Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2007
Дата вступления в силу
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-186/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1482 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
դատավորներ՝

Ն. Հովսեփյան

Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով Լևոն Բաչաչյանի և Դավիթ Քարամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.02.2007 թվականի թիվ 07-186/2007 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Անահիտ Հովհաննիսյանի, Արմինե և Լիլիթ Բաչաչյանների հայցի ընդդեմ Լևոն Բաչաչյանի և Դավիթ Քարամյանի՝ ժառանգությունն ընդունած համարելու և ժառանգական գույքը ժառանգների մեջ բաժանելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Լևոն Բաչաչյանի և Դավիթ Քարամյանի ընդդեմ Անահիտ Հովհաննիսյանի, Արմինե և Լիլիթ Բաչաչյանների՝ ժառանգության բաժանման կարգ սահմանելու կամ ժառանգների միջև ժառանգությունը բաժանելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորներ Անահիտ Հովհաննիսյանը, Արմինե և Լիլիթ Բաչաչյանները պահանջել են ճանաչել Արմեն Բաչաչյանի ժառանգական գույքի նկատմամբ իրենց ժառանգական իրավունքը հետևյալ համամասնությամբ. Անահիտ Հովհաննիսյանին՝ 16%, Արմինե Բաչաչյանին՝ 6%, Լիլիթ Բաչաչյանին՝ 6%, Դավիթ Քարամյանին՝ 6%, Լևոն Բաչաչյանին՝ 6% բաժիններով:

Հակընդդեմ հայցով Լևոն Բաչաչյանը և Դավիթ Քարամյանը պահանջել են ժառանգության բաժանման կարգ սահմանել կամ ժառանգների միջև ժառանգությունը բաժանել հետևյալ կերպ՝ Անահիտ Հովհաննիսյանին 4%, Արմինե Բաչաչյանին 9%, Լիլիթ Բաչաչյանին 9%, Դավիթ Քարամյանին 9 %, Լևոն Բաչաչյանին 9%:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2006 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է Արմինե, Լիլիթ և Լևոն Բաչաչյաններին, Դավիթ Քարամյանին, Անահիտ Հովհաննիսյանին ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 35 շենքի թիվ 12 բնակարանի 2/5 մասի ժառանգությունն ընդունած ժառանգներ՝ նրանց յուրաքանչյուրին 2/25-րդ բաժիններով: Անվավեր է ճանաչվել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն.Սարգսյանի կողմից Դավիթ Քարամյանին և Լևոն Բաչաչյանին 21.03.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է Անահիտ Հովհաննիսյանին, Արմինե, Լիլիթ, Լևոն Բաչաչյաններին, Դավիթ Քարամյանին ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 35 շենքի թիվ 12 բնակարանի ժառանգությունն ընդունած ժառանգներ: Նրանցից Անահիտ Հովհաննիսյանին՝ 4/25-րդ, Արմինե Բաչաչյանին՝ 3/50-րդ, Լիլիթ Բաչաչյանին՝ 3/50-րդ, Լևոն Բաչաչյանին՝ 3/50-րդ, Դավիթ Քարամյանին՝ 3/50-րդ բաժիններով: Նույն վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն.Սարգսյանի կողմից Դավիթ Քարամյանին և Լևոն Բաչաչյանին 21.03.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել սկզբնական հայցով պատասխանողներ և հակընդդեմ հայցով հայցվորներ Լևոն Բաչաչյանը և Դավիթ Քարամյանը:

Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2006 թվականի վճռին:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1186-րդ, 1216-րդ և 1222-րդ, 1225-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը պատճառաբանել է, որ բնակարանը ձեռք է բերվել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ուստի և կողմերի միջև վիճելի բնակարանի 2/5 բաժինը պետք է բաժանվի հետևյալ կերպ. Անահիտ Հովհանիսյանին 1/10 մասը, որպես համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք նաև բնակարանի 3/50 բաժինը՝ որպես ըստ օրենքի ժառանգին հասանելիք բաժին, ընդհանուր՝ 4/25 մաս, իսկ Արմինե, Լիլիթ, Լևոն Բաչաչյաններին և Դավիթ Քարամյանին՝ 3/50:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Այսինքն՝ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ցանկացած գույք հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը: Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար՝ կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 201-րդ հոդվածների 2-րդ կետերի իմաստով՝ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված՝ վեճի առարկա անշարժ գույքը հանդիսանում է նույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետով և այլ իրական ակտերով ձեռք բերված գույք, իսկ տվյալ դեպքում ամուսինները օգտվել են տվյալ բնակարանի վարձակալի ընտանիքի անդամի իրավունքից և այդ նույն կարգավիճակով ստացել են բնակարանի իրենց բաժինները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի և 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Արմեն Բաչաչյանը հանդիսացել է իր հոր ժառանգությունն ընդունած ժառանգ, հետևաբար, Արմեն Բաչաչյանի ժառանգական զանգվածի մաս պետք է կազմի նաև Ենոք Բաչաչյանի 1/5 բաժնեմասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Արմեն Բաչաչյանը Ենոք Բաչաչյանի որդին է:

2) Լևոն Բաչաչյանը և Դավիթ Քարամյանը Արմեն Բաչաչյանի որդիներն են առաջին կնոջից:

3) Անահիտ Հովհաննիսյանը Արմեն Բաչաչյանի երկրորդ կինն է: Նրանց ամուսնությունը գրանցվել է 01.09.1987 թվականին: Արմինե և Լիլիթ Բաչաչյանները Արմեն Բաչաչյանի և Անահիտ Հովհաննիսյանի դուստրերն են:

4) Արմեն Բաչաչյանը հոր՝ Ենոք Բաչաչյանի մահից հետո 2003 թվականին հոր ժառանգությունը ընդունելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել նոտարին:

5) Հայցվորները Արմեն Բաչաչյանի մահից հետո բնակվել են վիճելի բնակարանում՝ փաստացի տիրապետելով այն:

6) Երևանի Թումանյան փողոցի 35 շենքի թիվ 12 բնակարանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Ենոք, Արմեն, Արմինե, Լիլիթ Բաչաչյաններին և Անահիտ Հովհաննիսյանին: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 15.12.2000 թվականին Երևանի Թումանյան փողոցի 35 շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ նշված անձանց ունեցած համատեղ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել:

7) Ենոք Բաչաչյանը մահացել է 07.07.1997 թվականին: Նրա մահից հետո ժառանգ է հանդիսացել Արմեն Բաչաչյանը: Վերջինս ժառանգել է Երևանի Թումանյան փողոցի 35 շենքի թիվ 12 բնակարանի՝ Ենոք Բաչաչյանին պատկանող բաժինը, այսինքն՝ բնակարանի 1/5-րդ մասը:

8) Արմեն Բաչաչյանը մահացել է 30.07.2005 թվականին: Նրա մահվանից հետո ժառանգության են հրավիրվել և ժառանգությունն ընդունել են Արմինե, Լիլիթ Բաչաչյանները, Անահիտ Հովհաննիսյանը, ինչպես նաև Դավիթ Քարամյանը և Լևոն Բաչաչյանը:

9) Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից Դավիթ Քարամյանին և Լևոն Բաչաչյանին 21.03.2006 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, ըստ որի՝ ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Թումանյան փողոցի 35 շենքի թիվ 12 բնակարանի 1/5 բաժնից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Համաձայն Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայական ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Ենոք Բաչաչյանի որդին՝ Արմեն Բաչաչյանը ընդունել է հոր ժառանգությունը՝ վիճելի բնակարանի 1/5 մասը, ինչի արդյունքում վերջինիս բաժինն ընդհանուր գույքում դարձել է 2/5: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Բաչաչյանի մահից հետո նրա բաժինը՝ 2/5 մասը, հավասար բաժիններով անցել է նրա կնոջը և երեխաներին՝ Անահիտ Հովհաննիսյանին, Արմինե, Լիլիթ, Լևոն Բաչաչյաններին, Դավիթ Քարամյանին՝ յուրաքանչյուրին 2/25 բաժնեմասով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դավիթ Քարամյանին և Լևոն Բաչաչյանին 21.03.2006 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն.Սարգսյանի կողմից տրված վկայագիրը ենթակա է անվավեր ճանաչման:

ՀՀ քաղացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից չի խախտվել, քանի որ վերջինս ճիշտ է որոշել ժառանգների կազմը:

Այսպիսով, բողոքում նշված հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է հանդիսանում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը սույն գործով յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և 04.07.2006 թվականին կայացրել է հիմնավորված և օրինական վճիռ: Հետևաբար, ելնելով դատական քննության արդյունավետության սկզբունքից՝ Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով կայացված հիմնավոր և օրինական վճռի առկայության պայմաններում բացակայում է գործի նոր քննության անհրաժեշտությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր է համարում և դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու և նույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2006 թվականի հիմնավորված և պատճառաբանված վճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճիռն ամբողջությամբ և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2006 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան