ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 06-2124/2006 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1050 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
դատավորներ՝ | Ա. Խառատյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի սեպտեմբերի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի թիվ 06-2124 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ կոոպերատիվ) հայցի ընդդեմ Ռուբեն Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Ռուբեն Ավետիսյանից հօգուտ կոոպերատիվի բռնագանձել 1.040.000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա՝ պատասխանողից գանձել տույժ ու տուգանք մինչև պարտավորությունների կատարման ավարտման օրը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ վճռվել է Ռուբեն Ավետիսյանից հօգուտ կոոպերատիվի բռնագանձել 1.040.000 ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Ավետիսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Առկա է սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ 15061-30 քրեական գործով (ըստ մեղադրանքի Անուշ Համբարյանի) 27.12.2006 թվականին կայացվել է դատավճիռ, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանը խաբեությամբ Խաչատրյանի վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է գույքի՝ 5200 կգ կարտոֆիլի տնկանյութի խոշոր չափերի հափշտակություն՝ «Գագարին» ՍՍԿ-ին պատճառելով 1.040.000 դրամի նյութական վնաս: Այսինքն, քրեական գործով կայացված դատավճռով հիմնավորվել է այն հանգամանքը, որ բողոքարկվող վճռով հայցվոր կողմ հանդիսացող կոոպերատիվին նյութական վնաս պատճառվել է ոչ թե պատասխանող Ռուբեն Ավետիսյանի գործողությամբ կամ անգործությամբ, այլ ամբաստանյալ Անուշ Համբարյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու հետևանքով, և Ռուբեն Ավետիսյանը որևէ պարտավորություն Ս.Խաչատրյանի կամ կոոպերատիվի հանդեպ չունի: Դատավճռով վճռվել է Անուշ Համբարյանից հօգուտ տուժող Սամվել Խաչատրյանի բռնագանձել 2.192.000 ՀՀ դրամ, որից 1.040.000 ՀՀ դրամը այն գումարն է, որը բողոարկվող վճռով վճռվել է բռնագանձել Ռ. Ավետիսյանից:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռն ըստ մեղադրանքի Անուշ Համբարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Նշված դատավճիռները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, նոր երևան եկած հանգամանքներ են և հանդիսանում են ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 06-2124 վճռի վերանայման հիմք, քանի որ դրանք գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են, որպիսիք հայտնի չէին և հայտնի լինել չէին կարող բողոք բերող անձին օբյեկտիվ պատճառներով (այդպիսի փաստի ժամանակագրական առումով ավելի ուշ ի հայտ գալու պատճառով):
Բողոք բերող անձը պահանջել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճիռը բեկանել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ռուբեն Ավետիսյանը 18.06.2004 թվականին հայցվոր կազմակերպությունից ստացել է 5200 կգ կարտոֆիլի առաջին վերարտադրության տնկանյութ, սակայն որի համար վճարում չի կատարել: Տնկանյութը ստանալու մասին Ռ.Ավետիսյանը տվել է գրավոր ստացական:
2) ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճռով ամբաստանյալ Անուշ Համբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել 600.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Քաղաքացիական հայցի կարգով ամբաստանյալ Ա.Համբարյանից հօգուտ տուժողներ Ս.Խաչատրյանի և Կ.Հայրապետյանի վճռվել է բռնագանձել համապատասխանաբար 2.192.000 ՀՀ դրամ և 481.800 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
2) ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքներն՝ առանց բավարարման: Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճռով հաստատված է համարվել այն փաստը, որ Անուշ Համբարյանը 18.06.2004 թվականին, չարաշահելով Սևանի «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի նախագահ, գործով տուժող Սամվել Խաչատրյանի վստահությունը, երկշաբաթյա ժամկետում վճարելու պայմանով Ռուբեն Ավետիսյանի միջոցով ստացել է 1կգ-ը 200 ՀՀ դրամ արժողության 5200 կգ կարտոֆիլի տնկանյութ, սակայն հետագայում հրաժարվել է վճարել ստացված 1.040.000 ՀՀ դրամ կազմող սերմնացուի արժեքը:
20.06.2004 թվականին նույն եղանակով՝ խաբեությամբ, չարաշահելով Ս.Խաչատրյանի վստահությունը, այս անգամ Կոլյա Հայրապետյանի միջոցով ստացել և հափշտակել է 5760 կգ կարտոֆիլի տնկանյութ՝ կոոպերատիվին պատճառելով խոշոր չափի՝ 1.152.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նշված գումարները Անուշ Համբարյանը Ս.Խաչատրյանին խորհուրդ է տվել ստանալ Ռ.Ավետիսյանից և Կ.Հայրապետյանից՝ օգտագործելով այն հանգամանքը, որ ինքն անձամբ չի ստացել տնկանյութը, այլ իր երաշխավորությամբ՝ ստացականներով, այն ստացել ու Գավառ են տեղափոխել Ռ.Ավետիսյանը և Կ.Հայրապետյանը:
Այսինքն՝ Անուշ Համբարյանը խաբեությամբ, չարաշահելով Ս.Խաչատրյանի վստահությունը, կոոպերատիվին պատճառել է խոշոր չափի՝ 2.192.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճռով ամբաստանյալ Անուշ Համբարյանը ճանաչվել է հանցավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել տուգանքի 600.000 ՀՀ դրամի չափով: Քաղ. հայցի կարգով ամբաստանյալ Համբարյանից հօգուտ տուժողներ Ս.Խաչատրյանի և Կ.Հայրապետյանի բռնագանձվել է համապատասխանաբար 2.192.000 ՀՀ դրամ և 481.800 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մաuնակցող անձանց:
Սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջի բավարարման հիմքում վերաքննիչ դատարանը դրել է այն, որ կողմերի միջև տեղի է ունեցել գործարք, համաձայն որի՝ հայցվոր կողմը պատասխանողին է տրամադրել 5200 կգ տնկանյութ՝ մեկ կիլոգրամը 200 ՀՀ դրամ արժեքով, որը պատասխանողը պետք է վճարեր, սակայն չի վճարել: Ռ.Ավետիսյանի կողմից տրված՝ տնկանյութի ստացման վերաբերյալ գրավոր ստացականը դատարանը դիտել է որպես պատասխանողի կողմից հայցվորի հանդեպ առկա պարտավորության ապացույց:
Սակայն, վերը հիշատակված քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է այն հանգամանքը, որ հայցվոր կոոպերատիվին նյութական վնաս չի պատճառվել, այլ վնաս է պատճառվել քաղաքացիներ Սամվել Խաչատրյանին և Կոլյա Հայրապետյանին, իսկ վնասը պատճառվել է ոչ թե պատասխանող Ռուբեն Ավետիսյանի գործողություններով, այլ ամբաստանյալ Անուշ Համբարյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք (հանցագործություն) կատարելու հետևանքով:
Հետևաբար, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավճռով հաստատված վերը նշված հանգամանքները Վճռաբեկ դատարանը սույն գործով դիտում է որպես գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք, քանի որ այդ հանգամանքներն անհայտ են եղել գործին մասնակցող անձանց և դրանց հայտնի լինելու և դատարան ներկայացվելու պարագայում դատարանը կկայացներ ըստ էության այլ վճիռ:
Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|