոքր և միջին գյուղատնտեսական վարկերի պահանջարկը բավարարելու համար:

4. Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

ա/ գյուղական ֆինանսավորում, որի խնդիրն է խթանել գյուղական մանրածավալ արտադրողների և ՓՄՁ-ների տնտեսական կայուն ակտիվության աճը` համապատասխան նորարարական ֆինանսական ծառայություններ տրամադրելու ճանապարհով,

բ/ գյուղական ենթակառուցվածքային ներդրումների, որի խնդիրն է բարելավել հիմնական շահառու խմբի կենսամակարդակը և ներդրումային միջավայրը` շահութաբեր ձեռնարկատիրության զարգացման և կայուն գյուղական տնտեսական աճի համար,

գ/ ծրագրի կազմակերպման և կառավարման, որն իրականացվելու է Ծրագրի կառավարման գրասենյակի (ԾԿԳ/ԾԾԿԳ-ի) միջոցով: ԾԿԳ/ԾԾԿԳ-ն ամենօրյա լիակատար պատասխանատվություն կկրի ծրագրի նախագծման, կառավարման, համակարգման, մոնիտորինգի, ծրագրի նպատակին ու խնդիրներին համապատասխանության առումով` արդյունքների և արդյունավետության գնահատման, նաև ֆինանսական և կառավարման հաշվետվությունների համար:

5. «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

1) ճշգրտորեն և ժամանակին իրականացնել համաձայնագրով՝ իրեն, Ծրագրի գլխավոր գործակալությանը և ծրագրի այլ կողմերին վերագրված պարտավորությունները,

2) Հիմնադրամին պարբերաբար՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին, վճարել փոխառության օգտագործված գումարի հաշվարկով տարեկան 0.75 տոկոսի չափով ծառայավճար՝ փոխառության ծառայավճարի արտարժույթով,

3) Հիմնադրամին վերադարձնել փոխառության հիմնական գումարը` հիսունինը (59) հավասար կիսամյակային մասնաբաժիններով, յուրաքանչյուրը՝ 131.667 ՓՀԻ: Վճարումները պետք է կատարվեն փոխառության ծառայավճարի արտարժույթով` յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝ սկսած 2018թ. փետրվարի 1-ից մինչև 2047թ. փետրվարի 1-ը (կատարելով նաև մեկ վերջնական վճարում՝ 131.647 ՓՀԻ, 2047թ. օգոստոսի 1-ին),

4) ծրագրի գործունեության ընթացքում Ծրագրի գլխավոր գործակալությանը տրամադրել իր մասնաբաժինը՝ մոտավորապես հինգ միլիոն (5.000.000) ԱՄՆ դոլարի չափով, որից երկու միլիոն հինգ հարյուր հազար (2.500.000) ԱՄՆ դոլար կանխիկ ներդրումը կօգտագործվի «Գյուղական ենթակառուցվածքներ» բաղադրիչի ֆինանսավորման համար և մինչև երկու միլիոն հինգ հարյուր հազար (2.500.000) ԱՄՆ դոլար` հարկերի և տուրքերի վճարման համար:

6. Համաձայնագիրը նախատեսում է ուժի մեջ մտնելու մի շարք նախապայմաններ, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կողմից:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված` Հայաստանի Հանրապետության՝ որպես սոցիալական պետության, սկզբունքին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում (Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


11 մարտի 2008 թվականի
ՍԴՈ-737

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան