ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 06-1874/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1373 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Գ. Մատինյան |
դատավորներ՝ | Ն. Հովսեփյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի սեպտեմբերի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմինե Թևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-1874 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ հայցի Լևոն Նազարյանի ընդդեմ «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Թևոսյանի՝ բնակարանից վտարելու, վարձավճարի և վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» հասարակական կազմակերպությանը վտարել Երևանի Խորենացի փողոցի 11-րդ շենքի թիվ 10 բնակարանից և հօգուտ իրեն բռնագանձել 1350 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ որպես վարձավճարների գումար, և 4000 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետտուրքի գումար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.02.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Արմինե Թևոսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 346-րդ հոդվածները, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ կազմակերպության հիմնադիրներն ու անդամները պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների համար: Գործով հաստատվել է, որ տարածքի վարձակալության պայմանագիրը կնքվել է «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» Հ/Կ-ի և հայցվորի միջև: Նշված պարագայում, որպես իրավահարաբերության կողմ վարձավճարներ վճարելու մասով կարող էր հանդես գալ «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» Հ/Կ-ն, այլ ոչ թե վերջինիս նախագահը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ և այլն: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և այլն: Տվյալ պարագայում, որպես պարտապան պետք է հանդես գար «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» հասարակական կազմակերպությունը, կազմակերպության նախագահը հանդես է եկել կազմակերպության անունից և անձամբ, որպես ֆիզիկական անձ, հայցվորի առջև պարտավորություն չի ստանձնել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար: Գործով հաստատված է, որ կազմակերպության նախագահ Արմինե Թևոսյանը հայցվորի հետ հարաբերություններում որպես կողմ հանդես չի եկել, ինչը բացառում է վերջինիս մոտ պարտավորության առաջացումը:
Բողոք բերած անձը պահանջել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի վճիռը՝ գումարի բռնագանձման մասով բեկանել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Հայցվոր Լևոն Նազարյանը Երևան քաղաքի Խորենացի փողոցի 11-րդ շենքի 10-րդ բնակարանի սեփականատերն է:
2. Լևոն Նազարյանի (վարձատու) և «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» հասարակական կազմակերպության, ի դեմս նախագահ Արմինե Թևոսյանի (վարձակալ), միջև 01.06.2004 թվականին կնքվել է բնակարանի վարձակալության պայմանագիր:
3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.02.2005 թվականի վճռով «Տնտեսվարող սուբյեկտների միջազգային համագումար» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Լևոն Նազարյանի, «ՖԱԱ-ՏՈՒՐ» ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վավեր ճանաչելու, վարձակալության իրավունքի վկայականը և դրա հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժվել է, վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որտեղ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի հիմքով հայցը թողնվել է առանց քննության:
4. Պատասխանողը վարձակալական հիմունքներով զբաղեցրել է բնակարանը, չի վճարել 1350 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով վարձավճար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ կազմակերպության հիմնադիրներն ու անդամները կազմակերպությանը որպեu uեփականություն հանձնած գույքի (ներառյալ՝ անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատաuխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իuկ կազմակերպությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:
Սույն գործի փաստերի համաձայն՝ վարձակալության պայմանագրի կողմ (վարձակալ) է հասարակական կազմակերպությունը, ուստի սույն գործարքով հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Թևոսյան ֆիզիկական անձի համար (որն ի դեպ, պարտավորության կողմ չէ) պարտականություններ չեն կարող առաջանալ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 346-րդ հոդվածների, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի կիրառելիության վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով, այն գտնում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով բողոքարկվող վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-1874 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|