Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2007
Дата вступления в силу
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ S1-77/2007

Քաղաքացիական գործ թիվ 1538(ՏԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանող «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ նաև՝ դատարան)՝ 02.07.2007 թվականի թիվ S1-77 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ՝ ըստ հայցի «Նանա-Ար» արտադրական կոոպերատիվի (այսուհետ նաև՝ կոոպերատիվ) ընդդեմ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի և համապատասխանող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի՝ գործարքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել բանկի, կոոպերատիվի և «Օլեթ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ ընկերություն) միջև 25.05.2005 թվականին կնքված՝ երրորդ անձի հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 041 պայմանագիրը և 24.02.2006 թվականին կնքված՝ երրորդ անձի հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 041/1 պայմանագիրը (լրացում 25.05.2005 թվականին կնքված թիվ 041/1 գրավի պայմանագրի):

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ դատարան) 02.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ թիվ 041 և թիվ 041/1 գրավի պայմանագրերը ճանաչվել են անվավեր, և պայմանագրերով գրավադրված՝ կոոպերատիվին պատկանող հիմնական միջոցների վրա դրված արգելանքը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն:

Վճռաբեկ բողոքին կոոպերատիվի կողմից ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը, 30-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 87-րդ հոդվածի 2-րդ կետը, 90-րդ հոդվածի 2-րդ կետը, 130-րդ հոդվածի 2-րդ կետը և 132-րդ հոդվածի 2.1-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ այն պայմաններում, երբ որպես համապատասխանող հայցվորը նշել է բանկի «Գյումրի» մասնաճյուղին, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության կողմ կարող են հանդես գալ միայն ֆիզիկական և իրավաբանական անձինք: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն հանդիսանում: Այսինքն՝ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին հիմքով ենթակա էր վերադարձման:

Դատարանը բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, որի արդյունքում որևէ իրավական գնահատական չի տվել գրավադրված 2 հատ Տ-030 տեսակի բարձիչի, 3 հատ 1988 և 1990 թվականների արտադրության ՄԱԶ-5549 մակնիշի 145SU46, 451SU46, 448SU45 պետհամարանիշերի, 1 հատ 1988 թվականի արտադրության ԿրԱԶ 256Բ1 մակնիշի 476SU46 պետհամարանիշի, 1 հատ 1988 թվականի արտադրության ԿԱՎԶ 3270 մակնիշի 458SU46 պետհամարանիշի և 1 հատ 1983 թվականի արտադրության ՈՒԱԶ 452 մակնիշի 449SU46 պետհամարանիշի ավտոմեքենաների նկատմամբ բանկի գրավի և վիճարկվող պայմանագրերից ծագած՝ ընկերության և կոոպերատիվի համապարտ պատասխանատվության հիմքով ծագած՝ բանկի պահանջի իրավունքներին:

Դատարանի վճռի պատճառաբանական մասում նշված է, որ հայցվորի պահանջը ենթակա է բավարարման մասնակիորեն, սակայն վճռի եզրափակիչ մասում ամբողջությամբ բավարարել է հայցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2.1-րդ կետը սահմանում է, որ գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները: Դատարանը չի կիրառել անվավերության հետևանքներ, փոխարենը վերացրել է գրավադրված գույքի նկատմամբ կիրառված՝ հայցի ապահովման միջոցը:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 316-րդ հոդվածը, 361-362-րդ հոդվածները և «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանի 13.02.2007 թվականի թիվ Ս1-26/2007թ. վճռով բանկի՝ գրավադրված գույքի՝ կոոպերատիվի հիմնական միջոցների վրա բռնագանձում տարածելու պահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի հիման վրա հիմնավոր է համարել և բավարարվել է:

Սույն գործով վճիռ կայացնելիս դատարանն անդրադառնալով գրավի առարկաներից միայն երկուսին, չի անդրադարձել գրավադրված մնացած գույքին՝ ավտոմեքենաներին և բարձիչներին, դրանց նկատմամբ կիրառվող օրենքներին և իրավական այլ ակտերին:

Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի երրորդ կետը, չի նշել, թե որ օրենքով կամ իրավական ակտերով է պահանջվում կոշտ գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենաների և բարձիչների վերաբերյալ կնքված գրավի պայմանագրերի նոտարական պայմանագրերի վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջի պարտադիր լինելը:

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ շարժական գույքի գրավի իրավունքը գրանցման չներկայացնելն առաջացնում է նույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցների գրավի առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուն ավելի ուշ գրանցված իրավունք ունեցող գրավառուների և գրանցված իրավունք չունեցող գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:

Այսինքն՝ շարժական գույքի գրավի իրավունքը չգրանցելը չի հանգեցնում պայմանագրի անվավերության:

3) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնի դրույթները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժինը սահմանում է վճռաբեկության կարգով դատական ակտի վերանայման կանոնները, և այդ կանոնները չեն կարող կիրառվել ստորադաս դատարանների կողմից, որովհետև դրա իրավասությունը վերապահված է բացառապես Վճռաբեկ դատարանին: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5.1-րդ բաժնի դրույթները տվյալ պարագայում ևս չեն կարող կիրառվել, քանի որ սույն գործով առկա չեն նոր հանգամանքներ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի՝ 02.07.2007 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Ըստ վճռաբեկ բողոքի պատասխանի՝ բողոք բերած անձի այն փաստարկը, թե քանի որ գործի քննությանը որպես կողմ ներգրավվել է բանկի՝ իրավաբանական անձ չհանդիսացող մասնաճյուղը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որպես պատասխանող հանդես է եկել բանկը:

Ներկայացված բողոքում նշված է, որ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել շարժական գույքի նկատմամբ բանկի գրավի և վիճարկվող պայմանագրերից ծագած՝ ընկերության և կոոպերատիվի համապարտ պատասխանատվության հիմքով ծագած՝ բանկի պահանջի իրավունքները: Մինչդեռ պահանջի իրավական հիմքը օրենքի խախտմամբ է ձևակերպվել, չկա գրավի գրանցված իրավունք:

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է շարժական գույքի գրավի գրանցում:

Դատարանը, որպես պայմանագրերի անվավերության հետևանք, վերացրել է գրավադրված գույքի նկատմամբ սահմանված արգելանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.05.2005 թվականի բանկի և ընկերության միջև կնքվել է մաս առ մաս վարկ (վարկային գիծ) տրամադրելու թիվ 041 պայմանագիրը, համաձայն որի՝ ընկերությանը մեկ տարով տրամադրվել է 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ նպատակային վարկ:

2) 25.05.2005 թվականի բանկի, կոոպերատիվի և ընկերության միջև կնքվել է երրորդ անձի հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 041 պայմանագիրը:

3) 24.02.2006 թվականին բանկի, կոոպերատիվի և ընկերության միջև կնքվել է երրորդ անձի հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 041/1 պայմանագիրը (ի լրացումն 25.05.2005 թվականին կնքված թիվ 041 գրավի պայմանագրի):

4) Երրորդ անձի հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 041 և 041-1 պայմանագրերով գրավատուն՝ կոոպերատիվը, համապարտ պատասխանատվություն է կրում վարկառուի՝ ընկերության կողմից վարկային պարտավորությունը խախտելու համար:

5) «Պ.Ա.Գ.Էսթեյթ» ՍՊԸ-ի կողմից տրված գրություն-եզրակացության համաձայն՝ պրոֆիլակտորիայի կառույցը և բետոնի հանգույցը հանդիսանում են անշարժ գույք:

6) Տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած՝ 13.02.2007 թվականի վճռով ընկերությունից և կոոպերատիվից համապարտության կարգով հօգուտ բանկի բռնագանձում է տարածվել գրավադրված ամբողջ գույքի վրա:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի փաստարկն այն մասին, որ գործով որպես պատասխանող ներգրավվել է իրավաբանական անձ չհանդիսացող՝ բանկի «Գյումրի» մասնաճյուղը, որը քաղաքացիական դատավարության կողմ չի կարող հանդես գալ, Վռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ որպես կողմ կարող են հանդես գալ միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մասնաճյուղն իրավաբանական անձ չէ: Այսինքն՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղը իրավաբանական անձ չէ և գործում է բանկի կանոնադրության հիման վրա, իսկ մասնաճյուղի պարտավորությունների համար պատասխանատու է այն ստեղծող իրավաբանական անձը: Մինչդեռ սույն գործով որպես պատասխանող ներգրավվել է նաև բանկը: Բացի այդ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն գործով որպես պատասխանող ներգրավված է նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դատավարական խախտումը քաղաքացիական գործի լուծման հարցում էական նշանակություն չի ունեցել և վճռի բեկանման հիմք չի կարող հանդիսանալ:

Բողոքի այն փաստարկը, թե դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ հայցվորի պահանջը ենթակա է բավարարման մասնակիորեն, սակայն վճռի եզրափակիչ մասում ամբողջությամբ բավարարել է հայցը, անհիմն է, քանի որ դատարանի 06.02.2007 թվականին կայացված՝ «Վճռում թույլ տրված գրասխալն ուղղելու մասին որոշմամբ» նշված վրիպակն ուղղվել է, որի համաձայն՝ հայցվորի պահանջը՝ պայմանագրերն անվավեր ճանաչելու և դրանք անվավեր համարելու մասին, ենթակա է ամբողջությամբ բավարարման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում, քանի որ դատարանը բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, ինչի արդյունքում որևէ իրավական գնահատական չի տվել գրավադրված 2 հատ Տ-030 տեսակի բարձիչի, 6 հատ տարբեր մակնիշների ավտոմեքենաների նկատմամբ բանկի գրավի իրավունքին և վիճարկվող պայմանագրերից ծագած՝ ընկերության և կոոպերատիվի համապարտ պատասխանատվության հիմքով ծագած՝ բանկի պահանջի իրավունքին: Սակայն դատարանը ուսումնասիրելով միայն բետոնի արտադրամասին և հավաքովի պրոֆիլակտորիային վերաբերող ապացույցը՝ հայցը բավարարել է ամբողջ գույքի կազմի վերաբերյալ՝ պատշաճ գնահատման չենթարկելով գրավադրված գույքի մի մասի (2 հատ Տ-030 տեսակի բարձիչներ, թվով 6 հատ տարբեր մակնիշի ավտոմեքենաներ) շարժական գույք լինելու հանգամանքը:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ շարժական գույքի գրավի իրավունքը գրանցման չներկայացնելն առաջացնում է նույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցների գրավի առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուն ավելի ուշ գրանցված իրավունք ունեցող գրավառուների և գրանցված իրավունք չունեցող գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Նշված օրենքով սահմանված չէ շարժական գույքի գրավի իրավունքի պարտադիր գրանցում: Այսինքն՝ շարժական գույքի գրավի իրավունքը գրանցման չներկայացնելը չի հանգեցնում պայմանագրի անվավերության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Իսկ նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): Առոչինչ գործարքը ի սկզբանե անվավեր է՝ անկախ դատարանի կողմից այդպիսին ճանաչվելուց: Առոչինչ գործարքը անվավեր է օրենքի ուժով:

Հետևաբար, բացակայում են պայմանագիրը ամբողջությամբ անվավեր ճանաչելու հիմքերը, որովհետև «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նշվեց, չի նախատեսում շարժական գույքի գրավի իրավունքի պարտադիր գրանցում:

3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը սույն գործով կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնի դրույթները, պատճառաբանելով, որ երևան է եկել նոր հանգամանք, այն է՝ բետոնի արտադրամասի և հավաքովի պրոֆիլակտորիայի անշարժ գույք լինելու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժինը սահմանում է վճռաբեկ վարույթի կանոնները, որոնք տնտեսական դատարանի կողմից առաջին ատյանի կանոններով քաղաքացիական գործ քննելիս ենթակա չեն կիրառման:

Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5.1-րդ բաժնի դրույթները սույն վեճի նկատմամբ նույնպես կիրառելի չեն, քանի որ դրանցով նախատեսվում են նոր հանգամանքների սպառիչ ցանկ: Այդպիսիք են՝

1. ՀՀ Սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական այլ ակտը, որը կիրառել է դատարանը:

2. ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը:

ՎՃռաբեկ դատարանը գտնում է, որ բետոնի արտադրամասի և հավաքովի պրոֆիլակտորիայի՝ անշարժ գույք լինելու հանգամանքը հաստատելու համար դատարան ներկայացված փորձագիտական եզրակացությունը սույն գործով չի կարող հանդիսանալ որպես նոր հանգամանք:

Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքերը համարում է հիմնավոր և դրանց առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով դատարանի 02.07.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի՝ 02.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան