Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-3-211/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1710(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ.Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 15.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանի ընդդեմ Ծառայության վերահսկողության վարչության՝ պետական մարմնի պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ դիմումատուն պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 28.02.2007 թվականի թիվ 1304950 ստուգման ակտը, Ծառայության պետի 04.04.2007 թվականի թիվ 1304964 հանձնարարագրի հիման վրա կազմված թիվ 1304964 ստուգման ակտը, ինչպես նաև անօրինական ճանաչել Ծառայության Սևանի տարածքային հարկային տեսչության պետի 12.02.2007 թվականի թիվ 2309161 հանձնարարագրի հիման վրա կատարված ստուգումը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.08.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռի հիմքում դրված այն պատճառաբանությունը, որ Ծառայության պետի 13.02.2007 թվականի թիվ 1304950 հանձնարարագրին, 28.02.2007 թվականի թիվ 1304950 ստուգման ակտին անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանը ծանոթացել է Ծառայության վերահսկողության վարչության կողմից 14.03.2007 թվականին առաքված նամակից, այսինքն` մեկ ամիս անց, որի արդյունքում խախտվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, հիմնավոր չէ, քանի որ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը նշված հանձնարարագրին ծանոթացել է դեռևս 13.02.2007 թվականին և առանց առարկությունների ակտի մեկ օրինակի վրա ստորագրել է ծանոթանալու և ակտի մեկ օրինակն իրեն տրամադրելու մասին:

2) Դատարանը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 11.05.2002 թվականի թիվ 502 որոշմամբ հաստատված «Հարկային մարմնի կողմից հսկիչ գնման իրականացման» կարգի 5-րդ կետի պահանջները, ինչպես նաև չի կիրառել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Վահան Կոտոլիկյանին պատկանող Սևան քաղաքի Շահումյան թիվ 93 հասցեում գործող խանութից 11.04.2007 թվականին` ժամը 12:20-ի սահմաններում գնված մեկ հատ Հայկական շամպայնը 1.400 (մեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել կտրոնը, որի արդյունքում Z հաշվետվության տվյալներով հասույթի մեծությունը ստուգման պահին կազմել է 40.028.710 ՀՀ դրամ, իսկ դրամարկղում առկա է եղել 12.500 ՀՀ դրամ: Բացի այդ, Դատարանն անտեսել է նաև, որ նշված հսկիչ գնումը կատարելիս մեկ հատ 1.400 (մեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ Հայկական շամպայնի համար վճարվել է 5 (հինգ) ԱՄՆ դոլար:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 12.02.2007 թվականի արձանագրության համաձայն` Ծառայության Սևանի տարածքային հարկային տեսչության պետի 12.02.2007 թվականի թիվ 2309161 հանձնարարագրի հիման վրա Ծառայության վերահսկողության վարչության հարկային տեսուչների, Սևանի տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի կողմից Վահան Կոտոլիկյանի մոտ ստուգում կատարելու նպատակով արտադրամասից և երկու խանութներից վերցվել են փաստաթղթեր: Գործում առկա են Ծառայության Սևանի տարածքային հարկային տեսչության պետի 12.02.2007 թվականի թիվ 2309161 հանձնարարագիրը` Վահան Կոտոլիկյանի մոտ ստուգում իրականացնելու մասին և առանց որևէ գրառման թիվ 2309161 ակտը (գ.թ.107,108-109):

2) Ծառայության պետի 13.02.2007 թվականի թիվ 1304950 հանձնարարագրի հիման վրա՝ հարկային տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանի մոտ իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության և վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգման արդյունքում 28.02.2007 թվականին կազմվել է թիվ 1304950 ստուգման ակտը, որով արձանագրվել է, որ Վահան Կոտոլիկյանի մոտ 6 վարձու աշխատող ձևակերպված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` նրանց հետ չեն կնքվել գրավոր պայմանագրեր, չեն տրվել հրամաններ, որի համար առաջադրվել է 360.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

3) Ծառայության պետի 13.02.2007 թվականի թիվ 1304950 հանձնարարագրի համաձայն՝ Վահան Կոտոլիկյանը հանձնարարագրին ծանոթացել և մեկ օրինակը ստացել է 13.02.2007 թվականին:

4) 28.02.2007 թվականին կազմված թիվ 1304964 ստուգման ակտի համաձայն՝ Վահան Կոտոլիկյանը ստուգման ակտի մեկ օրինակը ստացել է 28.02.2007 թվականին:

5) Ծառայության պետի 04.04.2007 թվականի թիվ 1304964 հանձնարարագրի հիման վրա՝ հարկային տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանի մոտ իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման, վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգման ընթացքում 11.04.2007 թվականին արձանագրվել է, որ Ծառայության վերահսկողության վարչության գլխավոր հարկային տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանի` Սևան քաղաքի Շահումյան թիվ 93 խանութում ժամը 12:20-ի սահմաններում կատարվել է հսկիչ գնում` գնվել է մեկ հատ 1.400 (մեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ Հայկական շամպայն, որի դիմաց վճարվել է 5 (հինգ) ԱՄՆ դոլլար: Գումարը ստացել է վաճառողը:

6) 11.04.2007 թվականին Վահան Կոտոլիկյանի մոտ կատարված ստուգման արդյունքում թիվ 1304964 ստուգման ակտը կազմվել է 13.04.2007 թվականին, որով արձանագրվել է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգման արդյունքում Վահան Կոտոլիկյանի նկատմամբ 29.09.2006 թվականի թիվ 2309106 ստուգման ակտով տուգանք նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերվել է նույն խախտումը` հսկիչ գնման ժամանակ գնված 1.400 ՀՀ դրամ արժողությամբ Հայկական շամպայնի համար վաճառողին վճարվել է 5 (հինգ) ԱՄՆ դոլար, վաճառողը տրամադրել է գնված ապրանքը և մանրը, սակայն հասույթը չի մուտքագրել հսկիչ-դրամարղային մեքենա: Արձանագրված խախտման համար անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանին առաջադրվել է 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

7) Վահան Կոտոլիկյանը հանձնարարագրին ծանոթացել և մեկ օրինակը ստացել է 11.04.2007 թվականին, իսկ ստուգման ակտի մեկ օրինակը ստացել է 13.04.2007 թվականին և նշել է «չունեմ առարկություն» ու ստորագրել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ նաև հարկային մարմինների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ խախտվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում մանրամասն արտահայտել է իր դիրքորոշումը հարկային մարմինների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգումների դեպքերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանության վերաբերյալ: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված խախտումների բացահայտումը պահանջում է վարչական մարմնի արագ գործելու անհրաժեշտություն, հետևաբար նման ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու դեպքում անհնար կդառնա օրենքով նախատեսված ստուգման նպատակների իրագործումը (իրավական հիմնավորումները տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Խորհրդային հարկային տեսչություն ընդդեմ «Ուրարտու-Ալեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 06.07.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-951(ՏԴ) (811.350 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով):

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ նշված դիրքորոշումը վերաբերում է նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման) ճշտությանն ուղղված ստուգումների դեպքերին:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման վերաբերյալ դատարանի եզրահանգումները հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները կատարվել են, խախտման կոնկրետ ժամանակը, հղում համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք 3 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 3 աշխատանքային օրը: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործում առկա 28.02.2007 թվականին կազմված թիվ 1304964 ստուգման ակտի համաձայն, Վահան Կոտոլիկյանը ստուգման ակտի մեկ օրինակը ստացել է 28.02.2007 թվականին: Հետևաբար, Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության 11.05.2002 թվականի թիվ 502 որոշմամբ հաստատված «Հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման» կարգի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությունը: Նշված կարգի 4-րդ մասի համաձայն՝ հսկիչ գնումն իրականացվում է տարածքային հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր հսկիչ գնման համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)՝ վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով, իսկ 5-րդ մասի համաձայն` հսկիչ գնում իրականացնելու դեպքում` եթե հսկիչ գնումը կատարվում է անմիջապես հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից, ապա հսկիչ գնումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարագրի հիման վրա: Հսկիչ գնումը կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով, ինչի մասին նշում է կատարվում հսկիչ գնման հանձնարարագրում:

Դատարանը դիմումատուի պահանջը` թիվ 1304964 ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասով, բավարարելիս հաստատված է համարել, որ Ծառայության կողմից նշված ակտը կազմվել է վերը նշված կարգի պահանջների խախտմամբ և գտել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի հանաձայն` հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ Ծառայության պետի 04.04.2007 թվականի թիվ 1304964 հանձնարարագրում նշվել են ՀՀ կառավարության 11.05.2002 թվականի թիվ 502 որոշմամբ հաստատված «Հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման» կարգի 4-րդ մասով նախատեսված պահանջները` հարկային տեսուչներին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում անհատ ձեռնարկատեր Վահան Կոտոլիկյանի մոտ կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, այսինքն` հսկիչ գնումը կատարվել է հարկային մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարագրի հիման վրա, Վահան Կոտոլիկյանը հանձնարարագրին ծանոթացել և մեկ օրինակը ստացել է 11.04.2007 թվականին, իսկ ստուգման ակտի մեկ օրինակը ստացել է 13.04.2007 թվականին և նշել է «չունեմ առարկություն» ու ստորագրել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հարկային մարմնի աշխատակիցները վերը նշված ստուգումը կատարել են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 11.05.2002 թվականի թիվ 502 որոշմամբ հաստատված ընթացակարգով:

Ինչ վերաբերում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը չկիրառելու մասին բողոքի պատճառաբանությանը, ապա նշված դրույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ՝ ֆինանսական գործողությունների դիմաց տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումներն իրականացվում կամ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն, 11.04.2007 թվականին` ժամը 12:20-ի սահմաններում կատարված հսկիչ գնման ժամանակ մեկ հատ 1.400 (մեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ Հայկական շամպայնի դիմաց խանութի վաճառողին վճարվել է 5 (հինգ) ԱՄՆ դոլլար, այսինքն` վերը նշված դրույթի պահանջը խախտվել է վաճառողի կողմից, նշված խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթներով նախատեսված պատասխանատվություն, հետևաբար նշված դրույթը սույն գործով կիրառելի չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով, վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար, քանի որ վճռաբեկ բողոքը վերաբերում է Դատարանի վճռի` 28.02.2007 թվականի թիվ 1304950 ստուգման ակտը և 13.04.2007 թվականի թիվ 1304964 ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասերին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 15.08.2007 թվականի վճռի` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 28.02.2007 թվականի թիվ 1304950 և 13.04.2007 թվականի թիվ 1304964 ստուգման ակտերն անվավեր ճանաչելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան