ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 06-4046 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1303 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
դատավորներ՝ | Ն. Հովսեփյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի սեպտեմբերի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.12.2006 թվականի թիվ 06-4046 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ՝ ըստ հայցի Թուջար Բարոյանի ընդդեմ Ռաֆիկ Բարոյանի, Ռուզաննա Ալեքսանյանի, երրորդ անձ՝ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ 22.12.2004 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) կողմից Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանի Ռաֆիկ Բարոյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, Ռաֆիկ Բարոյանի և Ռուզաննա Ալեքսանյանի միջև 24.06.2005 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից առուվաճառքի հիման վրա Ռ.Ալեքսանյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, Վ. Շենգավիթ, 2 փող., 5 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 22.12.2004 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) կողմից Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ Ռաֆիկ Բարոյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, Ռաֆիկ Բարոյանի և Ռուզաննա Ալեքսանյանի միջև 24.06.2005 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, Կադաստրի կողմից առուվաճառքի հիման վրա Ռ.Ալեքսանյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը և ճանաչել Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 13.10.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ռուզաննա Ալեքսանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն քաղաքացիական գործով առկա է գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիման վրա բողոքարկվող վճռի վերանայման հիմք է:
Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականին թիվ 2-444 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Կադաստրի կողմից Թուջար Բարոյանի անվամբ 02.04.2003 թվականին Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումը:
Նշված նոր երևան եկած հանգամանքը գործի քննության պահին բողոք բերող անձին և դատարանին հայտնի չի եղել և չէր հայտնի լինի, քանի որ դա հայտնի է դարձել բողոքարկվող վճռի կայացումից հետո: Այդ նոր երևան եկած հանգամանքը տվյալ քաղաքացիական գործի լուծման համար ունի էական նշանակություն, քանզի, եթե այն հայտնի լիներ գործի քննության պահին, ապա վերաքննիչ դատարանը նման բովանդակությամբ վճիռ չէր կայացնի, իսկ Թուջար Բարոյանը նման պահանջի իրավունք չէր ունենա և վերաքննիչ դատարանն էլ վեճի առարկա հանդիսացող բնակարանը ի սեփականություն չէր վերադարձնի Թուջար Բարոյանին, քանզի նա այդ բնակարանի օրինական սեփականատեր երբևէ չի եղել:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.12.2006 թվականի թիվ 06-4046 քաղաքացիական գործով կայացված վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 02.04.2004 թվականին տրված թիվ 1449623 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Թուջար Բարոյանին:
2) Թուջար Բարոյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ գրանցվել էր դատարանի 13.06.2003 թվականի թիվ 2-547 վճռի հիման վրա, որով հաստատվել է բնակարանը սեփականության իրավունքով տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:
3) 10.12.2004 թվականի առուծախի պայմանագրի հիման վրա վիճելի բնակարանի նկատմամբ Ռաֆիկ Բարոյանի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել: Հետագայում պարզվել է, որ իրականում նման առուծախի պայմանագիր կնքելու լիազորագիր Թուջար Բարոյանի կողմից Ռաֆիկ Բարոյանին չի տրվել, չի կնքվել նաև այդպիսի առուծախի պայմանագիր:
4) Վիճելի բնակարանը 24.06.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Ռաֆիկ Բարոյանը վաճառել է Ռուզաննա Ալեքսանյանին: 29.06.2005 թվականին նշված բնակարանի նկատմամբ գրանցվել է Ռուզաննա Ալեքսանյանի սեփականության իրավունքը:
5) Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականին թիվ 2-444 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Թուջար Բարոյանի անվամբ 02.04.2003 թվականի Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ վիճելի բնակարանի նկատմամբ Թուջար Բարոյանի սեփականության իրավունքը գրանցվել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 13.06.2003 թվականին թիվ 2-547 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա:
Սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի թիվ 2-444 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Կադաստրի կողմից Թուջար Բարոյանի անվամբ 02.04.2003 թվականի Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի 16.05.2007 թվականի վճռով Թուջար Բարոյանի անվամբ 02.04.2003 թվականի Վ. Շենգավիթ, 2-րդ փողոցի թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումը անվավեր ճանաչելը սույն քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են՝ գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մանակցող անձանց:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի պարտադիր վավերապայմաններն են հանդիսանում այդ հանգամանքները գործին մասնակցող անձանց անհայտ լինելը (ինչպես նաև այդ մասին տեղեկանալու անհնարինությունը) և գործի համար էական նշանակություն ունենալը:
Բողոքին կից ներկայացված դատարանի վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանով հաստատված հանգամանքը սույն գործի քննության ընթացքում գործով պատասխանող Ռուզաննա Ալեքսանյանին հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել: Դրանք վերջինիս հայտնի են դարձել միայն դատարանի կողմից 16.05.2007 թվականի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 01.06.2007 թվականին:
Միաժամանակ, վճռաբեկ բողոքին կից ներկայացված Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռով Թուջար Բարոյանի անվամբ 02.04.2003 թվականի Վ. Շենգավիթ, 2-րդ փողոց, թիվ 5 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելը համարում է սույն քաղաքացիական գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք, քանի որ դրանով հաստատվում է սույն քաղաքացիական գործով հայցվոր Թուջար Բարոյանի սեփականության իրավունքի ծագման հիմքերի անվավերությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին: Այս դեպքում կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները: Ընդ որում, օգուտ ստացողը չի կարող հղում կատարել վստահության իրավունքի վրա, եթե վարչական մարմինը բավարար ապացույցներ ունի, որ օգուտ ստացող անձը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է օրենքի խախտմամբ, կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռով ապացուցված է համարվել այն հանգամանքը, որ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում վիճելի բանակարանը Թուջար Բարոյանի կողմից սեփականության իրավունքով տիրապետման իրավաբանական փաստը հաստատելու մասին դիմումի հիման վրա քաղաքացիական գործ չի քննվել և վճիռ չի կայացվել:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե վիճելի բնակարանի նկատմամբ իրավունքի գրանցման վարչական ակտի նկատմամբ Թուջար Բարոյանի մոտ ծագե՞լ է արդյոք վստահության իրավունք, թե արդյո՞ք նա այդ ակտի կայացմանը հասել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Այս հարցը ենթակա է քննարկման՝ սույն քաղաքացիական գործի նոր քննության ընթացքում:
Սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի հիմքում հայցվոր Թ.Բարոյանը դրել է պատասխանող Ռ.Բարոյանի կողմից հայցվորին սեփականության իրավունքով պատկանող՝ վիճելի բնակարանի նկատմամբ անօրինական կերպով սեփականության իրավունքի ձեռքբերման, ապա բնակարանը Ռ.Ալեքսանյանին վաճառելու հանգամանքները: Մինչդեռ Ռաֆիկ Գևորգյանի, այնուհետև Ռուզաննա Ալեքսանյանի անվամբ վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և որպես դրա հետևանք բնակարանն ի սեփականություն վերադարձնելու պահանջներով հայց կարող էր ներկայացնել միայն վիճելի բնակարանի օրինական սեփականատերը:
Եթե գործի նոր քննության ընթացքում կապացուցվի այն հանգամանքը, որ Թուջար Բարոյանը վերը նշված վարչական ակտին հասել է օրենքի խախտմամբ, կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, ապա դա կնշանակի, որ վիճելի բնակարանի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի գրանցման վարչական ակտն ի սկզբանե վերջինիս համար որևէ հետևանք, մասնավորապես սեփականության իրավունք, չէր կարող առաջացնել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման հանգամանքների ապացուցման դեպքում հայցը ենթակա է մերժման, իսկ վիճելի վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունք առաջացած լինելու հանգամանքը ապացուցվելու դեպքում հայցը ենթակա է բավարարման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ և 226-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.12.2006 թվականի թիվ 06-4046 քաղաքացիական գործով կայացված վճիռը վերանայելու, այն բեկանելու և քաղաքացիական գործն այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.12.2006 թվականի թիվ 06-4046 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|