Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-711
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.09.2007
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
07.09.2007
Дата вступления в силу
07.09.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՂԵՏԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՏԱՄՊԵՐԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ.Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 , 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1998 թվականի հունիսի 18-ին ստորագրված` «Աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան` մուտքագրված 23 հուլիսի 2007 թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Տամպերեի կոնվենցիան ստորագրվել է 1998 թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակն աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման համար հուսալի և արագ հասանելի հեռահաղորդակցական ռեսուրսներ ապահովելն է և աղետների հետևանքների մեղմացման համար միջազգային համագործակցությանը նպաստելը:

Կոնվենցիայով նախատեսված են աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման համար հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելու և այն դադարեցնելու կարգն ու պայմանները, հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելու գործին մասնակցող անձանց և կազմակերպություններին կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից տրամադրվող արտոնությունները, անձեռնմխելիությունները և առավելությունները, աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով սահմանված ծախսերի և տուրքերի վճարման կամ փոխհատուցման կարգն ու պայմանները, կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման կարգը և այլն:

2. Կոնվենցիայի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- աղետի մեղմացման և օգնության տրամադրման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների օգտագործմանը նպաստելու համար համագործակցել մյուս մասնակից պետությունների, ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների հետ,

- աղետի կանխարգելման, վերահսկման և մեղմացման նպատակով համագործակցել մասնակից պետությունների հետ` կատարելագործելու համար կառավարական կազմակերպությունների, ոչ պետական մարմինների և միջկառավարական կազմակերպությունների ունակությունները` սարքավորումների հետ վարվելաձևի ու շահագործման համար վերապատրաստումների մեխանիզմներ և արտակարգ իրավիճակներում օգտագործվող հեռահաղորդակցական տեխնիկայի մշակման, նախագծման և պատրաստման համար ցուցումներ սահմանելու գործում,

- որպես հայցող մասնակից պետություն` ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան, հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրելու նպատակով կոնվենցիայի համաձայն գործող և ՀՀ-ին ներկայացված և վերջինիս կողմից ընդունված` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց և ՀՀ տարածքում կենտրոնակայան կամ մշտական գրանցում չունեցող կազմակերպություններին իրենց գործառույթների պատշաճ իրականացման համար շնորհել անհրաժեշտ արտոնություններ, անձեռնմխելիություններ և առավելություններ,

- որպես հայցող մասնակից պետություն` իր հնարավորությունների սահմաններում տրամադրել տեղական սարքավորումներ և ծառայություններ հեռահաղորդակցական օժանդակության պատշաճ և արդյունավետ մատուցման համար, այդ թվում` երաշխավորել, որ կոնվենցիայի համաձայն իր տարածք ներկրված հեռահաղորդակցական տեխնիկան անհապաղ կլիցենզավորվի կամ կազատվի լիցենզավորումից` համաձայն ներքին օրենքների և կանոնակարգերի,

- երաշխավորել կոնվենցիայի համաձայն ՀՀ տարածք մուտք գործած անձնակազմի և ներկրված տեխնիկայի ու նյութերի պաշտպանությունը,

- ապահովել, որպեսզի կոնվենցիայի համաձայն տրամադրված տեխնիկայի ու նյութերի նկատմամբ սեփականության իրավունքը Կոնվենցիայով նախատեսված օգտագործման դեպքում մնա անփոփոխ,

- որպես հայցող մասնակից պետություն երաշխավորել նշված տեխնիկայի, նյութերի և գույքի արագ վերադարձը համապատասխան օժանդակող մասնակից պետությանը,

- որպես հայցող մասնակից պետություն` Կոնվենցիայի համաձայն տրամադրված հեռահաղորդակցական ռեսուրսները չտեղակայել կամ չօգտագործել այնպիսի նպատակներով, որոնք ուղղակի կերպով չեն առնչվում աղետների կանխատեսմանը, նախապատրաստմանը, արձագանքմանը, վերահսկմանը, դրանց հետևանքների մեղմացմանը կամ օգնության ցուցաբերմանն աղետների ժամանակ և դրանցից հետո,

-  որպես հեռահաղորդակցական օժանդակություն տրամադրող կամ ստացող մասնակից պետություն` կոնվենցիայի համաձայն օժանդակության դադարեցումից հետո շարունակել ենթարկվել կոնվենցիայի պայմաններին,

- հնարավորության դեպքում և ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան` նվազեցնել կամ վերացնել աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական միջոցների օգտագործման, այդ թվում` հեռահաղորդակցական աջակցության տրամադրման հետ կապված` կոնվենցիայում սահմանված կանոնակարգային խոչընդոտները,

- ցանկացած այլ մասնակից պետության  խնդրանքով և ՀՀ ներպետական օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունների շրջանակներում դյուրացնել աղետի հետևանքների մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով ՀՀ տարածք, այդ տարածքից դուրս կամ նրա միջով` հեռահաղորդակցական ռեսուրսների  օգտագործման մեջ ներգրավված անձնակազմի և համապատասխան տեխնիկայի, նյութերի ու տեղեկատվության փոխադրումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1998 թվականի հունիսի 18-ին ստորագրված` «Աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


7 սեպտեմբերի 2007 թվականի
ՍԴՈ-711