Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
12.12.2007
Дата вступления в силу
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2221

Քաղաքացիական գործ թիվ 3-1593(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ.Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

 դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 27.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Ծառայության հայցի ընդդեմ «Երևանի «Ադամանդ» ապրանքա-հունքային բորսա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 4.556.000 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.07.2007 թվականի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ ‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի 24.05.2007 թվականի թիվ 12/42-35502 գրության բովանդակությունից ակնհայտ է, որ պատասխանողի կողմից պատվիրված նամակը` հասցեագրված նախարարությանը ինչ-ինչ պատճառներով չի հասել հասցեատիրոջը, հետևաբար, նախարարության կողմից որևէ որոշում չէր կարող կայացվել, քանի որ բացակայում է օրենքով սահմանված կարգով լիցենզավորված անձի գրավոր դիմումը, այսինքն նախարարությունը տեղյակ չի եղել և չէր էլ կարող տեղյալ լինել պատասխանողի մտադրութունների մասին:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետը և չի կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետը:

Հիմնավոր չէ դատարանի այն եզրահանգումը, որ նույնիսկ լիցենզիայի կասեցման դեպքում պատասխանողին չեն կարող առաջադրվել տարեկան պետական տուրքի վճարման պարտավորություններ լիցենզիայի գործողության ժամանակահատվածի ընթացքում և դրա համար որպես հիմք է բերվում լիցենզիայի ժամանակահատվածում գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետը, քանի որ լիցենզիայի գործողության կասեցումը դեռևս չի նշանակում, որ պատասխանողը ազատված է դրա համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 27.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 21.11.2001 թվականին Ընկերությունը ՀՀ ‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից ստացել է թիվ ՊԼ-138 լիցենզիան:

2) Ընկերությունը 16.09.2002 թվականի թիվ Գ-1008/4 գրությամբ լիցենզիայի բնօրինակը պատվիրված նամակով ուղարկել է լիցենզավորող մարմնին` խնդրելով դադարեցնել լիցենզիայի գործողությունը:

3) ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական ծառայության 09.07.2007 թվականի գրության համաձայն` Ընկերության կողմից 2001-2007 թվականներին մաքսային մարմիններում բեռնա-մաքսային հայտարարագրեր չեն լրացվել:

4) ՀՀ ‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 24.05.2007 թվականի գրության համաձայն` վերը նշված լիցենզիան 21.11.2002 թվականից համարվել է կասեցված:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում՝ մինչև առաջին անգամ կատարված վճարման օրը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը հերթական պետական տուրքը պետք է վճարեր մինչև 15.11.2005 թվականը:

Ընկերությունը 16.09.2002 թվականի թիվ Գ-1008/4 գրությամբ լիցենզիայի բնօրինակը պատվիրված նամակով ուղարկել է լիցենզավորող մարմնին` խնդրելով դադարեցնել լիցենզիայի գործողությունը:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերությունը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումը հանձնել է կապի կազմակերպությանը մինչև հերթական պետական տուրքի գծով պարտավորությունը ծագելը, հետևաբար, Վճռաբեկ դատարանը այն գնահատում է որպես ժամկետում հանձնված:

Հիմնավոր չէ բողոքի փաստարկը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի խախտման մասին, քանի որ ՀՀ ‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի 24.05.2007 թվականի թիվ 12/42-35502 գրությամբ չի հիմնավորվում պատվիրված նամակը հասցեատիրոջը չհասնելու փաստը:

Բացի այդ, գործում բացակայում է լիցենզիայի կասեցման մասին որոշումը 21.11.2002 թվականի դրությամբ Ընկերությանը հանձնելու վերաբերյալ ապացույց:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին` (տես օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Կոտայքի տարածքային հարկային տեսչության հայցը ընդդեմ «Հրհակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 02.03.2007 թվականի քաղ. գործ թիվ 3-343/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Սակայն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի առաջին հիմքի անհիմն լինելու պայմաններում, սույն հիմքի հիմնավոր լինելը Դատարանի ըստ էության ճիշտ վճիռը բեկանելու հիմք չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի անհիմն լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով, վճռաբեկ բողոքը մերժելու և Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 27.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան