Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2007
Дата вступления в силу
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1793

Քաղաքացիական գործ թիվ 3-1375 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
դատավորներ՝ Ա. Խառատյան
  Մ. Ասատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի թիվ 07-1793 քաղաքացիական գործով 18.06.2007 թվականի վճռի դեմ ըստ «Երֆրեզ» ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Տիգրան Պետրոսյանի, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ նաև՝ Քաղաքապետարան), Էլյանորա Օգանեզովայի՝ Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշումը, Էլյանորա Օգանեզովայի և Տիգրան Պետրոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, 18.12.1998 թվականին Է.Օգանեզովայի անվամբ կատարված և 12.05.2005 թվականին Տ.Պետրոսյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, Տ.Պետրոսյանին տարածքից վտարելու պահանջների մասին և ըստ Տ.Պետրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության, Քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ նաև՝ Կադաստր) Արաբկիրի տարածքային ստորաբաժանման՝ Երևանի քաղաքապետի 18.10.2002 թվականի թիվ 1879-Ա որոշումը, 22.10.2002 թվականի թիվ 1833-2002 գլխավոր հատակագիծը և 19.10.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան, հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշումը, Է.Օգանեզովայի անվամբ 18.12.1998 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, Է.Օգանեզովայի և Տ.Պետրոսյանի միջև 06.05.2005 թվականին Կոմիտասի պողոտա 60/9 հասցեում գտնվող առևտրի սրահի առուծախի վերաբերյալ կնքված պայմանագիրը, Տ.Պետրոսյանի անվամբ 12.05.2005 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը և վերջինիս վտարել Երևանի Կոմիտասի պողոտա 60/9 հասցեում գտնվող տարածքից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Տ.Պետրոսյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 18.10.2002 թվականի թիվ 1879-Ա որոշումը, 22.10.2002 թվականի թիվ 1833-2002 գլխավոր հատակագիծը և Ընկերության անվամբ 19.10.2004 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 22.03.2007 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակի: Վճռվել է Տ.Պետրոսյանին վտարել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Կոմիտասի պողոտա 60 հասցեում գտնվող 24 քմ տարածքից:

Ընկերության անվամբ 19.10.2004 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետի 18.10.2002 թվականի թիվ 1879-Ա որոշումը, 22.10.2002 թվականի թիվ 1833-2002 թվականի գլխավոր հատակագիծը 69.3 քմ մակերեսի մասով ճանաչվել է անվավեր:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Ընկերության իրավանախորդի համաձայնությամբ դեռևս Երևանի 26 կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.09.1990 թվականի թիվ 18/7 որոշմամբ իրենց ընդհանուր տարածքից հանված և այլ իրավաբանական անձի հատկացված 100 քմ մակերեսով տարածքը հետագայում այլ ակտով նորից վերադարձվել և հանձնվել է Ընկերությանը կամ նրա իրավանախորդին: Հետևաբար, նշված տարածքի ընդգրկումն ընկերության հողամասի սահմաններում զուրկ է որևէ հիմքից:

Ընկերությունը չի ներկայացրել որև ապացույց այն մասին, որ վիճարկվող 100 քմ տարածքը Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի գործադիր կոմիտեի թիվ 18/7 որոշմամբ հատկացվել է «Էներգոկոմպլեքս» կոոպերատիվին առանց «Երֆրեզ» ԲԲԸ-ի իրավանախորդ Ֆրեզերային հաստոցների գործարանի համաձայնության և առանց այդ տարածքից հրաժարվելու: Չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի գործադիր կոմիտեի թիվ 18/7 որոշումը վիճարկվել է կամ այն չեղյալ է ճանաչվել:

Դատարանը արժանի գնահատական չի տվել Երևանի 26 կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.09.1990 թվականի թիվ 18/7 և Երքաղխորհրդի գործկոմի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշումներին:

Վերը նշված որոշումներով հիմնավորվում է, որ Կոմիտասի պողոտա 60/9 հասցեում գտնվող առևտրի սրահը՝ բաղկացած 69,3 քմ և 24 քմ ընդհանուր մակերեսից, Է.Օգանեզովայի՝ որպես «Էներգոկոմպլեքս» կոոպերատիվի հիմնադրի կողմից փաստացի տիրապետվել է 1990 թվականից:

1998 թվականին, երբ Է.Օգանեզովան դիմել է կադաստրի ստորաբաժանմանը՝ վիճելի հասցեում ինքնակամ կառուցված 69.3 քմ մակերեսով շինությունը օրինականացնելու խնդրանքով, «Երֆրեզ» ԲԲԸ-ի իրավանախորդ Ֆրեզերային հաստոցների գործարանը տվել է տեղեկանք-համաձայնագիր, որում նշվել է, որ Ֆրեզերային հաստոցների գործարանի հարևանությամբ Էլյանորա Օգանեզովայի կողմից կառուցված 77.25 քմ մակերեսով շինության զբաղեցրած տարածքը ընդգրկված չէ Երևանի Ֆրեզերային հաստոցների գործարանի սեփականաշնորհման գույքացուցակում, և տնօրինությունը համաձայն է, որպեսզի վերը նշված կառույցը օրինականացվի և որպես սեփականություն գրանցվի Է.Օգանեզովայի անվամբ:

Ինչպես Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 13.09.90 թվականի թիվ 18/7 որոշմամբ, այնպես էլ Երքաղխորհրդի գործկոմի 27.10.1988 թվականի թիվ 865 որոշմամբ հիմնավորվում է, որ «Երֆրեզ» ԲԲԸ-ի իրավանախորդ Ֆրեզերային հաստոցների գործարանը հրաժարվել է ընկերությանը պատկանող 100 քմ մակերեսով տարածքից դեռևս 1990 թվականից:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Երևանի Կոմիտասի պողոտա 60 հասցեում գտնվող տարածքը դեռևս 1990 թվականից բացահայտ, անընդմեջ և բարեխղճորեն տիրապետվել է «Էներգոկոմպլեքս» կոոպերատիվի, իսկ հետագայում կոոպերատիվի հիմնադիր Է.Օգանեզովայի, իսկ 2005 թվականից վերջինիս իրավահաջորդ Տ.Պետրոսյանի կողմից:

3) Դատարանը կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

ՀՀ կառավարության «ՀՀ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» 18.07.1996 թվականի թիվ 214 որոշմամբ «Երֆրեզ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվել են, նույն որոշմամբ «Երֆրեզ» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է «Երֆրեզ» ԲԲԸ-ի: Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել Ընկերության անշարժ գույք հանդիսացող շինության համար համապատասխան հողահատկացումը:

Երևանի քաղաքապետի 18.10.2002 թվականի թիվ 1879-Ա որոշմամբ ճշտվել է Ընկերությանը պատկանող՝ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60 հասցեում գտնվող շինություններով զբաղեցրած հողամասի սահմանները և տրվել գլխավոր հատակագիծ, իսկ 29.10.2002 թվականին կնքվել է հողի վարձակալության թիվ 1-2535 պայմանագիրը:

Մինչ այդ, Երևանի քաղաքապետը՝ գործելով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, 27.10.1998 թվականի թիվ 865 որոշմամբ տնօրինել է նույն հասցեում գտնվող 69.3 քմ մակերեսով հողամասն՝ այն վարձակալության հանձնելով Է.Օգանեզովային և ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը նույն հողամասի վրա կառուցված ինքնակամ շինության նկատմամբ:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի թիվ 07-1793 քաղաքացիական գործով 18.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Ըստ վճռաբեկ բողոքի պատասխանի՝ դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, մանրամասն գնահատել է բոլոր ապացույցներն ու եկել ճիշտ եզրահանգման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը և 280-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը կիրառելի է, քանի որ դատարանում վիճարկվում է Երևանի քաղաքապետի որոշումը, որն իրավական ակտ է և այն չի կարող հակասել ՀՀ կառավարության որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 13.08.1990 թվականի նիստում որոշվել է «Էներգոկոմպլեքս» կոոպերատիվ ձեռնարկությանը ֆրեզերային հաստոցների գործարանի տարածքում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60 հասցեում տրամադրել 100 քմ տարածք, գործունեություն իրականացնելու համար՝ մուտքը Կոմիտասի փողոցի կողմից:

2) «Էներգոկոմպլեքս» կոոպերատիվի 16.06.1993 թվականի ընդհանուր ժողովի նիստում որոշվել է Է.Օգանեզովային փայատիրական իրավունքով որպես սեփականություն հանձնել ֆրեզերային հաստոցների գործարանի տարածքում կառուցված 66 քմ մակերեսով շինությունը:

3) 1998 թվականին Ֆրեզերային հաստոցների գործարանի տնօրենը Է.Օգանեզովային տրամադրել է «Տեղեկանք-համաձայնագիր» այն մասին, որ Ֆրեզերային հաստոցների գործարանի հարևանությամբ Է.Օգանեզովայի կողմից կառուցված 77.25 քմ մակերեսով շինության զբաղեցրած տարածքն ընդգրկված չէ գործարանի սեփականաշնորհման գույքացուցակում: Նույն տեղեկանքում նշվում է, որ գործարանի տնօրինությունը համաձայն է, որպեսզի վերը նշված կառույցն օրինականացվի և որպես սեփականություն գրանցվի Է.Օգանեզովայի անվամբ:

4) Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշմամբ Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող 69.3 քմ մակերեսով ինքնակամ կառույցն օրինականացվել է և դրա նկատմամբ ճանաչվել է Է.Օգանեզովայի սեփականության իրավունքը:

5) 10.12.1998 թվականին Երևանի քաղաքապետարանի հողի, գույքի և կադաստրի վարչության կողմից Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող և Է.Օգանեզովային պատկանող առևտրի սրահին տրվել է Կոմիտասի փողոց թիվ 60/9 հասցեն:

6) 14.12.1998 թվականին Երևանի քաղաքապետի և Է.Օգանեզովայի միջև կնքվել է Կոմիտասի փողոցի թիվ 60/9 հասցեում գտնվող առևտրի սրահով զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր:

7) Է.Օգանեզովան Կոմիտասի փողոց թիվ 60/9 հասցեում գտնվող առևտրի սրահը 06.05.2005 թվականի պայմանագրով վաճառել է Տ.Պետրոսյանին: Նշված պայմանագրից բխող Տ.Պետրոսյանի իրավունքները 12.05.2005 թվականին պետական գրանցում են ստացել:

8) ՀՀ կառավարության «ՀՀ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» 18.07.1996 թվականի թիվ 214 որոշմամբ «Երֆրեզ» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է «Երֆրեզ» ԲԲԸ-ի: Նույն որոշմամբ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվել են:

9) ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երևանի քաղաքապետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել Ընկերության անշարժ գույք հանդիսացող շինության համար համապատասխան հողհատկացումը:

10) ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և Ընկերության միջև 24.02.1997 թվականին կնքվել է սեփականաշնորհման թիվ 494-2 պայմանագիրը: Սեփականաշնորհման պայմանագրով Ընկերությունը ձեռք է բերել Ֆրեզերային հաստոցների գործարանը: Ընդ որում, նշված պայմանագրով գործարանի զբաղեցրած հողամասը չի օտարվել Ընկերությանը:

11) Երևանի քաղաքապետի 18.10.2002 թվականի թիվ 1879-Ա որոշմամբ ճշտվել են Ընկերությանը պատկանող՝ Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող շինություններով զբաղեցրած հողամասի սահմանները, և տրվել է 1833-2002 գլխավոր հատակագիծը: Նշված գլխավոր հատակագծում ընդգրկված է նաև քննարկվող առևտրի սրահը:

12) Ընկերության և Հայաստանի Հանրապետության (ի դեմս՝ Երևանի քաղաքապետի) միջև 25.07.2002 թվականին կնքվել է Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող 4.1 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր:

13) 19.10.2004 թվականին Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Ընդ որում, սեփականության իրավունքի վկայականում ընդգրկված է նաև Կոմիտասի փողոցի թիվ 60/9 հասցեի առևտրի սրահը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները՝ նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Սույն գործով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վտարել պատասխանողին Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեի շինությունից: Նման պարագայում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով՝ Ընկերությունը դատարան պետք է ներկայացներ այն իրավական տիտղոսը, որի հիման վրա պահանջում է նշված շինությունը: Մասնավորապես, Ընկերությունը պետք է ապացուցեր այն հանգամանքը, որ «Երֆրեզ» ՓԲԸ-ի վերակազմակերպման պահին վիճելի շինությունը հանդիսացել է «Երֆրեզ» ՓԲԸ-ի սեփականությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը սույն գործով չի ապացուցել այն հանգամանքը, որ «Երֆրեզ» ՓԲԸ-ի վերակազմակերպման պահին վիճելի շինությունը հանդիսացել է «Երֆրեզ» ՓԲԸ-ի սեփականություն, հետևաբար, վճռի պատճառաբանական մասում հաստատված համարելով այն, որ տեղի է ունեցել տարածքի համադրում, և Է.Օգանեզովայի սեփականության իրավունքի գրանցման վկայականում ներառվել է Ընկերությանը պատկանող տարածքը, դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության իրավանախորդի համաձայնությամբ դեռևս Երևանի 26 կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.09.1990 թվականի թիվ 18/7 որոշմամբ ընդհանուր տարածքից հանվել և «Էներգակոմպլեքս» կոոպերատիվին է փոխանցվել 100 քմ մակերեսով տարածք, որը որևէ այլ ակտով չի վերադարձվել ընկերությանը:

Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի գործադիր կոմիտեի թիվ 18/7 որոշումը չեղյալ չի ճանաչվել, դատական կարգով անվավեր չի ճանաչվել:

Երքաղխորհրդի գործկոմի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշմամբ Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող 69.3 քմ մակերեսով ինքնակամ կառույցն օրինականացվել է, և դրա նկատմամբ ճանաչվել է Է.Օգանեզովայի սեփականության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Երևանի 26 կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.09.1990 թվականի թիվ 18/7 և Երքաղխորհրդի գործկոմի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշումները:

Վերը նշված որոշումներով հիմնավորվում է, որ Կոմիտասի պողոտա 60/9 հասցեում գտնվող առևտրի սրահը՝ բաղկացած 69.3 քմ և 24 քմ ընդհանուր մակերեսից, Է.Օգանեզովայի՝ որպես «Էներգոկոմպլեքս» կոոպերատիվի հիմնադրի կողմից փաստացի տիրապետվել է 1990 թվականից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը բազմակողմանիորեն չի հետազոտել նաև գործում առկա այլ ապացույցներ: Մասնավորապես, անդրադառնալով Ընկերության իրավանախորդ Ֆրեզերային հաստոցների գործարանի գործադիր տնօրենի կողմից 1998 թվականին տրված տեղեկանք-համաձայնագրին, վճռի պատճառաբանական մասում նշել է, որ գործադիր տնօրենի վերը նշված համաձայնությունը վերաբերել է այլ շինության, որը գործարանի համար հատկացված հողամասի սահմաններից դուրս է գտնվում: Նման պարագայում ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես՝ հատակագծերը (գ.թ. 31, 32, 35, 46), որոնց համաձայն՝ գործարանի գործադիր տնօրենի կողմից 1998 թվականին տրված տեղեկանք-համաձայնագրում խոսքը վերաբերել է այն ինքնակամ կառույցին, որին հետագայում տրվել է Կոմիտասի փողոցի թիվ 60/9 հասցեն:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ ինչպես հետևում է սույն որոշման 4.1 և 4.3 կետերի բովանդակությունից՝ Է.Օգանեզովան որպես սեփականատեր, հանդիսացել է վիճելի գույքն օտարելու իրավունք ունեցող անձ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը կարգավորում է սեփականության իրավունքի ձեռքբերման (դադարեցման) հիմքերից մեկի հետ կապված հարաբերությունները: Քննարկվող հոդվածի ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման առանձնահատկություններից է այն, որ գույքը ունի սեփականատեր, որն էլ հրաժարվում է այդ գույքի նկատմամբ ունեցած սուբյեկտիվ իրավունքից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտասի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող առևտրի սրահը մինչև 27.10.1998 թվականը, այսինքն՝ մինչև օրինականացումը, ինքնակամ կառույց էր: Հետևաբար, ոչ ոք այդ գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից չէր կարող հրաժարվել, քանի որ դրա նկատմամբ սեփականության իրավունք չէր ծագել: Նշված հետևությունը հիմնված է ինչպես նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 110-րդ հոդվածի, այնպես էլ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի վրա:

3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապաատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշման 22-րդ տողն անվավեր ճանաչելիս կիրառել է վկայակոչված նորմը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված նորմը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ այն պատճառաբանությամբ, որ տվյալ պարագայում Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշման 22-րդ տողն անվավեր է ճանաչվել ոչ թե նշված ակտն ընդունած իրավաստեղծ մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի, դրա իրավահաջորդի կամ համապաատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, այլ՝ դատական կարգով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի 1-ին և 3-րդ հիմքերը Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով, դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան