Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.21/65.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
26.10.2007
Дата вступления в силу
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 

 

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն      
համայնքների առաջին ատյանի դատարանի   
որոշում կայացրած դատարանի կազմը

Գործ ՎԲ - 171/07

Նախագահող դատավոր՝ Վ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

26 հոկտեմբերի 2007 թ.

 ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ

դատախազ՝

Գ. Ջհանգիրյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Ռուշան Վարդգեսի Նիկողոսյանի նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով նշանակված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ տուգանքը 270 (երկու հարյուր յոթանասուն) ժամ տևողությամբ հանրային աշխատանքներով փոխարինելու և պատժի կատարումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 3-ի որոշման դեմ, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները . 

 

Ռուշան Վարդգեսի Նիկողոսյանը 2006 թվականի հոկտեմբեր ամսվա վերջերին առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել է 19 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 1 գրամն առանց բժշկի թույլտվության գործածել է, իսկ մնացած 18 գրամը պահել է իրենց թոնրատանը, որը հայտնաբերվել է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին կատարված խուզարկությամբ:

Նշված արարքների համար Ռուշան Նիկողոսյանն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները գումարելու միջոցով Ռ. Նիկողոսյանը դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանքի 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 23-ից:

2007 թվականի մարտի 7-ին Ռուշան Նիկողոսյանի վերաբերյալ կայացված դատավճիռը ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, որտեղից 2007 թվականի մարտի 16-ին փոխանցվել է նույն բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունք:

2007 թվականի մարտի 22-ին հիշյալ բաժանմունքը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` դատապարտյալ Ռ.Նիկողոսյանի նկատմամբ նշանակված 30.000 ՀՀ դրամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ միջնորդությունը բավարարել է` Ռ.Նիկողոսյանի նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով նշանակված 30.000 ՀՀ դրամ տուգանքը փոխարինել է 270 ժամ հանրային աշխատանքներով և պատժի կատարումը կասեցրել է` ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով:

2007 թվականի մայիսի 4-ին Ռ.Նիկողոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի կրումից, 2007 թվականի հունիսի 22-ին նրա անձնական գործը փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունք:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի հիմքով վարույթ է ընդունվել: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ վճռաբեկ բողոքի` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքը, ստանալով Ռուշան Նիկողոսյանի վերաբերյալ կայացված դատավճիռը, առանց ստուգելու տուգանքի վճարման փաստը, 2007 թվականի մարտի 22-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` դատապարտյալ Ռ.Նիկողոսյանի նկատմամբ նշանակված 30.000 ՀՀ դրամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը միջնորդության քննարկմանը դատապարտյալ Ռ.Նիկողոսյանի մասնակցությունը չի ապահովել և առանց պարզելու տուգանքի վճարման հանգամանքը, 2007 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ռ.Նիկողոսյանի նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով նշանակված 30.000 ՀՀ դրամ տուգանքը փոխարինել է 270 ժամ հանրային աշխատանքներով և պատժի կատարումը կասեցրել է` ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով:

Դատապարտյալ Ռ.Նիկողոսյանի պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո` 2007 թվականի հունիսի 22-ին, նրա թիվ 36/07 անձնական գործը փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունք:

2007 թվականի հուլիսի 3-ին Ռ.Նիկողոսյանը ներկայացել է նշված բաժանմունք և հայտնել, որ 30.000 ՀՀ դրամ տուգանքը վճարել է դեռևս 2007 թվականի փետրվարի 26-ին` դատավճիռը կայացնելուց 6 օր անց: Այդ կապակցությամբ հարցում է արվել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` վճարման հանգամանքը պարզելու համար:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի 2007 թվականի հուլիսի 12-ի թիվ Ե-183 գրությամբ հայտնվել է, որ Ռուշան Նիկողոսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճռով սահմանված տուգանքը 2007 թվականի փետրվարի 26-ին թիվ 7022600327857 համարի անդորրագրով վճարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղ և ներկայացվել է անդորրագրի պատճենը:

Այսպիսով` Ռ.Նիկողոսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով նշանակված տուգանքը վճարվել է դեռևս 2007 թվականի փետրվարի 26-ին, սակայն վճարման անդորրագիրը ժամանակին դատարան չներկայացնելու պատճառով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, 2007 թվականի ապրիլի 3-ին բավարարել է ՀՀ ԱՆ ՔԿՎ նույն համայնքների այլընտրանքային պատիժների բաժնի պետի միջնորդությունը և Ռ.Նիկողոսյանի նկատմամբ դատավճռով սահմանված տուգանքը փոխարինել է հանրային աշխատանքներով:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, առանց պարզելու Ռ.Նիկողոսյանի կողմից դատարանի դատավճռով սահմանված պատժի կատարման հանգամանքը, նրա նկատմամբ նշանակված տուգանքը փոխարինելով հանրային աշխատանքներով, Ռ.Նիկողոսյանի նկատմամբ կրկին անգամ պատիժ է նշանակել, որը կարող է վերջինիս համար ծանր հետևանքներ առաջացնել:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել դատապարտյալ Ռուշան Նիկողոսյանի նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժատեսակը փոփոխելու և պատժի կատարումը կասեցնելու մասին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 3-ի որոշումը և վարույթը կարճել: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու օրենսդրական կարգավորումները տրված են ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածով և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` նույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով: Իսկ 4-րդ մասը սահմանում է, որ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով: Նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

Այդպիսի միջնորդության քննարկման ընթացակարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը:

Օրենսդրական այս կարգավորումներից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «տուգանքի վճարման անհնարինությունը» պետք է հիմնավորվի դատական քննության ընթացքում հետազոտված որոշակի ապացույցներով: Այսինքն` տուգանքի ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ միջնորդության հետ միասին միջնորդություն ներկայացրած մարմինը պարտավոր է ներկայացնել նաև իր միջնորդությունը հիմնավորող ապացույցներ: Դրանք պետք է մանրակրկիտ հետազոտվեն, ստուգվեն և գնահատվեն դատարանի կողմից, որպիսի պայմաններում միայն հնարավոր է տուգանքը չվճարելու պատճառների վերաբերյալ հանգել հիմնավորված հետևության և տալ համապատասխան գնահատական:

Դատական նիստին դատապարտյալին պարտադիր կերպով մասնակից դարձնելու դրույթը հնարավորություն է ընձեռում վերջինիս կողմից ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու միջոցով իրականացնել իր իրավունքների իրացումն ու պաշտպանությունը:

Ինչպես երևում է ներկայացված նյութերից, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով Ռուշան Նիկողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով նշանակվել է տուգանք` 30.000 ՀՀ դրամի չափով: Նշված տուգանքը վճարվել է 2007 թվականի փետրվարի 26-ին, ինչը հաստատվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի 2007 թվականի հուլիսի 12-ի թիվ Ե-183 գրությամբ այն մասին, որ նշված գումարը վճարվել է թիվ 7022600327857 անդորրագրով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղ:

Փաստորեն, դատապարտյալ Ռուշան Նիկողոսյանն ամբողջությամբ կրել է իր նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով տուգանքի ձևով նշանակված պատիժը:

Չնայած դրան` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007 թվականի ապրիլի 3-ին բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի միջնորդությունը և Ռ.Նիկողոսյանի նկատմամբ դատավճռով սահմանված տուգանքը փոխարինել է հանրային աշխատանքներով:

Ինչպես միջնորդություն ներկայացրած մարմինը, այնպես էլ դատարանն իր որոշմամբ Ռ.Նիկողոսյանի կողմից տուգանքի վճարման անհնարինությունը պատճառաբանել են սոսկ վերջինիս կողմից ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրումով:

Դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի կատեգորիկ պահանջը, միջնորդության քննարկմանը դատապարտյալին մասնակից չի դարձրել, տուգանքի գումարը վճարած լինելու հանգամանքի շուրջ քննություն չի կատարել և արդյունքում վերջինիս նկատմամբ նշանակված և վճարված տուգանքը անհիմն փոխարինել է հանրային աշխատանքներով:

Այսպիսով, դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք նույն օրենսգրքի

397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, հիմք են հանդիսանում Ռուշան Նիկողոսյանի վերաբերյալ կայացված որոշումը բեկանելու և վարույթը կարճելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Ռուշան Վարդգեսի Նիկողոսյանի նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի դատավճռով նշանակված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ տուգանքը 270 (երկու հարյուր յոթանասուն) ժամ տևողությամբ հանրային աշխատանքներով փոխարինելու և պատժի կատարումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 3-ի որոշումը բեկանել և վարույթը կարճել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան