ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 930-Ն
«ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 18-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 673-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գիլան» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» N 673-Ն որոշման` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասի բազայի վրա:
2. Արգելավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասի նախալեռնային գոտում` ծովի մակերևույթից 1330-1400 մետր բարձրության վրա` զբաղեցնելով 118 հեկտար տարածք:
3. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը կիսաանապատային և նախալեռնային էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի, պատմամշակութային արժեքների ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
4. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները կիսաանապատային և նախալեռնային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական և բուսական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.
3) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
6. Արգելավայրի տարածքում արգելվում են`
1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
3) անասունների արածեցումը.
4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).
10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.
11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
12) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).
13) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
7. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`
1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը.
2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
3) սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.
4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը` հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.
5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.
6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
7) գիտահետազոտական ուսումնասիրություններ:
8. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2011, N 866-Ն | 16.07.2011, N 930-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|