ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1270(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-377 | |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
դատավորներ՝ | Տ. Սահակյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Քնարիկ Հարությունյանի՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Ռուբեն Ռշտունու միջոցով բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ դատարան) 01.02.2007 թվականի թիվ 07-377 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Քնարիկ Հարությունյանի (այսուհետ նաև՝ հայցվոր) հայցի ընդդեմ Սաղաթել Էլոյանի և Մամիկոն Սիմոնյանի (այսուհետ նաև՝ պատասխանողներ)՝ ընկերությունից հեռացնելու պահանջի մասին, և ըստ Սաղաթել Էլոյանի և Մամիկոն Սիմոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քնարիկ Հարությունյանի՝ ընկերությունից հեռացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է «Երաշխիք» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (այսուհետ նաև՝ ընկերություն) հեռացնել Սաղաթել Էլոյանին և Մամիկոն Սիմոնյանին:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 24.08.2006 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Քնարիկ Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասը և սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 46-րդ և 22-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորը դատարանին ներկայացրել է ապացույցներ, որոնք առաջին ատյանի դատարանում չէին ներկայացվել անհնարինության պատճառով (ընկերությունը փակվել էր, տնօրենը կալանավորված էր, հաշվապահը և մյուս աշխատակիցները փախուստի մեջ էին և ոչ մեկից հնարավոր չէր իմանալ փաստաթղթերի գտնվելու վայրը և ճշտել դրանց առկայությունը): Չնայած դրան դատարանը մերժել է նշված ապացույցների ընդունումը:
Հայցվորը հայտնել է, որ պատասխանողները փոխադարձ համաձայնությամբ ընկերությունը տանում են լուծարման և այդ նպատակով երկու խոշոր գործարքներ են կատարել, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալը նվազել է (ք. Գյումրի, Գ. Նժդեհի 24 հասցեում գտնվող օբյեկտը և Օրջոնիկիձեի 175 հասցեում գտնվող տունը): Ընդ որում, նշված օբյեկտն ու տունը վաճառվել են ինքնարժեքից ցածր գնով՝ պատասխանողների ազգականներին: Ու թեև հայցվորի հայցի հիման վրա այդ գործարքներն անվավեր են ճանաչվել, պատասխանողները հնարավորություն չեն ստեղծել գույքը վերադարձնելու ընկերությանը: Դատարանը նշել է, որ գործարքների կատարումը հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ ընդհանուր ժողովի ընթացքում՝ 30.11.2004 թվականին, որոշվել է ընկերության ֆինանսական վիճակը պարզաբանելուց հետո համալրում կատարել, սակայն ֆինանսական վիճակը չի ճշտվել, և նոր ժողով չի հրավիրվել:
ՀՀ կառավարության 30.09.2004 թվականի թիվ 1345-Ն որոշման համաձայն՝ 01.01.2005 թվականից ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվեր և դառնար 100.000.000 ՀՀ դրամ: Պատասխանողները հանդիսանալով ընկերության մասնակիցներ, ոչ մի միջոց չեն ձեռնարկել ընկերության կանոնադրական կապիտալը համալրելու համար: Դրա փոխարեն նրանք ապօրինաբար վաճառել են ընկերության կանոնադրական կապիտալը համալրող գույքը:
Դատարանը նաև անտեսել է այն ապացույցները, որոնցից երևում է, որ ընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով հայցվորը ցանկացել է հրավիրել ընկերության ընդհանուր ժողով և գումար է մուծել ընկերության հաշվին՝ դրանով իսկ հավաստելով իր մտադրության իրական լինելը:
Դատարանը նշել է, որ ընկերության լիցենզիայի գործունեությունը կասեցվել է պետտուրք չվճարելու պատճառով: Նման դատողությունը հակասում է գործի փաստական հանգամանքներին և դատարանում հետազոտված ապացույցներին, մասնավորապես 300.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրին, որից ակնհայտ է, որ ընկերության լիցենզիայի կասեցման միակ պատճառը կանոնադրական կապիտալը չհամալրելն է:
Հայցը մերժելիս դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողների գործողությունների հետևանքով ընկերությունը կրել է բազմաթիվ վնասներ: Մասնավորապես, պատասխանողների կողմից անօրինական կատարված 2 խոշոր գործարքների հետևանքով ընկերությունն ունի 2.500.000 ՀՀ դրամի և 29.600.000 ՀՀ դրամի չափով չկատարված պարտավորություններ: Ընկերության ամսական ապահովագրական վճարները կազմել են 6.926.526 ՀՀ դրամ, ընկերությունը 2006 թվականի հունվարից մինչ օրս չի աշխատում, և տարեկան վնասը կազմում է 88.118.312 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի թիվ 07-377 քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ Քնարիկ Հարությունյանի հայցը մերժելու մասով և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ք. Հարությունյանը հանդիսանում է ընկերության 30 տոկոսի բաժնետեր,
Մ. Սիմոյանը՝ 30 տոկոսի, իսկ Սաղաթել Էլոյանը՝ 40 տոկոսի:
2) Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 50.000.000 ՀՀ դրամ:
3) ՀՀ կառավարության 30.09.2004 թվականի թիվ 1345-Ն որոշմամբ ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափ է սահմանվել. 01.01.2005 թվականից՝ 100.000.000 ՀՀ դրամ, 01.01.2006 թվականից՝ 200.000.000 ՀՀ դրամ:
4) 13.06.2005 թվականին Քնարիկ Հարությունյանը ընկերության «Հայէկոնոմբանկի» հաշվին է մուծել 11.000.000 ՀՀ դրամ, իսկ «Առեկսիմբանկի» հաշվին՝ 9.000.000 ՀՀ դրամ՝ կանոնադրական կապիտալի համալրման նպատակով:
5) 30.11.2004 թվականին ընկերության տնօրինության կողմից հրավիրվել է ընդհանուր ժողով, որին մասնակցել են պատասխանողները և հայցվորի ներկայացուցիչ Ն.Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է հայցվորի դիմումը ընկերության կանոնադրական կապիտալը անձամբ համալրելու վերաբերյալ: Ժողովը որոշել է ընկերության ֆինանսական վիճակը պարզաբանելուց հետո ցանկություն հայտնել համալրելու, սակայն ընկերության ֆինանսական վիճակը չի ճշտվել և նոր ժողով չի հրավիրվել:
6) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.06.2005 թվականի օրինական ուժի նեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել ընկերության և Ա. Մելոյանի, Գ. Էլոյանի միջև 29.08.2003 թվականին կնքված Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 24 հասցեում գտնվող օբյեկտի առուվաճառքի պայմանագիրը: Նշված գործարքը կատարվել է պատասխանողների կողմից: Նշված գույքի հաշվեկշռային արժեքը կազմել է 33.359.700 ՀՀ դրամ, սակայն վաճառվել է 18.000.000 ՀՀ դրամով:
7) Համաձայն ընկերության տնօրենի 22.11.2004 թվականի թիվ 67 տեղեկանքի՝ նշված գործարքից առաջացած հասույթը ընկերության դրամարկղ չի մուտքագրվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Ընկերության բնականոն գործունեությունը ենթադրում է ընկերության կանոնադրական նպատակների իրականացում և ընկերության զարգացում: Հետևաբար, ընկերության յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի կանոնադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ գործելով ի շահ ընկերության:
ՀՀ կառավարության 30.09.2004 թվականի թիվ 1345-Ն որոշմամբ ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափի ավելացման կապակցությամբ հայցվորը ընկերության ընդհանուր ժողովին իր ներկայացուցչի միջոցով առաջարկել է ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել համալրել կանոնադրական կապիտալն իր միջոցներով: Սակայն ընկերության մյուս մասնակիցները հավանություն չեն տվել առաջարկին և որոշման կայացումը հետաձգել են մինչև ընկերության ֆինանսական վիճակի ճշտումը:
«Սահմանափակ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցները պարտավոր են մասնավորապես՝ ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ընկերության խորհրդի անդամները, գործադիր մարմինն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են գործել ի շահ ընկերության՝ բարեխղճորեն և ողջամտորեն:
Օրենքի 22-րդ հովածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության մասնակիցը, որը գումարային առումով տնօրինում է ընկերության առնվազն տասը տոկոս բաժնեմասը, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:
Դատարանը հայցը մերժելիս նշել է, որ հայցվորի պատճառաբանությունը, թե պատասխանողները չեն համաձայնում ներդրումների միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը, իրենց հարազատներին են վաճառել ընկերության սեփականությունը հանդիսացող Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 24 հասցեում գտնվող օբյեկտը և Օրջոնիկիձեի փողոցի թիվ 175 հասցեում գտնվող տունը, որով նվազել է ընկերության կանոնադրական կապիտալը, հիմք չէ հայցը բավարարելու համար, քանի որ 31.11.2004 թվականի ընդհանուր ժողովի ընթացքում որոշվել է ընկերության ֆինանսական վիճակը պարզաբանելուց հետո համալրում կատարել, սակայն ընկերության վիճակը չի ճշտվել, նոր ընդհանուր ժողով չի հրավիրվել:
Դատարանը, սխալ մեկնաբանելով օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածները, հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանողները, օտարելով ընկերության գույքը հաշվեկշռային գնից ցածր գնով, փաստորեն չեն գործել ի շահ ընկերության և իրենց գործողություններով ծանրացրել են ընկերության ֆինանսական վիճակը: Նման պայմաններում ակնհայտ է, որ պատասխանողների գործողությունները հակասել են ընկերության գործունեության նպատակներին, և դրանք կատարվել են հաշվի չառնելով ընկերության շահը՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով: Պատասխանողները փաստորեն իրենց գործողություններով վնաս են հասցրել ընկերությանը՝ անհնարին դարձնելով դրա հետագա գործունեությունը, ինչն էլ Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հիմք էր նրանց ընկերությունից հեռացնելու համար:
Ավելին, ընկերության մասնակիցներից միայն հայցվորն է պատրաստակամություն հայտնել համալրելու ընկերության կանոնադրական կապիտալը՝ այդ նպատակով կատարելով որոշակի գործողություններ, ինչով էլ և ցանկացել է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը: Իսկ ընկերության մյուս երկու մասնակիցները որևէ գործողություն չեն կատարել տվյալ ուղղությամբ՝ այդպիսով անուղղակիորեն խոչընդոտելով ընկերութան բնականոն գործունեությանը, քանի որ առանց ընկերության կանոնադրական կապիտալի համալրման՝ դրա հետագա գործունեությունը և կանոնադրական նպատակների իրականացումը անհնար էր:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը պետք է իրավական գնահատական տար ինչպես կողմերի գործողություններին, այնպես էլ անգործությանը և ընկերության բնականոն գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությանը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է վերաքննիչ դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է առաջին ատյանի դատարանում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Բողոք բերած անձը իր վճռաբեկ բողոքում չի թվարկել այն ապացույցները, որոնց ընդունումը մերժվել է դատարանի կողմից, ինչպես նաև չի ներկայացրել արժանահավատ հիմնավորում այն մասին, որ այդ ապացույցները անհնար է եղել ներկայացնել իրենից անկախ պատճառներով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը հիմք է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի վճիռը Քնարիկ Հարությունյանի հայցը մերժելու մասով բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները թույլ են տալիս սույն գործով կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Քնարիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի վճիռը Քնարիկ Հարությունյանի հայցը մերժելու մասով և այդ մասով վճիռը փոփոխել:
2. Քնարիկ Հարությունյանի հայցը բավարարել: Սաղաթել Էլոյանին և Մամիկոն Սիմոնյանին հեռացնել «Երաշխիք» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:
3. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |