Գլխավոր տեղեկություն
Номер
N 1324-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2005-17.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.13/55(354) Հոդ.1146
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2004
Дата вступления в силу
23.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1324-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. Հաստատել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին», «Մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի նվազագույն սննդի, հագուստի և անձնական օգտագործման պարագաների տեսականին և քանակը հաստատելու մասին» և «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) անձնակազմում անհրաժեշտ մասնագետների կազմը և նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

(3-րդ կետը փոփ. 03.02.05 N 87-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 16-րդ կետը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

(5-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշման

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Սույն չափորոշիչները կիրառվում են Հայաստանի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):

(Պարբերությունը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ I.

Տեղեկատվությունը

 

1. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անձնակազմին և այցելուներին ապահովում է հետևյալ տեղեկատվությամբ`

ա) մանկատան կանոնադրական նպատակների, խնդիրների, գործառույթների, անձնակազմի աշխատանքային առանձնահատկությունները սահմանող և աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող աշխատանքային կարգապահական ներքին կանոնների, ինչպես նաև գտնվելու վայրի (հասցե), հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի, տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնատար անձի (անունը, ազգանունը, պաշտոնը) մասին.

բ) մանկատան գործունեության, այդ թվում` մանկատան հիմնադրման, նրա պատմության, ավանդույթների, հիշարժան իրադարձությունների, անձնակազմի, մանկատանը խնամվող երեխաների խնամքի ու դաստիարակության իրականացման առանձնահատկությունների, այլ կազմակերպությունների և առանձին բարերարների կողմից ցուցաբերվող աջակցության ու համագործակցության մասին:

(1-ին կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

2. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխաներին ապահովում է կարևոր տեղեկատվությամբ` մատուցվող ծառայությունների, շենքի պայմանների, հատուկ դեպքերում տարահանման հնարավորությունների, մանկատանը հարող տարածքի, արտակարգ իրավիճակներում ժամանակին օգնություն ցուցաբերելու, պաշտպանելու և այլնի մասին` հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:

(2-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ II.

Երեխայի իրավունքների պաշտպանությունը

 

3. Մանկատանը երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի և նրա շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` մանկատան անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու իրավունքի իրացումը, սահմանում է օրենքին համապատասխանող բողոքարկման ներքին կարգ և պահում հատուկ արկղ` բողոքների և առաջարկությունների համար:

(4-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

5. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոններին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

6. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի պաշտպանությունը`

ա) հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

բ) դաժան վերաբերմունքից,

գ) աշխատանքի շահագործումից,

դ) հանցագործություններից,

ե) անուշադրությունից և անարդարությունից,

զ) առողջությունը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Երեխայի շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` մանկատան անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու դեպքում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն իրականացնում է երեխայի իրավունքի պաշտպանության համարժեք միջոցառումներ:

(6-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

7. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյան:

(7-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

8. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը տրամադրում է հարմարավետ, անվտանգ, հուսալի ավտոտրանսպորտային միջոցներ` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար:

(8-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ III.

Երեխայի մուտքը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն և նրա ինտեգրումը

(Վերնագիրը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

9. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է նոր ընդունված երեխայի ծանոթությունը մանկատան անձնակազմի և խնամվող երեխաների հետ: Երեխային թույլատրվում է իր հետ բերել շրջապատի համար վտանգ չներկայացնող իրեր և ընտանի կենդանիներ, եթե մանկատան պայմանները թույլ են տալիս:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի անձնական թանկարժեք իրերի պահպանությունը:

Երեխայի ինտեգրումը մանկատանն ապահովվում է հաշվի առնելով նրա նոր սոցիալական միջավայրին հարմարվելու անհատական առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամ երեխայի միջավայրին հարմարվելու, նրան անկախ և ինքնուրույն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

10. Մանկատանը երեխաների խնամքն ու նրանց հետ աշխատանքն իրականացվում են սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրին համապատասխան:

Մանկատանը գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը մշակում, իրականացնում և պարբերաբար վերանայում են մանկատան համապատասխան աշխատողները (մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ): Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ օրինական ներկայացուցիչներ կամ հարազատներ ունեցող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց կարծիքը:

 

Չափորոշիչ IV.

Խնամքը

 

11. Մանկատունը կազմակերպում է երեխայի խնամքը մանկատանը գտնվելու ամբողջ ժամանակահատվածում` մինչև նրա չափահաս դառնալը կամ մինչև երեխային հարազատ ընտանիք վերադարձնելը կամ այլընտրանքային ընտանիքում (որդեգրողի, խնամատարի, խնամակալի, հոգաբարձուի) տեղավորելը` ապահովելով խնամքի շարունակականության սկզբունքը, ստեղծելով հնարավորինս ընտանեկանին մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ:

 

Չափորոշիչ V.

Սնունդը

 

12. Մանկատանը երեխան ապահովվում է առողջ, անհրաժեշտ քանակի և տարիքին համապատասխան սննդով:

13. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը` բժշկի ցուցումով, ապահովում է անհատական մոտեցում հիվանդ, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ:

(13-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ VI.

Հագուստը

 

14. Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը երեխային ապահովում է հագուստով և անձնական օգտագործման պարագաներով` ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից: Վեց տարին լրացած երեխան մանկատան տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սահմաններում կարող է մասնակցել իր հագուստի և անձնական օգտագործման պարագաների ընտրությանը:

(14-րդ կետը լրաց. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ VII.

Կարիքները և պահանջմունքները

 

15. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ:

(15-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ VIII.

Երեխայի մանր ծախսերը

 

16. Մանկատունը դպրոցում սովորող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:

Անձնական մանր ծախսերի համար`

7-12 տարեկան երեխաներին տրվում է ամսական 2 հազ. դրամ,

13-18 տարեկան երեխաներին տրվում է ամսական 3 հազ. դրամ:

Պետական մանկատներում խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ոչ պետական մանկատներում խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարները տրամադրվում են տվյալ մանկատան սեփական միջոցների հաշվին:

 

Չափորոշիչ IX.

Տարածքը, տարածքի անվտանգությունը

 

17. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխային ապահովում է կյանքի համար անվտանգ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան բնակելի տարածությամբ` հաշվի առնելով նրա սեռը, տարիքը և առողջական վիճակը:

(17-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

18. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա տարահանման պլան, մանկատան անձնակազմը պետք է անցնի քաղաքացիական պաշտպանության ուսուցում` արտակարգ իրավիճակներում համապատասխան կերպով գործելու նպատակով` առանձնակի ուշադրություն դարձնելով հաշմանդամ երեխաների տարահանման նախապատրաստմանը:

(18-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

19. Մանկատան տարածքը պետք է ապահովված լինի հրդեհից փրկվելու համար նախատեսված հատուկ ելքերով, ազդանշանային համակարգով և հակահրդեհային համապատասխան սարքավորումներով:

20. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է կառուցված լինի առողջության համար անվտանգ շրջակա միջավայրում:

(20-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

21. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ:

(21-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ X.

Առողջությունը

 

22. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի առաջին բժշկական օգնության ծառայությամբ և բժշկական սարքավորումներով:

Ֆիզիկական և մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների` հատուկ մասնագիտացված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի հոգեբանական, կանխարգելիչ, դեղորայքային, վերականգնողական ծառայություններով:

(22-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

23. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, ֆիզկուլտուրա և սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ:

(23-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

24. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխային ապահովում է սեռական հասունացման, անվտանգ սեռական կյանքի, ինչպես նաև ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության բացասական հետևանքների մասին խորհրդատվությամբ:

(24-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

25. Յուրաքանչյուր երեխա համապատասխան բժշկական հաստատության կողմից ենթարկվում է բազմամասնագիտական բժշկական հետազոտման` համաձայն անհատական ցուցումների:

Մանկատան բուժօգնության կազմակերպման գործընթացի մեթոդական և խորհրդատվական օգնությունն իրականացնում է տվյալ մանկատան տարածքն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը:

Մանկատանը յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է երեխայի բժշկական քարտ:

 

Չափորոշիչ XI.

Կրթությունը և դաստիարակությունը

 

26. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, անձի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակություններն ու պահանջմունքները:

(26-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

27. Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունն ապահովում է երեխայի հանրակրթությունը, որպես կանոն, համայնքի հանրակրթական դպրոցներում, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղավորում հատուկ հանրակրթական դպրոցներում:

(27-րդ կետը լրաց. 08.09.05 N 1454-Ն)

28. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի, նրա ծնողական իրավունքից չզրկված ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ հարազատների (նրանց առկայության դեպքում) մասնակցությունը երեխայի կրթության հարցերին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին:

(28-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

29. Մանկատանը մշակվում և իրականացվում է երեխայի անձի զարգացման հատուկ ծրագիր, որում նախատեսվում են անհատական պարապմունքներ, տնային հանձնարարությունների կատարում, ընթերցանություն, ակտիվ խաղեր, մասնագիտական կողմնորոշում, մանկատան տնտեսական (սննդի պատրաստում և ընտրություն, սանիտարական մաքրություն և այլն) աշխատանքներին և լրացուցիչ, արտադասարանային խմբակներին (սպորտային, գեղարվեստական, տեխնիկական) մասնակցություն` ըստ երեխայի հակումների, հետաքրքրությունների, որոնք կարող են կազմակերպվել ինչպես մանկատան ներսում, այնպես էլ մանկատնից դուրս:

 

Չափորոշիչ XII.

Ազատ ժամանցը

 

30. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ներգրավումն իր ազատ ժամանցի` զբաղմունքի տեսակների ընտրությանը և պլանավորմանը:

(30-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

31. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխաների մասնակցությունն էքսկուրսիաներին, սպորտային և մշակութային միջոցառումներին:

(31-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XIII.

Հաղորդակցումը մշակութային արժեքներին

 

32. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ազգային պատկանելության գիտակցության ձևավորումը` ազգային ավանդույթների, սովորույթների, ծեսերի և ծիսակատարությունների իմացությունը:

(32-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

33. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի` ընտանիքին պատկանելության գիտակցության ձևավորումը, սեռային դերերի գիտակցումը:

(33-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

34. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը նպաստում է երեխայի մարդասիրական արժեքների ձևավորմանը, նրա մտքի և խղճի ազատության պահպանմանը:

(34-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XIV.

Մանկատան աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները

 

35. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ինքնուրույնության, անկախության և սեփական արժանապատվության գիտակցության ձևավորումը` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության բարյացակամության, փոխօգնության և համագործակցության վրա:

(35-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

36. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի ինքնաճանաչմանը, ինքնագիտակցության զարգացմանը և ինքնահաստատմանը նպաստող մոտեցումներ:

37. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անհրաժեշտության դեպքում հետևողական աշխատանք է տանում երեխաների օրինավոր վարքագծի ձևավորման համար:

(37-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

38. Մանկատանն անհնազանդ, անկառավարելի երեխայի նկատմամբ կիրառվում է համապատասխան մանկավարժական մոտեցում` մեթոդներ, հնարներ` հաշվի առնելով նրա տարիքը և զարգացման աստիճանը: Արգելվում է որևէ պատժամիջոցի (ներառյալ նաև սննդի, հանգստի և անձնական հիգիենայի պայմանների, ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների, հարազատների հետ տեսակցության սահմանափակումների) կիրառումը:

39. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը երեխայի ծնողներին կամ նրա օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է երեխայի կատարած իրավախախտումների և նրա նկատմամբ իրավասու մարմինների կիրառած պատասխանատվության միջոցների մասին:

(39-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

40. Մանկատան ղեկավարությունը երեխայի կողմից երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ինքնակամ լքելու (երբ անհայտ է երեխայի գտնվելու վայրը) և անհարգելի բացակայության (երբ երեխան գնացել է տուն և ժամանակին չի վերադարձել) դեպքերում ահազանգում է նրա ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) և ոստիկանության համապատասխան մարմիններին:

(40-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

41. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անձնակազմին, ծնողական իրավունքից չզրկված ծնողներին և երեխաներին ապահովում է հոգեբանական խորհրդատվությամբ` նրանց միջանձնային հարաբերությունները շտկելու, հարթելու համար:

(41-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XV.

Երեխայի կապն ընտանիքի, հարազատների հետ

 

42. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի կապն ընտանիքի և հարազատների հետ: Երեխայի խնամքը, նրա սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, ընտանիքի հետ հարաբերությունները պլանավորվում, կազմակերպվում և իրականացվում են` ելնելով երեխայի շահերից:

(42-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

43. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի կապն ընկերների, շրջապատի հետ, եթե դա բխում է նրա շահերից:

(43-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XVI.

Երեխայի հետ տեսակցությունը

 

44. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների կամ հարազատների տեսակցությունը երեխայի հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ հարազատները գտնվում են ոչ սթափ կամ հակահիգիենիկ վիճակում:

(44-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XVII.

Կապի միջոցները

 

45. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի կապի անհրաժեշտ միջոցներով, ինչպես նաև հանդիպումների առանձնասենյակով:

(45-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XVIII.

Հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը

 

46. Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը շրջանավարտի համար կազմում է նրա հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը:

(46-րդ կետը լրաց. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XIX.

Խորհրդատվություն, տեղեկատվություն` շրջանավարտին

 

47. Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունն ապահովում է 14-18 տարեկան երեխաների մասնագիտական կողմնորոշումը, աջակցումը նրանց աշխատանքի տեղավորմանը` համագործակցելով զբաղվածության տարածքային մարմինների և գործատուների հետ:

Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը շրջանավարտին տրամադրում է տեղեկատվություն սոցիալական աջակցություն տրամադրող կառույցների մասին (սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, զբաղվածության կենտրոններ, հասարակական կազմակերպություններ և այլն):

(47-րդ կետը լրաց. 08.09.05 N 1454-Ն)

 

Չափորոշիչ XX.

Մանկատնից դուրս գրվող երեխայի փաստաթղթերը

 

48. Մանկատունը մանկատնից դուրս գրվող շրջանավարտներին կամ հարազատ ընտանիք վերադարձող, որդեգրվող, խնամակալության (հոգաբարձության), խնամատար ընտանիք հանձնվող բոլոր երեխաներին ապահովում է համապատասխան փաստաթղթերով (ծննդյան վկայական/անձնագիր, բժշկական քարտ, կերակրողին կորցնելու կենսաթոշակի իրավունք ունեցող երեխային` երեխայի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին տեղեկանք, ինչպես նաև նրա գույքային իրավունքները հավաստող փաստաթղթեր` եթե այդպիսիք կան):

49. Մանկատան շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է միանվագ դրամական օգնություն` 50.000 դրամի չափով:

 

Չափորոշիչ XXI.

Աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը

 

50. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի համար ապահովում է մանկատան ղեկավարի կողմից հաստատված` սույն չափորոշիչներին համապատասխանող աշխատանքի նկարագիրը:

(50-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

51. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխաների հետ անմիջական աշխատողների պարբերական մասնագիտական վերապատրաստումը և բժշկական ստուգումը:

(51-րդ կետը փոփ. 08.09.05 N 1454-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան