Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.09.03/44(568)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
13.07.2007
Дата вступления в силу
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշում

Գործ Հ. Ռեժ-17/07

կայացրած դատարանի կազմը՝

նախագահող դատավոր՝ Ս. Ղազարյան

դատավորներ՝ Ա. Խաչատրյան,
Ս. Համբարձումյան

ՎԲ-136/07

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ.

ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

դատախազ

Լ. Խաչատրյանի

հավատարմագրված փաստաբան

Ա. Գևորգյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով հավատարմագրված փաստաբան Արմենուհի Գևորգյանի միջոցով Հրաչ Չալաբի Չալաբյանի բերած վճռաբեկ բողոքը դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշումը վերացնելու և Հ. Չալաբյանին համապատասխան քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

 

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Հրաչ Չալաբի Չալաբյանին 1999 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով, 99-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 13 տարի ժամանակով:

Նույն դատարանի 2003 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ դատապարտյալ Հ. Չալաբյանի արարքը համապատասխանեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ նոր քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերին, 185-րդ հոդվածի 2-րդ մասին և 165-րդ հոդվածի 4-րդ մասին, որի արդյունքում վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 11 տարի ժամանակով:

Նշանակված պատժի երկու երրորդը կրելուց հետո ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, նախապես ստանալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունը, միջնորդագիր է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան` պատիժը կրելուց Հ. Չալաբյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը 2007 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ միջնորդագիրը բավարարել է և ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան` Հ. Չալաբյանին 2 տարի 10 ամիս 5 օր ժամանակով պայմանական վաղաժամկետ ազատել:

Որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցած դատախազ Ա. Ստեփանյանը:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով դատախազ Ա. Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, 2007 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշումը վերացնելու և Հ. Չալաբյանին համապատասխան քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու մասին` պատճառաբանելով, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը քննության առնելիս ըստ էության չի գնահատել դատապարտյալի անձը` այն, որ նա 2001 թվականին քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի կողմից բնութագրվել է նաև բացասաբար, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, ավազակային հարձակման և այլ հանցագործությունների համար դատապարտված անձի` պատիժը կրելու ընթացքում ընդամենը մեկ անգամ խրախուսվելը դեռևս բավարար չէ համարելու, որ նա հաստատապես ուղղվել է և նշանակված պատիժը լրիվությամբ կրելու կարիք չունի: Բացի այդ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի, դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդությունը քննության առնելիս պետք է հաշվի առներ նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառած վնասը հարթելու հանգամանքը: Դատապարտյալ Հ. Չալաբյանը մինչև օրս տուժողին պատճառված ընդամենը 45 հազար ՀՀ դրամի վնասն անհիմն պատճառաբանությամբ չի հարթել (ինչը ևս խոսում է նրա` ըստ էության չզղջալու և ուղղման ճանապարհին կանգնած չլինելու մասին), որպիսի հանգամանքը առաջին ատյանի դատարանի կողմից ընդհանրապես գնահատականի չի արժանացել:

Հավատարմագրված փաստաբան Արմենուհի Գևորգյանի միջոցով Հրաչ Չալաբի Չալաբյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով բողոքն ընդունել է վարույթ:

 

2. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Որոշում կայացնելիս ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ, 437-րդ, 438-րդ և 394-րդ հոդվածներով:

Մինչդեռ ըստ բողոքի հեղինակի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ, 437-րդ, 438-րդ հոդվածները վերաքննիչ դատարանին լիազորություն չեն տալիս քննության առնելու անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածին համապատասխան, դատարանը լիազորված է որոշում կայացնելու` պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին: Բողոքի հեղինակը գտնում է, որ այս հոդվածը չի վերաբերում վերաքննիչ դատարանին, քանի որ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածին համապատասխան, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածը, մասնավորապես` այդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը (որոնք վերաբերում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերին) սահմանում են իրավասու դատարաններում (որը տվյալ դեպքում Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանն է) գործի քննության կարգը:

Բողոք բերած անձը գտնում է, որ եթե անգամ վերաքննիչ դատարանը սխալմամբ համարել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածներում «դատարան» արտահայտությունը վերաբերում է նաև վերաքննիչ դատարանին, ապա այդ դեպքում վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ևս մեկ դատավարական սխալ: Այսպես` քննարկվող հոդվածները դատարանին օժտում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը ըստ էության լուծելու իրավասությամբ: Այդ հոդվածներից և ոչ մեկը լիազորություն չի վերապահում դրանցում նշված «դատարանին» ստուգելու մեկ այլ դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածին, որի վրա հիմնվել է վերաքննիչ դատարանը, ապա դրանով չի նախատեսված, որ վերաքննիչ դատարանը իրավասու է «առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնել»: Դրանով խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն մասին, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով սահմանված են այն որոշումները, որոնք կարող են կայացվել վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության արդյունքում:

Բողոք բերած անձը գտնում է, որ եթե վերաքննիչ դատարանը քննել է գործը, ապա չէր կարող բավարարվել առաջին ատյանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելով, այլ պարտավոր էր ըստ էության քննության առնել ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդագիրը և լուծում տալ դրան: Մինչդեռ գործի քննության արդյունքում պետք է լուծում տրվեր հենց հատկապես ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդագրին` այն կա/մ պետք է բավարարվեր, կա/մ մերժվեր: Վերաքննիչ դատարանը վերացրել է միջնորդագիրը բավարարելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն ինքը իր հերթին ըստ էության լուծում չի տվել գործին` չի մերժել ու չի էլ բավարարել միջնորդագիրը:

Այսինքն, ըստ բողոքի հեղինակի, դատարանների կողմից միջնորդագրին ըստ էության լուծում չի տրվել: Սա հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածներին, որոնց համաձայն` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ներկայացված և Հանձնաժողովի հավանությունը ստացած միջնորդագրերը դատարանների կողմից պետք է լուծում ստանան` պետք է որոշում կայացվի միջնորդագիրը մերժելու կամ բավարարելու մասին:

Բողոքատուն գտնում է, որ վերաքննիչ դատարանը, փաստորեն, խուսափել է արդարադատություն իրականացնելուց` դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից մեկը` դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Բողոք բերած անձը գտնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազ Ա. Ստեփանյանի կողմից չէր կարող բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Իր վերաքննիչ բողոքում դատախազը հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի (բողոք բերելու իրավունքը) և 381-րդ հոդվածի (վերաքննիչ բողոքը) վրա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածում նշված սուբյեկտների կողմից վերաքննիչ բողոք կարող է բերվել առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ: Մինչդեռ Հ. Չալաբյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն արդեն մտել էր ուժի մեջ, և նա արդեն ազատ էր արձակվել: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածում վերաքննիչ բողոք բերող սուբյեկտների թվում դատախազը նշված չէ: Որպես բողոք բերող սուբյեկտներ են նշվում մեղադրողը և վերադաս դատախազը, սակայն դատախազ Ա. Ստեփանյանն այս գործում մեղադրող կամ վերադաս դատախազ չի հանդիսանում:

Բողոք բերած անձը գտնում է, որ բողոքը բերվել է այնպիսի որոշման դեմ, որը վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա չէ: Սրանով ինչպես բողոք բերողը, այնպես էլ այն քննող դատարանը խախտել են ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի վերը հիշատակված պահանջը:

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն այն մասին, որ գնահատման է ենթակա յուրաքանչյուր ապացույց, չի գնահատել գործում եղած բոլոր այն ապացույցները, որոնք վկայել են այն մասին, որ ինքը ուղղվել է, պատրաստակամություն է ունեցել վճարելու 45 հազար ՀՀ դրամը, և չվճարելը պայմանավորված է եղել նրանով, որ դատավճիռը այդ մասով ներկայացված չի եղել կատարման, և նա հնարավորություն չի ունեցել առնչվելու այն անձի հետ, ում պետք է վճարի գումարը: Այդպիսի գնահատման չարժանացած ապացույցներ են, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի բացատրություններն այն մասին, որ ինքը ցանկացել է վճարել նշված գումարը, սակայն կատարողական թերթի բացակայության պատճառով չի կարողացել անել այդ, դատապարտյալի անձնական գործի նյութերը, որոնցից երևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացված չի եղել, վերաքննիչ դատարանում իր կողմից տրված բացատրությունները, որոնցում նա պնդել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ, այդ թվում` հենց նույն այդ պահին կատարելու համապարտության կարգով իր վրա դատավճռով դրված գումարային պարտականությունը:

Ըստ բողոքի հեղինակի` գնահատման չարժանացած ապացույցներ են նաև դատապարտյալ Հ. Չալաբյանի անձնական գործում գտնվող` 2003 թվականի մայիսի 15-ի, 2003 թվականի սեպտեմբերի 26-ի, 2006 թվականի հունիսի 29-ի, 2006 թվականի օգոստոսի 30-ի, 2006 թվականի դեկտեմբերի 5-ի և 2007 թվականի մարտի 26-ի բնութագրերը, որոնցում դատապարտյալը բնութագրվում է միանշանակ դրական, 2004 թվականի ապրիլի 6-ի և 2006 թվականի հունիսի 28-ի վարքի գնահատման թերթիկները, որոնցում նույնպես առկա են միայն դրական գնահատականներ, խրախուսելու մասին 2006 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 74 որոշումը: Փոխարենը դատարանը գնահատել է միայն 2001 թվականի բացասական բնութագիրը: Բողոք բերած անձը գտնում է, որ սրանով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով իր վրա դրված` գործի բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման պարտականությունը, ինչը հանգեցրել է արդարացի քննության սկզբունքի խախտմանը: Եթե վերաքննիչ դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այս ապացույցները գնահատեր մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ապա կարող էր համոզվել, որ 2001 թվականին իրեն տրված մասամբ բացասական բնութագիրը և դրան հաջորդող միանշանակ դրական բնութագրերը, տույժերի բացակայությունը, խրախուսանքը հենց ուղղման մասին են վկայում:

Ըստ բողոքի հեղինակի` վերաքննիչ դատարանը խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 127-րդ հոդվածների վերը նշված պահանջները, դրանով իսկ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ. խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները, ինչը խոչընդոտել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը և ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Բողոքի հեղինակը գտնում է, որ նշված հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին և 406-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան, վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Վերը նշված նկատառումներով խնդրվում է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշմանը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

3.1. Դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորությունը և մասնավորապես՝ դատախազի կողմից նման բողոք բերելու իրավունքը.

Վճռաբեկ բողոք բերած անձն այս առումով Վճռաբեկ դատարանի առջև ըստ էության բարձրացրել է հետևյալ հարցերը. ա) արդյոք դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա՞ է բողոքարկման վերաքննիչ դատարան, և բ) եթե ենթակա է, ապա արդյոք տվյալ գործով վերաքննիչ բողոք բերած անձը՝ դատախազ Ա. Ստեփանյանը, իրավասո՞ւ էր վերաքննիչ բողոք բերել:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել»:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի՝ վերջնական որոշում է քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթը սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի՝ օրենսգրքի 46-րդ գլխի («Վերաքննիչ բողոք») կանոններով բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»:

Դատարանը գտնում է, որ անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով վերջնական որոշում է, քանի որ գործը՝ անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, լուծում է ըստ էության:

Հետևաբար դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա էր բողոքարկման վերաքննիչ դատարան:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ դատապարտյալ Հ. Չալաբյանն ազատ է արձակվել դատավճռի հրապարակման պահին, ուստի Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահին, հետևաբար այն ենթակա չէր վերաքննիչ բողոքարկման: Ի հաստատումը ներկայացված դիրքորոշման՝ բողոք բերած անձը վկայակոչել է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ «Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրը, իսկ եթե այդ փաստաթղթերը ստացվում են աշխատանքային օրվա ավարտից հետո՝ հաջորդ օրվա առավոտյան»:

Դատարանը գտնում է, որ նշված փաստարկն անհիմն է, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավճռի կամ որոշման բողոքարկումը կասեցնում է դատավճռի կամ որոշման՝ օրինական ուժի մեջ մտնելը: Իսկ դատական ակտի հրապարակումից անմիջապես հետո անազատության մեջ պահվող անձի ազատ արձակումը պայմանավորված է ոչ թե տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքով, այլ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև անձի ազատության կանխավարկածով:

Ինչ վերաբերում է տվյալ գործով վերաքննիչ բողոք բերելու դատախազի իրավունքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող գործով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը չի սահմանափակվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով թվարկվածներով: Քրեական դատավարության մասնակիցներին վերաքննիչ բողոք բերելու իրավունք կարող է վերապահվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ դրույթներով ևս:

Այսպես, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները»:

Դատարանի վերջնական որոշումները բողոքարկելու դատախազի լիազորությունը մեկնաբանելով դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը դատախազի պարտադիր մասնակցության դրույթի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք դատախազն ունի:

Հետևաբար՝ դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազ Ա. Ստեփանյանի կողմից կարող էր բողոքարկվել վերաքննիչ դատարան:

3.2. Դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը քննելիս վերաքննիչ դատարանի իրավասության շրջանակը.

Վճռաբեկ բողոք բերած անձն այս առումով Վճռաբեկ դատարանի առջև ըստ էության բարձրացրել է նաև հետևյալ հարցերը. ա) արդյո՞ք վերաքննիչ դատարանը, քննելով դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը, կարող էր սահմանափակվել միայն նշված որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ, թե պարտավոր էր ըստ էության լուծում տալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցին, և բ) գործի քննության արդյունքում վերաքննիչ դատարանն իրավունք ունե՞ր արդյոք կայացնելու որոշում Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու և դատապարտյալ Հ. Չալաբյանին ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելու համար համապատասխան քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու մասին, թե չուներ:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

Այս իրավադրույթը սահմանում է վերաքննության կարգով դատական ստուգման առարկան: Այն ներառում է ոչ միայն նյութական օրենքի կիրառման ճշտությունը և դատավարական օրենքի պահպանումը, այլև գործի փաստական հանգամանքների բացահայտման ճշտությունը:

Բացի այդ, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող եզրափակիչ որոշումների սպառիչ ցանկը, որ սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով, չի ներառում գործը առաջին ատյանի դատարան ուղարկելը:

Հետևաբար՝ վերաքննիչ դատարանը գործը քննում է ըստ էության և պարտավոր է ըստ էության լուծում տալ տվյալ վարույթի հարուցման հիմք հանդիսացած հարցին, տվյալ դեպքում՝ դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցին:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի՝

«Գործի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնում է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման.

2) բեկանում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացնում է արդարացման դատավճիռ կամ կարճում է գործով վարույթը և դադարեցնում՝ քրեական հետապնդումը.

3) բեկանում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և կայացնում է մեղադրական դատավճիռ.

4) փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը.

5) բեկանում է դատավճիռը կամ որոշումը և, սույն օրենսգրքի 311 հոդվածի հիմքերով, գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության»:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի՝

«Եթե պատժի չկրած մասի ընթացքում դատապարտյալը՝

1) չարամտորեն խուսափում է պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, որոշում է կայացնում պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին.

2) կատարում է անզգույշ հանցանք, ապա պայմանական վաղաժամկետ ազատումը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.

3) կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, երբ կատարվել է անզգույշ հանցանք և դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը»:

Տվյալ գործով վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «Դատապարտյալ Հրաչ Չալաբի Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշումը վերացնել և դատապարտյալ Հրաչ Չալաբի Չալաբյանին վերադարձնել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելու համար»: Ընդ որում, գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Հ. Չալաբյանը պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց չի խուսափել, նոր հանցագործություն չի կատարել:

Այսինքն՝ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով չնախատեսված որոշում և օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում փաստորեն կիրառել է Հ. Չալաբյանի պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու ինստիտուտը (ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդված): Մինչդեռ այդ ինստիտուտը կարող էր կիրառվել բացառապես դատապարտյալ Հ. Չալաբյանի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում:

Անգամ եթե ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասում օգտագործված «վերացնել» բառը տառացի նշանակությամբ մեկնաբանելով՝ այն հասկանանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով օգտագործված «բեկանել» բառի իմաստով, ապա, միևնույն է, տվյալ գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշումը չի բխի օրենքի պահանջներից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որոշումները կարող են կայացվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքարկման առարկա է հանդիսացել մեղադրական կամ արդարացման դատավճիռը, այլ ոչ թե որոշումը, ինչպես տվյալ գործով: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 5-րդ կետի հիման վրա դատավճռի կամ որոշման բեկանումը պետք է զուգակցվի գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու հետ, ինչը քննության առարկա գործով բացակայում է:

Հետևաբար՝ դատապարտյալ Հ. Չալաբյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ըստ էության քննության չառնելով և դրան ըստ էության լուծում չտալով, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով չնախատեսված որոշում կայացնելով՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրինականության սկզբունքի խախտում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդված), որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի և 398-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեադատավարական օրենքի էական խախտում է և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշման բեկանման հիմք:

3.3. Դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը.

Բողոք բերած անձը Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից 2007 թվականի հունիսի 14-ին կայացված որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշմանը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի (2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը գործողության մեջ եղած խմբագրությամբ)`

«Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

3) առանձնապես ծանր հանցագործության համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը»:

Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի՝

«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողի պատճառված վնասը»:

Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի՝

«Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում»:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` Հ. Չալաբյանի նկատմամբ հետադարձ ուժով ենթակա է կիրառման 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2006 թ. փետրվարի 4-ը գործողության մեջ եղած քրեական օրենքով («միջանկյալ քրեական օրենք») սահմանված իրավանորմը, որն ամրագրում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարտյալներին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար փաստացի կրման ենթակա պատժի մասը (ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ):

Գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու օրը նա կրել էր նշանակված պատժի օրենքով սահմանված մասը՝ երկու երրորդը:

Միևնույն ժամանակ պահպանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ և 115-րդ հոդվածներով սահմանված՝ դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր ներկայացնելու դատավարական կարգը. միջնորդագիրն իրավասու դատարան է ներկայացվել միայն այն բանից հետո, երբ ստացվել է համապատասխան անկախ հանձնաժողովի հավանությունը:

2007 թվականի ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը, դատական նիստում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագրի հիման վրա քննարկելով դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, հանգել է հետևության, որ դատապարտյալ Հ. Չալաբյանը ապացուցել է իր ուղղված լինելը, նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի և բավարարել է միջնորդությունը: Այդ որոշումը դատարանը հիմնավորել է հետևյալ հանգամանքներով. պատիժը կրելու ընթացքում Հ. Չալաբյանը բնութագրվել է դրական, կարգապահական տույժի չի ենթարկվել, մեկ անգամ խրախուսվել է, կատարված հանցանքի համար զղջում է: Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ բավարարված քաղաքացիական հայցով Հ. Չալաբյանի՝ համապարտությամբ ունեցած 45 հազար ՀՀ դրամի պարտավորությունը չկատարելու պատճառը կատարողական թերթի բացակայությունն է:

2007 թվականի հունիսի 14-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատական նիստում քննության առնելով Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը բավարարելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը, գտել է, որ առաջին ատյանի դատարանը ըստ էության չի գնահատել դատապարտյալի անձը, մասնավորապես այն, որ Հ. Չալաբյանը 2001 թվականին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվել է նաև բացասաբար: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ավազակության և այլ հանցագործությունների համար դատապարտված անձի՝ պատիժը կրելու ընթացքում ընդամենը մեկ անգամ խրախուսվելը դեռևս բավարար չէ համարելու, որ դատապարտյալը հաստատապես ուղղվել է և նշանակված պատիժը լրիվությամբ կրելու կարիք չունի: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ դատապարտյալ Հ. Չալաբյանը տուժողին պատճառված 45 հազար ՀՀ դրամ վնասը անհիմն պատժառաբանությամբ չի հարթել, ինչը, ըստ վերաքննիչ դատարանի, առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, մինչդեռ այն վկայում է Հ. Չալաբյանի՝ ըստ էության չզղջալու և ուղղման ճանապարհին կանգնած չլինելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քրեական վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները անհիմն են, չեն բխում գործի նյութերից և չէին կարող հանգեցնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշման փոփոխման:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մի քանի, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձի՝ պատիժը կրելու ընթացքում ընդամենը մեկ անգամ խրախուսվելը դեռևս բավարար չէ համարելու, որ դատապարտյալը հաստատապես ուղղվել է և նշանակված պատիժը լրիվությամբ կրելու կարիք չունի: Այլ հանգամանքների համակցության մեջ մեկ անգամ խրախուսվելու հանգամանքը կարող է վկայել անգամ առանձնապես ծանր անցագործությունների համար դատապարտված անձի ուղղված լինելու մասին: Տվյալ գործով նման հանգամանքների համակցությունն առկա է: Այն կազմում են դատապարտյալի անձնական գործում առկա 2003 թվականի մայիսի 15-ի, 2006 թվականի հունիսի 29-ի, 2006 թվականի օգոստոսի 30-ի, 2006 թվականի դեկտեմբերի 5-ի և 2007 թվականի մարտի 26-ի դրական բնութագրերը, 2004 թվականի ապրիլի 6-ի և 2006 թվականի հունիսի 28-ի վարքի դրական գնահատման թերթիկները, ինչպես նաև Հ. Չալաբյանի՝ կարգապահական տույժի ենթարկված չլինելու փաստը:

Ներկայացված նյութերով հիմնավորված չի կարող համարվել վերաքննիչ դատարանի նաև այն դիրքորոշումը, որ Հ. Չալաբյանը տուժողին պատճառված 45 հազար ՀՀ դրամ վնասը չի հարթել անհիմն պատճառաբանությամբ: Հակառակ նման պնդման՝ գործի նյութերից երևում է, որ այս հանգամանքն առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի է առնվել և արժանացել է ճիշտ գնահատականի: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանն արդարացիորեն նշել է, որ 45 հազար ՀՀ դրամի պարտավորությունը Հ. Չալաբյանի կողմից չկատարելու պատճառը կատարողական թերթի բացակայությունն է: Դա հաստատվում է հենց վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրությամբ (գ./թ. 36), որտեղ արձանագրված է Հ. Չալաբյանի հայտարարությունն առ այն, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ում պետք է վճարի այդ գումարը, և որ պատրաստ է անմիջապես վճարել այն: Այսպիսով, ՀՀ քրեակատարողական օրենսգքրի 114-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արգելող նորմը տվյալ գործով ենթակա չէ կիրառման, քանի որ ամբաստանյալ Հ. Չալաբյանը չի ունեցել վնասը ամբողջությամբ հարթելու իրական հնարավորություն:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ. Չալաբյանի գործով Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու՝ օրենքով սահմանված բոլոր պայմանների պահպանմամբ:

Հետևաբար՝ դատապարտյալ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշումն օրինական է, հիմնավորված և գործն ըստ էության ճիշտ լուծող: Մինչդեռ Հ. Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշումը վերացնելու, նրան համապատասխան քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

Վերը նշված հիմնավորումները հիմք են Հ. Չալաբյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշումը բեկանելու և Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշմանն օրինական ուժ տալու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում քննարկվող հարցերով, կապված պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորության, բողոքը քննելիս վերաքննիչ դատարանի իրավասության հետ, առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը բավարարել: Բեկանել դատապարտյալ Հրաչ Չալաբի Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշումը վերացնելու և նրան համապատասխան քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունիսի 14-ի որոշումը, և օրինական ուժ տալ դատապարտյալ Հրաչ Չալաբի Չալաբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 23-ի որոշմանը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
  Մ. Սիմոնյան
  Ս. Օհանյան