Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2007
Дата вступления в силу
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-537

Քաղաքացիական գործ թիվ 3-1476 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
դատավորներ՝

Կ. Հակոբյան

Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Անուշ Զոհրաբյանի, Ավետիք Հակոբջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.01.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ավետիք Հակոբջանյանի, Անուշ Զոհրաբյանի ընդդեմ Լիլյա Ղափլանյանի, Սլավիկ Հակոբջանյանի, երրորդ անձ Երևանի Շենգավիթ տարածքի նոտար Ա.Մինասյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Լիլյա Ղափլանյանի սեփականության իրավունքը Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տան 1/3 մասի նկատմամբ անվավեր ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,


ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Անուշ Զոհրաբյանը և Ավետիք Հակոբջանյանը պահանջել են իրենց ճանաչել Գագիկ Հակոբջանյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ, անվավեր ճանաչել Լիլյա Ղափլանյանի սեփականության իրավունքը Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տան Գագիկ Հակոբջանյանին պատկանող 1/3 մասի նկատմամբ և 15.08.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.01.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անուշ Զոհրաբյանը և Ավետիք Հակոբջանյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի 07.10.2002 թվականի կոնվենցիան (այսուհետ նաև` Կոնվենցիա), որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի նոտար Ս.Սկիբինի կողմից ստացված 14.05.2007 թվականի գրության համաձայն՝ վերջինս Գագիկ Հակոբջանյանի կողմից Սլավիկ Հակոբջանյանին տրված թիվ 2-11234 լիազորագիրը չի վավերացրել: Այսինքն, վեճի առարկա գույքը Գագիկ Հակոբջանյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ: Հետևաբար, 15.08.2003 թվականին Սլավիկ Հակոբջանյանի և Մարիա Մելքոնյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր է: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիային, ապա այն սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի միացել այդ կոնվենցիային:

Լիլյա Ղափլանյանը բարեխիղճ ձեռք բերող չէ, քանի որ սեփականության իրավունքը գրանցելու պահին տեղյակ է եղել այն բանի մասին, որ Գագիկ Հակոբջանյանը չի լիազորել Սլավիկ Հակոբջանյանին իր բաժինը վաճառելու համար: Բացի այդ, Լիլյա Ղափլանյանի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով չի բացառում սեփականատիրոջ կամքից անկախ օտարված գույքը նրանից հետ պահանջելու համար:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Անուշ Զոհրաբյանը և Ավետիք Հակոբջանյանն ընդունել են Գագիկ Հակոբջանյանի ժառանգության մի մասը: Մասնավորապես, նրանց տիրապետման ներքո է գտնվում 1997 թվականից 2002 թվականն ընկած ժամանակահատվածում Գագիկ Հակոբջանյանի կողմից գնված հեռուստացույցը, երաժշտական կենտրոնը, տեսամագնիտոֆոնը և մի շարք այլ գույք:

3) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, այն է՝ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի նոտար Ս.Սկիբինի կողմից փաստաբան Ն.Ավետիսյանի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ Ս.Սկիբինը Գագիկ Հակոբջանյանի կողմից Սլավիկ Հակոբջանյանին տրված թիվ 2-11234 լիազորագիրը չի վավերացրել:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.01.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 24.09.2006 թվականի վճռին կամ բեկանել և փոփոխել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը` բավարարելով Անուշ Զոհրաբյանի և Ավետիք Հակոբջանյանի հայցը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 8 փողոցի 10/1 տունը բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով պատկանել է Գագիկ և Սլավիկ Հակոբջանյաններին, Մարիա Մելքոնյանին:

2) 22.07.2003 թվականի թիվ 2-11234 լիազորագրի համաձայն՝ Գագիկ Հակոբջանյանը լիզորել է Սլավիկ Հակոբջանյանին օտարելու Երևանի Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տան իր բաժինը: Նշված լիազորագրից հետևում է, որ այն վավերացվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում նոտար Ս.Մ.Սկիբինի կողմից:

3) Վերոնշյալ լիազորագրի հիման վրա 15.08.2003 թվականին Սլավիկ Հակոբջանյանը և Մարիա Մելքոնյանը առուվաճառքի պայմանագրով Երևանի Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տունն օտարել են Լիլյա Ղափլանյանին:

4) Լիլյա Ղափլանյանը նշված առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքները ենթարկել է պետական գրանցման, որի վերաբերյալ նրան 28.08.2003 թվականին տրվել է թիվ 983845 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

5) Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի նոտար Ս.Սկիբինի 28.07.2006 թվականի գրության համաձայն՝ 22.07.2003 թվականին Գագիկ Հակոբջանյանի կողմից Սլավիկ Հակոբջանյանին տրված թիվ 2-11234 լիազորագիրն իր կողմից չի վավերացվել:

6) Գագիկ Հակոբջանյանը մահացել է 22.01.2004 թվականին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում:

7) Ավետիք Հակոբջանյանը և Անուշ Զոհրաբյանը Գագիկ Հակոբջանյանի իրավահաջորդներն են:

8) Ավետիս և Լիաննա Զոհրաբյանների, Զոյա Հովհաննիսյանի, Արսեն Ավետիսյանի, Լուսինե Թողսանցի և Թերեզա Գալստյանի հայտարարության համաձայն՝ Գագիկ Հակոբջանյանը 1997 թվականից 2002 թվականը ընկած ժամանակահատվածում գնել է հեռուստացույց, երաժշտական կենտրոն, տեսամագնիտոֆոն և մի շարք այլ գույք, որն Անուշ Զոհրաբյանի և Ավետիք Հակոբջանյանի կողմից տեղափոխվել է Մոսկվայից և ներկայումս գտնվում է նրանց տիրապետման ներքո:

9) ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2007 թվականի թիվ 16/08622 գրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի միացել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի 07.10.2002 թվականի կոնվենցիային (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին Մինսկի 22.01.1993 թվականի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում պատրաստվել կամ վավերացվել են մարմնի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից` իրենց իրավասությունների շրջանակներում ու սահմանված ձևով, և ամրագրված են զինանշանային կնիքով, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում են առանց որևէ հատուկ հավաստագրի:

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի նոտար Ս.Սկիբինի 28.07.2006 թվականի գրության համաձայն` 22.07.2003 թվականին Գագիկ Հակոբջանյանի կողմից Սլավիկ Հակոբջանյանին տրված թիվ 2-11234 լիազորագիրն իր կողմից չի վավերացվել: Վերոնշյալ գրության վրա դրված է նաև զինանշանով կնիք: Հետևաբար, հիմք ընդունելով Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին Մինսկի 22.01.1993 թվականի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոտարի վերոնշյալ գրությունը սույն քաղաքացիական գործով թույլատրելի ապացույց է, որով ապացուցվում է այն հանգամանքը, որ Գագիկ Հակոբջանյանը Սլավիկ Հակոբջանյանին 22.07.2003 թվականի Երևանի Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տան իր բաժնեմասն օտարելու իրավունքով օժտելու վերաբերյալ թիվ 2-11234 լիազորագիր չի տվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքը առոչինչ է կամ չի նախատեսում խախտան այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը Սլավիկ Հակոբջանյանի և Մարիա Մելքոնյանի կողմից 15.08.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով տնօրինվել է այդ գույքի ընդհանուր բաժնային սեփականության մասնակից Գագիկ Հակոբջանյանի համաձայնության բացակայությամբ, հիմնավոր է այդ պայմանագիրը մասնակիորեն՝ 1/3 մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վճռի հիմքում ընկած այն հանգամանքին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը չի կարող անվավեր ճանաչվել, քանի որ օրենսդիրը 275-րդ հոդվածի պահանջներով պաշտպանել է բարեխիղճ ձեռքբերողին, ապա Վճռաբեկ դատարանը այն գտնում է անհիմն, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռքբերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռքբերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռքբերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ այն բոլոր դեպքերում, երբ գույքը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից, վերջինս իրավունք ունի օտարված գույքը հետ պահանջել նույնիսկ բարեխիղճ ձեռքբերողից:

Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրված այն փաստարկը, որ վեճի առարկա գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է հայցվորների իրավանախորդ՝ Գագիկ Հակոբջանյանի կենդանության օրոք, ինչը վերջինիս կողմից դատական կարգով չի վիճարկվել, քանի որ այդ հանգամանքը որևէ կերպ չի անդրադառնում նշված պայմանագրի վավերականության վրա: Այսինքն` նշված հանգամանքը դուրս է սույն գործով ապացուցման առարկայի շրջանակներից:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի 07.10.2002 թվականի կոնվենցիայի սույն քաղաքացիական գործով կիրառելի իրավական ակտ չլինելու մասին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի միացել այդ կոնվենցիային:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը:

Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Այլ բան ապացուցված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ավետիս և Լիաննա Զոհրաբյանների, Զոյա Հովհաննիսյանի, Արսեն Ավետիսյանի, Լուսինե Թողսանցի և Թերեզա Գալստյանի հայտարարությունը հաստատված է համարում այն փաստը, որ հայցվորներն ընդունել են Գագիկ Հակոբջանյանի ժառանգության մասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Հիմք ընդունելով սույն որոշման 4.1 կետում Վճռաբեկ դատարանի կողմից հայտնած դիրքորոշումը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 8 փողոցի 10/1 տան Գագիկ Հակոբջանյանին պատկանող բաժինն ընդգրկված է եղել ժառանգական զանգվածում:

Հետևաբար, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ հայցվորները ժառանգության մի մասը ընդունելով, ընդունել են նաև վեճի առարկա բնակարանի` Գագիկ Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող բաժինը:

3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման հիմք են՝ գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքը կարող է ճանաչվել որպես նոր երևան եկած հանգամանք միայն այն դեպքում, երբ այն գոյություն է ունեցել գործի քննության ժամանակ, սակայն դատավարության մասնակիցների համար օբյեկտիվ պատճառներով դրա ներկայացումը դատարանին անհնարին է եղել:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործի նյութերում արդեն իսկ առկա է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի նոտար Ս.Սկիբինի կողմից 28.07.2006 թվականի գրությունը: Այսինքն, այն հանգամանքը, որը վճռաբեկ բողոքում ներկայացվում է որպես նոր երևան եկած հանգամանք, սույն քաղաքացիական գործում արդեն իսկ առկա է, հետևաբար, չի կարող որակվել որպես այդպիսին:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման առաջին և երկրորդ հիմքերի պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է Լիլյա Ղափլանյանի սեփականության իրավունքը Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տան 1/3 մասի նկատմամբ անվավեր ճանաչելու հայցապահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը անհրաժեշտ է դիտել որպես սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնվում է հայցվորի համար անբարենպաստ դատավարական հետևանքների բացառման և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.01.2007 թվականի վճիռը և փոփոխել. Անուշ Զոհրաբյանի և Ավետիք Հակոբջանյանի հայցը բավարարել. անվավեր ճանաչել 15.08.2003 թվականի Երևանի Ներքին Շենգավիթ 8-րդ փողոցի 10/1 տան առուվաճառքի պայմանագիրը և Լիլյա Ղափլանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ Գագիկ Հակոբջանյանին պատկանող 1/3 բաժնի մասով, Անուշ Զոհրաբյանին և Ավետիք Հակոբջանյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան