Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1096/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1771(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա.Թումանյան
Դատավորներ` Տ.Սահակյան
Ն.Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին 

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցների և Ռուզաննա Աշոտյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.03.2007 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Ժաննա, Նորայր, Ժոզեֆինա և Ժիրայր Ալեքսանյանների ընդդեմ Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ Իսունցների և Ռուզաննա Աշոտյանի, երրորդ անձ Նատալյա Նադիրյանի՝ պատասխանողներին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի հաշվառումից հանելու, նրանց բնակելի տարածության օգտագործման իրավունքը Նորքի 4-րդ զանգվածի մ/շ 1 հատված, 1 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնելու և ըստ Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցների և Ռուզաննա Աշոտյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ժաննա, Նորայր, Ժոզեֆինա, Ժիրայր Ալեքսանյանների և երրորդ անձ Նատալյա Նադիրյանի՝ Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 09.10.1995 թվականի թիվ 53/104 որոշումը, 07.03.2001 թվականի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատվածի, 1 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ տրված թիվ 681482 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և այդ բնակարանի նկատմամբ իրենց համասեփականատեր ճանաչելու, Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի վերաբերյալ 28.12.2001 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 494248 վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և այդ բնակարանի 1/2 մասի նկատմամբ, ներկայացման իրավունքով Գենադի Իսունցի ժառանգության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Ժաննա, Նորայր, Ժոզեֆինա և Ժիրայր Ալեքսանյանները դիմելով դատարան պահանջել են Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցներին և Ռուզաննա Աշոտյանին հանել Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի հաշվառումից, նրանց բնակելի տարածության օգտագործման իրավունքը Նոր Նորք համայնքի 4-րդ զանգվածի մ/շ 1 հատված, 1 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնել:

Հակընդդեմ հայցով հայցվորներ Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցները և Ռուզաննա Աշոտյանը դիմելով դատարան պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 09.10.1995 թվականի թիվ 53/104 որոշումը և 07.03.2001 թվականին Նոր-Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատվածի, 1 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ տրված թիվ 681482 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և այդ բնակարանի նկատմամբ իրենց ճանաչել համասեփականատեր, մասնակի անվավեր ճանաչել Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի վերաբերյալ 28.12.2001 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 494248 վկայականը և այդ բնակարանի 1/2 մասի նկատմամբ Գենադի Իսունցին ճանաչել ներկայացման իրավունքով ժառանգությունը ընդունած ժառանգ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 06.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն: 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է: Վճռվել է՝

Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ Իսունցներին և Ռուզաննա Աշոտյանին վտարել Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատվածի, 1 շենքի թիվ 20 բնակարանից,

Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ Իսունցների և Ռուզաննա Աշոտյանի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատվածի, 1 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, այն փոխհատուցմամբ դադարեցնելու, Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի հաշվառումից հանելու պահանջների մասով հայցը մերժել,

Երևանի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 09.10.1995 թվականի թիվ 53/104 որոշումը անվավեր ճանաչելու, բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու, Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ ներկայացման իրավունքով Գենադի Իսունցի ժառանգության իրավունքը ճանաչելու պահանջի մասով հայցը մերժել,

Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատվածի, 1 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ 28.12.2001 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 681482 վկայականը և Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի վերաբերյալ 28.12.2001 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 494248 վկայականը անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցները և Ռուզաննա Աշոտյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Ժաննա, Նորայր, Ժոզեֆինա, Ժիրայր Ալեքսանյանները և երրորդ անձ Նատալիա Նադիրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի, «Բնակարանային – շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության» 24-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով. 

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես՝ Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատվածի, 1 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ Երևանի Մյասնիկյանի շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից 1971 թվականին տրված թիվ 10485 համարի միասնական օրդերը, Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանի վերաբերյալ Երևանի 26 կոմիսարների շրջանային սովետի գործադիր կոմիտեի կողմից 1976 թվականին տրված թիվ 98 համարի միասնական օրդերը, որոնցով հստակ ամրագրվել է, որ նշված բնակարանները հատկացվել են նաև սկզբնական հայցվորներին: 

ՀՍՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները: Հետևաբար, դատարանը պետք է հաշվի առներ, որ բնակարանի սեփականաշնորհմանը պարտադիր կերպով պետք է մասնակցեին նաև Իսունցները՝ դառնալով վիճելի բնակարանի համասեփականատերեր:

«ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանվել է, որ վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:

Ինչ վերաբերում է Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանին, ապա 1976 թվականից սկսած Գ.Իսունցը, իսկ հետագայում նաև նրա ընտանիքի անդամները հաշվառվել են վերը նշված հասցեի բնակարանում:

Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի կողմից տրվել է «Ժիլկոոպ-23» ԲՇԿ-ի միասնական օրդեր: Միասնական օրդերում նշված է, որ բնակարանը տրվել է Վարսենիկ Լալաբեկյանին ընտանիքի հինգ անձով՝ Գենադի, Յուրի, Սվետլանա, Սենորա Իսունցներին, որոնք էլ Վարսենիկ Լալաբեկյանի հետ միասին ունեցել են բնակելի տարածության օգտագործման իրավունք:

Ըստ բողոք բերած անձանց՝ կոոպերատիվի փայատեր - անդամներ են հանդիսացել նաև Իսունցները: Համաձայն՝ «ԲՇԿ օրինակելի կանոնադրության» 24-րդ կետի «բ» ենթակետի՝ միայն փայատեր անդամն իրավունք ուներ փայավճարում իր ունեցած իրավունքները փոխանցել իր ընտանիքի չափահաս որևէ անդամի:

Այս պարագայում Վարսենիկ Լալաբեկյանի մահից հետո՝ 1977-ին, կոոպերատիվի փայատեր անդամի իրավունքները պետք է փոխանցվեին Գ.Իսունցին, այլ ոչ թե Վլադիմիր Ալեքսանյանին: Առաավել ևս, որ ԲՇԿ-ի փայատերերի ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունել Իսունցների բացակայությամբ: Բացի այդ, կոոպերատիվի փայատերերի ընդհանուր ժողովի որոշումը չի հաստատվել 26 Կոմիսարների անվան շրջխորհրդի գործկոմի որոշմամբ, ինչը նույնպես տվյալ որոշման անվավերության հիմք է:

Կոոպերատիվի փայատերերի ընդհանուր ժողովի 10.05.1988 թվականի որոշմամբ 1977 թվականին մահացած Վ.Լալաբեկյանի փոխարեն կոոպերատիվի անդամ է ճանաչվել Վ.Ալեքսանյանը, իսկ Գ.Իսունցին, որն այդ բնակարանի նկատմամբ ունեցել է բնակելի տարածության օգտագործման իրավունք և կոոպերատիվի փայատեր անդամ է, տեղյակ չի պահվել:

Երքաղխորհրդի գործկոմը 04.09.1991 թվականին կայացրել է թիվ 16/3 որոշումը, որով թույլատրվել է 1977 թվականին մահացած Վ.Լալաբեկյանին կոոպերատիվ բնակարանը սեփականաշնորհել իր անվամբ: 1998 թվականին մահացած Վ.Լալաբեկյանի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայական: Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործում եղած ապացույցները, չի պարզել թե արդյո՞ք 1977-ին մահացած անձը կարող էր դիմել իր անվամբ գրանցված կոոպերատիվ բնակարանը սեփականաշնորհելու համար, թե ոչ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, այն փոփոխել՝ անվավեր ճանաչել Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 09.10.1995 թվականի թիվ 53/104 որոշումը, մասնակի անվավեր ճանաչել 07.03.2001 թվականի Երևանի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1-ին հատված 1 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ տրված թիվ 681482 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը, Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցներին և Ռուզաննա Աշոտյանին ճանաչել նշված բնակարանի համասեփականատերեր, անվավեր ճանաչել «Ժիլկոոպ-23» բնակշինկոոպերատիվի 10.05.1988 թվականի որոշումը, Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումները:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Ըստ վճռաբեկ բողոքի պատասխանի՝ բողոքում ներկայացված փաստարկները անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Երևանի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանը Երքաղսովետի գործկոմի 21.04.1971 թվականի որոշմամբ հատկացվել է Վոլոդյա Ալեքսանյանին: Այդ ժամանակ բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք են ունեցել և օրդերում նշվել են Վոլոդյա, Ժաննա, Ժոզեֆինա, Ժիրայր և Նորայր Ալեքսանյանները, Ռոզա Բաղդասարյանը և Վարսենիկ Լալաբեկյանը, Գենադի, Յուրիկ, Սվետլանա և Սենորա Իսունցները: Բնակարանների առաջին պետական գրանցման ժամանակ՝ 1995 թվականին, վեճի առարկա բնակարանում հաշվառված են մնացել Վոլոդյա Ալեքսանյանը և Նատալիա Նադիրյանը, իսկ մյուսները տարբեր ժամանակահատվածներում հաշվառումից դուրս են եկել: Բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Վոլոդյա Ալեքսանյանի անվամբ, միաժամանակ բնակարանի նկատմամբ համասեփականության իրավունք է ունեցել նաև Նատալիա Նադիրյանը, իսկ Իսունցները վեճի առարկա բնակարանի նկատմամբ իրենց բնակելի տարածության օգտագործման իրավունքը չեն պահպանել:

Ինչ վերաբերվում է Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի թիվ 33 բնակարանին, ապա այդ կոոպերատիվ բնակարանի միակ փայատերը Վարսենիկ Լալաբեկյանն է եղել, որը Վլադիմիր Ալեքսանյանի մայրն է: Նրա մահից հետո, կոոպերատիվի փայատերերի ընդհանւոր ժողովը նկատի ունենալով, որ Վ.Ալեքսանյանը մշտապես բնակվում է այդ բնակարանում և վճարել է բնակարանի արժեքը, 10.05.1988 թվականին որոշում են կայացրել բնակարանի փայատեր և վարձակալ ճանաչել Վ.Ալեքսանյանին: Հետագայում, այն գրանցվել է Վարսենիկ Լալաբեկյանի անվամբ, ապա 2001 թվականին գրանցվել է Վլադիմիր Ալեքսանյանի սեփականության իրավունքը: Իսունցները երբևէ այդ բնակարանի փայատեր չեն հանդիսացել և դրա նկատմամբ որևէ իրավունք չունեն: 

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով ճանաչվել է Նորայր, Ժոզեֆինա, Ժիրայր, Ժաննա Ալեքսանյանների ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքը Երևանի Քուչակ թաղամասի 16 շենքի, թիվ 20, Երևանի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանների նկատմամբ՝ յուրաքանչյուրին 1/10 մասով, իսկ Երևանի Ազատության փողոցի 11 ա շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ՝ ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքը յուրաքանչյուրին 3/20 մասով:

2) Գենադի, Վարսենիկ, Գայանե, Մարիամ, Նազելի, Րաֆֆի Իսունցները և Ռուզաննա Աշոտյանը հաշվառված են Երևանի Ազատության փողոցի 11 ա շենքի թիվ 33 բնակարանում:

3) Վոլոդյա Ալեքսանյանի անվամբ Երևանի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանի համար 02.07.1991 թվականին տրված թիվ 10485 օրդերի համաձայն՝ նշված բնակարանում բնակելի տարածության իրավունք ունեցողներ են համարվել նաև Գենադի, Յուրի, Սվետլանա և Սենորա Իսունցները, Ռոզա Բաղդասարյանը, Վարսենիկ Լալաբեկյանը, Ժաննա, Ժոզեֆինա, Ժիրայր, Նորայր Ալեքսանյանները:

4) Վարսենիկ Լալաբեկյանի անվամբ Երևանի Ազատության փողոցի 11 ա շենքի թիվ 33 բնակարանի համար տրված թիվ 98 օրդերի համաձայն՝ նշված բնակարանում բնակելի տարածության իրավունք ունեցողներ են համարվել Գենադի, Յուրի, Սվետլանա և Սենորա Իսունցները:

6) «Ժիլկոոպ-23» ԲՇԿ-ի վարչության 10.05.1998 թվականի նիստում կայացված որոշմամբ՝ հանգուցյալ Վարսենիկ Լալաբեկյանի փոխարեն փայատեր է ճանաչվել նրա որդին՝ Վլադիմիր Ալեքսանյանը, որը կոոպերատիվի փայավճարն ամբողջությամբ վճարելու հիմքով դարձել է բնակարանի սեփականատեր:

7) Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 09.10.1995 թվականի որոշմամբ, Երևանի Նորքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանը սեփականաշնորհվել է Վոլոդյա Ալեքսանյանի անվամբ: Որպես նշված բնակարանում գրանցված ընտանիքի անդամ, Վ.Ալեքսանյանի հետ համասեփականատեր է դարձել միայն Նատալյա Նադիրյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

«ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը՝ կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:

Նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է սեփականաշնորհման սուբյեկտների ցանկը, որով սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող քաղաքացիները:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե վերը նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:

Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, ՀՀ բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գենադի, Յուրի, Սվետլանա և Սենորա Իսունցները բնակարանի օրդերում գրանցված լինելով որպես տվյալ բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող ընտանիքի անդամներ՝ շենքի շահագործման պահից իրենց երեխաների հետ միասին փաստացի ապրել են Երևանի Նորքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանում՝ ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա շարունակելով հանդիսանալ բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքների և պարտականությունների կրողներ, հետևաբար նաև բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից օգտվողներ: Մինչդեռ, Նորքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանի սեփականաշնորհումը կատարվել է առանց վերը նշված անձանց համաձայնության և գիտության, դեռ ավելին, նշված անձինք գործադիր կոմիտեի որոշմամբ և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներում հանդես չեն եկել որպես նշված բնակարանի ընդհանուր սեփականության մասնակիցներ: Նշված խախտումները հանգեցրել են հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքի խախտմանը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիներին հաշվառելը և հաշվառումից հանելն իրականացվում է նրանց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև պետության և այլ քաղաքացիների նկատմամբ նրանց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:

ՀՀ քաղաքացիների հաշվառումը կատարվում է ըստ նրանց ժամանակավոր կամ մշտական բնակության վայրի` միայն մեկ հասցեով:

Ժամանակավոր բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ ՀՀ քաղաքացին բնակվում է ժամանակավորապես` հյուրանոց, առողջարան, հանգստյան տուն, պանսիոնատ, քեմպինգ, հիվանդանոց, զբոսաշրջիկության հանգրվան, ինչպես նաև սեփականության, վարձակալության կամ ենթավարձակալության իրավունքով նրան չպատկանող բնակելի տարածություն, որոնք չեն հանդիսանում քաղաքացու մշտական բնակության վայրը:

Մշտական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ ՀՀ քաղաքացին բնակվում է մշտապես կամ առավելապես:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նորքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանը հանդիսացել է հակընդդեմ հայցվորների մշտական բնակության վայրը: Իսկ Ազատության փողոցի 11 ա շենքի թիվ 33 բնակարանում հաշվառումը կրել է ձևական բնույթ, քանի որ այդ հասցեում վերջիններս ոչ մշտապես և ոչ էլ ժամանակավորավես չեն բնակվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, սույն գործում առկա՝ Վոլոդյա Ալեքսանյանի անվամբ Երևանի Նոր Նորք համայնքի 4-րդ մ/շ 1 հատված, 1 շենքի, թիվ 20 բնակարանի համար տրված թիվ 10485 օրդերը, նշված բնակարանում փաստացի բնակվող անձանց կարգավիճակը Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանիորեն չեն ուսումնասիրվել և գործում առկա մյուս ապացույցների հետ չի գնահատվել, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու հայցապահանջները դատարան են ներկայացվել 2005 թվականի ընթացքում, այսինքն՝ մինչև Վճռաբեկ դատարանի կողմից այդպիսի պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու վերաբերյալ իրավական դիրքորոշումը հայտնելը (նշված իրավական նախադեպային դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը առաջին անգամ հայտնել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920 որոշմամբ), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցվորները նման պահանջ ներկայացնելով դատարան՝ ի նկատի են ունեցել այդ վկայականների հիմքում ընկած՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջները ենթակա են դատարանում ըստ էության քննության որպես իրավունքի պետական գրանցումները վիճարկելու պահանջներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, և «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 13-րդ հոդվածների խախտման վերաբերյալ փաստարկները հիմնավոր է համարում: 

Սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 22.03.2007 թվականի վճիռը բեկանելու համար: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան