ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1319(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 06-4218 | |
Նախագահող դատավոր՝ | Լ. Գրիգորյան |
դատավորներ՝ | Կ. Հակոբյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով Իրինա Եսայանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճռի դեմ՝ ըստ Իրինա Եսայանի հայցի ընդդեմ «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին և «Դավիթ Տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հակընդդեմ հայցի ընդդեմ Իրինա Եսայանի՝ Ընկերության և Իրինա Եսայանի միջև կնքված 2000 թվականի դեկտեմբերի 26-ի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորը դիմելով Դատարան՝ պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 3.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և Իրինա Եսայանի միջև կնքված 2000 թվականի դեկտեմբերի 26-ի պայմանագիրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 1-ի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցով գործի վարույթը կարճվել է հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Եսայանը ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ մասը, 877-րդ հոդվածի 1-ին մասը, 447-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 347-րդ հոդվածը և 14-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված Պայմանագրի 2-րդ կետի համաձայն Ընկերությանը պարտավորվել է 3 տարվա ընթացքում վերադարձնել Իրինա Եսայանին 5.700 (հինգ հազար յոթ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Նշված Պայմանագրի պայմանները մեկնաբանելիս Դատարանը հաշվի չի առել դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը, մասնավորապես, պայմանագրի 2-րդ կետի այն դրույթը, որ Ընկերությունը Պայմանագիրը կնքելուն և ավտոմեքենան ընդունելուն հաջորդող 3 տարվա ընթացքում Իրինա Եսայանին պետք է հետ վերադարձնի 5.700 (հինգ հազար յոթ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այսինքն՝ Ընկերությունն ստանձնել է 5.700 (հինգ հազար յոթ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամը 3 տարվա ընթացքում Իրինա Եսայանին վերադարձնելու պարտավորություն:
Դատարանը հաշվի չի առել նաև Պայմանագրի կողմերի հետագա վարքը, մասնավորապես, Ընկերության կողմից Իրինա Եսայանին 1.178.500 (մեկ միլիոն հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վերադարձնելու հանգամանքը:
Այսպիսով, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել Պայմանագիրը և 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 19 դրամարկղային ելքի օրդերը: Վեճի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող այս վերաբերելի ապացույցներն ուղղակիորեն հաստատում են Իրինա Եսայանի նկատմամբ Ընկերության պարտավորության առկայության փաստը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վճռի պատճառաբանական մասում ընդհանրապես նշված չէ նյութական իրավունքի որևէ նորմ, որով Դատարանը ղեկավարվել է: Այս իմաստով բացակայում է վճռի իրավական հիմնավորումը, որը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Մինչդեռ, դատարանի վճռում նշված չեն օրենքները կամ իրավական այլ ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 2000 թվականի դեկտեմբերի 26-ին Ընկերության և Իրինա Եսայանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն Իրինա Եսայանը որպես ժանանակավոր ներդրում հանձնել, իսկ Ընկերությունն ընդունել է Գազ-2705 (Գազել) մակնիշի վերը հիշատակված ավտոմեքենան 5.700 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 3 192 000 ՀՀ դրամ արժեքով:
Պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը Պայմանագիրը կնքելու և ավտոմեքենան ընդունելու պահից հաշված երեք տարվա ընթացքում Իրինա Եսայանին պետք է հետ վերադարձնի 5.700 (հինգ հազար յոթ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
2) 2003 թվականի ապրիլի 3-ի դրամարկղի ելքի թիվ 19 օրդերի համաձայն՝ Իրինա Եսայանին հետ է վերադարձվել որպես ժամանակավոր ներդրում գնված ավտոմեքենայի արժեքից 1.178.500 (մեկ միլիոն հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3) Վերը նշված գումարի վճարված լինելու փաստն Ընկերությունն ընդունել է իր իսկ կողմից ներկայացված 2006 թվականի սեպտեմբերի 13-ին հայցադիմումի պատասխանում:
4) 2001 թվականի հունիսի 4-ին Ընկերությունը վերակազմակերպվել է՝ Կազմակերպության հետ միացման ձևով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Տվյալ դեպքում, Պայմանագրի 2-րդ կետի հիմքով Ընկերությունը պարտավորություն է ստանձնել Իրինա Եսայանին վճարել 5.700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մինչդեռ, Ընկերությունը վճարել է ընդամենը 1.178.500 (մեկ միլիոն հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Մինչդեռ Դատարանը, անտեսելով վերոհիշյալ նորմերի պահանջը, ժխտել է կողմերի միջև գումար վճարելու պարտավորության առկայության փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել 2000 թվականի դեկտեմբերի 26-ին Ընկերության և Իրինա Եսայանի միջև կնքված պայմանագիրը, 2003 թվականի ապրիլի 3-ի դրամարկղի ելքի թիվ 19 օրդերը, ինչպես նաև Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, դատարանի վճռում նշված չեն օրենքները կամ այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք են:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, քանի որ վճռաբեկ բողոքի փաստարկները վերաբերում են միայն վճռի` հայցը մերժելու մասին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան | |
|
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
|
|
Վ. Աբելյան |
|
|
Ս. Անտոնյան |
|
|
Ս. Գյուրջյան |
|
|
Է. Հայրիյան |
|
|
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|