ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 819-Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևին հավանություն տալու մասին» N 1361-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի` հաստատել`
ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 9 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևին հավանություն տալու մասին» N 1361-Ա որոշմամբ:
2. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրները սահմանված ընթացակարգերով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերը և այլ գույքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացի կազմակերպումը և ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունները վարձակալի միջոցով իրականացնելու համար մրցույթով վարձակալի ընտրությունն է:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) հաստատում է մրցույթի արդյունքները, որից հետո` լիազորված պետական կառավարման մարմինը մրցույթի արդյունքները սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.
բ) սահմանում է մրցույթին մասնակցության վճարի և նախավճարի չափերն ու վճարման կարգը և ժամկետները.
գ) հաստատում է մրցույթի անցկացման ժամանակացույցը.
դ) իրականացնում է հանձնաժողովի խնդիրների իրականացմանն ուղղված այլ գործառույթներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:
6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին` բացառությամբ սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքի:
7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալի ձայնը վճռորոշ է:
9. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամների կողմից ստացված առաջարկությունները: Նիստի օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին` նրանց տրամադրելով նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերվող համապատասխան նյութերը:
10. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների համապատասխան մասնագետները` նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ, ինչպես նաև հանձնաժողովի առնվազն 3 անդամի պահանջով:
Հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև համապատասխան ոլորտի խորհրդատուներ ու փորձագետներ:
11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որտեղ նշվում են նաև անվանական քվեարկության արդյունքները:
12. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
13. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում:
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
բ) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
15. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.
բ) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
գ) անհրաժեշտության դեպքում 3-օրյա ժամկետում ներկայացնում են նիստի արձանագրության վերաբերյալ իրենց կարծիքները.
դ) հանձնաժողովի նիստին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին:
16. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) հանձնաժողովին է տրամադրում հանձնաժողովի գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին` ստորագրության համար.
դ) հանձնաժողովի նիստի արձանագրությունը նիստի գումարումից հետո 5-օրյա ժամկետում բաժանում է հանձնաժողովի անդամներին.
ե) վարում է մրցույթի հայտերի գրանցամատյանը.
զ) ապահովում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի պահպանումը:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱՐՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
17. Մրցույթի հայտերը ներկայացվում են հանձնաժողովին և ընդունվում մինչև դրա համար մրցույթի հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մրցույթի հայտերի ստացման վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարը հայտերի գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում:
18. Մրցույթի հայտերի ծրարները բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, հանձնաժողովի նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի առնվազն երկու երրորդը:
19. Մրցույթի հայտերի ծրարների բացման նիստում հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովին ներկայացնում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին, հանձնաժողովի նախագահին է հանձնում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը:
20. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովի նախագահին հանձնելուց հետո հանձնաժողովը գնահատում է մրցույթի հայտեր պարունակող ծրարների համապատասխանությունը սահմանված կարգին և բացում է համապատասխանող հայտերի` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարները` բացառությամբ ֆինանսական (գնային) առաջարկներ պարունակող ծրարների, որոնք պահվում են չհրկիզվող պահարանում:
21. Հանձնաժողովի նախագահը հրապարակում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստի օրը, ժամը և վայրը:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
22. Հանձնաժողովն իր որոշմամբ, ստեղծում է մրցութային հայտերը գնահատող խումբ: Հանձնաժողովի քարտուղարը գնահատող խմբի անդամներին է ներկայացնում հայտատուների առաջարկները և մրցույթի հրավերով նախատեսված չափորոշիչներին համապատասխան կազմված գնահատման թերթիկները: Գնահատող խմբի անդամը սահմանված չափորոշիչների համաձայն գնահատում է հայտատուների առաջարկները և լրացնում գնահատման թերթիկը, ստորագրում ու սահմանված ժամկետում այն ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին:
(22-րդ կետը փոփ. 23.12.04 N 869-Ն)
23. Հանձնաժողովի քարտուղարն ամփոփում է ստացված գնահատման թերթիկներում պարունակվող անհատական գնահատումները (միավորները), դրանց հիման վրա կազմում ընդհանուր արդյունքների ամփոփաթերթը և այն հանձնում հանձնաժողովի անդամներին:
24. Հանձնաժողովը գնահատման թերթիկների և ամփոփաթերթի հիման վրա հաստատում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքները և նույն օրը նշանակում ֆինանսական առաջարկների ծրարների բացման ժամկետը:
25. Ֆինանսական առաջարկների ծրարները բացում է հանձնաժողովը:
26. Մրցույթի հայտերի գնահատման ժամանակ, մրցույթի հրավերով նախատեսված չափորոշիչներից բացի, այլ չափորոշիչների օգտագործումն անթույլատրելի է:
27. Հանձնաժողովի անդամներն առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին` իրենց առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Բացատրություններ և պարզաբանումներ ստանալու ընթացքում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը, և (կամ) պահանջվել և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՆԻՍՏԸ
28. Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջին օրվանից հետո կայանալիք հանձնաժողովի նիստում որոշվում է մրցույթի արդյունքներն ամփոփող նիստի ժամկետը, որտեղ հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին կամ մրցույթը չկայացած է հայտարարում:
29. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփող նիստում հրապարակում է հաղթող առաջարկվող մրցույթի մասնակցին և հիմնավորում նրա ընտրությունը կամ հայտարարում է մրցույթը չկայացած լինելու մասին:
30. Մրցույթին առաջարկներ ներկայացրած մասնակիցներին և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունները ներկայացնող դիտորդներին հնարավորություն է տրվում ներկա լինելու ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը, եթե հանձնաժողովն այլ որոշում չի ընդունում:
31. Հանձնաժողովի կողմից մրցույթի առաջարկների քննարկմանը և որոշումների ընդունմանը, բացի հանձնաժողովի անդամներից, այլ անձինք չեն մասնակցում:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
32. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
33. Հանձնաժողովի գործունեության դադարումից (հանձնաժողովի լուծարումից) հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Անդրեասյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Գ. Մարտիրոսյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Մ. Միքայելյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ն. Գրիգորյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Մարկոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Ա. Ներսիսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
Վ. Ավոյան |
- «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |