Գլխավոր տեղեկություն
Номер
N ԱԽ-11-Ո-31
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
19.11.2007
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
19.11.2007
Дата вступления в силу
19.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-11-Ո-31

2007 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի,

Լ. Մեհրաբյանի, Հ. Մովսեսյանի,

Տ. Պետրոսյանի, Մ. Սիմոնյանի,

Ն. Տավարացյանի


մասնակցությամբ դատավոր


Վ. Գրիգորյանի

ՀՀ արդարադատության նախարար

Գ. Դանիելյանի

ՀՀ արդարադատության նախարարի

տեղակալ

Գ. Կոստանյանի


քարտուղարությամբ


Մ. Հարթենյանի

 

2007 թվականին նոյեմբերի 19-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 17.09.2007 թվականի թիվ 244-Ա հրամանով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության կողմից 19.07.2007 թվականին ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված թիվ 12/0-07 գրությունը:

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

ՀՀ արդարադատության նախարարը Արդարադատության խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Վ.Գրիգորյանին արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է դատավոր Վ.Գրիգորյանի կարգապահական խախտման վերաբերյալ եզրակացություն:

Ըստ նշված եզրակացության՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ղամբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 271-րդ հոդվածի 1-ին մասով, Գարեգին Մանուկյանի՝ նույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 17.08.2006 թվականին: 29.08.2006 թվականի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության 05.09.2006 թվականին:

Նշված քրեական գործը, որով դատակոչվել են 2 ամբաստանյալ և 3 վկա, քննության է առնվել 14 դատական նիստում, 10 ամսվա ընթացքում: Արդյունքում՝ 2007 թվականի հունիսի 25-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին:

Քրեական գործի ուսումնասիրության արդյունքում նախարարը գտել է, որ նշված քրեական գործի դատական քննությունը կատարվել է անհարկի տևական ձգձգումներով, դատավորի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ՝ դատական նիստը պատշաճ նախապատրաստելու և ղեկավարելու ուղղությամբ: Մասնավորապես, դատարանը դատավարական պատշաճ միջոցներ չի ձեռնարկել գործով դատակոչված 3 վկաների ներկայությունը դատական նիստին ապահովելու համար և միայն 5-րդ դատական նիստում է (02.10.2006թ.) որոշում կայացրել բերման ենթարկելու 3 վկաներին: Ընդ որում, 3 վկաներից 2-ն անհարգելի չեն ներկայացել 2-րդ դատական նիստին, իսկ 3-րդ դատական նիստից սկսած մինչև 12-րդ նիստը ներառյալ բոլոր 3 վկաներն անհարգելի կերպով շարունակել են բացակայել դատական նիստից: Դատական նիստից վկաների բազմակի անհարգելի բացակայությունների պայմաններում դատարանն ընդամենը մեկ անգամ է վկաներին բերման ենթարկելու որոշում կայացրել: Վերը նշված փաստերի հիման վրա նախարարը գտնում է, որ դատարանի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու համար:

Ըստ նախարարի՝ վկաներին բերման ենթարկելու մասին դատարանի որոշումը կայացվել է այն դեպքում, երբ տվյալ օրը դատական նիստ նշանակված չի եղել:

Դատարանը ոչ միայն ձեռնամուխ չի եղել դատավարությանը մասնակցող անձանց ներկայությունը դատական նիստերին ապահովելուն, այլև որոշ դեպքերում բացակայում են նշված անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հավաստող հիմքերը:

Դատական նիստերը ձգձգվել են նաև պաշտպանների կողմից դատավորին շարունակ նույն հիմքով հայտնված բացարկները քննության առնելու, ինչպես նաև բացարկները քննության առնելու համար դատական նիստերը հետաձգելու պատճառով:

Այսպես, 3-րդ դատական նիստում (22.09.2006թ.) պաշտպանը դատավորին բացարկ է հայտնել, որը քննության առնելու համար դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել մինչև 27.09.2006 թվականը, իսկ 9-րդ դատական նիստում (18.04.2007թ.) պաշտպանը կրկին բացարկ է հայտնել դատավորին, որը քննության առնելու համար դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել մինչև 20.04.2007 թվականը, ինչով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո:

Քրեական գործի քննության ձգձգումների պատճառ է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ դատական նիստերն անհարկի հետաձգվել են երկարատև ժամկետներով, որոնց պատճառների մասին գործի նյութերում հիմնավոր պատճառաբանությունները բացակայում են:

02.10.2006 թվականի դատական նիստը հետաձգվել է մինչև 19.10.2006 թվականը` վկաների բացակայության պատճառով, իսկ 19.10.2006 թվականի դատական նիստը հետաձգվել է` ամբաստանյալ Ա. Ղամբարյանի առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու պատճառով: Նշված դեպքում դատարանը հարցում է կատարել վերոնշյալ հիմնարկ, որտեղից 09.11.2006 թվականին դատարան է մուտքագրվել 01.11.2006 թվականի հ. 40/31-10-1032 գրությունն այն մասին, որ Ա.Ղամբարյանի մոտ հայտնաբերվել են առանձին հիվանդություններ, սակայն տվյալ պահին նա ի վիճակի է ներկա գտնվելու դատական նիստին: Այնինչ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակել է 06.12.2006 թվականին, ինչով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է` պատշաճ չի նախապատրաստել և ղեկավարել դատական նիստը:

16.05.2007 թվականին կայացած 12-րդ դատական նիստում պաշտպանների անհարգելի բացակայության կապակցությամբ դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել անորոշ ժամկետով, ինչը հակասում է ՀՀ քրեական դատավարության 310-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին:

Դատական քննության անհիմն ձգձգման մասին է վկայում նաև այն փաստը, որ դատարանը բուն դատաքննությանն անցել է միայն 8 ամիս անց, 11-րդ դատական նիստում, 03.05.2007 թվականին, որի ընթացքում հրապարակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Վերջին՝ 14-րդ դատական նիստում (25.06.2007թ.) դատարանը քննության է առել դեռևս նախորդ (15.06.2007թ.) դատական նիստում պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ և որոշել է բավարարել այն ու գործն ըստ ընդդատության ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն` քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատավորը պետք է պարզի գործի ընդդատության հարցը: Ըստ այդմ, եթե դատավորը պարզի, որ գործն իրեն ընդդատյա չէ, ապա պետք է որոշում կայացնի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին: Սույն օրենսդրական պահանջին դատավորը հանդես է բերել ձևական մոտեցում և, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում ընդդատության հարցին ըստ էության անդրադառնալու փոխարեն, դրան անդրադարձել է անհիմն ուշացումով` դատական քննության փուլի ավարտին: Փաստորեն, քրեական գործի տարածքային ընդդատության վերաբերյալ օրենքի պահանջի, այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով գործի քննությունն անհիմն հետաձգվել է:

Վերոշարադրյալի հիման վրա կարգապահական վարույթ հարուցած անձը գտել է, որ դատավոր Վ.Գրիգորյանը պատշաճ չի նախապատրաստել և ղեկավարել դատական նիստերը, չի ապահովել քրեական գործի արդարացի քննությունը, չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր պահանջները՝ դրանով իսկ խախտելով նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի` նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատական նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու սույն օրենսգրքի պահանջները, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը:

Այսպիսով, ըստ կարգապահական վարույթ հարուցած անձի՝ դատավոր Վ.Գրիգորյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի, 102-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 298-րդ հոդվածի, 310-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնադրույթի, այն է՝ ողջամիտ ժամկետում իր գործի քննության` անձի իրավունքի խախտմանը, այսինքն` կատարել է արարք, որը, ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

3. Դատավորի առարկությունները.

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն իր կողմից ներկայացված առարկություններում արտահայտել է այն դիրքորոշումը, որ նշված քրեական գործով դատական քննության երկարատև ժամկետները պայմանավորված են եղել օբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև դատավարության մասնակիցների դրսևորած անբարեխիղճ վարքագծով, իսկ դատարանը ձեռնարկել է օրենքով թույլատրելի բոլոր միջոցները գործի արդարացի քննությունը և դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը ապահովելու, գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:

Դատավորը ներկայացրել է քրեական գործի քննության ձգձգումների հետևյալ հիմնական պատճառները: Դրանք են՝

1) Առաջին դատական նիստը չի կայացել ամբաստանյալ Ա.Ղամբարյանի շահերի պաշտպան Ս. Մարգարյանի հիվանդության պատճառով:

2) Հաջորդ՝ 14.09.2006 թվականի դատական նիստը չի կայացել մեղադրողների դատարան չներկայանալու պատճառով: Ի դեպ` մի շարք դատական նիստերի չկայանալու պատճառ է հանդիսացել գործով մեղադրող Տ. Ուզոյանի քմահաճ վերաբերմունքը, որի կապակցությամբ դատարանը 02.10.2006 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և մեղադրողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու հարցը քննարկելու համար:

Ամբաստանյալ Ա. Ղամբարյանի շահերի պաշտպան Ս.Մարգարյանը, իսկ այնուհետև Ն. Կակոյանը դատական նիստերի ընթացքում մի շարք բացարկներ են հայտնել նախագահող դատավորի և մեղադրողի դեմ: Նույն հիմքով ներկայացված բացարկները դատարանը թողել է առանց քննության (այդ մասին կարող են վկայել 22.09.2006թ., 02.10.2006թ., 20.04.2007թ. որոշումները և դատական նիստի արձանագրությունը):

Դատավորի կարծիքով դատարանը միջնորդությունների քննարկման կամ դրանք առանց քննության թողնելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի խախտումներ թույլ չի տվել:

Ինչ վերաբերում է 22.09.2006 թվականին պաշտպանի կողմից նախագահող դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը քննության առնելու համար դատական նիստը մինչև 27.09.2006 թվականը հետաձգելուն, ապա դա պայմանավորված է եղել նրանով, որ պաշտպան Ս. Մարգարյանը, բացի 22.09.2006 թվականի դատական նիստում ներկայացված բացարկից, նախագահող դատավորի դեմ գրավոր բացարկ է ներկայացրել նաև դատարանի նախագահին, որպիսին նախագահող դատավորն իր տրամադրության տակ չի ունեցել, ինչի պատճառով միջնորդության քննարկման համար նիստը հետաձգվել է մինչև 27.09.2006 թվականը: Տվյալ դեպքում դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն՝ միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Դատարանի 06.12.2006 թվականի որոշմամբ բավարարվել է ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը և նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննություն: Դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով ամբաստանյալ Ա.Ղամբարյանն ավելի քան 3,6 ամիս գտնվել է ստացիոնար փորձաքննության իրականացման պրոցեսում: Փորձաքննության համալիր եզրակացությունը դատարանում ստացվել է 23.03.2007 թվականին:

Դատավորը չի ընդունել վարույթ հարուցած անձի այն փաստարկը, թե դատարանը հետամուտ չի եղել փորձագիտական հիմնարկի կողմից ողջամիտ ժամկետում դատարանի որոշման կատարմանն ու եզրակացության ուղարկմանը, քանի որ այդ ընթացքում դատարանը բազմիցս հետաքրքրվել է փորձաքննության ընթացքի և ձգձգման պատճառների մասին, բացի այդ, դատարանն աջակցել է փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներին՝ ապահովելով բժիշկների մուտքը քննչական մեկուսարան: Դատարանը իրավասու չէ փորձաքննության իրականացման նպատակով հանձնաժողովի համար սահմանել որոշակի ժամկետ կամ միջամտել վերջինիս աշխատանքային գործունեությանը:

Մի շարք դատական նիստեր չեն կայացել, իսկ որոշ դատական նիստեր էլ տևական ժամանակով հետաձգվել են ամբաստանյալ Ա.Ղամբարյանի առողջական վիճակի վատթարացման, նրան մեկուսարանից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու, վերջինիս կողմից հացադուլ հայտարարելու կապակցությամբ դատարան չներկայացնելու, գործով վկա Գ.Հովհաննիսյանի՝ մեկ այլ գործով կալանավորվելու և այլ օբյեկտիվ պատճառներով:

Դատավորի կարծիքով դատական քննության նորմալ ընթացքին ամենից շատ խոչընդոտել են ամբաստանյալ Ա.Ղամբարյանի պաշտպաններ Ս.Մարգարյանը և Ն.Կակոյանը, որոնք իրենց բազմաթիվ անհիմն միջնորդություններով հնարավորություն չեն տվել դատարանին անցնել դատաքննության փուլին: Ընդ որում, պաշտպաններն իրենց դատավարական իրավունքներից օգտվել են անբարեխղճորեն, դատական նիստերի ընթացքում արհեստականորեն ստեղծել են գերլարված անհանդուրժողականության մթնոլորտ, դատարանի նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք: 03.05.2007 թվականի որոշմամբ դատարանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ փաստաբան Ս.Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու համար և ՀՀ փաստաբանների պալատի 17.05.2007 թվականի որոշմամբ վերջինիս նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Ըստ դատավորի՝ նշվածը վկայում է այն մասին, որ դատավորը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումներ թույլ չի տվել և միջոցներ է ձեռնարկել ապահովելու պաշտպանի և մեղադրողի պատշաճ վարքագիծը:

Վկաների կողմից դատարան չներկայանալու կապակցությամբ դատավոր Վ.Գրիգորյանը հայտնել է, որ գործով դատակոչված վկաներից երկուսը՝ Տ.Աղլամազյանը և Հ.Հովհաննիսյանը որպես թմրամոլներ նույն գործով հանդիսացել են մեղադրյալներ, նախկինում նույնանման հանցանքների կատարման համար դատապարտված են եղել և առանձնակի շահագրգռված չեն եղել որպես վկա դրսևորելու քաղաքացիական ակտիվություն: Չնայած դրան` վկաներից Տ.Աղլամազյանը պատշաճ ծանուցմամբ առաջին և երկրորդ դատական նիստերին բարեխղճորեն ներկայացել է դատարան, սակայն պաշտպանի և մեղադրողի մեղքով չկայացած նիստերից հետո հետագայում չի ներկայացել դատական նիստերին և աշխատանքի բերումով գտնվել է ՀՀ տարածքից դուրս: Գործով վկա Հ.Հովհաննիսյանը մեկ այլ քրեական գործով գտնվել է հետախուզման մեջ, հետագայում ձերբակալվել, կալանավորվել, ապա դատապարտվել է: Երրորդ վկան՝ Մ.Հոռոպյանը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի տեղի և ժամանակի մասին, առաջին իսկ դատական նիստից անհարգելի պատճառով իրոք չի ներկայացել դատարան, որի կապակցությամբ դատարանը 02.10.2006 թվականին որոշում է կայացրել վկաներին բերման ենթարկելու մասին: Դատավորի կարծիքով վկաների դատական նիստերին ներկայանալու կամ չներկայանալու հանգամանքը էական նշանակություն չի ունեցել գործի քննության ձգձգման համար, քանի որ դատարանին հաջողվել է դատաքննության անցնել միայն 03.05.2007 թվականին:

Դատավորի պնդմամբ վկաներին բերման ենթարկելու որոշումը կայացվել է 02.10.2006 թվականի նիստում, իսկ որոշման գրավոր տեքստի վրա առկա ամսաթիվը (29.09.2006թ.) տպագրական վրիպակ է:

Նշված քրեական գործի ընդդատության հարցի վերաբերյալ դատավոր Վ.Գրիգորյանը նշել է, որ գործում առկա նյութերի համաձայն՝ 20.04.2006 թվականին Ա.Ղամբարյանը ոստիկանության աշխատակիցների կողմից բռնվել և ԿՀԴՊԳ վարչություն բերման է ենթարկվել Երևանի «Այրարատ» կինոթատրոնի տարածքից, որը սպասարկվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից: Գործի մինչդատական վարույթն իրականացվել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից, ինչի պատճառով դատավորի մոտ ընդդատության հարցի վերաբերյալ կասկածներ չեն առաջացել: Դատական քննության փուլ անցնելուց հետո, երբ հայտնի է դարձել այն հանգամանքը, որ «Այրարատ» կինոթատրոնի տարածքը մտնում է Երևանի Կենտրոն համայնքի վարչական տարածքի մեջ, դատարանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն գործն ուղարկել է ըստ ընդդատության: Գործի ընդդատության հարցին դատարանն անդրադարձել է այն ժամանակ, երբ այդ մասին իրեն հայտնի է դարձել:

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը գտնում է, որ սույն գործի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարի 17.09.2007 թվականի թիվ 244-Ա հրամանով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության կողմից 19.07.2007 թվականին ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված թիվ 12/01-07 գրությունը:

2) ՀՀ արդարադատության նախարարը Խորհրդին է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Վ.Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է դատավոր Վ.Գրիգորյանի կարգապահական խախտման վերաբերյալ եզրակացություն:

3) ՀՀ արդարադատության նախարարի կողմից Խորհրդին ներկայացված՝ դատավոր Վ.Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստորագրված չէ նախարարի կողմից, այլ ստորագրված է կարգավիճակը չպարզված անձի կողմից:

4) Վերը նշված միջնորդությանը կից ներկայացված՝ դատավոր Վ.Գրիգորյանի կարգապահական խախտման վերաբերյալ եզրակացությունը անստորագիր է:

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման ներքոհիշյալ պատճառանությունների հիման վրա:

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի համաձայն՝ եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում՝ կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը: Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է Խորհրդին:

Օրենքի վերը նշված կարգավորման համաձայն՝ Խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի ըստ էության քննության միակ հիմքն է կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից պատշաճ կազմված և Խորհրդին ներկայացված՝ կարգապահական խախտման մասին եզրակացությունը:

Սույն կարգապահական պատասխանատվության գործի փաստերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից Խորհրդին ներկայացված՝ դատավոր Վ.Գրիրգորյանին արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստորագրված չէ կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից, այլև ստորագրված է կարգավիճակը չպարզված այլ անձի կողմից: Բացի այդ, Խորհրդին ներկայացված՝ դատավոր Վ.Գրիգորյանի կողմից թույլ տրված կարգապահական խախտման վերաբերյալ եզրակացությունն անստորագիր է:

Խորհուրդը վարույթ հարուցած անձի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կարգապահական խախտման մասին եզրակացությունը ստորագրված չլինելը գնահատում է որպես դրանց բացակայություն:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Վ.Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ենթակա է մերժման, դրա բացակայության, ինչպես նաև՝ կարգապահական պատասխանատվության հարցի քննության հիմքի բացակայության պատճառաբանությամբ:

Միաժամանակ Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այն առիթով, որ սույն գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից կարգապահական վարույթի նյութերը կազմվել են օրենսդրության խախտումներով:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ նախկինում կայացված իր որոշմամբ նույնպես արձանագրվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի նյութերի կազմման անհամապատասխանությունն օրենսդրության պահանջներին, ինչի հետևանքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կարգապահական վարույթ հարուցած անձի միջնորդությունը մերժվել է (տե՜ս Խորհրդի 12.10.2007 թվականի թիվ ԱԽ-7-Ո-18 որոշումը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մարտիրոսյան

Լ. Մեհրաբյան

Հ. Մովսեսյան

Տ. Պետրոսյան

Մ. Սիմոնյան

Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան