Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.11.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
09.11.2007
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
09.11.2007
Дата вступления в силу
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2399

Քաղաքացիական գործ թիվ 3-1605(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
դատավորներ՝ Գ. Մատինյան
  Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վոլոդյա Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2007 թվականին կայացված վճռի դեմ՝ ըստ Ռոբերտ Տերտերյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Երևան քաղաքի Շիրակի փողոցի 62/1 հասցեում գտնվող ավտոտնակի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 07.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 16.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վոլոդյա Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում խախտել է նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Վոլոդյա Հովհաննիսյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, այն է՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ճանաչել է այլ անձի սեփականության իրավունքը, առանց վերջինիս դատավարությանը մասնակից դարձնելու:

Վերաքննիչ դատարանի կողմից ամբողջովին անտեսվել է այն հանգամանքը, որ գոյություն ունի դատական ակտ, որով վերացել են Ռոբերտ Տերտերյանի՝ վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը, ինչը պետք է դիտվեր որպես քաղաքացիական գործով հիմնական և անվիճելի ապացույց:

Տվյալ հանգամանքը հանգեցրել է գործում առկա ապացույցների ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությանը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքին արդեն իսկ հաստատվածի ուժ չի տրվել:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ, 594-րդ, 596-րդ, 301-րդ հոդվածները, 135-րդ հոդվածի 1-ին մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 302-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջները՝ չկիրառելով 303-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Վերաքննիչ դատարանի կողմից ամբողջովին անտեսվել է այն հանգամանքը, որ գոյություն ունի դատական ակտ, որով վերացել են Ռոբերտ Տերտերյանի՝ վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը, ինչը պետք է դիտվեր որպես քաղաքացիական գործով հիմնական և անվիճելի ապացույց:

Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ, 594-րդ, 596-րդ, 301-րդ հոդվածները, 135-րդ հոդվածի 1-ին մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 302-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք վերաբերում են անշարժ գույքի նվիրատվության պայմանագրին, դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու անհրաժեշտությանը, այն հանգամանքներին, որոնք կառաջանան պետական գրանցումը չիրականացնելու դեպքում և, ըստ էության, պետք է ընկած լինեին հայցի մերժման հիմքում, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եկել է միանգամայն հակառակ եզրահանգման՝ ինչն ակնհայտորեն վկայում է օրենքի սխալ մեկնաբանման մասին:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը, Ռոբերտ Տերտերյանին ճանաչել է վիճելի անշարժ գույքի սեփականատեր՝ անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ գույքի սեփականատերն այդ պահին հանդիսացել է Վոլոդյա Հովհաննիսյանը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն առանց մեկ անձի սեփականության իրավունքը դադարեցնելու, այն է՝ դրա պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ճանաչել է տվյալ գույքի նկատմամբ մեկ այլ անձի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 16.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 07.05.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 18.08.2005 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Վոլոդյա Հովհաննիսյանը Ռոբերտ Տերտերյանին նվիրել է ավտոտնակ:

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի վճռով հաստատվել է, որ Վոլոդյա Հովհաննիսյանի և Ռոբերտ Տերտերյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, հետևաբար, այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առոչինչ է` անկախ դատարանի կողմից այն անվավեր ճանաչելուց:

3) 16.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից Վոլոդյա Հովհաննիսյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Դատարանը գործը քննել է Վոլոդյա Հովհաննիսյանի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Ռոբերտ Տերտերյանը հայց է հարուցել ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցը, վճռել է ճանաչել սեփականության իրավունքը վիճելի ավտոտնակի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի վճռով հաստատվել է, որ Վոլոդյա Հովհաննիսյանի և Ռոբերտ Տերտերյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, հետևաբար, այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առոչինչ է` անկախ դատարանի կողմից այն անվավեր ճանաչելուց:

Փաստորեն, վերը նշված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ տվյալ գույքի սեփականատեր շարունակել է հանդիսանալ Վոլոդյա Հովհաննիսյանը, որը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի դատավարական իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 16.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան