Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.08.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
01.08.2007
Дата вступления в силу
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1234(ՏԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2852/2006թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Տատյանա Մաքսիմովայի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Սինկրիստալ-ԱՌ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Տատյանա Մաքսիմովայի՝ Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել անհիմն հարստացման առարկա հանդիսացող, 08.08.2002 թվականին կնքված՝ Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը:

ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Տատյանա Մաքսիմովան:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը գործի քննության մասին պատասխանողին պատշաճ ձևով չի ծանուցել, գործում առկա չէ պատասխանողին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա՝ առանց վավերապայմանների ծանուցագիրը և փոստային անդորրագիրը չեն կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ ծանուցագիրը ստորագրված չէ ոչ ստացողի, ոչ հանձնողի կողմից, ինչպես նաև դրանում բացակայում է ծանուցագրի ստացման կամ հանձնման մասին որևէ տեղեկություն: Կից ներկայացվող փոստային ծառայության 03.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ Տատյանա Մաքսիմովային ուղարկված ծանուցումը Մոսկվա քաղաք է հասել 29.11.2006 թվականին՝ ժամը 08:26-ին, հանձնվել է Մոսկվայի մաքսատուն 30.11.2006 թվականին՝ ժամը 09:53-ին, և հասցեատիրոջը հանձնման փորձ է կատարվել միայն 01.12.2006 թվականին, սակայն վերջինիս ժամանակավոր բացակայության պատճառով չի հանձնվել, որից հետո էլ ծանուցումը վերադարձվել է: Դատարանը խախտել է նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

ՀՀ դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենսգրքով սահմանված կարգով: «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ դատական ծանուցագիրը պետք է տրվի օտարերկրյա քաղաքացուն իր երկրի արդարադատության մարմնի կողմից:

 

3) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի սեփականության իրավունքը:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի սույն հիմքի վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ տնտեսական դատարանի 21.11.2006 թվականի դատական նիստում քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 29.11.2006 թվականին:

2) 29.11.2006 թվականին նշանակված դատական նիստի մասին Տատյանա Մաքսիմովային ուղարկված ծանուցագիրը հանձնվել է փոստային ծառայությանը 27.11.2006 թվականին:

3) Դատարանի կողմից 29.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Տատյանա Մաքսիմովային պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, դատարանը գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործով դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը խախտվել է, քանի որ գործում առկա չէ 29.11.2006 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող Տատյանա Մաքսիմովայի պատշաճ ծանուցման վերաբերյալ որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե՜ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

ՀՀ դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենսգրքով սահմանված կարգով:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի՝ սույն գործով պատասխանողին դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելու հարաբերությունների նկատմամբ կիրառելիությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

Նշված Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանել է Կոնվենցիայի հիման վրա տրամադրվող իրավական օգնության ծավալը, որի համաձայն՝ պայմանավորվող կողմերը փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս հայցվող պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք են՝ մասնավորապես քաղաքացիական գործերով, առևտրային և այլ տնտեսական վեճերով որոշումների կատարման համար քաղաքացիական պատասխանողների գույքը և դրամական միջոցները հետախուզելը, կատարողական մակագրությունները, քաղաքացիական գործերով դատական որոշումները և դատավճիռները ճանաչելը և կատարելը: Այսինքն՝ Կոնվենցիան պայմանավորվող կողմերի դատարանների՝ այլ երկրում գտնվող անձանց այդ երկրի արդարադատության մարմնի միջոցով գործի քննության վայրի և ժամանակի մասին ծանուցելու ուղղակի պարտականություն չի նախատեսել, հետևաբար նշված Կոնվենցիայի կիրառելիության վերաբերյալ բողոքի սույն հիմքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

 

3) Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի երրորդ հիմքը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ բողոք բերած անձն այն հիմնավորող որևէ փաստարկ դատարանին չի ներկայացրել:

 

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը դրա առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 29.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան