Գլխավոր տեղեկություն
Номер
N 1600-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.02.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.119
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2008
Дата вступления в силу
07.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1600-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում «կարգի 21-րդ կետով» բառերը փոխարինել «կարգի 9-րդ կետով» բառերով.

2) որոշման 2-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) ամբողջ բնակչության համար արտահիվանդանոցային բժշկական օգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության, որն անվճար է միայն սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված անձանց համար) իրականացվում է անվճար».

3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ».

4) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում`

ա. վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով)»,

բ. ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)».

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. հունվարի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1600-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` բժշկական օգնություն և սպասարկում) կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:

2. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացվում են հետևյալ սկզբունքներով`

1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող կամ նրա կողմից լիազորված մարմնի (այսուհետ` պատվիրատու) միջև կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված գումարը.

2) սահմանափակված բյուջեի ծավալները հաշվարկվում են սույն կարգի «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնով նախատեսված կարգով.

3) սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար հիմք են հանդիսանում պատվիրատուին ներկայացված նախորդ տարվա ցուցանիշները: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ: Պատվիրատուն կարող է ուսումնասիրել կազմակերպության սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար հիմք հանդիսացող` նախորդ տարվա փաստացի ցուցանիշների հիմնավորվածությունը, այդ թվում` ծավալների, կազմակերպության կառուցվածքի ու հզորությունների փոփոխման դեպքում ցուցանիշներում և պայմանագրային գումարներում կատարվում են համապատասխան փոփոխություններ.

4) պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգի «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված սահմանափակված բյուջեի ծավալների չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից: Հաստատված պայմանագրային գումարից փաստացի ծավալների 10 տոկոս գերակատարումը համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է պայմանագրային գումարի չափով: Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահական տվյալ ծրագրին հատկացված միջոցների սահմաններում տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարներում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ.

5) հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող ու հատուկ նշանակության կազմակերպություններում (որոնց ցանկը հաստատվում է նախարարի հրամանով` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման անհատական դիֆերենցված գներ, և կատարվել պայմանագրային գումարի համապատասխան փոփոխություն.

6) ելնելով բուժօգնություն իրականացնող կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ.

7) նախարարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող գումարների սահմաններում հաստատում է հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկական ծառայությունների ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ:

3. Արտահիվանդանոցային բժշկական օգնության ծավալները որոշվում են նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գներով:

4. Տեղամասային սկզբունքով աշխատող բժիշկների կողմից հավաքագրված և կցագրված բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը:

5. Յուրաքանչյուր արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատում են Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության մարզպետները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի մասին տվյալների հիման վրա: Պայմանագրերը կնքելու պահին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում տրամադրված բնակչության թվի փոփոխության դեպքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ:

6. Պատվիրատուն յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` սույն կարգի «III. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված ծավալի չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:

7. Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահական ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարներում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ:

8. Բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` բնակչության սոցիալական խմբերի ցանկում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող անձանց: Հիմնական դեղերի ցանկն ու տրամադրման կարգը սահմանում է նախարարը:

9. Արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում բուժանձնակազմի աշխատանքի վարձատրությունը կանոնակարգվում է նախարարի կողմից:

10. Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը:

11. «Հանրային առողջապահական ծառայություններ» և «Առողջապահություն» (այլ դասերին չպատկանող) խմբերի` նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունների, ձեռքբերման ծավալները որոշվում են նախարարի կողմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված գներով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրով նախատեսված գումարների չափով:

12. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` սահմանված կարգով փոփոխություններ և վերաբաշխումներ կատարվելու դեպքում` հաստատված պայմանագրային գումարները` ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ենթակա են վերանայման:

13. Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանում է նախարարը: Կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային գումարների ձևավորման նպատակով պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով, ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա կառուցվածքի ու մասնագիտական ներուժի մասին:

14. Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական օգնության և սպասարկման մասին` համաձայն նախարարի կողմից սահմանված կարգի ու հաստատված ձևերի: Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է կատարված աշխատանքների մասին ամսական հաշվետվություն, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարի ամսական հավասար համամասնություններով: Կազմակերպությունների կողմից ընթացիկ տարում ներկայացված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարի չափով նվազեցումներն իրականացվում են ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալներից: Կազմակերպություններում նախորդ տարիներին կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների հետևանքով առաջացած տարբերությունները ենթակա են վերականգնման այն դեպքում, երբ անճշտությունների գումարը գերազանցում է պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալները: Տվյալ դեպքում վերականգնման ենթակա է հայտնաբերված անճշտությունների գումարի և պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալների տարբերությունը: Գերակատարման բացակայության դեպքում վերականգնման ենթակա է կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների ամբողջ գումարը: Նախորդ տարիներին ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարը կազմակերպության կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամուտների հաշվին:

15. Կազմակերպության ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է պատվիրատուի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով` հունվար և փետրվար ամիսներին, կանխավճարի գումարը սահմանվում է տարեկան պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության մինչև 1/3-րդի չափով, մարտից սկսած` փաստացի ներկայացված աշխատանքների ծավալների չափով: Պայմանագրային ժամանակահատվածի վերջում իրականացվում է ֆինանսավորման ճշտում` ելնելով փաստացի ընդունված աշխատանքների ծավալներից:

16. Հատուկ բժշկական ցուցումների դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց բուժօգնություն կարող է տրամադրվել նաև`

1) նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` նախարարության ենթակայության ու պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.

3) Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրված ուղեգրերով` տվյալ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 5 տոկոսի սահմաններում, պետական պատվեր իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 4 տոկոսի սահմաններում:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Կազմակերպություններում հիվանդանոցային բուժօգնության գծով սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված առողջապահական ծրագրերին համապատասխան:

18. «Տուբերկուլոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի գծով պետական պատվեր», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրերը Երևան քաղաքում իրականացնող կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են տվյալ կազմակերպության համար հաստատված մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին զբաղվածության և մեկ հիվանդ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է ըստ բաժանմունքների և բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/օրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը: Հիվանդանոցային հաստատություններում փաստացի կատարված հիվանդ/օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:

19. «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում կատարված ու պատվիրատուի կողմից ֆինանսավորված բուժօգնության ծավալների (այսուհետ` փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալներ) համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված դեպքերի ավելացումը բաշխվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.

2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Երևանի համար հանրագումարային ձևով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար նախատեսված ծավալների ու նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.

3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված` տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը.

4) «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ այլ բուժհաստատություններից ուղեգրված բժիշկ-մասնագետների բուժօգնության տարեկան պայմանագրային ծավալը որոշվում է նախարարի կողմից ուղեգրման ժամանակահատվածի և նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված, մասնագետների բուժօգնության մեկ օրվա գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի ուղեգրման մեջ առկա օրերի դիմաց մեկ օրվա համար հաստատված գնով:

20. «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների չափով) և մեկ ծննդի համար հաստատված գնի արտադրյալով.

2) հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված բուժօգնության կանխատեսվող դեպքերի թվի (նախորդ տարվա փաստացի դեպքերի չափով, սակայն ոչ ավելի, քան նախարարության կողմից հաստատված չափաքանակները) և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով:

21. «Երեխաների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երեխաների հիվանդանոցային բուժօգնության նպատակով նախատեսված հատկացումների չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված դեպքերի ավելացումը բաշխվում է Երևանի ու Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.

2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Երևանի համար հանրագումարային ձևով երեխաների բուժօգնության նպատակով նախատեսված ծավալների և նախորդ տարվա ընթացքում երեխաների բուժօգնության շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.

3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցային հաստատություններում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` մինչև 18 տարեկան մեկ երեխայի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի և տվյալ մարզի` մինչև 18 տարեկան երեխաների թվի արտադրյալով ստացված գումարի ու նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

22. «Հեմոդիալիզի անցկացման գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:

23. Հիվանդանոցային հաստատություններում «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների գծով պետական պատվեր», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Վերականգնողական բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրերի համար սահմանափակված բյուջեի պայմանագրային ծավալները որոշվում են հիվանդանոցային հաստատությունների (բաժանմունքների) կողմից` նշված ծրագրերով նախատեսված ֆինանսական ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակցի և առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա փաստացի ընդունված բուժօգնության նույն ծավալի արտադրյալով:

24. «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակցի ու առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի բուժօգնության ծավալի արտադրյալով: Բժշկական օգնության և սպասարկման միջոցների հաշվին կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց բուժման և փորձաքննության ընթացքում փոխհատուցվում է սննդի գումարը` հիվանդանոցային հաստատություններում անցկացրած օրերի համար` նախարարի կողմից (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) հաստատված մեկ օրվա սննդի արժեքով: Կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց փոխհատուցվում է բուժման և փորձաքննության նպատակով բնակության վայրից բուժհաստատություն ու հակառակ ուղղությամբ մեկնելու ճանապարհածախսը` տվյալ բնակավայրում գործող հասարակական տրանսպորտային միջոցի սակագնով: Նշված տրանսպորտային ծախսերը բուժհաստատությանը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից` լրացուցիչ:

25. Սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար նախորդ տարվա բազա չունեցող կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են կանխատեսվող հաշվարկային ծավալների չափով:

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

26. Յուրաքանչյուր կազմակերպության համար արտահիվանդանոցային բուժօգնության պայմանագրային գումարը որոշվում է`

1) «Բնակչության առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում`

ա. առողջության առաջնային պահպանման տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետների մասնագետի համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,

բ. անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.

2) «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված արտահիվանդանոցային բուժօգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.

3) «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված բուժօգնության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 18 տարեկան և բարձր տարիքի իգական սեռի անձանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

4) «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման գծով պետական պատվեր», «Օրթոդոնտոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» և «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման գծով պետական պատվեր» ծրագրերի մասով` նախարարի կողմից սահմանված ծավալների և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով.

5) «Երեխաների բերանի խոռոչի հիգիենայի պահպանման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված բուժօգնության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող տվյալ տարիքային խմբի երեխաների թվի ու նախարարի կողմից մեկ երեխայի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

6) «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվեր» ծրագրի մասով`

ա. բնակչության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 0-18 տարեկան երեխաների, 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, 15-17 տարեկան պատանիների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով, մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,

բ. մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության շրջանակներում հղի կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի սպասարկված հղի կանանց միջին թվի ու նախարարի կողմից մեկ հղի կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով, իսկ իգական սեռի անձանց (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 18 տարեկան և բարձր տարիքի կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

7) «Շտապ բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի մասով` տվյալ շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով` ըստ տարածաշրջանների մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարների արտադրյալով.

8) «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների, բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվի ու մեկ մասնագետի համար հաստատված գնի արտադրյալով:        

27. Պատվիրատուի կողմից արտահիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է`

1) առողջության առաջնային պահպանման` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետի մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը), մանկաբարձագինեկոլոգիական (հղի կանանց նախածննդյան և հետծննդյան հսկողության ու գինեկոլոգիական բուժօգնության համար) բուժօգնության մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում պայմանագրով նախատեսված` մշտական բնակվող անձանց թվով` նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) ամսական կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով դիֆերենցված գներով: Տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների` գյուղական բժշկական ամբուլատորիաներ և բուժակ-մանկաբարձական կետեր այցերի, պոլիկլինիկաներում իրականացվող ազատ ընդունելության օրերի, ինչպես նաև հրավիրված մասնագետների աշխատանքի կազմակերպման և փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը.

2) շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման, մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները), մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղի կանանց նախածննդյան և հետծննդյան, գինեկոլոգիական բուժօգնության նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար), շտապ բուժօգնության մասով` փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը: Ընդ որում, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող միավորված կազմակերպությունների «Արտահիվանդանոցային բուժօգնություն» խմբի «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվեր» ծրագրի պայմանագրային գումարների շրջանակներում կարող են իրականացվել և ֆինանսավորվել նաև արտահիվանդանոցային բուժօգնության սպասարկման տարածքում ընդգրկված հիվանդանոցային բուժման ուղեգրված բնակիչների հոսպիտալացման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` նախարարի կողմից սահմանված կարգով.

3) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի մասով` բնակչությանը փաստացի տրամադրված դեղերի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը.

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննությունն իրականացնող զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների ու բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված փաստացի մասնագետների (բժիշկ-փորձագետներ, բուժքույրեր) թվով` մեկ մասնագետի համար հաստատված գումարով:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

28. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տվյալ տարվա ընթացքում առողջապահական կազմակերպությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում ու հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնի կողմից հաստատվում է բժշկական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը և վերահսկվում է դրանց կատարման ընթացքը: Այն դեպքում, երբ տարեկան նախահաշվով կանխատեսվող եկամուտները չեն ապահովում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը, ապա հիմնադրի կողմից նախարարին են ներկայացվում առաջարկություններ` համատեղ քննարկելու և միջոցառումներ ձեռնարկելու համար:           

29. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգով հաշվարկված և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:

30. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով`

1) դեղերի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են` ելնելով բժշկական կազմակերպության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից.

2) սննդի ծախսերը նախատեսվում են միայն հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում, որոնց ցանկը սահմանվում է նախարարի կողմից.

3) էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի կազմակերպություններում` մեկ հիվանդի հաշվարկով, նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:

31. Կազմակերպությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, հարկային պարտավորությունների մարմանը, դեղերի ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան