Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.08.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
01.08.2007
Дата вступления в силу
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Լոռու մարզի առաջին

ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1324(Ա)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2/286/2003թ.
Նախագահող դատավոր՝ Վ. Հովհաննիսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գարիկ Միքայելյանի միջոցով Սուսաննա Մանուկյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 2003 թվականի հունվարի 10-ի վճռի դեմ՝ ըստ Գառնիկ Գևորգյանի հայցի ընդդեմ Սուսաննա Մանուկյանի, Լյուդմիլա Գարանցյանի և Վանաձորի քաղաքապետարանի՝ բնակության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Գառնիկ Գևորգյանը պահանջել է կորցրած ճանաչել Սուսաննա Մանուկյանի և Լյուդմիլա Գարանցյանի բնակության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 11-րդ շենքի 12-րդ բնակարանի նկատմամբ, ճանաչել իր և ընտանիքի անդամներ Արմինե Խաչատրյանի, Գոհար, Աստղիկ Գևորգյանների և Գարիկ Գևորգյանի բնակության իրավունքը, ինչպես նաև պարտավորեցնել Վանաձորի քաղաքապետարանին դուրս գրելու բնակեցման օրդեր վերոհիշյալ բնակարանի նկատմամբ:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի հունվարի 10-ի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Մանուկյանը՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գարիկ Միքայելյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը՝ գործի քննության պահին գործող խմբագրությամբ, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատասխանող Սուսաննա Մանուկյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

Վճռում նշվել է, որ պատշաճ ձևով ծանուցված պատասխանողի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին: Պատասխանող Սուսաննա Մանուկյանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու և/կամ համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալու մասին որևէ տեղեկություն, դատարանի կողմից ինչպես վճռում, այնպես էլ դատական նիստի արձանագրությունում չի նշվել և գործի նյութերում առկա չէ պատասխանող Սուսաննա Մանուկյանի և/կամ համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալը հավաստող ապացույց:

Դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով չի ուղարկվել պատասխանող Սուսաննա Մանուկյանին և վերջինս տեղյակ չի եղել իր իրավունքների վերաբերյալ կայացված դատական ակտի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման պահանջի չպահպանումը պատասխանող Սուսաննա Մանուկյանին զրկել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատական պաշտպանության հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության և 18-րդ և 19-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր իրավունքների դատական պաշտպանության, իր իրավունքներն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու, ինչպես նաև կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե´ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետը):

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի հունվարի 10-ի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 2003 թվականի հունվարի 10-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից Սուսաննա Մանուկյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

2) Դատարանը գործը քննել է Սուսաննա Մանուկյանի բացակայությամբ:

3) 2003 թվականի հունվարի 10-ին կայացված դատարանի վճիռը կազմելուց հետո Սուսաննա Մանուկյանին պատշաճ ձևով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Գառնիկ Գևորգյանը հայց է ներկայացրել ընդդեմ Սուսաննա Մանուկյանի, Լյուդմիլա Գարանցյանի և Վանաձորի քաղաքապետարանի՝ բնակության իրավունքը ճանաչելու պահանջով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Սուսաննա Մանուկյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 10.01.2003 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 10.01.2003 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սուսաննա Մանուկյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե´ս քաղաքացիական գործն ըստ «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

 

Սույն գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանում գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով 2003 թվականի հունվարի 10-ին կայացված վճիռը կազմելուց հետո Սուսաննա Մանուկյանին պատշաճ ձևով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելը, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալը և այն ստանալու փաստը հավաստող մակագրությամբ դատարանի կողմից հաղորդագրություն ստանալը հանդիսանում է գործի քննությունը սկսելու համար նախապայման միայն այն դեպքում, երբ անհայտ է պատասխանողի փաստացի գտնվելու վայրը, այսինքն՝ երբ դատարանը պատշաճ կերպով կատարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզվում է, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով դատարանի կողմից չի կատարվել ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, հետևաբար, վերջինիս համար դեռևս չի ծագել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ համայնքի ղեկավարին կամ պատասխանողի վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը ծանուցելու պարտականությունը:

Այսինքն՝ նշված հոդվածով նախատեսված գործողությունները դատարանն իրավասու է իրականացնել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ գործին մասնակցող անձանց ծանուցելու հնարավորությունները սպառելուց հետո միայն: Քանի որ սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանող Սուսաննա Մանուկյանը սույն քաղաքացիական գործում նշված հասցեով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածը դատարանը չէր կարող կիրառել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի հունվարի 10-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

 

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

 

Վ. Աբելյան

 

 

Ս. Անտոնյան

 

 

Ս. Գյուրջյան

 

 

Է. Հայրիյան

 

 

Ս. Սարգսյան