Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.09.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
05.09.2007
Дата вступления в силу
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-848/2007

Քաղաքացիական գործ թիվ 3-1258 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Խունդկարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ նաև՝ Կադաստր) և Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները ՀՀ տնտեսական դատարանի կողմից թիվ Տ-848 քաղաքացիական գործով 11.05.2007 թվականին կայացված վճռի դեմ ըստ «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման, Երևանի քաղաքապետարանի, Արշակ Աբրահամյանի, Աստղիկ Սիմոնյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի իրավահաջորդ «Գազսարքտեխսպասարկում» ՓԲԸ-ի՝ Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 0,435 հա հողամասի վարձակալության մասով Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման 15.04.2004 թվականի թիվ 1635088 վկայականը ք. Երևան, Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 0.435 հա հողամասի վարձակալության մասով անվավեր ճանաչելու, նույն հողամասի մասով 19.09.2005 թվականին Երևանի քաղաքապետարանի և Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի միջև կնքված հողամասի վարձակալության թիվ 1858/6-ՊՓ պայմանագիրն անվավեր ճանաչելու, նույն հողամասի նկատմամբ Ա.Աբրահամյանի և Ա.Սիմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու սեփականության իրավունքի պետական գրանցման 12.01.2006 թվականի թիվ 2024930 վկայականը անվավեր ճանաչելու, այդ հողամասի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցում կատարելուն Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 0,435 հա հողամասի վարձակալության մասով Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը, Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի անվամբ տրված վարձակալության իրավունքի պետական գրանցման 15.04.2004 թվականի թիվ 1635088 վկայականը ք.Երևան, Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 0.435 հա հողամասի մասով, նույն հողամասի մասով 19.09.2005 թվականին Երևանի քաղաքապետարանի և Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի միջև կնքված հողամասի վարձակալության թիվ 1858/6-ՊՓ պայմանագիրը, նույն հողամասի նկատմամբ Ա.Աբրահամյանի և Ա.Սիմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու սեփականության իրավունքի պետական գրանցման 12.01.2006 թվականի թիվ 2024930 վկայականը, ճանաչել այդ հողամասի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը և պարտավորեցնել Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանմանը իրավունքի պետական գրանցում կատարել:

ՀՀ տնտեսական դատարանի 11.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի անվամբ տրված վարձակալության իրավունքի պետական գրանցման 15.04.2004 թվականի թիվ 1635088 վկայականը Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 0.435 հա հողամասի մասով անվավեր ճանաչելու, նույն հողամասի նկատմամբ Ա.Աբրահամյանի և Ա.Սիմոնյանի անվամբ տրված սեփականության իրավունքի պետական գրանցման 12.01.2006 թվականի թիվ 2024930 վկայականը անվավեր ճանաչելու պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 0,435 հա հողամասի վարձակալության մասով, Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նույն հողամասի մասով 19.09.2005 թվականին Երևանի քաղաքապետարանի և Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի միջև կնքված հողամասի վարձակալության թիվ 1858/6-ՊՓ պայմանագիրն անվավեր ճանաչելու, այդ հողամասի նկատմամբ Ա.Աբրահամյանի և Ա.Սիմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, այդ հողամասի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցում կատարելուն Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնելու պահանջների մասով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Արշակ Աբրահամյանը, Աստղիկ Սիմոնյանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոքներ բերած անձինք նշված պնդումը հիմնավորել են հետևյալ փաստարկներով:

Դատարանը չի գնահատել քաղաքացիական գործում առկա՝ ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Հիշյալ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման 19.04.2006 թվականի թիվ 608 մերժումը, ինչպես նաև վեճի առարկա հողամասի նկատմամբ Ա.Աբրահամյանի և Ա.Սիմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը հիմնավոր է եղել, որպիսի հանգամանքը դատարանի գնահատմանը չի արժանացել:

Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների կողմից գրավոր ներկայացված դիմումները մերժելիս չի ուսումնասիրել այն հանգամանքը, որ Ա.Աբրահամյանը և Ա.Սիմոնյանը վիճելի հասցեի հողամասի վարձակալ են դարձել ոչ թե 19.09.2005 թվականին Երևանի քաղաքապետարանի հետ կնքված հողամասի վարձակալության թիվ 7118 պայմանագրի հիմքով, այլ իրավահաջորդության կարգով՝ 12.04.2004 թվականին կնքված անշարժ գույքի թիվ 1480 առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ որպես Երևանի Արշակունյաց պողոտայի119 հասցեում գտնվող 3044,3 քմ մակերեսով շենք-շինությունների ձեռք բերողներ:

