Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.21/65.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
26.10.2007
Дата вступления в силу
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 

 

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի
առաջին ատյանի դատարանում դատավճիռ

ԳՈՐԾ ՎԲ-149/07

կայացրած դատարանի կազմը

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

26 հոկտեմբերի 2007 թ.

 ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

դատախազ՝

Ա. Աշրաֆյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Արմեն Սամվելի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արմեն Սամվելի Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճռով Ա.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը վերոհիշյալ դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը, 2007 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա, բողոքն ընդունել է վարույթ: 

 

2. Գործի փաստական հանգամանքները. 

 

1988 թվականին ծնված Արմեն Սամվելի Պապիկյանը, անչափահաս տարիքում` 2004 թվականին, երկու անգամ դատապարվել է գույքի հափշտակությունների համար. առաջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ երկրորդ անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով ու 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Դրանից հետո, 2005 թվականի դեկտեմբերի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Արմեն Պապիկյանը հանդիպել է քաղաքացի Ռ.Քոչինյանին, որը, խղճալով Ա.Պապիկյանին, հրավիրել է իր վարձակալած սենյակում ժամանակավոր բնակվելու: 2005 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 16-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ տանը ոչ ոք չկա, Արմեն Պապիկյանը գաղտնի հափշտակել է նույն տանը ժամանակավոր բնակվող Նինա Թեմուրովային պատկանող «Սամսունգ Ա-800» տեսակի բջջային հեռախոսը` հեռախոսաքարտով: 

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը. 

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ նախաքննության մարմնի և դատարանի կողմից Արմեն Պապիկյանի արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական չի տրվել, անտեսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի` «այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»: Հետևաբար, Արմեն Պապիկյանի արարքը պետք է որակվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այլ նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Արմեն Պապիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճիռը բեկանել և փոփոխել` արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և «նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով», ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2005 թվականի դեկտեմբերի 10-ից: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.

Բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցն ըստ էության հանգում է հետևյալին. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի նկատմամբ տարածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի («Հանցագործությունների կրկնակիությունը») 4-րդ մասով, թե՞ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի («Հանցագործությունների ռեցիդիվը») 4-րդ մասով սահմանված կանոնը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը»: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»: Համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի՝ «Կրկնակիությունը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցանքի համար անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով, կամ այդ հանցանքի համար դատվածությունը մարվել է կամ հանվել»:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»: Համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի՝ «Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»:

Ինչպես երևում է, հանցագործությունների կրկնակիությունը և հանցագործությունների ռեցիդիվը հանցագործությունների բազմակիության ինքնուրույն տարատեսակներ են, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնուրույն նորմատիվային արժեք և ուրույն դեր քրեաիրավական հարաբերությունների կարգավորման կառուցակարգում: Հակառակ պարագայում կստացվեր, որ օրենքի կոնկրետ դրույթներ՝ հանցագործությունների կրկնակիության կամ հանցագործությունների ռեցիդիվի իրավական ինստիտուտները կազմող իրավադրույթները, հասարակական հարաբերությունների որևէ շրջանակ չեն կանոնակարգում և առարկայազուրկ են, որպիսի ենթադրությունը չի բխում օրենսդրական կարգավորման տրամաբանությունից, արդյունքում վտանգվում է քրեական օրենսդրության խնդիրների իրականացումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ և 22-րդ հոդվածներում ամրագրված իրավանորմերը ՀՀ քրեական օրենսգրքի ամբողջական համակարգում մեկնաբանելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը հանցագործությունների կրկնակիության և հանցագործությունների ռեցիդիվի ինստիտուտներից յուրաքանչյուրին հաղորդել է ինքնուրույն քրեաիրավական իմաստ:

Այսպես, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` հանցանքը կատարելու ռեցիդիվը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում նախատեսված հանցակազմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների ռեցիդիվն ինքնին չի հանդիսանում որևէ հանցակազմ որակյալ դարձնող հանգամանք: Մինչդեռ հանցագործությունների կրկնակիությունը հանդիսանում է բազմաթիվ հանցակազմեր, այդ թվում` գողության հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված) ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք:

Հետևաբար` հանցագործությունների ռեցիդիվի կանոններն անհրաժեշտ է կիրառել պատիժն անհատականացնելիս, իսկ հանցագործությունների կրկնակիության կանոնները` արարքը որակելիս:

Այս հարցում օրենսդրի մոտեցումը հետևողական է և տրամաբանական: ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքում սահմանված չէր «Հանցագործության ռեցիդիվ» հասկացությունը, իսկ այժմ գործող 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած սկզբունքային նորամուծություններից մեկն այն է, որ օրենսդիրը հրաժարվել է «ռեցիդիվիստ» և «առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ» հասկացություններից` հանցագործությունների որակման համար կարևորելով ոչ թե հանցանք կատարածի անձը, այլ նրա արարքը, ապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված` օրենքի առջև հավասարության սկզբունքը, ըստ որի` հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:

Դատարանը Արմեն Պապիկյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը (գողությունը, որը կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից) կատարելու համար` նկատի ունենալով, որ Ա.Պապիկյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով երկու դատվածություն ունենալու պայմաններում:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը փաստարկել է, որ դատարանի կողմից Արմեն Պապիկյանի արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական չի տրվել և անտեսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի այն պահանջը, որ ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում մինչև անձի տասնութ տարին լրանալը կատարված հանցանքները: Այս հիմքով բողոքը ներկայացրած անձը պահանջել է Ա.Պապիկյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես կրկին անգամ կատարված զգալի չափերով գողություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հեղինակի փաստարկները չեն բխում օրենքից, քանի որ օրենքի նշված պահանջն արարքը որակելիս չի գործում: Դրա փոխարեն գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները, որոնց թվում բացակայում է կրկնակիությունը գնահատելիս անչափահաս տարիքում կատարված հանցանքները հաշվի չառնելու կարգադրագիր:

Բացի դրանից, բողոքի հեղինակի ներկայացրած փաստարկները համարժեք չեն բողոքի պահանջին: Եթե ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը սույն գործով ենթակա լիներ կիրառման, ապա Ա.Պապիկյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի ոչ թե 2-րդ, այլ 1-ին մասով, քանի որ գողության համար Ա.Պապիկյանի երկու դատվածություններն էլ կապված են եղել մինչև տասնութ տարին լրանալը կատարված հանցագործությունների հետ: Մինչդեռ բողոքի պահանջն է արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Ա.Պապիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճիռը պետք է թողնել ուժի մեջ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

Վճռաբեկ բողոքը մերժել:

Արմեն Սամվելի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 29-ի դատավճիռը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան