Գլխավոր տեղեկություն
Номер
N 400-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2007-12.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.484
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Дата вступления в силу
07.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 400-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 7
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 400-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքների շահագործման իրավունք ունեցող սուբյեկտ են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործող կազմակերպություններ ճանաչված իրավաբանական անձինք:

4. Շահագործման մեջ գտնվող միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

5. Ատոմային էլեկտրակայանի յուրաքանչյուր էներգաբլոկի համար տրվում է շահագործման առանձին լիցենզիա:


II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

6. Հայտատուն միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը։

(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

7. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) տեղեկատվություն միջուկային տեղակայանքների շահագործման ընթացքում օգտագործվող և պահպանվող միջուկային նյութերի քանակի մասին.

դ) շահագործող կազմակերպության կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, որը ներառում է`

շահագործող կազմակերպության կառավարման ծրագիրը և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխումը,

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման համակարգը.

ե) շահագործող կազմակերպության կողմից նորմատիվ ֆինանսական հատկացումները` նպատակաուղղված միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների, գիտատեխնիկական աջակցության, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանը.

զ) շահագործվող միջուկային տեղակայանքների անվտանգության վերլուծության հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման.

է) անվտանգության հավանական վերլուծության մասին հաշվետվությունը.

ը) անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և տարրերի դասակարգիչը.

թ) միջուկային տեղակայանքների շահագործման որակի ապահովման ծրագիրը.

ժ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պլանը.

ժա) վթարային հակազդման միջոցառումների պլանը, որն ընդգրկում է միջուկային տեղակայանքների ներքին և արտաքին վթարային պլանները.

ժբ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

ժգ) շահագործման տեխնոլոգիական ռեգլամենտը և տեխնիկական հրահանգները, մշակված նախագծողների ու մատակարար կազմակերպությունների հետ համատեղ, որոնք սահմանում են անվտանգության տեսակետից կարևոր տեխնոլոգիական գործընթացների սահմանները միջուկային տեղակայանքի շահագործման տարբեր ռեժիմներում:

Շահագործման տեխնոլոգիական ռեգլամենտում և տեխնիկական հրահանգներում պետք է նշված լինեն անձնակազմի համապատասխան գործողությունները` միջուկային տեղակայանքների բնականոն շահագործման, նախագծային և արտանախագծային վթարների դեպքում.

ժդ) անվտանգության համար կարևոր համակարգերի պարբերական ստուգումների ծրագիրը.

ժե) պաշտոնական հրահանգները.

ժզ) միջուկային տեղակայանքների անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և հանգույցների տեխնիկական սպասարկման, փորձարկումների, սկզբնական և պարբերական ստուգումների ծրագիրը` հաշվի առնելով շահագործման սահմանները և պայմանները.

ժէ) միջուկային նյութերի հաշվառման և հսկման ծրագիրը.

ժը) ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու ծրագիրը: Միջուկային վառելիքի ձեռքբերման, բեռնավորման, օգտագործման, բեռնաթափման և ակտիվ զոնայում փորձարկման մասին հրահանգները.

ժթ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացությունը և միջուկային տեղակայանքների հարակից տարածքի շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մոնիթորինգի ծրագիրը.

ի) հետևյալ լիցենզիաների պատճենները`

միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման,

ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման,

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման, վերամշակման, պահման, թաղման,

միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման,

էլեկտրական էներգիայի արտադրության.

իա) սույն կարգի 7-րդ կետի «գ», «զ», «է», «ը», «ժ», «ժա», «ժբ» և «ժը» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները:

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

9. Կարգավորող մարմինը ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

10. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

11. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների կատարման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Թույլտվության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) միջուկային տեղակայանքների անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

13. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում 3 օրվա ընթացքում:

14. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

15. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

17. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրը)

______________________________________________________________


______________________________________________________________

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն _____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _________ 200  թ.

Կ.Տ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 400-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային ԵՎ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն (ՀՀ պետատոմհսկողություն)

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը __________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

____________
(ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան