Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2005-26.01.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.539
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2004
Дата вступления в силу
08.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2004 թվականի N 426-Ն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 6
Երևան

  

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 31-ի N 426-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում են կենդանիների մսեղիքի ու կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական անվտանգության նորմերը, անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման, լաբորատոր հետազոտությունների, վարակազերծման ենթակա մսեղիքի և կենդանիների, ինչպես նաև սպանդից գոյացած մթերքի վերամշակման, վարակազերծման ու ոչնչացման գործընթացները:

(1-ին կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

2. Կարգը վերաբերում է մսեղիքի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի վերամշակման, արտադրության և իրացման ոլորտներում իրականացվող գործունեությանը:

3. Կարգի պահանջների կատարումը պարտադիր է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, որոնք գործունեություն են իրականացնում մսեղիքի և մսամթերքի վերամշակման, արտադրության, իրացման և առևտրի ոլորտներում:

4. Բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիները և թռչուններն իրացման նպատակով սպանդից առաջ ենթակա են անասնաբուժական զննման, իսկ միսն ու սպանդից գոյացած մյուս մթերքները՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանիների սպանդից գոյացած մթերքների իրացումն արգելվում է:

(4-րդ կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

5. Իրացման կամ վերամշակման համար միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պարտադիր ուղեկցվեն համապատասխան անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում՝ անասնաբուժական տեղեկանքով:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 21.07.05 N 1076-Ն):

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 21.07.05 N 1076-Ն):

71. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և կենդանիների նախասպանդային զննումը կատարում են անասնաբուժական գործունեություն իրականացնող` լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք:

(71 կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

8. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո տրվում է եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման վերաբերյալ:

(8-րդ կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

9. Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

(9-րդ կետը խմբ. 21.07.05 N 1076-Ն)

 

II. ԿԵՆՏԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

(Վերնագիրը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

 

10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են`

ա) սպանդի ենթակա բոլոր տեսակի ընտանի կենդանիների, ինչպես նաև վայրի, որսորդությամբ ձեռք բերված միսը` պաղեցված, սառեցված կամ աղ դրված.

բ) կենդանիների սպանդից գոյացած մթերքը` կենդանիների ներքին օրգանները (թոքեր, սիրտ, լյարդ, փայծաղ, երիկամներ), ինչպես նաև գլուխը, ոտքերը, պոչը, որոնք բերվել են մսեղիքի հետ միասին.

գ) ընտանի և վայրի կենդանիների ճարպը (ճարպ-հումք, հալած ճարպ).

դ) արտերկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կենդանիների սպանդից գոյացած մթերքը:

(10-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 21.07.05 N 1076-Ն)

11. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար ներկայացվում են մսեղիքը, ներքին օրգանների առկայությամբ (փայծաղ, լյարդ, թոքեր, սիրտ, երիկամներ), իսկ խոզի, ձիու, տավարի մսեղիքի հետ միասին պարտադիր ներկայացվում են նաև գլուխները:

Միևնույն տեսակի երկու և ավելի կենդանիների մսեղիք ներկայացնելիս մսեղիքն ու ներքին օրգանները պետք է համարակալված լինեն: Համարների բացակայության դեպքում մսեղիքն ու ներքին օրգանները ենթակա են լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության:

Առանց մսեղիքի բերված` կենդանիների սպանդից գոյացած մթերքի իրացումն արգելվում է, եթե դա չունի սպանդանոցային ծագում:

Գլխի կամ ներքին օրգանների բացակայության դեպքում մսեղիքը տեղավորում են առանձին սառցախցիկում` ժամանակավոր պահպանման համար, վերցնում նմուշներ և ուղարկում լաբորատոր հետազոտության:

(11-րդ կետը խմբ. 21.07.05 N 1076-Ն)

12. Ընտանի և վայրի թռչունների մսեղիքը թույլատրվում է զննման` միայն ամբողջական տեսքով հեռացված փորոտիքով:

Արդյունաբերական մշակման ենթարկված թռչունների սպանդից գոյացած մթերքը (այդ թվում` նաև արտերկրներից ներմուծված)` վիզը, թևերը, կրծոսկրը, ազդրերը, փորոտիքը, որոնք մտել են շուկա կամ իրացման կետ` վաճառքի, ենթակա են պետական անասնաբուժական վերահսկողության: Այդ դեպքում ուշադրություն է դարձվում կից անասնաբուժական փաստաթղթերի, թարմության ցուցանիշների և իրացման ժամկետների վրա:

(12-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

13. Ճագարի, կուղբի և նապաստակի մսեղիքը շուկա, վերամշակման արտադրամաս, իրացման կետ բերելիս, հետին բարձից մեկի վրա, ցատկիչ հոդից ցածր, պետք է թողնված լինի առնվազն 3 սանտիմետր մաշկի (մորթու) մաս:

14. Շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, վերամշակման արտադրամասերում անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է օրգանոլեպտիկ և մանրադիտակային էքսպրես հետազոտությունները: Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները, բավարար կասկածների առկայության դեպքում, 10-20 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված եզրակացությամբ:

Արգելվում է ընդունել և իրացնել նախօրոք կտրատված միսը և տնային պայմաններում պատրաստված կիսապատրաստվածքները:

Իրացման և վերամշակման համար բերված միասմբակավոր կենդանիների մսի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերում պետք է արտացոլվեն մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքները: Այդ արդյունքների բացակայության դեպքում` կենդանու սպանդից գոյացած մթերքը ենթակա չէ օգտահանման կամ ոչնչացման:

(14-րդ կետը խմբ. 21.07.05 N 1076-Ն)

15. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից վերցվում են 200-300 գրամ զանգվածով նմուշներ, որոնք ներառում են մկանները, ավշային հանգույցները և խողովակավոր ոսկորը, ինչպես նաև ներքին օրգանները, հյուսվածքների փոփոխված, ախտահարված մասերը:

(15-րդ կետը խմբ. 21.07.05 N 1076-Ն)

16. Մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտություններն անցկացվում են կենդանիների և թռչունների վարակիչ, մակաբուծական, ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում ու կենդանիների հարկադիր սպանդից գոյացած մսի և այլ մթերքների նկատմամբ անասնաբուժասանիտարական պահանջներով նախատեսված բոլոր դեպքերում (սիբիրյան խոց, խոզերի կարմիր քամի, պաստերելյոզ, լեպտոսպիրոզ, ֆասցելիոզ, ցիստիցերկոզ և այլն):

(16-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

17. Ենթադրվող ախտորոշումից կախված` մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար ուղարկվում են 8x6x6 սանտիմետրից ոչ պակաս փակեղով պատված մկանի կտոր, ավշային հանգույցներ, ընդ որում, խոշոր և մանր եղջերավոր անասունների, ձիու մսեղիքից պարանոցի մակերեսային կամ ենթաթիակային, արտաքին զստային, իսկ խոզի մսեղիքից` պարանոցային մակերեսային վերին և ենթաթիակային, առաջին կողային և ենթածնկային ավշային հանգույցները, ինչպես նաև փայծաղը, երիկամները, լյարդի բիլթը` լյարդային ավշահանգույցներով (կամ լեղապարկը` առանց լեղու) հյուսվածքների փոփոխված մասեր:

Սույն կետում նշված հետազոտության համար նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը և նմուշների քանակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որն ստորագրվում է նաև տիրոջ կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:

Սիբիրախտի նկատմամբ կասկածի դեպքում հետազոտության համար լրացուցիչ ուղարկվում են նաև փայծաղը և ականջը (կաշին), իսկ խոզերի դեպքում` նաև ենթածնոտային ավշային հանգույցը:

(17-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

18. Հետազոտության համար վերցված նյութերն ուղարկվում են կից փաստաթղթերով (ակտ, ուղեգիր), անջրաթափանց տարայով ու կնքված:

Կից փաստաթղթում նշվում են կենդանու կամ մթերքի տեսակը, պատկանելությունը, թե ինչ նմուշ է ուղարկվում, քանակը, տիրոջ անունը (անվանումը), նմուշի անվանումը, հետազոտության համար նմուշի ուղարկման պատճառը, ենթադրվող ախտորոշումը և թե ինչպիսի՜ հետազոտություններ պետք է կատարվեն (մանրէաբանական և մակաբուծաբանական, ֆիզիկաքիմիական և այլն):

(18-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

19. Սպանդից գոյացած մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման դեպքում մսեղիքն ու ներքին օրգաններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

20. Մինչև լաբորատոր հետազոտության արդյունքներն ստանալը միսը, սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պահվեն մեկուսացված պայմաններում` ոչ ավելի, քան +40 C ջերմաստիճանում:

21. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների թարմության նկատմամբ կասկածի և օրգանոլեպտիկ եղանակով դրանց բարորակության որոշման անհնարինության դեպքում, ինչպես նաև այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ անասնաբուժասանիտարական գնահատականը տալ անասնաբուժական զննման արդյունքների հիման վրա, անցկացվում են պարտադիր քիմիական և մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտություններ:

(21-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

22. Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր քննության է ենթարկվում խոզերի (բացի մինչև 3 շաբաթական խոճկորներից), վարազների, արջերի, կուղբերի, փորսուղների և այլ ամենակեր ու մսակեր կենդանիների մսեղիքը, որոնք տրիխինելյոզի նախատրամադիր են:

23. Սննդի համար պիտանի ճանաչված միսը դրոշմվում է սահմանված ձևի դրոշմով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Լաբորատոր հետազոտությունների համար յուրաքանչյուր մսեղիքից կամ դրա մասերից վերցվում է մսի նմուշ` 200 - 250 գրամ զանգվածի չափով:

Սառեցված կամ պաղեցված մսի բլոկներից և ենթամթերքներից կամ կասկածելի թարմություն ունեցող առանձին բլոկներից մսի նմուշը վերցվում է 250 - 300 գրամ զանգվածի չափով:

24. Սննդի համար ոչ պիտանի միսը և մսամթերքը ենթակա են վարակազերծման և ոչնչացման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշմամբ հաստատված` մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգով (N 2 հավելված):

(24-րդ կետը փոփ. 21.07.05 N 1076-Ն)

25. Նույն օրը չվաճառված միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն պահվել սառնարանում, հաջորդ օրը ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 31-ի N 426-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Վարակազերծման ենթակա են միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն կարող թույլատրվել սննդի համար` առանց նախնական մշակման:

2. Միսը և մյուս մթերքները վարակազերծվում են եփելու միջոցով` առնվազն 1000C ջերմաստիճանի պայմաններում, 2 կիլիգրամից ոչ ավելի ծավալով և մինչև 8 սանտիմետր հաստությամբ կտորներով, բաց կաթսաներում` 3 ժամ տևողությամբ, իսկ ավտոկլավում` գոլորշու 0,5 մթնոլորտային ճնշման տակ, 2,5 ժամ տևողությամբ:

3. Միսը համարվում է վարակազերծված, եթե մսի կտորի ներսում ջերմաստիճանը հասնում է առնվազն 800C-ի, խոզի մսի գույնը կտրվածքում դառնում է սպիտակագորշավուն, իսկ մյուս կենդանատեսակների միսը՝ գորշ: Եփված մսի կտրվածքի մակերեսով հոսող հյութը լինում է անգույն:

Ներքին և ենթամաշկային ճարպը հալում են, այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը պետք է հասնի մինչև 1000C-ի, այդ ջերմաստիճանում պահում են մինչև 20 րոպե:

4. Ցիստիցերկոզով ախտահարված միսը վարակազերծում են սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:

5. Միսը համարվում է առողջ կենդանուց ստացված, եթե առկա են մսեղիքի օրգանոլեպտիկ (արտաքին տեսքը, գույնը, պարզությունը, հոտը) դրական ցուցանիշներ, և քսուքներում բացակայում են ախտածին մանրէները և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են:

Փորձնական եփման ժամանակ արգանակի օրգանոլեպտիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն թարմ մսի ցուցանիշներին:

 Հիվանդ կենդանիների միսը, ինչպես նաև հոգեվարքի վիճակում մորթված կենդանիների միսն ունենում է անբավարար կամ վատ արնաքամվածություն, ավշային հանգույցները կապտավարդագույն են կամ կապտավուն գունավորմամբ, հնարավոր է նաև ախտածին մանրէների մակաբույծների առկայությունը մսում: Փորձնական եփման ժամանակ արգանակը պղտոր է, կարող է լինել փաթիլներով, ունենալ կողմնակի՝ մսին ոչ յուրահատուկ հոտ:

(5-րդ կետը լրաց. 21.07.05 N 1076-Ն)

6. Սառեցման միջոցով վարակազերծումը կատարվում է հետևյալ ռեժիմներով`

ա) խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև
-100C-ի, խցիկում հետագա պահման պայմանով` 10 օրվա ընթացքում` -120C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -130C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում առկա ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ.

բ) տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -60C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -90C-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ: Սառեցմամբ վարակազերծված միսն ուղարկվում է վերամշակման` ֆարշային երշիկներ (այդ թվում` նաև լիվերային) կամ ֆարշային պահածոներ պատրաստելու համար:

Աղաջրի միջոցով վարակազերծման համար միսը կտրատում են 2,5 կիլոգրամից ոչ ավելի զանգվածով կտորների, լցնում են կերակրի աղ` մսի 10 տոկոսի չափով, այնուհետև լցնում առնվազն 24,0 տոկոս խտություն ունեցող աղի լուծույթ և պահում 20 օր.

գ) թռչունների մսեղիքը բաժանում են 2 կամ 4 մասի և վարակազերծում ստորև նշված եղանակներից որևէ մեկով`

միսը եփում են կափարիչով ծածկված պղնձի մեջ, եռացող ջրում լրիվ խորասուզված վիճակում` հետևյալ տևողությամբ՝

հավի, սագի, բադի, հնդկահավի, խայտահավի, լորի ճտերի համար` 40 րոպե,

հավի ու բադի համար` 60-70 րոպե,

սագի և հնդկահավի համար` 90 րոպե.

միսը եփելու վերջում ջերմաստիճանը կրծքի մկանների խորքում չպետք է ցածր լինի 780C-ից:

Մսի պահածոները պատրաստվում են համաձայն գործող տեխնոլոգիաների:

Սալմոնելյոզով և տուբերկուլյոզով ախտահարված թռչունների մսեղիքը եփվում է 1000C ջերմաստիճանում` 90 րոպե տևողությամբ:

7. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների վարակազերծման աշխատանքների ավարտից հետո անցկացվում է շենքերի, գույքի, սարքավորումների և այլ օժանդակ նյութերի անասնաբուժասանիտարական մշակում:

8. Կենդանիների դիակների անասնաբուժական կոնֆիսկանտների (կենդանիների մորթից գոյացած հումք և մթերք, որոնք անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ ճանաչվել են սննդի համար ոչ պիտանի), ոչնչացվում են այրման կամ բիոթերմիկ հորերում թաղման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան