ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 1493 (ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2006 թվականի թիվ S-2636 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի (այսուհետ նաև՝ կառավարիչ) հայցի ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պատասխանողից հօգուտ ընկերության բռնագանձել 1.509.732 (մեկ միլիոն հինգ հարյուր ինը հազար յոթ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 721.101 (յոթ հարյուր քսանմեկ հազար հարյուր մեկ) ՀՀ դրամ տոկոսները՝ սկսած 2002 թվականի ապրիլի 12-ից մինչև 2005 թվականի դեկտեմբերի 25-ը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ նաև՝ դատարան) 02.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Վարդան Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ ձևով Վ.Հովհաննիսյանին չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչի արդյունքում վերջինս չի իմացել իր դեմ հարուցված հայցի մասին, զրկվել է հայցից պաշտպանվելու, դրա դեմ պատասխան, առարկություններ և ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաև հայցային վաղեմության կիրառում պահանջելու հնարավորություններից:
Հետախուզում հայտարարելու մասին որոշման հիման վրա 2006 թվականի փետրվարի 02-ին տրված թիվ ՏԿԹ-276 կատարողական թերթում պատասխանողի բնակարանի համարը (թիվ 19) սխալ է նշված, քանի որ ճիշտ համարը թիվ 39 է:
Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարին արված հարցման մեջ պատասխանողի վերջին հայտնի բնակության հասցեն սխալ է նշված, այսինքն՝ Այգեստան 9-րդ փողոց, 41-39-ի փոխարեն նշված է 41-19: Իսկ Կենտրոն համայնքի ղեկավարի տեղակալի պատասխան գրությամբ նշվել է, որ Այգեստան 9 փողոցի 41 շենքի 19 բնակարան կատարված բազմաթիվ այցելությունների միջոցով պարզվել է, որ դուռը մշտապես փակ է, իսկ բնակարանում ոչ ոք չի բնակվում:
Այսինքն՝ հետախուզումը հայտարարվել է սխալ հասցեով: Համայնքի ղեկավարին հարցումը նույնպես կատարվել է սխալ հասցեով, ինչի հետևանքով չի ապահովվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վճիռը դատարանի կողմից պատասխանողին պատշաճ ձևով չի ուղարկվել:
Պատասխանողին պատշաճ չծանուցելու արդյունքում դատարանը իրականացրել է արդարադատություն՝ ոտնահարելով օրենքի և դատարանի առջև քաղաքացիների և իրավաբանական անձանց հավասարության, կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները:
3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Դատարանը պատասխանողից չի պահանջել ապացուցել իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ պատասխանողին աշխատանքից ազատելու կապակցությամբ նրա հետ կատարվել է վերջնահաշվարկ, և որպես նյութական պատասխանատվություն կրող անձ՝ նրան որևէ պահանջ չի ներկայացվել:
4) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի «դ» կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Սնանկության (անվճարունակության) մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը:
Ընկերությունը դատարանի 26.03.2004 թվականի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 12.04.2004 թվականի որոշմամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հ.Ղամբարյանը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 19.12.2005 թվականին, այսինքն՝ սնանկ ճանաչվելուց մեկ տարի անց, իսկ լուծարային կառավարչի կողմից պատճառված վնասի հատուցման պահանջ դրված է եղել 12.04.2002 թվականին, ինչը գերազանցում է օրենքով նախատեսված երեք տարին:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրով Վ.Հովհաննիսյանը հանդիսացել է ընկերության ներկայացուցիչը Ուկրաինայի Օդեսա քաղաքում:
2) 17.04.2001 թվականի պայմանագրով Վ.Հովհաննիսյանը ստանձնել է լրիվ նյութական պատասխանատվություն իրեն վստահված նյութական արժեքների պահպանման համար:
3) Ընկերության գլխավոր տնօրենի 03.04.2002 թվականի թիվ 90 հրամանով Վ.Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից:
4) Ընկերությունը դատարանի 26.03.2004 թվականի վճռով սնանկ է ճանաչվել:
5) Դատարանի 12.04.2004 թվականի որոշմամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հ.Ղամբարյանը:
6) Վ.Հովհաննիսյանը հաշվառված է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի 41 շենքի 39 բնակարանում:
7) Գործում բացակայում է Վ.Հովհաննիսյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
02.02.2006 թվականին տրված թիվ ՏԿԹ-276 կատարողական թերթում պատասխանողի բնակարանի համարը նշված է թիվ 19, մինչդեռ Վ.Հովհաննիսյանի անձնագրի նշումների համաձայն՝ վերջինս հաշվառված է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի 41 շենքի 39 բնակարանում:
Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարին արված հարցման մեջ պատասխանողի վերջին հայտնի բնակության հասցեն սխալ է նշված, այսինքն՝ Այգեստան 9-րդ փողոց, 41-39-ի փոխարեն նշված է 41-19: Իսկ «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի տեղակալի պատասխան գրությամբ նշվել է, որ Երևանի Այգեստան 9-րդ փողոցի 41-րդ շենքի 19-րդ բնակարան կատարված բազմաթիվ այցելությունների պահին դուռը փակ է եղել, և բնակարանում ոչ ոք չի բնակվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):
Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն քաղաքացիական գործով պատասխանողը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ պատասխանողին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա ծանուցագրում միայն նշված է գործի համարը, ամիս-ամսաթիվը, պատասխանողի անունը և ազգանունը. այն ստորագրված չէ ոչ ստացողի, ոչ հանձնողի կողմից, դրանում բացակայում է որևէ տեղեկություն ծանուցագրի ստացման կամ հանձնման մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիադատավարական օրենքի էական խախտում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում ուղղակիորեն նշված չէ, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի խախտումն առկա է:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է նշված հարցի իրավական գնահատականին և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արձանագրել, որ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին (իրավական հիմնավորումները տես՝ Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների, քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով):
2) Բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.
Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա դարձվել, քանի որ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ վերջինիս դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում:
Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի՝ 02.11.2006 թվականի վճիռը և քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|