ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1664(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
Դատավորներ` |
Տ.Սահակյան Ա.Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Օլգա Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Օլգա Գասպարյանի ընդդեմ Կանդրատով Ամիրխանյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, սեփականության իրավունքը ճանաչելու և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Օլգա Գասպարյանը դիմելով դատարան պահանջել է սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով Կանդրատով Ամիրխանյանին պարտավորեցնել ապօրինի տիրապետումից ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքը՝ դրա նկատմամբ ճանաչելով սեփականության իրավունքը, ինչպես նաև մասնակիորեն՝ հողի մասով անվավեր ճանաչել 13.02.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 645228 վկայականը:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.03.2007 թվականի վճռով Օլգա Գասպարյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օլգա Գասպարյանը։
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Կանդրատով Ամիրխանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 51-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, բացի դրանից վճռի պատճառաբանական մասում չի նշել այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը որոնցով ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 166-րդ, 273-րդ, 274-րդ, 279-րդ, ՀՀ նախկին հողային օրենսգրքի 5-րդ, 9-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանը որևէ իրավական հիմք չունենալով դադարեցրել է հայցվորի սեփականության իրավունքը վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, մինչդեռ, պետք է ճանաչեր հայցվորի իրավունքը՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կանդրատով Ամիրխանյանի վճռաբեկ բողոքի պատասխանում նշվել է, որ վճռաբեկ բողոքի փաստարկներն անհիմն են և ենթակա են մերժման, քանի որ Երևանի Նոր-Արեշ 8 փողոցի թիվ 34 հասցեում գտնվող տունը և հողամասը ձեռք է բերվել նախկին սեփականատեր Շագոլ Ջավոյանից արդեն իսկ առանձնացված վիճակում: Օլգա Գասպարյանի և Կանդրատով Ամիրխանյանի հողամասերի սահմանների որևէ փոփոխություն չի կատարվել: Ավելին, Շագոլ Ջավոյանի և Օլգա Գասպարյանի միջև կնքվել է համաձայնություն, որով համաձայնություն է ձեռք բերվել յուրաքանչյուրի կողմից օգտագործվող հողամասերը սեփականաշնորհելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն որևէ մեկի սեփականության իրավունքը դադարեցնելու հարց չի քննարկել, առավել ևս ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների խախտում թույլ չի տվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Նոր Արեշ 8 փողոցի, 34 հասցեում գտնվող՝ Օ.Գասպարյանին և
Կ.Ամիրխանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 610 քմ: Նշված հողամասերը նախկինում պատկանել են Օ.Գասպարյանին:
2) 17.04.1998 թվականին կնքված համաձայնագրով Շ.Ջավոյանը և Օ.Գասպարյանը համաձայնություն են ձեռք բերել առ այն, որ իրենցից յուրաքանչյուրի կողմից օգտագործվող հողամասերն ըստ ցանկապատված հողակտորների սեփականաշնորհվեն:
3) 21.04.1998 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Օ.Գասպարյանը Նոր Արեշ 8 փողոցի, 34 հասցեում գտնվող հողամասից 285 քմ տարածքը նվիրել է Շագոլ Ջավոյանին:
4) 28.04.1998 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Կանդրատով Ամիրխանյանը Շագոլ Ջավոյանից գնել է վերը նշված հասցեում գտնվող 285 քմ հողատարածքը և գրանցել իր սեփականության իրավունքը դրա նկատմամբ:
4) Օլգա Գասպարյանը գրանցել է իր սեփականության իրավունքը մնացած հողատարածքի նկատմամբ և ստացել սեփականության իրավունքի վկայական 292,3 քմ տարածքի համար:
5) Կանդրատով Ամիրխանյանը փաստացի զբաղեցնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող 285 քմ հողատարածքից 38.75 քմ ավել հողամաս:
6) «Փորձաքննությունների Ազգային Բյուրո»-ի կողմից կատարված փորձաքննության եզրակացության համաձայն՝ Օլգա Գասպարյանի հողամասը լրացնելու համար պետք է երկու հողամասերի տարանջատման սահմանագիծը 38.75 քմ մակերեսի չափով տեղափոխել Կանդրատով Ամիրխանյանի կողմից օգտագործվող հողամաս:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Մինչդեռ, սույն գործում առկա՝ «Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի» կողմից կատարված փորձաքննության եզրակացությունը Դատարանի կողմից բազմակողմանիորեն չի ուսումնասիրվել և գնահատվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի վճռում պետք է նշվեն. վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Նշվածի հիման վրա հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջների խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ Վերաքննիչ դատարանի վճռում չեն նշվել այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ վճիռը բեկանելու հիմք են:
2) Նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը բեկանելու համար, Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքի քննարկմանը չի անդրադառնում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ Օլգա Գասպարյանի անվամբ 13.02.2003 թվականին տրված թիվ 645228 սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:
Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
|
Ս. Անտոնյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|