2) ՀՀ տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, նույն օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը, 279-րդ հոդվածի 1-ին մասը, 289-րդ հոդվածի 1-ին մասը և 437-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 75-րդ և 76-րդ հոդվածները, ՀՀ նախագահի 06.05.1997 թվականի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13 կետի «ե», 1.15 կետի «բ», «գ» ենթակետերը, ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր:

Բողոքներ բերած անձինք նշված պնդումը հիմնավորել են հետևյալ փաստարկներով:

ՀՀ տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության և «Թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության միջև 31.05.2002 թվականին կնքված հողամասի թիվ 2483 ենթավարձակալության պայմանագիրը կնքվել է Երևանի քաղաքապետի 20.05.2002 թվականի թիվ 847 որոշման համաձայն, այն ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Նշված կողմերի միջև ենթավարձակալության պայմանագրի կնքումը եղել է Կողմերի կամքի և դրա արտահայտության ազատ դրսևորում, Կողմերի գործողություններն ուղղակիորեն ուղղված են եղել քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն և դադարելուն, իսկ պայմանագրի պայմանները որոշվել են կողմերի հայեցողությամբ՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 20.05.2002 թվականի թիվ 847 որոշումը:

ՀՀ կառավարության նշված որոշմամբ Արշակ Աբրահամյանին և Աստղիկ Սիմոնյանին ուղղակիորեն՝ անվանապես, իրավունք է վերապահվել գնելու Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 1,68558 հա հողամասն՝ այդ թվում՝ վեճի առարկա հողամասը: Համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման Ա.Աբրահամյանը և Ա.Սիմոնյանը, պետական բյուջե վճարելով սահմանված հողամասի արժեքը՝ սեփականության իրավունքով ձեռք են բերել վերոհիշյալ հողամասը:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, և չի կիրառել նույն օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոքներ բերած անձինք նշված պնդումը հիմնավորել են հետևյալ փաստարկով:

ՀՀ տնտեսական դատարանն իր վճռում միաժամանակ նշել է, որ Ընկերության և «Թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության միջև 31.05.2002 թվականին կնքված հողամասի թիվ 2483 ենթավարձակալության պայմանագիրը և շինծու է, և կեղծ: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի բովանդակության վերլուծության արդյունքում կարող ենք ասել, որ գործարքի կեղծ լինելը նշանակում է իրավական համապատասխան հետևանքներ չառաջացնող գործարք, ապա ինչպես կարող է այն կնքվել մեկ այլ` իրավական այլ հետևանքներ առաջացնող գործարք քողարկելու նպատակով:

Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումը մերժելիս հիմք է ընդունել «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի բանավոր հայտարարությունն այն մասին, որ իբր Ընկերությունն իր իրավունքների խախտման մասին տեղեկացել է ՀՀ տնտեսական դատարանում 14.08.2006 թվականին՝ թիվ Տ-1717 քաղաքացիական գործի քննության ընթացքում: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվոր ընկերությունն իր իրավունքների խախտման մասին տեղեկացվել է դեռևս 31.05.2002 թվականին՝ իր հետ ենթավարձակալության պայմանագրի կնքման պահից: Հետևաբար, հայցային վաղեմության ժամկետը սույն վեճով բաց է թողնվել:

4) ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը:

Բողոքներ բերած անձինք նշված պնդումը հիմնավորել են հետևյալ փաստարկով:

Տվյալ գործը ենթակա էր քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, քանի որ սույն գործով կողմերից երկուսը քաղաքացիներ են:

Բողոքներ բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 11.05.2007 թվականի թիվ Տ-848 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

1) Վճռաբեկ բողոքների առաջին հիմքն անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշումը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ, ՀՀ հողային օրենսգրքի 87-րդ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին:

2) ՀՀ տնտեսական դատարանի կողմից 14.08.2006 թվականին թիվ 1717 քաղաքացիական գործով կայացված վճռում չկա սույն քաղաքացիական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հաստատված հանգամանք, որը բողոքարկվող վճռով դատարանի կողմից չի գնահատվել:

3) ՀՀ տնտեսական դատարանը գործարքը կեղծ կամ շինծու չի ճանաչել, այլ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ գործարքը որակել է որպես կեղծ, իսկ գործարքի շինծու լինելու հանգամանքին չի անդրադարձել: Կողմերը իրավաբանական հետևանքներ առաջացնելու մտադրություն չեն ունեցել, քանի որ օրենքի ուժով արդեն իսկ առաջացել էր վարձակալության իրավունքը:

4) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից 10 տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նման պայմաններում 31.05.2002 թվականի հողի ենթավարձակալության առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքների կիրառման հայցը կարող է դատարան ներկայացվել մինչև 31.05.2012 թվականը:

5) Վճռաբեկ բողոքների 5-րդ հիմքը անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը դատարանը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետարանի և «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի միջև 03.04.2002 թվականին կնքվել է հողամասի վարձակալության թիվ 408/ԳԱ պայմանագիրը, որի ուժով Երևանի քաղաքապետարանը «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի օգտագործմանն է հանձնել Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 16855,8 քմ մակերեսով հողամաս՝ շենքերի և շինությունների շահագործման և սպասարկման նպատակով:

2) 11.06.2002 թվականին տրված թիվ 583001 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ վերը նշված վիճելի հասցեում գտնվող շենք-շինությունների նկատմամբ սեփականաշնորհման հիմքով գրանցվել է «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, իսկ 1,68558 հա հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը:

3) Երևանի քաղաքապետի 20.05.2002 թվականի թիվ 847 որոշմամբ բավարարվել է «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի դիմումը և համաձայնություն է տրվել վիճելի հասցեում գտնվող 1,68558 հա հողամասից 4350 քմ հողամասը վարձակալության հիմնական պայմանագրով նախատեսված ժամկետով և պայմաններով ենթավարձակալությամբ Ընկերությանը տրամադրելու վերաբերյալ:

4) «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ն 31.05.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ընկերությանն է վաճառել վիճելի հասցեում գտնվող անշարժ գույք՝ 26 քմ ծածկոց և 22,2 քմ օժանդակ շինություն:

5) «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ն 31.05.2002 թվականին հողամասի ենթավարձակալության պայմանագրով 50 տարի ժամկետով Ընկերության օգտագործմանն է հանձնել նշված հասցեում գտնվող 4350 քմ հողամաս:

6) «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ն վիճելի հասցեում գտնվող՝ 3044,3 քմ մակերեսով արտադրական շինություններ 12.04.2004 թվականի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Արշակ Աբրահամյանին:

7) Երևանի քաղաքապետի հետ կնքված՝ 19.09.2005 թվականի թիվ 1858/6-Ա անշարժ գույքի վարձակալության պայմանագրով Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի օգտագործմանն է հանձնվել վիճելի հասցեում գտնվող ամբողջ հողամասը, որում ընդգրկված է եղել նաև Ընկերության օգտագործմանը ենթավարձակալության պայմանագրով հանձնված 4350 քմ մակերեսով հողամասը:

8) «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 24.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի ուժով Ա.Աբրահամյանը և Ա.Սիմոնյանը վիճելի՝ 1,6799 հա հողամասի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Վերջիններիս սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները՝ նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը սահմանում է ապացույցների գնահատման կանոնները: Նշված կանոնների պահպանմամբ իրականացված քննության արդյունքում պետք է օբյեկտիվորեն վեր հանվեն գործի փաստական հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, սույն գործով փաստական հանգամանքների վերհանումը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Սույն քաղաքացիական գործում առկա է ՀՀ տնտեսական դատարանի կողմից թիվ Տ-1717 քաղաքացիական գործով 14.08.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Նշված քաղաքացիական գործով կողմեր են հանդիսացել դիմող Ընկերությունը, պատասխանող՝ Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանումը, հայցի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմից երրորդ անձ՝ Արշակ Աբրահամյանը: Ընկերությունն այդ գործով ներկայացված դիմումով պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման 19.04.2006 թվականի թիվ 608 մերժումը: ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2006 թվականի վճռով Ընկերության դիմումը մերժվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի թիվ Տ-1717 քաղաքացիական գործով կայացված 14.08.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստական հանգամանքները համապատասխանում են սույն գործով ՀՀ տնտեսական դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներին, սակայն 14.08.2006 թվականի վճռի և սույն գործով կայացված վճիռների միջև առկա հակասությունը վերաբերում է իրավունքի հարցերին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը և 53-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ բողոքի սույն հիմքի փաստարկները Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս, վերջինս հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով, ինչ անշարժ գույքի նախկին սեփականատերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 564-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի իրավունքը փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում են հողամասի այն մասի նկատմամբ իրավունքները, որն զբաղեցված է այդ անշարժ գույքով և անհրաժեշտ է այն օգտագործելու համար:

Նշված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի կողմից 31.05.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ընկերությանը վաճառված՝ Երևանի Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող անշարժ գույքի (26 քմ ծածկոցի և 22,2 քմ օժանդակ շինության) հետ մեկտեղ Ընկերությանն են փոխանցվել նաև այդ անշարժ գույքով զբաղեցված հողամասի նկատմամբ «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի՝ 03.04.2002 թվականին Երևանի քաղաքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականություններն այն մասով, որ մասով որ անհրաժեշտ է փոխանցված անշարժ գույքն օգտագործելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ընկերությունը առաջին ատյանի կարգով գործի քննության ժամանակ բավարար ապացույցներ չի ներկայացրել՝ հիմնավորելու համար այն հանգամանքը, որ 48,2 քմ մակերեսով շենք-շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ է 4350 քմ մակերեսով հողամաս: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշման 4-րդ հավելվածի 180-րդ տողը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասին և 564-րդ հոդվածի 1-ին մասին միայն մասամբ՝ Արշակունյաց պողոտայի 119 հասցեում գտնվող 48,2 քմ մակերեսով անշարժ գույքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի մասով: Մնացած հողամասի մասով նշված որոշումը ենթակա է կիրառման:

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասը և 564-րդ հոդվածի 1-ին մասը, սույն որոշման 4.1 կետում նշեց, որ Ընկերությունը սույն գործով վիճելի հասցեում գտնվող 48,2 քմ մակերեսով շենք-շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ձեռք է բերել այն նույն իրավունքները՝ ինչ ուներ «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ն: Այսինքն՝ Ընկերությունը հանդիսանում է նշված տարածքի վարձակալ: Հետևաբար, «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ն նշված տարածքի օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասով չէր կարող 31.05.2002 թվականի ենթավարձակալության պայմանագրով հանդես գալ որպես վարձատու:

Հետևաբար, դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքների հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում մասնակիորեն՝ 48,2 քմ մակերեսով տարածքի օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասով:

3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն՝ առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքն առոչինչ է: Շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի իմաստով կեղծ և շինծու գործարքների անվավերության պատճառ է հանդիսանում կամքի արատը: Այսինքն՝ իրականում դրսևորված կամահայտնությունը չի համապատասխանում գործարքը կնքած կողմերի կամքին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն բավարար փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլիներ կեղծ կամ շինծու գնահատել 31.05.2002 թվականին կնքված հողամասի ենթավարձակալության պայմանագիրը:

4) Բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական գործեր քննող դատարանը մասնավորապես, քննում է քաղաքացիական, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության իրավահարաբերություններից ծագող վեճերով գործերը, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է:

Սույն գործով Ընկերությունը հայցն սկզբնապես ներկայացրել է «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ի դեմ: Սակայն հետագայում՝ 26.03.2007 թվականի նիստում ՀՀ տնտեսական դատարանն արձանագրային որոշմամբ «Թիվ 12 ԲԱՏՁ» ԲԲԸ-ին որպես ոչ պատշաճ պատասխանողի՝ փոխարինել է Երևանի քաղաքապետարանով, Ա.Աբրահամյանով և Ա.Սիմոնյանով:

Տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիների և առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը և այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին: Մինչդեռ սույն գործով չի ապացուցվել նաև այն հանգամանքը, որ սույն գործի հիմքում ընկած վեճն առնչվում է Ա.Աբրահամյանի և Ա.Սիմոնյանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ոլորտին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու պահից սույն քաղաքացիական գործը ենթակա չի եղել ՀՀ տնտեսական դատարանում քննության, հետևաբար, հիմնավոր է բողոքի սույն հիմքի փաստարկը: Սակայն բողոքի սույն հիմքի փաստարկը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող հանդիսանալ որպես բողոքարկվող դատական ակտի բեկանման հիմք՝ հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի սխալ լուծման: Այնինչ սույն վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել նշված դատավարական իրավունքի խախտման՝ սույն քաղաքացիական գործի սխալ լուծմանը հանգեցնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքների պատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով բերված հակափաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածը սույն գործով կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է քաղաքացիական գործերի ընդդատությանը, այլ ոչ՝ ենթակայությանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների 2-րդ և 3-րդ հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի 11.05.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արշակ Աբրահամյանի, Աստղիկ Սիմոնյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն:

2. ՀՀ տնտեսական դատարանի թիվ Տ-848 քաղաքացիական գործով 11.05.2007 թվականին կայացված վճիռը քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Մնացած մասով վճիռը բեկանել և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
  Վ. Աբելյան
  Ս. Գյուրջյան
 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան