Գլխավոր տեղեկություն
Номер
N 1324-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2007-29.02.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2007
Дата вступления в силу
09.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1324-Ա

 

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ու Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացումը խթանելու և մրցունակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազգային մրցունակության խորհուրդ:

2. Հաստատել`

1) ազգային մրցունակության խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ազգային մրցունակության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.

2) ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը փոփոխվում է ազգային մրցունակության խորհրդի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ առնվազն մեկ տարով.

3) ազգային մրցունակության խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնական անդամներ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի

նախագահի տեղակալ) (Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

Ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամներ

 

«Հայաստան 2020» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Նշանավոր սփյուռքահայ գործիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների 2 ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ազգային մրցունակության խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

2. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Խորհրդի խնդիրներն են՝

1) հանրության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկրի մրցունակությանը և տնտեսական բարեփոխումներին առնչվող օրենսդրական կամ այլ նախաձեռնությունները քննարկելը.

2) տնտեսական զարգացման ոլորտին վերաբերող ծրագրերը մշակելը:

4. Խորհրդի նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումներին աջակցելը.

2) Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը.

3) Հայաստանի Հանրապետության գլոբալ մրցունակության բարձրացմանը խթանելը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

7. Եթե խորհրդի անդամը չի կարող ներկա գտնվել խորհրդի նիստին, ապա կարող է նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ քվեարկել հեռակա կարգով:

8. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում՝ վերջինիս հանձնարարությամբ խորհրդի նախագահի տեղակալը:

9. Խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում է խորհրդի աշխատանքները.

2) խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում:

10. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծն առաքվում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց՝ գումարվող խորհրդի նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն

15 աշխատանքային օր առաջ ծրագրի կառավարչին ներկայացնել առաջարկություն՝ խորհրդի նիստի օրակարգում ներառելու համար:

12. Յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են զեկուցումներ նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին:

13. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

14. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել խորհրդի կողմից հրավիրված անձինք:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

 

15. Խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի կառավարումն իրականացնում է խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված անձը (այսուհետ` ծրագրի կառավարիչ):

16. Ծրագրի կառավարիչը՝

1) իրականացնում է խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի համակարգումը և դիտարկումը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրումը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի և ծրագրի կառավարչի աշխատանքի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ֆինանսական աղբյուրներից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