Գլխավոր տեղեկություն
Номер
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/58(582) Հոդ.1195
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2007
Дата вступления в силу
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2007 թվականի N 1316-Ն

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 
 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1316-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության առանձնահատկությունները:

2. Պաշտպանական նշանակության անտառները միջավայրը կայունացնող և կարգավորող կարևոր գործոն են, և ունեն դաշտապաշտպան, այգեպաշտպան, ճանապարհապաշտպան, կլիմայակարգավորիչ, ջրակարգավորիչ, հակաէրոզիոն, կենսաբազմազանության պահպանության ու հանգստի (ռեկրեացիոն) գործառույթներ:

3. Պաշտպանական նշանակության անտառներում իրականացվում են միայն միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ:

4. Միջանկյալ (խնամքի) հատումներն ուղղված են անտառների և անտառատնկարկների տեսակային կազմի բարելավմանը, արտադրողականության և կենսունակության բարձրացմանը:

5. Սանիտարական հատումներն ուղղված են անտառների սանիտարական վիճակի բարելավմանը և կենսունակության բարձրացմանը: Սանիտարական հատումներն իրականացվում են ցցաչոր, չորացած, քամատապալ, ձյունակոտոր, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների բացասական ազդեցության ու հրդեհների հետևանքով կենսունակությունը կորցրած ծառերի հեռացմամբ:

6. Խնամքի և սանիտարական հատումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Պաշտպանական նշանակության անտառներում կարող են իրականացվել նաև այլ հատումներ: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտը մթերվում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին համապատասխան:

8. Պաշտպանական նշանակության անտառներում միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների ժամանակ բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման և անտառից դուրսբերման ժամանակ անտառօգտագործողը պարտավոր է պահպանել անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի և անտառօգտագործման պայմանագրի պահանջները:

9. Բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերումը թույլատրվում է միայն անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի առկայության դեպքում:

10. Պաշտպանական նշանակության անտառներում կոճղերի մթերումն արգելվում է 12 և ավելի աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման և սողանքների ակտիվացման երևույթներ առաջացնել:

11. Պաշտպանական նշանակության անտառների ջրային օբյեկտների ջրապահպան գոտիներում արգելվում են`

1) կոճղերի մթերումը.

2) ջրային ռեժիմի խախտում առաջացնող ցանկացած գործողություն.

3) թունաքիմիկատների օգտագործումն անտառների պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը:

12. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված այլ պաշտպանական նշանակության անտառների պահպանության և անտառօգտագործման հետ կապված` սույն կարգով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան