Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-727
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.01.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.113
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.01.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
22.01.2008
Дата вступления в силу
22.01.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

22 հունվարի 2008 թ.

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻԿԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված՝ Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2007 թվականի դեկտեմբերի 3-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2005 թվականի մայիսի 16-ին` Վարշավայում։ Այն նպատակ ունի կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը)՝ անկախ վերջինիս դրսևորման ձևից և բնույթից, պաշտպանել թրաֆիկինգի զոհերի իրավունքները, ապահովել մարդկանց շահագործման փաստերի առնչությամբ հարուցված քննությունների և քրեական հետապնդումների արդյունավետությունը, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ոլորտում:

 

2. Հայաստանի Հանրապետությունը սույն կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

ա) համակարգել և/կամ ամրապնդել ներպետական մարմինների փոխհամագործակցությունը մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը) կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործում, արդյունավետ միջոցների կիրառմամբ մշակել այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնցում առաջնային դիրքերում կլինեն մարդու իրավունքների, ներառյալ երեխաների շահերի պաշտպանությունը, գենդերային հավասարությունը,

բ) ձեռնարկել կամ ամրապնդել օրենսդրական, վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և այլ միջոցներ, որոնք կնպաստեն մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման բոլոր ձևերի պահանջարկի վերացմանը,

գ) բոլոր, այդ թվում օրենսդրական միջոցներով ուժեղացնել սահմանների վերահսկողությունը, չխախտելով անձանց ազատ տեղաշարժման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները,

դ) թրաֆիկինգը կանխարգելող և դրա դեմ պայքարող իրավասու մարմինները համալրել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով, գործադրելով բոլոր հնարավոր միջոցները թրաֆիկինգի զոհերին հայտնաբերելու համար, անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև կոնվենցիայի մասնակից այլ պետությունների և համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, իսկ զոհին հայտնաբերելու դեպքում վերջինիս տրամադրել կացության թույլտվություն,

ե) պաշտպանել զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը, վերջիններիս վերաբերող անձնական տվյալները պահպանել և օգտագործել «Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

3. Կոնվենցիայում կարևորվում են նաև այնպիսի հարցեր, որպիսիք են` զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանը նպաստող օրենսդրական կամ այլ միջոցների կիրառումը, զոհին կացության կարգավիճակ տրամադրելը, զոհերի` անվճար իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, զոհի վնասների փոխհատուցման երաշխավորումն ապահովող օրենսդրական և այլ միջոցների ձեռնարկումը։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև տուժած երեխաներին չվերադարձնել որևէ պետություն, եթե հիմք կա ենթադրելու, որ դա չի բխում երեխայի լավագույն շահերից, վերը թվարկված միջոցները կիրառելիս՝ խթանել գենդերային հավասարությունը և վարել գենդերային իրավահավասարությանն ուղղված քաղաքականություն։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձված մարդկանց շահագործման քրեականացմանը և դրա հետ կապված մի շարք հարցերի, ինչպիսիք են` իրավաբանական անձանց պատասխանատվությունը, պատժամիջոցների կիրառումը, ծանրացուցիչ հանգամանքների թվարկումը և այլն։

Նախատեսված է նաև մոնիտորինգի մեխանիզմ, որով ստեղծվելու է թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբ` իր կանոնակարգով, որը պետք է վերահսկի, թե Կողմերն ինչպես են իրականացնում սույն կոնվենցիան։

Կոնվենցիան սահմանում է նաև գնահատման ընթացակարգը, նախատեսում է տեղեկատվության փոխանակման, խնդրո առարկա փաստաթղթում փոփոխություններ կատարելու, վերջինիս ուժի մեջ մտնելու, դրան միանալու, միանալու մասին ծանուցելու, կոնվենցիան չեղյալ հայտարարելու կարգն ու ժամկետները:

 

4. Սույն կոնվենցիան լրացնում է միջազգային պայմանագրերի այն շարքը, որոնք արդեն իսկ վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։ Դրանք են. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելման, արգելման և պատժի մասին», «Ցամաքով, ծովով կամ օդով մարդկանց ապօրինի սահմանահատման դեմ» արձանագրությունները, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից «Երեխաների առքուվաճառքի, մանկական մարմնավաճառության ու մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններում երեխաների մասնակցության մասին» արձանագրությունները։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված՝ Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


22 հունվարի 2008 թ.
ՍԴՈ-727

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան