Գլխավոր տեղեկություն
Номер
N ԱԽ-7-Ո-18
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.31/53(577)
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
12.10.2007
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
12.10.2007
Дата вступления в силу
12.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-7-Ո-18

2007 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ ԱԽ անդամներ


Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,
Մ. Մարտիրոսյանի, Լ. Մեհրաբյանի
Հ. Մովսեսյանի, Տ. Պետրոսյանի,
Մ. Սիմոնյանի, Ն. Տավարացյանի

մասնակցությամբ դատավոր


Վ. Լալայանի

 

ՀՀ արդարադատության նախարար

Գ. Դանիելյանի

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ն. Առուստամյանի

քարտուղարությամբ


Մ. Հարթենյանի

 

12.10.2007 թվականին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Կարգապահական հանձնաժողով) 12.09.2007 թվականի թիվ Կ-2-17/07 որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացված՝ ՀՀ առաջին ատյանի ութ դատարաններում դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման արդյունքները:

Արդարադատության նախարարի 24.08.2007 թվականի թիվ 220-Ա հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի կողմից 19.07.2007 թվականին ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված թիվ 12/01-07 գրությունը:

2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

1) Թիվ 2-684/07թ., թիվ 2-729/07թ., թիվ 2-414/07թ., թիվ 2-426/07թ., թիվ 2-691/07թ., թիվ 796/07թ., թիվ 2-406/06թ., թիվ 2-713/07թ., թիվ 2-686/07թ., թիվ 2-424/07թ., թիվ 2-937/07թ. թիվ 2-961/07թ., թիվ 2-207/07թ., թիվ 2-320/07թ., թիվ 2-425/07թ. քաղաքացիական գործեր.

Վերոնշյալ քաղաքացիական գործերը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Լալայանը քննել է 3 ամսից մինչև 10 ամիս ժամանակահատվածում՝ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ՀՀ ԴՆԽ 13.06.2006 թվականի թիվ 98 որոշման, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի: Նշանակված դատական նիստերը հետաձգվել են դատավորի հերթական արձակուրդում գտնվելու, խորհրդակցական սենյակում գտնվելու, պատասխանողին պատշաճ ծանուցելու, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու, բազմաթիվ քաղաքացիական գործեր նշանակված լինելու և այլ պատճառաբանություններով:

2) Թիվ 1042/07թ. քաղաքացիական գործ.

Սույն գործով դատաքննությունը տևել է 15.06.2006 թվականից մինչև 07.11.2006 թվականը (թողնվել է առանց քննության)՝ 4 ամիս 22 օր, այնուհետև վերսկսվել է 05.02.2007 թվականին և ավարտվել 27.04.2007 թվականին, այսինքն՝ գործի քննությունը տևել է 2 ամիս 22 օր: Դատարանը հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը չի ուղարկել կողմերին, ինչով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:

3) Թիվ 2-711/07թ., թիվ 2-712/07թ., թիվ 2-386/07թ., թիվ 2-730/07թ., թիվ 2-728/07թ., թիվ 2-710/07թ., թիվ 2-420/07թ., թիվ 2-724/07թ., թիվ 2-732/07թ., թիվ 2-417/07թ., թիվ 2-394/07թ., թիվ 2-686/07թ., թիվ 2-400/07թ. քաղաքացիական գործեր.

Վերոնշյալ քաղաքացիական գործերով արձանագրությունները պատշաճ կազմված չեն՝ սևագիր վիճակում են, ստորագրված չեն դատավորի կողմից, դատական նիստերի արձանագրությունը բացակայում է: Դատական գործերի էջերը վավերացված չեն համապատասխան դրոշմակնիքով:

Վերոնշյալ գործերով դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի, 146-րդ հոդվածի 1-ին կետի, 148-րդ հոդվածի 2-րդ կետի, 139-րդ հոդվածի (նախկին խմբագրություն), ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 13.06.2006 թվականի թիվ 98 որոշման, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 20.09.2005 թվականի թիվ 65 որոշման 2-րդ հավելվածի կարգի 1-ին կետի պահանջները:

4) Թիվ 2-1139/07թ. քաղաքացիական գործ.

Դատարանի 16.02.2007 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Վ. Հարությունյանի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին: Նույն որոշմամբ գործի քննությունը նշանակվել է 12.04.07 թվականին:

Դիմումը դատարանի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ուղարկվել է 03.04.2007 թվականի գրությամբ, որով նաև ծանուցվել է 12.04.2007 թվականի դատական նիստի մասին՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Դատարանի 12.04.2007 թվականի որոշման համաձայն՝ Վ.Հարությունյանի դիմումը թողնվել է առանց քննության՝ դիմողի և նրա ներկայացուցչի դատական նիստին չներկայանալու պատճառով, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Ըստ Կարգապահական հանձնաժողովի՝ նշված քաղաքացիական գործերով թույլ տրված դատավարական օրենքների նորմերի խախտումներն ակնհայտ են և կոպիտ:

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետով, Կարգապահական հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհրդին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

2.1. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը.

ՀՀ արդարադատության նախարարը Արդարադատության խորհրդին է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Վ.Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննված թիվ 1-16/07թ. քրեական գործի ուսումնասիրության արդյունքներով կազմված տեղեկանքը: Ըստ տեղեկանքի՝

Նշված քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Ալբերտ Ռոբերտի Մարկոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3 կետերով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով, և Վահագն Սարգսի Սիրոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 1-3 կետերով, 117-րդ հոդվածով այն հիմքով, որ Վ.Սիրոյանը, հանցավոր համաձայնության գալով Ա.Մարկոսյանի հետ, իսկ վերջինս, հանցագործությանը ներգրավելով նաև անչափահաս Ա.Սարգսյանին, 13.09.2002 թվականին մուտք է գործել տուժող Ա.Հակոբյանի բնակարան և գողություն կատարել։ Այդ փաստի հետ կապված Վ.Սիրոյանը ծեծի է ենթարկել Ա.Մարկոսյանին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով թեթև վնաս։

Նշված քրեական գործի դատաքննությունը սկսվել է 22.10.2004 թվականին և ավարտվել է 29.01.2007 թվականին: Այդ ընթացքում դատական նիստը տարբեր պատճառաբանություններով ընդհատվել, հետաձգվել ու նշանակվել է այլ հերթի՝ 109 անգամ, որի արդյունքում քրեական գործի քննության ընդհանուր տևողությունը կազմել է 2 տարի 3 ամիս։ Բազմաթիվ դեպքերում դատական նիստերը նշանակված օրերին չեն կայացել դատավարության մասնակիցների անհարգելի բացակայությունների պատճառով։ Դատական նիստերի միջև ընկած ընդմիջումները հիմնականում եղել են անհարկի երկարատև (2-ից 35 օր), իսկ նիստերը նշանակվել են ժամը 1400-ից։

Սույն գործի քննությունը միայն 30 անգամ հետաձգվել է դատավարությանը մասնակցող անձանց ոչ հարգելի պատճառներով դատաքննությանը չներկայանալու հետևանքով: Անհարգելի պատճառներով չեն ներկայացել պաշտպանները՝ 7 անգամ, տուժողը և նրա ներկայացուցիչը՝ 6 անգամ, վկաները՝ 11 անգամ և մեղադրողները՝ 4 անգամ։ Ընդ որում, 2 անգամ անհարգելի պատճառով չի ներկայացել նաև դատավորը: Մասնավորապես.

1. 23.12.2005 թվականին (հատոր 6 գ.թ. 50), 14.08.2006 թվականին (հատոր 10 գ.թ. 123), 28.08.2006 թվականին (հատոր 10 գ.թ. 149) և 19.10.2006 թվականին (հատոր 12 գ.թ. 61) դատական նիստերը հետաձգվել են մեղադրողների անհարգելի բացակայության պատճառով, իսկ 23.02.2006 թվականին (հ. 7, գ.թ. 52) և 08.09.2006 թվականին (հ. 11, գ.թ. 57, 58) դատական նիստերը հետաձգվել են դատավորի հիվանդության հիմքով, որի վերաբերյալ գործի նյութերում ոչ միշտ են առկա եղել պատշաճ հիմնավորումներ (մասնավորապես մի դեպքով որևէ տեղեկանք կազմված չի եղել)։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու նույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը:

Մասնավորապես, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել դատաքննության նախապատրաստման ուղղությամբ, որով կապահովեր դատավարության մասնակիցների ներկայությունը:

Չնայած, որ դատավարության մասնակիցների կողմից անհարգելի բացակայության պատճառով նիստերը բազմիցս չեն կայացել, այդ առիթով դատարանը չի տեղեկացրել ՀՀ դատախազությանն ու փաստաբանների պալատին, իսկ վկաների անհարգելի բացակայությունների 11 դեպքերից միայն 8-ի դեպքում է դատարանը կայացրել բերման ենթարկելու մասին որոշումներ, այն էլ ոչ բոլոր վկաների վերաբերյալ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43 հոդված)։

Այս առնչությամբ մեղադրողների դատական նիստերին անհարգելի չներկայանալու փաստի կապակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարը համապատասխան գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

2. Դատարանն իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկել դատավարության մասնակիցների անհարգելի բացակայությունները կանխելու ուղղությամբ, այլև առանձին դեպքերում ինքն է նպաստել դատական քննության անհիմն ձգձգմանը։

Մասնավորապես, 09.03.2006 թվականին դատարանի կողմից որոշում է կայացվել 14.03.2006 թվականին դատական նիստի մասին վկաներ Ա.Օհանյանին, Ռ.Հակոբյանին, Ս.Պետրոսյանին և Ա.Ղազարյանին ծանուցելու վերաբերյալ: Մինչդեռ գործի նյութերում բացակայում են վերոնշյալ վկաներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ ապացույցները (հ. 7, գ.թ. 115)։

Դրանով իսկ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և 310-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ: Մասնավորապես, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել դատաքննության նախապատրաստման ուղղությամբ, որով կապահովեր համապատասխան մասնակիցների ներկայությունը դատաքննությանը:

3. 27.10.2006 թվականի 27-ի դատական նիստին պաշտպանը միջնորդել է գործին ներգրավել ևս վեց վկա, ինչը բավարարվել է մասնակի՝ 3 վկաների մասով, սակայն գործում առկա նյութերով հաստատվում է միայն վկաներից Ա. Հակոբյանին ծանուցելու հանգամանքը (h.12, գ.թ. 75)։

Տվյալ դեպքում նույնպես թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և 310-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ: Մասնավորապես, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել դատաքննության նախապատրաստման ուղղությամբ, որով կապահովեր համապատասխան մասնակիցների ներկայությունը դատաքննությանը:

4. 29.08.2005 թվականից մինչև 14.10.2005 թվականը դատաքննությունն ընդմիջվել է գործով վկա (այլ գործով ամբաստանյալ) Ա.Սարգսյանի ներկայությունը նիստում ապահովելու համար (հ. 4, գ.թ. 178)։ Նշված ժամանակահատվածը (շուրջ մեկուկես ամիս) դատավորի կողմից արդյունավետ չի օգտագործվել՝ այլ ապացույցներ չեն հետազոտվել։

Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և 332-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ: Մասնավորապես, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել դատաքննության նախապատրաստման ուղղությամբ, որով կապահովեր համապատասխան մասնակիցների ներկայությունը դատաքննությանը, ինչպես նաև գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանը չի անդրադարձել դատական քննությունը շարունակելու հարցին, այն դեպքում, երբ դատական քննությանը հրավիրված վկաներից որևէ մեկի չներկայանալը չի խոչընդոտել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը:

5. Բազմաթիվ դեպքերում դատաքննությունն ընդհատվել է մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Սույն գործի քննության ընթացքում դատական նիստը 23 անգամ վաղաժամ ընդհատվել է պաշտպանների, մեղադրողների և տուժողների ներկայացուցիչների՝ այլ գործերով դատական նիստերին մասնակցելու պատճառաբանությամբ, ինչը բացասաբար է անդրադարձել գործի քննության արդյունավետ իրականացմանը։

Քրեական գործերի միացման պատճառով պաշտպան Կ. Գրիգորյանի կողմից գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ կատարված միջնորդության հիման վրա 27.01.2005 թվականի դատական նիստը հետաձգվել է 21 օրով: 18.02.2005 թվականի դատական նիստին նույն պաշտպանը նորից միջնորդել է այս անգամ գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար տրամադրել ևս 7 օր ժամանակ, ինչը դատարանի կողմից բավարարվել է (հ. 3, գ.թ. 24 և 27)։

Դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը: Մասնավորապես, դատավորը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել դատաքննության ճիշտ ղեկավարման ուղղությամբ:

6. 30.05.2006 թվականի դատական նիստը պաշտպանի միջնորդությամբ անհարկի ընդմիջվել է, անդրադարձ չի կատարվել նիստին չներկայացած վկային հաջորդ նիստում ապահովելու հարցին։ Նիստը տևել է ընդամենը մեկ ժամ (հ. 9, գ.թ. 18)։

Դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և 310-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

7. 12.04.2006 թվականի դատական նիստում դատարանը բերման ենթարկված վկա Ռ.Հակոբյանից առանց ցուցմունք վերցնելու թույլ է տվել հեռանալ նիստից, որի հետևանքով այն հերթական անգամ հետաձգվել է (հ. 8, գ.թ. 61)։

Դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։

Որպես կանոն, դատաքննությանը հրավիրված են եղել 1-3 վկաներ, որոնցից մեկի կամ երկուսի բացակայությունն արդեն զրկել է դատարանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատաքննությունը շարունակելու հնարավորությունից:

Դատավոր Վ.Լալայանի կողմից դատական նիստերի անհիմն ձգձգումները բացառելու և քրեական գործը ողջամիտ ժամկետում ավարտելու նպատակով դեռևս 23.12.2005 թվականին ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, սակայն դրանից հետո էլ դատարանի կողմից անհիմն ձգձգումները շարունակվել են, իսկ դատավճիռը կայացվել է 29.01.2007 թվականին: Դատավճռով Վ.Սիրոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել է տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Համաներման որոշման կիրառմամբ Վ.Սիրոյանը ազատվել է պատժի կրումից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նա արդարացվել է։ Ա.Մարկոսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման և, հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը, համարվել է պատիժը կրած, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 165-րդ հոդվածի 4-րդ մասով՝ արդարացվել է։

Այսպիսով՝ վերը նշված քրեական գործով արդարադատություն իրականացնելիս Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի կողմից դատաքննությունը ոչ պատշաճ նախապատրաստելու և ղեկավարելու արդյունքում թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի (7 դեպք), 310-րդ հոդվածի 1-ին մասի (3 դեպք), 332-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային քննության իրավունքի խախտմանը:

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանը մասնավորապես, իր դիրքորոշումները հայտնեց հետևյալ հարցերի վերաբերյալ.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 12.09.2007 թվականի որոշման և դրան կից տեղեկանքում նշված քաղաքացիական գործերով դատավորի կողմից թույլ տրված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խախտման հիմնական պատճառները հետևյալն են՝

1) Աշխատանքում գերծանրաբեռնված լինելը:

2006 թվականին իր կողմից քննվել են 689 քաղաքացիական գործեր, 19 քրեական գործեր, արձակվել են 172 վճարման կարգադրություններ, մինչդատական վարույթի կարգով քննության են առնվել 191 միջնորդություններ և 6 վարչական նյութեր: 2007 թվականին քննվել են 150 քաղաքացիական գործեր, 1 քրեական գործ, արձակվել են 138 վճարման կարգադրություններ, մինչդատական վարույթի կարգով քննության են առնվել 94 միջնորդություններ, 1 վարչական նյութ:

3) Թիվ 16/07թ. քրեական գործով 27.12.2006 թվականից մինչև 29.01.2007 թվականը գտնվել է խորհրդակցական սենյակում: Այդ գործով խորհրդակցական սենյակում երկար գտնվելու պատճառը գործի բարդությունն է եղել, ինչը պայմանավորված է եղել մեկ վարույթում երեք քրեական գործերի միացված լինելու հանգամանքով: Դատարանի 29.01.2007 թվականի դատավճռով Ա.Մարկոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անմեղ, անմեղ է ճանաչվել նաև Վ.Սիրոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում: Նշված դատավճիռը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Ըստ դատավորի՝ այդ և 2006 թվականին քննված այլ քրեական գործերի քննության օրենքով սահմանված ժամկետի խախտումը պայմանավորված է եղել դրանց բարդությամբ:

4) Աշխատանքի ծանրաբեռնվածության և ամենամյա արձակուրդները լիովին չօգտագործելու, ինչպես նաև երբեմն հանգստյան օրերին աշխատելու պատճառով դատավորի առողջական վիճակը վատթարացել է, ինչի արդյունքում 01.03.2007 թվականից մինչև 16.03.2007 թվականը ընկած ժամանակաշրջանում գտնվել է բուժման մեջ (անաշխատունակության թերթիկը ներկայացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան):

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճում դեռևս տեղադրված չի եղել համակարգչային ձայնագրման սարքավորում և դատական նիստերի արձանագրությունները նիստերի քարտուղարի կողմից վարվել են պարզ թղթային արձանագրման ձևով:

Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման և կից տեղեկանքում նշված այն քաղաքացիական գործերը, որոնցում դատական նիստերի արձանագրությունները սևագիր տեսքով են և ստորագրված չեն դատավորի կողմից և որոնց էջերը դրոշմակնքված ու համարակալված չեն, վերաբերում են ավարտված գործերին: Այդ գործերով արձանագրությունները դեռևս դատական նիստերի քարտուղարի կողմից վերջնական տեսքի չեն բերվել, չեն ստորագրվել և գործի էջերը չեն համարակալվել, դրոշմակնքվել և չեն հանձնվել դատարանի գրասենյակ: Երկամսյա գործուղման ընթացքում դատական նիստերի քարտուղարի ծանրաբեռնվածության պատճառով ֆիզիկապես հնարավոր չի եղել այդ գործերի արձանագրությունները բերել վերջնական տեսքի, դրոշմակնքել և հանձնել գրասենյակ: Գործուղումն ավարտվելուց հետո նշված գործերում եղած արձանագրությունները վերջնական տեսքի են բերվում, ստորագրվում, դրոշմակնքվում և հանձնվում են դատարանի գրասենյակ:

Նշված որոշման և տեղեկանքում հիշատակված որոշակի խախտումների առկայությունը դատական նիստի քարտուղարի և դատավորի օգնականի աշխատանքում թերացումների հետևանք է, որի պատճառներից մեկը նրանց աշխատանքի ծանրաբեռնվածությունն է:

Դատավորի կարծիքով, վերոնշյալ պատճառների առկայության պայմաններում ֆիզիկապես անհնարին է եղել իր կողմից բոլոր քաղաքացիական գործերը քննել օրենքով սահմանված երկամսյա ժամկետում և թույլ չտալ Կարգապահական հանձնաժողովի որոշման և կից տեղեկանքում նշված մյուս խախտումները:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները դատավոր Վ. Լալայանը խնդրել է կարգապահական վարույթը կարճել:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանը, չժխտելով թիվ 1-16/2007թ. քրեական գործը ողջամիտ ժամկետում չքննելու հանգամանքը, ներկայացրեց հետևյալ հիմնական պատճառները: Դրանք են՝

1) պատշաճ ձևով ծանուցված վկաների հարգելի և անհարգելի պատճառներով դատական նիստերին չներկայանալը, հետաքննության մարմինների կողմից վկաներին բերման ենթարկելու մասին դատարանի որոշումները չկատարելը, մեղադրողների անգործությունը և հետաքննության մարմինների կողմից նշված որոշումները կատարելու համար դատարանին չաջակցելը:

Այսպես՝ դատարանը բազմիցս՝ 09.03.2006 թվականին, 14.03.2006 թվականին, 10.04.2006 թվականին, 12.04.2006 թվականին, 18.04.2006 թվականին, 25.04.2006 թվականին, 24.05.2006 թվականին, 02.06.2006 թվականին որոշումներ է կայացրել վկաներին բերման ենթարկելու մասին, սակայն հետաքննության մարմինների կողմից դատարանի որոշումների պահանջները չեն կատարվել այն պատճառաբանությամբ, որ վկաները տանը չեն, անկողնային հիվանդ վիճակում են, բացակայում են քաղաքից կամ հանրապետությունից (հ. 2, գ.թ. 47, 49, 48, 62, 63, 64, 66, 68, 70, 77, 80, 81, 82, 87, 88, 90, 91, 92, 94, 96, 102, 103, 104, 107, 132, 133, 138, 140):

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածում փոփոխություն կատարվելուց հետո դատարանը 06.05.2006 թվականին և 08.06.2006 թվականին գրավոր միջնորդություններ է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին՝ պարզելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից վկաներին բերման ենթարկելու և դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափող վկաների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործեր հարուցելու մասին դատարանի որոշումների չկատարման պատճառները (Հ.2, գ.թ.107 և 146): Դրանից հետո արդեն ինչպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը, այնպես էլ ոստիկանության Կենտրոնական բաժինը հետամուտ են եղել վկաների ներկայությունն ապահովելու հարցում: Մինչդեռ վկա Աշխեն Օհանյանի ներկայությունը դատարան նրանց կողմից չի ապահովվել (հ. 2 գ.թ. 116):

Յուրաքանչյուր անգամ, երբ հետաքննության մարմինների աշխատակիցները վերը շարադրված պատճառներով չեն կատարել վկաներին բերման ենթարկելու մասին դատարանի որոշումները, մեղադրողները միջնորդել են դատարանին հրապարակել այդ վկաների նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները և դրանք համարել որպես ապացույցներ՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար: Սակայն պաշտպանական կողմն առարկել է այդ միջնորդությունների դեմ և դատարանից պահանջել ապահովել վկաների ներկայությունը՝ նրանց հարցաքննելու համար:

2) Աշխատանքում գերծանրաբեռնված լինելը.

2004 թվականին դատավորի նախագահությամբ քննվել են 1103 քաղաքացիական գործեր, 45 քրեական գործեր, մինչդատական վարույթի կարգով քննության են առնվել 136 միջնորդություններ:

2005 թվականին քննվել են 939 քաղաքացիական գործեր, 35 քրեական գործեր, մինչդատական վարույթի կարգով քննության են առնվել 123 միջնորդություններ, 12 միջնորդություններ պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, 26 վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութեր:

2006 թվականին քննվել են 686 քաղաքացիական գործեր, 19 քրեական գործեր, արձակվել են 172 վճարման կարգադրություններ, մինչդատական վարույթի կարգով քննության են առնվել 191 միջնորդություններ, 6 վարչական խախտումների վերաբերյալ նյութեր:

3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճում համակարգչային և ձայնագրառման սարքավորումների բացակայությունը և դատական նիստերի արձանագրությունները նիստերի քարտուղարի կողմից պարզ թղթային արձանագրման ձևով վարելը:

Որպես կանոն կողմերը պահանջել են, որ արձանագրություններում մանրամասն և բառացի արձանագրվեն տուժողների, վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, կողմերի հարցերը և դրանց պատասխանները: Այդ իսկ պատճառով երբեմն նրանց հարցաքննությունները մեկ դատական նիստով չէին ավարտվում:

4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության նախաձեռնությամբ մեկ վարույթում երեք քրեական գործերը միացնելը:

5) Ամբաստանյալների և տուժողների կողմից իրենց պաշտպաններին հաճախակի փոխելը (ամբաստանյալները՝ մեկական անգամ, իսկ տուժողները՝ երկու անգամ):

Նոր ներգրավված պաշտպանները և տուժողների ներկայացուցիչ փաստաբանները միջնորդել են դատարանին տալ իրենց որոշակի ժամկետներ՝ քրեական գործերի նյութերին և դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, և դատարանը, ամեն անգամ բավարարելով նրանց միջնորդությունները, դատական նիստերը ստիպված հետաձգել է:

6) Նշանակված դատական նիստերին պաշտպանների, տուժողների ներկայացուցիչների, ինչպես նաև մեղադրողների հաճախակի չներկայանալը՝ այլ քրեական գործերով դատարաններում դատական նիստերին մասնակցելու, արձակուրդում գտնվելու, վատառողջ լինելու և այլ պատճառաբանություններով, ինչի հետևանքով նշանակված դատական նիստերը հետաձգվել են:

7) Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա (հ. 2, գ.թ. 161 ) լրացուցիչ վկաներ ներգրավելը և նրանց հարցաքննությունները (վկաներ Վալերիա Հակոբյանը, Արևիկ Հակոբյանը և Գայանե Համբարձումյանը):

8) Քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունը, որի արդյունքում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ա. Մարկոսյանը և Վ. Սիրոյանը դատարանի դատավճռով ճանաչվել են անմեղ: Այսինքն դատարանի կողմից վերոնշյալ քրեական գործը սեղմ ժամկետում քննելու դեպքում հնարավոր է, որ ամբաստանյալներ Ա.Մարկոսյանը և Վ.Սիրոյանը ճանաչվեին մեղավոր:

Դատարանը գործը քննելիս նշանակել է 100-ից ավելի դատական նիստեր, որի արդյունքում դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, նյութերը և դատական նիստերի արձանագրությունները կազմել են 13 հատոր:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մեջ նշված այն փաստարկներին, որ դատական նիստերի միջև ընկած ընդմիջումները եղել են երկարատև, դատական նիստերը նշանակվել են հիմնականում ժամը 14-ին, իսկ առանձին դեպքերում դրանք հետաձգվել են դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով, ապա պետք է ասել, որ ամբաստանյալ Ա.Մարկոսյանի կալանքի տակ գտնված ժամանակահատվածում ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակիցները նրան հիմնականում դատարան էին ներկայացնում ժամը 11-ի սահմաններում: Դատական նիստերի միջև երկարատև ընդմիջումները եղել են ոչ հաճախակի և դրանց, ինչպես նաև դատական նիստերը ժամը 14-ին նշանակելու պատճառներից է նաև դատավորի վարույթում այլ քրեական և քաղաքացիական գործերի առկայությունը:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթը հարուցելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության կողմից կազմված տեղեկանքում նշված փաստարկներին այն մասին, որ վկաների անհարգելի բացակայությունների 14 դեպքերից միայն 3 դեպքում է դատարանը կայացրել բերման ենթարկելու մասին որոշումներ և որ մի քանի վկաների նկատմամբ բերման ենթարկելու որոշումներ է կայացրել առանց նրանց նախապես դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու, ապա դրանք մասնակի են համապատասխանում իրականությանը:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանը գտել է, որ բացատրության մեջ թվարկված հիմնական պատճառների առկայության պայմաններում հնարավոր չի եղել քրեական գործը քննել ողջամիտ ժամկետում:

Խնդրել է հաշվի առնել վերը շարադրված հանգամանքները և հարուցված կարգապահական վարույթը կարճել:

4. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման ներքոհիշյալ պատճառաբանությունների հիման վրա, որոնք կշարադրվեն ըստ առանձին գործերի:

1. Թիվ 2-426/07թ. քաղաքացիական գործով թույլ տրված խախտումներին Խորհուրդը չի անդրադառնում, քանի որ կարգապահական գործի նյութերում առկա չեն մատնանշված խախտումները հիմնավորող փաստեր:

2. Թիվ 2-937/07թ. քաղաքացիական գործին Խորհուրդը չի անդրադառնում, քանի որ այդ գործով վարույթն ավարտված չէ, և դեռևս գտնվում է դատարանի վարույթում:

3. Թիվ 2-684/07թ., թիվ 2-729/07թ., թիվ 2-414/07թ., թիվ 796/07թ., թիվ 2-713/07թ., թիվ 2-686/07թ., թիվ 2-424/07թ., թիվ 2-961/07թ., թիվ 2-320/07թ., թիվ 2-425/07թ. և թիվ 2-207/07թ. քաղաքացիական գործերով Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.

1) թիվ 2-684/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Ա.Մխիթարյանի ընդդեմ Դ. Մարդոյանի և մյուսների (բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին), հայցադիմումը դատարան է ներկայացվել 25.07.2006 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 27.07.2006 թվականին և դատական քննությունը նշանակել է 12.09.2006 թվականին: 18.04.2007 թվականի դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն, և գործի վարույթը կասեցվել է: Նշված քաղաքացիական գործը մինչև փորձաքննության կատարման ուղարկելը դատարանի վարույթում է գտնվել մոտ 8 ամիս 24 օր: Բացի այդ, փորձաքննության որոշումը կատարման է ուղարկվել փոստով 13.06.2007 թվականին, այսինքն՝ 2 ամիս անց: 10.09.2007 թվականի դրությամբ փորձագետի եզրակացությունը դատարանում դեռևս ստացված չի եղել:

2) Թիվ 2-729/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Ն. Լապինայի ընդդեմ Վ. Մուրադյանի՝ (որոշակի գործողություններ կատարելուն չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հայցադիմումը ներկայացվել է 10.08.2006 թվականին, դատարանը դիմումը վարույթ է ընդունել 10.08.2006 թվականին և դատական քննությունը նշանակել 04.10.2006 թվականին: Վճիռը կայացվել է 07.05.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 8 ամիս 28 օր:

3) Թիվ 2-414/07թ. քաղաքացիական գործով ըստ դիմումի Ռ. Սարգսյանի և մյուսների (իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին) հայցադիմումը դատարան է ներկայացվել 11.10.2006 թվականին, դատարանը դիմումը վարույթ է ընդունել 12.10.2006 թվականին, իսկ դատական քննությունը նշանակել 30.11.2006 թվականին: Դատարանը 17.05.2007 թվականի որոշմամբ դիմումը թողել է առանց քննության: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 7 ամիս 6 օր:

4) Թիվ 2-691/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Ա.Սալազարյանի և ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու պահանջի մասին), հայցադիմումը ներկայացվել է 20.09.2006 թվականին: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 20.09.2006 թվականին, վճիռը հրապարակվել է 05.02.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 4 ամիս 15 օր:

5) Թիվ 796/07թ. քաղաքացիական գործով ըստ դիմումի Գ. Դավթյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին), դիմումը ներկայացվել է 09.01.2007 թվականին, դատարանը դիմումը վարույթ է ընդունել 11.01.2007 թվականին: Գործը նշանակվել է դատական քննության 05.03.2007 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 03.05.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 3 ամիս 25 օր:

6) Թիվ 2-713/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Ս. Մանվելյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետարանի 24.07.2006 թվականի թիվ 1196-Ա որոշումն անվավեր ճանաչելու և քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա սահմանված կարգով ավարտական ակտ տալուն Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջների մասին) դիմումը ներկայացվել է 17.08.2006 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 21.08.2006 թվականին, դատական քննությունը նշանակվել է 19.09.2006 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 29.01.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 5 ամիս 13 օր:

7) Թիվ 2-686/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Ս.Հակոբյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ (Ս.Հակոբյանի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշեն տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Բաշինջաղյան փողոցի 188/1 հասցեի 318 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի 23.05.2006 թվականի պետական գրանցումը և դրա հիման վրա 23.05.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1974486 վկայականը 318 քմ հողամասի մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին) հայցադիմումը ներկայացվել է 20.09.2006 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 20.09.2006 թվականին: Դատական քննությունը նշանակել է 03.11.2006 թվականին: Վճիռը հրապարակվել է 17.05.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 8 ամիս 27 օր:

8) Թիվ 2-424/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Զ.Տոնոյանի ընդդեմ Վ. Տեր-Մարգարյանի (ալիմենտի պահանջի մասին), հայցադիմումը ներկայացվել է 03.10.2006 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 04.10.2006 թվականին, դատական քննությունը նշանակել է 27.11.2006 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 25.04.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 6 ամիս 22 օր:

9) Թիվ 2-961/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Հ.Խաչատրյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին) դիմումը ներկայացվել է 01.02.2007 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 02.02.2007 թվականին, դատական քննությունը նշանակել է 28.03.2007 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 02.05.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 3 ամիս 1 օր:

10) Թիվ 2-320/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Զ.Հովակիմյանի ընդդեմ Գ.Գալստյանի (բնակելի մակերեսի բաժնեմասի առանձնացման և այդ բաժնեմասի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջի մասին) հայցադիմումը ներկայացվել է 05.09.2006 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 07.09.2006 թվականին և դատական քննությունը նշանակել է 01.11.2006 թվականին: 17.11.2006 թվականի դատարանի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության: 01.12.2006 թվականին հայցվորի՝ դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դատարանը 18.12.2006 թվականի որոշմամբ վերսկսել է քաղաքացիական գործի դատաքննությունը և վճիռ է կայացրել 12.02.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 5 ամիս 7 օր:

11) Թիվ 2-425/07թ. քաղաքացիական գործով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Ա.Հովհաննիսյանի և ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները, առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջների մասին), հայցադիմումը ներկայացվել է 25.09.2006 թվականին: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 27.09.2006 թվականին և դատական քննությունը նշանակել է 16.11.2006 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 05.02.2007 թվականին: Արդյունքում գործի դատաքննությունը տևել է 5 ամիս 10 օր:

12) Թիվ 2-207/07թ. քաղաքացիական գործով ըստ Ռուբեն Եղյանի դիմումի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (Երևանի քաղաքապետի դիմումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին) դիմումը ներկայացվել է 21.08.2006 թվականին, դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 23.08.2006 թվականին, գործի քննությունը նշանակել 19.10.2006 թվականին: Նշված գործով վճիռը հրապարակվել է 04.07.2007 թվականին: Արդյունքում գործի քննությունը տևել է 10 ամիս 14 օր:

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործը պետք է քննվի և վճիռ կայացվի դատարանի կողմից հայցադիմումն ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում:

Արդարադատության խորհուրդը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածը ենթակա է կիրառման՝ հիմք ընդունելով այդ օրենսգրքի ընդհանուր կարգավորումների տրամաբանությունը: Մասնավորապես, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի կարգավորում դատավարական այն հարաբերությունները, որոնք առաջ են գալիս գործը դատաքննության նախապատրաստելիս: Նման պարագայում դատարանները, քննելով քաղաքացիական գործերը, ստիպված են լինում նախապատրաստական գործողությունները կատարել դատաքննության փուլում:

Նման պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի կիրառումը պետք է զուգորդել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այսինքն՝ գործի քննության ժամկետները պետք է լինեն ողջամիտ:

Սակայն դատաքննության փուլի ներկայիս օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս ողջամիտ ժամկետներում իրականացնել գործի դատաքննությունը:

«Ողջամիտ ժամկետներ» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելնել ինչպես միջազգային իրավունքում առկա մոտեցումներից, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի պրակտիկայի տեսանկյունից, այնպես էլ ազգային դատարանակազմության և դատավարության առանձնահատկություններից: Դատավարությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելը նպատակ ունի ապահովելու արդյունավետ արդարադատություն և դրա նկատմամբ վստահություն:

Կոնկրետ դատական ատյանում «ողջամիտ ժամկետների» որոշման չափանիշներ կարող են համարվել.

1. Գործի բարդությունը:

Գործի բարդությունը վերաբերում է ինչպես քաղաքացիական գործի փաստերին, այնպես էլ իրավական կողմին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կոնկրետ գործով ապացուցման առարկայում ընդգրկված փաստերի բնույթին, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների քանակին, մի քանի գործերով վարույթը մեկ վարույթում միացնելուն, ինչպես նաև գործին այլ անձանց մասնակից դարձնելու հարցը լուծելուն և այլ հարցերին:

2. Դիմողի կամ հայցվորի վարքագիծը:

ՀՀ քաղաքացիական դատավարությունում դատավարության մասնակիցներն օժտված են լայն դատավարական իրավունքներով և ելնելով քաղաքացիական դատավարության տնօրինչականության սկզբունքից՝ ազատորեն օգտվում են այդ իրավունքներից: Դատավարական հարաբերությունների նման կարգավորումը որոշ դեպքերում կարող է հանգեցնել դատավարական ժամկետների ձգձգման: Հետևաբար, դատավարական ողջամիտ ժամկետների որոշման հարցում կարևոր է նաև դատավարության մասնակիցների վարքագծի գնահատումը:

3. Դատարանի կողմից իրականացվող գործողությունները:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը պարտավորեցնում են դատարանին ողջամիտ ժամկետում քննել քաղաքացիական գործը: Նման կարգավորման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ ողջամիտ կարող են բնորոշվել դատավարության ժամկետների այն ձգձգումները, որոնք ուղղված են պատշաճ դատավարության իրականացմանը: Սակայն բոլոր դեպքերում գործի քննությունն իրականացնող դատարանի կողմից պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դատավարության մասնակիցներն իրենց վերապահված իրավունքներից օգտվեն և դատավարական պարտականությունները կատարեն այնպես, որ բացառվեն գործի քննության անհարկի ձգձգումները:

Դատավոր Վ. Լալայանը, ընդունելով այն փաստը, որ նշված գործերով տեղի են ունեցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետի խախտումներ, նշված խախտումները պատճառաբանել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործերի քննության ծանրաբեռնվածությամբ և գործերի բարդությամբ:

Ելնելով նշված չափանիշներից և գնահատելով Խորհրդին ներկայացված կարգապահական վարույթի նյութերն ու դատավոր Վ.Լալայանի բացատրությունները՝ Խորհուրդը արձանագրում է, որ թիվ 2-684/07թ., թիվ 2-729/07թ., թիվ 2-414/07թ., թիվ 2-691/07թ., թիվ 796/07թ., թիվ 2-713/07թ., 2-686/07թ., թիվ 2-424/07թ., թիվ 2-961/07թ., թիվ 2-207/07թ., թիվ 2-320/07թ., թիվ 2-425/07թ., թիվ 2-711/07թ. քաղաքացիական գործերով դատավարական ժամկետները գերազանցել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը, ինչի արդյունքում թույլ է տրվել անձանց՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում:

Խորհուրդը գտնում է, որ օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

Հիմնավոր համարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերի խախտումները՝ Խորհուրդը, այնուամենայնիվ, դրանք չի դիտում որպես կարգապահական պատասխանատվության հիմք, քանի որ այդ խախտումները դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ չեն: Նման եզրահանգման համար Խորհուրդը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ դատարանը ընդհանուր առմամբ գործել է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ այս մասով կարգապահական պատասխանատվության գործը ենթակա է կարճման:

4) Թիվ 1-16/07թ. քրեական գործով Խորհուրդը հիմք է ընդունում հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարի 24.08.2007 թվականի թիվ 220-Ա հրամանով դատավոր Վ.Լալայանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

2) ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննված թիվ 1-16/07թ. քրեական գործը, որի արդյունքներով կազմվել է համապատասխան տեղեկանք:

3) Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ արդարադատության նախարարը միջնորդել է Խորհրդին դատավոր Վ. Լալայանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի համաձայն՝ եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում՝ կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը: Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է Արդարադատության խորհրդին և այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել` հանձնման մասին ծանուցմամբ: Կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած անձը չի կարող հետ կանչել վարույթի նյութերը, և դրանք ենթակա են Արդարադատության խորհրդում ըստ էության քննության:

Այսինքն՝ օրենքի վերը նշված կարգավորման համաձայն՝ Արդարադատության խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի ըստ էության քննության միակ հիմքն է հանդիսանում կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից կազմված և Խորհրդին ներկայացված կարգապահական խախտման մասին եզրակացությունը:

Սույն կարգապահական պատասխանատվության գործի փաստերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից Խորհրդին չի ներկայացվել դատավոր Վ.Լալայանի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ եզրակացություն: Հետևաբար, Խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարի՝ դատավոր Վ.Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ տվյալ դեպքում բացակայում է կարգապահական պատասխանատվության հարցի քննության հիմքը: Նման իրավիճակում Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Վ.Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ենթակա է մերժման:

5) Թիվ 1042/07թ. քաղաքացիական գործով Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված այն փաստական հանգամանքը, որ տվյալ գործով դատաքննությունը տևել է 2 ամիս 22 օր: Բացի այդ, դատարանը որոշումը չի ուղարկել կողմերին:

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:

Նույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի, 139-րդ հոդվածի (նախկին

խմբագրությամբ) համաձայն՝ դատարանի վճիռը այն կազմելուց անմիջապես հետո պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով՝ ոչ ավելի, քան յոթ օրով:

Թիվ 1042/07թ. քաղաքացիական գործով 06.02.2007 թվականին կայացված վճռի բնագիրը, ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի (նախկին խմբագրությամբ), պետք է կազմվեր առավելագույնը մինչև 13.02.2007 թվականը, այնինչ Վ.Լալայանը այն կազմել է միայն 22.02.2007 թվականին:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Խորհուրդը գտնում է, որ թիվ 2-711/07թ. քաղաքացիական գործով չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի և 138-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, քանի որ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումն ընդհանրապես չի ուղարկվել գործին մասնակցող անձանց, իսկ 06.02.2007 թվականին կայացված վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկվել է 22.02.2007 թվականին:

Դատավորի կողմից ներկայացված պատճառաբանությունը դատարանի ծանրաբեռնվածության վերաբերյալ չի կարող հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց չուղարկելու հիմնավոր պատճառ հանդիսանալ, քանի որ ժամանակի սղությունը և արդեն իսկ կայացված որոշումը գործին մասնակցող անձանց չուղարկելու հանգամանքը չեն գտնվում պատճառահետևանքային կապի մեջ: Ընդ որում, Խորհուրդը նշված դեպքում նկատի է ունենում նաև այն, որ պրակտիկայում հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները ծավալուն չեն, և նման որոշումները կայացվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով սպառիչ թվարկված հիմքերի առկայության դեպքում:

Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ դատական ակտն ուղարկելու պարտականությունը կրում է դատավորին կցված դատական ծառայողը՝ դատավորի օգնականը: Հետևաբար, դատավորի կողմից օգնականի պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության թերի իրականացումը Խորհրդի կողմից որպես դատավարական օրենքի նորմի ակնհայտ և ոչ կոպիտ խախտում չի գնահատվում:

Ինչ վերաբերում է թիվ 1042/07թ. քաղաքացիական գործի քննության ժամկետի խախտմանը, ապա Խորհուրդն այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է վերևում, հետևաբար, աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ դրան:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Խորհուրդը գտնում է, որ վերոհիշյալ խախտումների մասով հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ուստի նշված խախտման համար դատավոր Վ.Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն կարգապահական գործի մասը ենթակա է կարճման:

6) Թիվ 2-711/07թ. քաղաքացիական գործով Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.

1. Տվյալ գործով 02.11.2006 թվականին կայացած նիստի արձանագրությունը դատավորի կողմից չի ստորագրվել: Դատական գործի էջերը վավերացված չեն համապատասխան դրոշմակնիքով:

2. 16.11.2006 թվականի դատական նիստի արձանագրությունը պատշաճ կազմված չէ: 01.12.2006 թվականի դատական նիստի արձանագրությունը բացակայում է: Ըստ գործում առկա արձանագրության սևագրի՝ գործի քննությունը նշանակվել է 06.02.2007 թվականին: Նույն օրը կայացված դատարանի վճռով հայցը բավարարվել է:

3. Հայցվորը դատարանի վճիռը ստացել է 22.02.2007 թվականին, իսկ պատասխանողին վճիռն ուղարկվել է պատվիրված նամակով՝ 22.02.2007 թվականին:

Վերոնշյալ բոլոր խախտումներն արձանագրվել են նաև թիվ 2-712/07թ., թիվ 2-386/07թ., թիվ 2-730/07թ., թիվ 2-728/07թ., թիվ 2-710/07թ., թիվ 2-420/07թ., թիվ 2-724/07թ., թիվ 2-732/07թ., թիվ 2-417/07թ., թիվ 2-394/07թ., թիվ 2-686/07թ., թիվ 2-400/07թ. քաղաքացիական գործերով:

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ հավաստված վիճակում:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դատական նիստերի արձանագրությունը (այդ թվում նաև՝ պարզ թղթային ձևով կազմված) դատավարական գրավոր ձև ունեցող փաստաթուղթ է, որն արտահայտում է այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք տեղի են ունեցել քաղաքացիական գործի քննության ընթացքում: Այն ունի կարևոր ապացուցողական նշանակություն, քանի որ դատարանի վճիռը կարող է համարվել հիմնավոր և օրինական միայն այն դեպքում, երբ կայացվում է դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա, որպիսի հանգամանքը (ապացույցների հետազոտման ամբողջ ընթացքը) իր արտացոլումն է գտնում դատական նիստերի արձանագրության մեջ: Հետևաբար, դատական նիստի արձանագրության վերջնական տեքստը պետք է պատրաստ լինի ոչ ուշ, քան դատական նիստն ավարտելուց հետո ողջամիտ սեղմ ժամկետում, որը հնարավորություն կտա դատավարության մասնակիցներին ծանոթանալու դատական նիստերի արձանագրությանը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ դիտողություններ ներկայացնել:

Խորհուրդը գտնում է, որ թիվ 2-711/07թ. քաղաքացիական գործով դատավոր Վազգեն Լալայանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետը և 148-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը: Դատավորի ներկայացրած այն պատճառաբանությունը, թե արձանագրության կազմման կարգի չպահպանման հետ կապված խախտումները քարտուղարի և դատավորի օգնականի աշխատանքում թերացումների հետևանք են, Խորհուրդն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատական նիստերի արձանագրությունը ստորագրում է նաև նիստը նախագահողը: Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ դատական նիստը նախագահողը ևս պատասխանատու է դատական նիստերի արձանագրության ժամանակին վարման և կազմման համար:

2. Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված նյութերի համաձայն՝ թիվ 2-711/07թ. քաղաքացիական գործով 02.11.2006 թվականին կայացված դատական նիստի արձանագրությունն առկա է, սակայն այն չի ստորագրել դատական նիստը նախագահող դատավոր Վ.Լալայանը: Այսինքն՝ դատական նիստերի քարտուղարն այս դեպքում չի թերացել:

3. Դատական նիստերի քարտուղարը և դատավորի օգնականը դատավորին կցված դատական ծառայողներ են, նրանց անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է: Հետևաբար, դատական նիստերի քարտուղարի և դատավորի օգնականի վարքագիծը պետք է վերահսկվի, իսկ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում նրանց թերացումները պետք է վերացվեն համապատասխան դատավորի կողմից:

4. Դատավորի օգնականը քաղաքացիական դատավարության մասնակից չի համարվում, հետևաբար նրա գործողությունները դատավարության մասնակիցների համար չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Խորհուրդը գտնում է, որ թիվ 1042/07թ. քաղաքացիական գործով դատավոր Վ.Լալայանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:

Վերոնշյալ դատավարական իրավունքի նորմերի խախտումները Խորհուրդը գնահատում է որպես նյութական և դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, հետևաբար, դատավոր Վ. Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Ինչ վերաբերում է դատական գործի էջերը համապատասխան դրոշմակնիքով վավերացված չլինելուն և կողմերին դատարանի վճիռը օրենքով սահմանված ժամկետներում չուղարկելուն, ապա Խորհուրդը դրանք դիտում է որպես դատավորին կցված դատական ծառայողների հիմնական պարտականությունների կատարման թերացումներ, իսկ դատավորի կողմից օգնականի կամ դատական նիստերի քարտուղարի պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության թերի իրականացումը Խորհրդի կողմից որպես դատավարական օրենքի նորմի ակնհայտ և ոչ կոպիտ խախտումներ չեն գնահատվում, հետևաբար, այդ խախտումների մասով սույն կարգապահական գործը ենթակա է կարճման:

7) Թիվ 2-1139/07թ. քաղաքացիական գործով Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.

1. դատարանի 16.02.2007 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Վ. Հարությունյանի դիմումն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի (պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին): Նույն որոշմամբ գործի քննությունը նշանակվել է 12.04.07 թվականին: Դատարանի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին դիմումն ուղարկվել է 03.04.2007 թվականի գրությամբ, որով վերջինս նաև ծանուցվել է 12.04.2007 թվականի դատական նիստի մասին:

2. Դատարանի 12.04.2007 թվականի որոշման համաձայն՝ Վ. Հարությունյանի դիմումը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության՝ դիմողի և նրա ներկայացուցչի դատական նիստին չներկայանալու պատճառով:

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ակտի կամ դրա մասի՝ օրենքին հակասելու հիմքերով անվավեր ճանաչելու մասին դիմումն անհապաղ ուղարկվում է ակտն ընդունած մարմնին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է տասնօրյա ժամկետում դատարան ներկայացնել իր պատասխանը:

Նույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմում տված անձը, ինչպես նաև ակտն ընդունած պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ներկայացուցիչը դատարանի կողմից պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Խորհուրդը գտնում է, որ թիվ 2-1139/07թ. քաղաքացիական գործով դատավորը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասի պահանջները:

Նկատի ունենալով, որ դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք է արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, իսկ սույն գործով արձանագրված խախտումը ակնհայտ է, սակայն ոչ կոպիտ, ուստի Խորհուրդը գտնում է, որ տվյալ գործով հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ այս մասով կարգապահական պատասխանատվության գործը նույպես ենթակա է կարճման:

Դատավորի գործողություններում մեղքի առկայության մասին.

Խորհուրդը գտնում է, որ վերը հիշատակված այն խախտումները, որոնք Խորհուրդը կարգապահական պատասխանատվության հիմք համարեց, դատավոր Վազգեն Լալայանի կողմից կատարվել են մեղավորությամբ հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Վազգեն Լալայանի կողմից դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնց առկայությունը հաստատվում է կարգապահական պատասխանատվության գործի քննությամբ, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Դրանք դատավորի մտավոր գործունեության արդյունք են, որոնք նյութականացվում են դատական ակտերի կայացման և դատավարական գործողությունների կատարման ձևով՝ նյութական և դատավարական օրենքի նորմերի կիրառման արդյունքում: Հետևաբար, նման գործունեությունը միշտ ենթադրում է մեղքի որևէ տեսակի առկայություն:

Դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները Խորհուրդը բնութագրում է որպես ակնհայտ և կոպիտ, որպիսի պայմաններում Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վ.Լալայանը այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնին:

Խորհուրդը գտնում է, որ օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ կարող են համարվել արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու կարգապահական տույժի տեսակը:

Այսպիսով, դատավոր Վազգեն Լալայանի կողմից արդարադատության իրականացման ընթացքում դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացության՝ սույն որոշման պատճառաբանական մասում հիմնավոր համարված մասի առկայությունը Խորհուրդը բավարար է համարում դատավոր Վազգեն Լալայանի նկատմամբ կարգապահական կոնկրետ տույժի՝ լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու տեսակը կիրառելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 161-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել:

Դիմել Հանրապետության Նախագահին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Մարտիրոսյան

Լ. Մեհրաբյան

Հ. Մովսեսյան

Տ. Պետրոսյան

Մ. Սիմոնյան

Ն. Տավարացյան