Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.09.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
05.09.2007
Дата вступления в силу
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1905/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1311 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
դատավորներ՝ Ն. Հովսեփյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Եղիսաբեթ Ալավերդյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Լաուրա Ամիրյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 08.06.2007 թվականի թիվ 07-1905 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Լաուրա Ամիրյանը դիմելով դատարան պահանջել է իրեն ճանաչել Թամարա և Շամամ Պողոսյանների՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր:

Վիլեն Գաբրիելյանը դիմելով դատարան պահանջել է վերացնել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի խախտումը:

Եղիսաբեթ Ալավերդյանը դիմելով դատարան պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը և կիրառել գործարքի անվավերության հետևանքներ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2007 թվականի թիվ 2-576 քաղաքացիական գործով կայացված վճռով.

ա) անվավեր է ճանաչել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.05.2005 թվականի վճռի հիման վրա Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող գույքի նկատմամբ Լաուրա Ամիրյանի սեփականության իրավունքի գրանցումը.

բ) անվավեր է ճանաչել Լաուրա Ամիրյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև 10.07.2006 թվականին կնքված՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից կադաստրի միասնական մատյանում կատարված Վիլեն Գաբրիելյանի և Լիլիթ Սևոյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը.

գ) կիրառել է գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ պատասխանող Լաուրա Ամիրյանից հօգուտ Վիլեն Գաբրիելյանի և Լիլիթ Սևոյանի բռնագանձել է 138.600.000 ՀՀ դրամ.

դ) Վիլեն Գաբրիելյանի և Լիլիթ Սևոյանի անվամբ 13.07.2006 թվականին տրված թիվ 2219651 սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է.

ե) Վիլեն Գաբրիելյանի հայցն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, մերժել է.

զ) Լաուրա Ամիրյանի հայցն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի՝ ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճել է:

Վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի թիվ 07-1905 քաղաքացիական գործով կայացված վճռով.

ա) Լաուրա Ամիրյանի հայցն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կարճել է.

բ) Վիլեն Գաբրիելյանի հայցը՝ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին՝ բավարարել է.

գ) Եղիսաբեթ Ալավերդյանի հայցն ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցումը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին, մերժել է:

դ) Վիլեն Գաբրիելյանի և Լիլիթ Սևոյանի անվամբ տրված թիվ 2219651 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եղիսաբեթ Ալավերդյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Վիլեն Գաբրիելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ և 305-րդ հոդվածները և 176-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ ՀՀ միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր:

Լաուրա Ամիրյանը Վիլեն Գաբրիելյանի հետ 10.07.2006 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիր, ըստ որի վերջինիս է օտարել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող գույքը:

Լաուրա Ամիրյանը գործարքի կնքման պահին վիճելի հասցեի սեփականատեր չի հանդիսացել, քանի որ նրա սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսացած Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.05.2005 թվականի թիվ 2-4914 քաղաքացիական գործով կայացված վճիռը, Վճռաբեկ դատարանի 16.06.2006 թվականի թիվ 3-1173(Ա) որոշմամբ բեկանվել է և դիմումը թողնվել առանց քննության:

Տվյալ պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասը և 305-րդ հոդվածը, որոնց համաձայն՝ գործարքն անվավեր է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) և օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

Հաշվի առնելով բերված փաստարկը՝ Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքման պահից:

Անտեսելով սույն հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը Լաուրա Ամիրյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը մերժել է, և Վիլեն Գաբրիելյանին դիտել է որպես բարեխիղճ ձեռք բերող: Սակայն Վիլեն Գաբրիելյանը չի կարող հանդիսանալ բարեխիղճ ձեռք բերող ոչ միայն նշված փաստարկներից ելնելով, այլ նաև այն հանգամանքից ելնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, ինչպես նաև Լաուրա Ամիրյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև կնքված պայմանագրի 2.4-րդ «գ» կետը նախատեսում է, որ գնորդը պարտավոր է Վաճառողից Օբյեկտն ընդունել հանձնման-ընդունման ակտով:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 52-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ»:

Վերաքննիչ դատարանը գործում առկա մյուս ապացույցների հետ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտության չի ենթարկել Վճռաբեկ դատարանի 16.06.2006 թվականի թիվ 3-1173(Ա) որոշումը, որով վերացվել են Լաուրա Ամիրյանի վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը:

3) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Լաուրա Ամիրյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը չէր կարող կնքվել, քանի որ պայմանագրով օտարվող գույքն այդ պահին գտնվել է արգելանքի տակ և որպես նոր երևան եկած հանգամանք է հանդիսանում Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2006 թվականի որոշումը, թիվ 2-3535 կատարողական թերթը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման պետ Ա.Խաչատրյանին ուղարկված կից գրությունը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի թիվ 07-1905 քաղաքացիական գործով կայացված վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2007 թվականի թիվ 2-576 քաղաքացիական գործով կայացրած վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, ըստ որի՝ Եղիսաբեթ Ալավերդյանի ներկայացված փաստարկները անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքը ձեռք է բերվել հատուցմամբ՝ Լաուրա Ամիրյանին վճարելով համապատասխան չափով գումար: Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ ինքը հանդիսանում է գույքը բարեխիղճ ձեռք բերող անձ և գույքը ձեռք է բերել նրա սեփականատիրոջից՝ Լաուրա Ամիրյանից և տեղյակ չի եղել նրա օգտին առկա վճիռների և ժառանգության վկայագրերի մասին, որոնք վերջինիս կողմից ներկայացվել են և գտնվում են քաղաքացիական գործում: Եթե նույնիսկ ինքը գույքը հատուցմամբ ձեռք բերած լիներ այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին չի իմացել և չէր էլ կարող իմանալ, ապա միևնույնն է՝ հանդիսանում է բարեխիղճ ձեռք բերող:

Վերը նշված անշարժ գույքն իր տիրապետմանն է անցել օրինական կարգով, սեփականատերն իր գույքը չի կորցրել, այն չի հափշտակվել և նրա տիրապետումից դուրս չի եկել այլ ճանապարհով՝ անկախ նրա կամքից:

Ինքը որպես գույքը բարեխիղճ ձեռք բերող, հանդիսանում է Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի սեփականատեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Թամարա և Շամամ Պողոսյանները մահացել են 09.10.2001 թվականին:

2) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.05.2005 թվականի թիվ 2-4914 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Լաուրա Ամիրյանը հանդիսանում է Թամարա և Շամամ Պողոսյանների ժառանգական գույքի՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 16.02.2006 թվականին Լաուրա Ամիրյանին տրվել է Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2135727 վկայականը:

4) Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի թիվ 2-1560 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված է համարվել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Թամարա և Շամամ Պողոսյանները հանդիսացել են Լաուրա Ամիրյանի հարազատ մորաքույրերը:

5) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 17.05.2006 թվականին Լաուրա Ամիրյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ Թամարա և Շամամ Պողոսյանների գույքի նկատմամբ ժառանգ հանդիսանալու վերաբերյալ:

6) Վճռաբեկ դատարանի 16.06.2006 թվականի թիվ 3-1173(Ա) որոշմամբ բեկանվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.05.2005 թվականի թիվ 2-4914 քաղաքացիական գործով կայացված վճիռը և դիմումը թողնվել առանց քննության:

7) 10.07.2006 թվականին Լաուրա Ամիրյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտարի կողմից:

8) Նշված պայմանագրից ծագող իրավունքները 13.07.2006 թվականին գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից և Վիլեն Գաբրիելյանին ու Լիլիթ Սևոյանին տրվել է Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2219651 վկայականը:

9) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.09.2006 թվականի թիվ 2-1812 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Եղիսաբեթ Ծերունի Ալավերդյանը հանդիսանում է Թամարա և Շամամ Պողոսյանների՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքը առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողոթյամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Գործի փաստերի համաձայն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Եղիսաբեթ Ալավերդյանը հանդիսանում է Թամարա և Շամամ Պողոսյանների ժառանգությունն ընդունած ժառանգ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Չնայած այն հանգամանքին, որ Եղիսաբեթ Ալավերդյանը վիճելի ժառանգության իր մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր չի ստացել և դրանից ծագող վերջինիս սեփականության իրավունքը պետական գրանցում չի ստացել, այնուամենայնիվ, այդ գույքը պատկանում է Եղիսաբեթ Ալավերդյանին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի 16.06.2006 թվականի որոշմամբ դադարել է վիճելի գույքն օտարելու Լաուրա Ամիրյանի իրավունքը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով 16.03.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչել նրա և Վիլեն Գաբրիելյանի միջև կնքված առուվաճառքի գործարքը և դրանից բխող՝ Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի սեփականության իրավունքի գրանցումը, նկատի ունենալով, որ Լաուրա Ամիրյանը գործարքը կնքել է գույքն օտարելու օրինական հիմքերի բացակայությամբ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկին, թե Վիլեն Գաբրիելյանը հանդիսանում է վիճելի գույքի բարեխիղճ ձեռք բերող, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը սույն քաղաքացիական գործով որևէ էական նշանակություն չունի հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից:

Նշված հոդվածից հետևում է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Եղիսաբեթ Ծերունի Ալավերդյանը ճանաչվել է Թամարա և Շամամ Պողոսյանների՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Փաստորեն, Լաուրա Ամիրյանի կողմից վիճելի գույքի օտարմամբ, Եղիսաբեթ Ալավերդյանի տիրապետությունից այդ գույքը դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով:

Բացի այդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված սեփականության անձեռնմխելիության իրավունքը, քանի որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 01.09.2006 թվականի թիվ 2-1812 քաղաքացիական գործով կայացված վճռով արդեն իսկ Եղիսաբեթ Ծերունի Ալավերդյանին ճանաչել է Թամարա և Շամամ Պողոսյանների Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 և 57/2 հասցեներում գտնվող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Նման դիրքորոշումն է արտահայտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը մեկնաբանելիս՝ «Ստրեն» հունական նավթաարդյունաբերական գործարաններն ընդդեմ Հունաստանի քաղաքացիական գործով:

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկներին, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-305-րդ հոդվածները, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճի սխալ լուծման պարագայում, Վերաքննիչ դատարանը չէր կարող անվավերության հետևանքներ կիրառեր, ինչը իրավացիորեն կիրառել է Դատարանը, որը բխել է վեճին ըստ էության ճիշտ լուծում տալուց:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, սույն գործում առկա՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.09.2006 թվականի թիվ 2-1812 քաղաքացիական գործով կայացված վճիռը և Վճռաբեկ դատարանի 16.06.2006 թվականի թիվ 3-1173(Ա) որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանիորեն չի ուսումնասիրվել և գնահատվել:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը մանրամասն չուսումնասիրելով Լաուրա Ամիրյանի սեփականության իրավունքի գրանցման իրավական հիմքերը, մերժել է Եղիսաբեթ Ալավերդյանի հայցը՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի պահանջները, որի համաձայն նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքերի հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ, չնայած հայտնի են եղել, սակայն նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:

Նշված կետերի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներ կարող են ներկայացնել միայն գործին մասնակից դարձած անձինք, այդ հանգամանքները պետք է անհայտ եղած լինեն գործին մասնակցող անձանց, կամ հայտնի լինեն, սակայն դրանց ներկայացումը դատարան անհնար եղած լինի և տվյալ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի նոր երևան եկած հանգամանքի վերաբերյալ պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համանքների առաջին ատյանի դատարանի 15.03.2006 թվականի որոշումը չի կարող հանդիսանալ որպես նոր երևան եկած հանգամանք, քանի որ տվյալ դատարանի թիվ 2-ԱԼ/2006թ-ի քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը ներկայացվել է հայցվոր Եղիսաբեթ Ալավերդյանի կողմից, այսինքն՝ նրան ի սկզբանե հայտնի է եղել գույքը արգելանքի տակ գտնվելու հանգամանքը, որն ի դեպ, Վերաքննիչ դատարանում որպես ապացույց չի ներկայացվել:

Մինչդեռ հանգամանքը կարող է ճանաչվել նոր երևան եկած, եթե այն գործի ըստ էության քննության ժամանակ գոյություն է ունեցել, սակայն դատավարությանը մասնակցող անձի համար օբյեկտիվ պատճառներով անհնարին է եղել դրա ներկայացումը դատարան:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի 15.03.2006 թվականի որոշումը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք չի կարող ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներից չբխելու հիմքով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը սույն գործով յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և 16.03.2007 թվականին կայացրել է հիմնավորված և օրինական վճիռ: Հետևաբար, ելնելով դատական քննության արդյունավետության սկզբունքից՝ Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով կայացված հիմնավոր և օրինական վճռի առկայության պայմաններում բացակայում է գործի նոր քննության անհրաժեշտությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի թիվ 07-1905 քաղաքացիական գործով կայացված վճիռը մասնակիորեն բեկանելու և Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2007 թվականի թիվ 2-576 քաղաքացիական գործով հիմնավորված և պատճառաբանված վճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի թիվ 07-1905 քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասը և ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2007 թվականի թիվ 2-576 քաղաքացիական գործով կայացված վճռին:

2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.06.2007 թվականի թիվ 07-1905 քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ ըստ հայցի Լաուրա Ամիրյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասով և ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
 

Է. Հայրիյան

  Վ. Աբելյան
 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան