Գլխավոր տեղեկություն
Номер
N 1324-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2005-29.09.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.13/55(354) Հոդ.1146
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2004
Дата вступления в силу
23.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1324-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. Հաստատել մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին», «Մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի նվազագույն սննդի, հագուստի և անձնական օգտագործման պարագաների տեսականին և քանակը հաստատելու մասին» և «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) անձնակազմում անհրաժեշտ մասնագետների կազմը և նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

(3-րդ կետը փոփ. 03.02.05 N 87-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 17-րդ կետն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշման

 

ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Սույն չափորոշիչները կիրառվում են Հայաստանի Հանրապետության մանկատներում (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):

 

Չափորոշիչ I.

Տեղեկատվությունը

 

1. Մանկատունն անձնակազմին և այցելուներին ապահովում է հետևյալ տեղեկատվությամբ`

ա) մանկատան կանոնադրական նպատակների, խնդիրների, գործառույթների, անձնակազմի աշխատանքային առանձնահատկությունները սահմանող և աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող աշխատանքային կարգապահական ներքին կանոնների, ինչպես նաև գտնվելու վայրի (հասցե), հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի, տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնատար անձի (անունը, ազգանունը, պաշտոնը) մասին.

բ) մանկատան գործունեության, այդ թվում` մանկատան հիմնադրման, նրա պատմության, ավանդույթների, հիշարժան իրադարձությունների, անձնակազմի, մանկատանը խնամվող երեխաների խնամքի ու դաստիարակության իրականացման առանձնահատկությունների, այլ կազմակերպությունների և առանձին բարերարների կողմից ցուցաբերվող աջակցության ու համագործակցության մասին:

2. Մանկատունը երեխաներին ապահովում է կարևոր տեղեկատվությամբ` մատուցվող ծառայությունների, շենքի պայմանների, հատուկ դեպքերում տարահանման հնարավորությունների, մանկատանը հարող տարածքի, արտակարգ իրավիճակներում ժամանակին օգնություն ցուցաբերելու, պաշտպանելու և այլնի մասին` հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:

 

Չափորոշիչ II.

Երեխայի իրավունքների պաշտպանությունը

 

3. Մանկատանը երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Մանկատունն ապահովում է երեխայի և նրա շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` մանկատան անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու իրավունքի իրացումը, սահմանում է օրենքին համապատասխանող բողոքարկման ներքին կարգ և պահում հատուկ արկղ` բողոքների և առաջարկությունների համար:

5. Մանկատունն ապահովում է երեխայի անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոններին համապատասխան:

6. Մանկատունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի պաշտպանությունը`

ա) հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

բ) դաժան վերաբերմունքից,

գ) աշխատանքի շահագործումից,

դ) հանցագործություններից,

ե) անուշադրությունից և անարդարությունից,

զ) առողջությունը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Երեխայի շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` մանկատան անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու դեպքում մանկատունն իրականացնում է երեխայի իրավունքի պաշտպանության համարժեք միջոցառումներ:

7. Մանկատունը պետք է ունենա երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյան:

8. Մանկատունը տրամադրում է հարմարավետ, անվտանգ, հուսալի ավտոտրանսպորտային միջոցներ` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար:

 

Չափորոշիչ III.

Երեխայի մուտքը մանկատուն և նրա ինտեգրումը

 

9. Մանկատունն ապահովում է նոր ընդունված երեխայի ծանոթությունը մանկատան անձնակազմի և խնամվող երեխաների հետ: Երեխային թույլատրվում է իր հետ բերել շրջապատի համար վտանգ չներկայացնող իրեր և ընտանի կենդանիներ, եթե մանկատան պայմանները թույլ են տալիս:

Մանկատունն ապահովում է երեխայի անձնական թանկարժեք իրերի պահպանությունը:

Երեխայի ինտեգրումը մանկատանն ապահովվում է հաշվի առնելով նրա նոր սոցիալական միջավայրին հարմարվելու անհատական առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամ երեխայի միջավայրին հարմարվելու, նրան անկախ և ինքնուրույն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

10. Մանկատանը երեխաների խնամքն ու նրանց հետ աշխատանքն իրականացվում են սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրին համապատասխան:

Մանկատանը գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը մշակում, իրականացնում և պարբերաբար վերանայում են մանկատան համապատասխան աշխատողները (մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ): Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ օրինական ներկայացուցիչներ կամ հարազատներ ունեցող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց կարծիքը:

 

Չափորոշիչ IV.

Խնամքը

 

11. Մանկատունը կազմակերպում է երեխայի խնամքը մանկատանը գտնվելու ամբողջ ժամանակահատվածում` մինչև նրա չափահաս դառնալը կամ մինչև երեխային հարազատ ընտանիք վերադարձնելը կամ այլընտրանքային ընտանիքում (որդեգրողի, խնամատարի, խնամակալի, հոգաբարձուի) տեղավորելը` ապահովելով խնամքի շարունակականության սկզբունքը, ստեղծելով հնարավորինս ընտանեկանին մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ:

 

Չափորոշիչ V.

Սնունդը

 

12. Մանկատանը երեխան ապահովվում է առողջ, անհրաժեշտ քանակի և տարիքին համապատասխան սննդով:

13. Մանկատունը` բժշկի ցուցումով, ապահովում է անհատական մոտեցում հիվանդ, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ:

 

Չափորոշիչ VI.

Հագուստը

 

14. Մանկատունը երեխային ապահովում է հագուստով և անձնական օգտագործման պարագաներով` ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից: Վեց տարին լրացած երեխան մանկատան տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սահմաններում կարող է մասնակցել իր հագուստի և անձնական օգտագործման պարագաների ընտրությանը:

 

Չափորոշիչ VII.

Կարիքները և պահանջմունքները

 

15. Մանկատունն ապահովում է առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ:

 

Չափորոշիչ VIII.

Երեխայի մանր ծախսերը

 

16. Մանկատունը դպրոցում սովորող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:

Անձնական մանր ծախսերի համար`

7-12 տարեկան երեխաներին տրվում է ամսական 2 հազ. դրամ,

13-18 տարեկան երեխաներին տրվում է ամսական 3 հազ. դրամ:

Պետական մանկատներում խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ոչ պետական մանկատներում խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարները տրամադրվում են տվյալ մանկատան սեփական միջոցների հաշվին:

 

Չափորոշիչ IX.

Տարածքը, տարածքի անվտանգությունը

 

17. Մանկատունը երեխային ապահովում է կյանքի համար անվտանգ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան բնակելի տարածությամբ` հաշվի առնելով նրա սեռը, տարիքը և առողջական վիճակը:

18. Մանկատունը պետք է ունենա տարահանման պլան, մանկատան անձնակազմը պետք է անցնի քաղաքացիական պաշտպանության ուսուցում` արտակարգ իրավիճակներում համապատասխան կերպով գործելու նպատակով` առանձնակի ուշադրություն դարձնելով հաշմանդամ երեխաների տարահանման նախապատրաստմանը:

19. Մանկատան տարածքը պետք է ապահովված լինի հրդեհից փրկվելու համար նախատեսված հատուկ ելքերով, ազդանշանային համակարգով և հակահրդեհային համապատասխան սարքավորումներով:

20. Մանկատունը պետք է կառուցված լինի առողջության համար անվտանգ շրջակա միջավայրում:

21. Մանկատունը պետք է ունենա երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ:

 

Չափորոշիչ X.

Առողջությունը

 

22. Մանկատունը պետք է ապահովված լինի առաջին բժշկական օգնության ծառայությամբ և բժշկական սարքավորումներով:

Ֆիզիկական և մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների` հատուկ մասնագիտացված մանկատունը պետք է ապահովված լինի հոգեբանական, կանխարգելիչ, դեղորայքային, վերականգնողական ծառայություններով:

23. Մանկատունն ապահովում է երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, ֆիզկուլտուրա և սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ:

24. Մանկատունը երեխային ապահովում է սեռական հասունացման, անվտանգ սեռական կյանքի, ինչպես նաև ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության բացասական հետևանքների մասին խորհրդատվությամբ:

25. Յուրաքանչյուր երեխա համապատասխան բժշկական հաստատության կողմից ենթարկվում է բազմամասնագիտական բժշկական հետազոտման` համաձայն անհատական ցուցումների:

Մանկատան բուժօգնության կազմակերպման գործընթացի մեթոդական և խորհրդատվական օգնությունն իրականացնում է տվյալ մանկատան տարածքն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը:

Մանկատանը յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է երեխայի բժշկական քարտ:

 

Չափորոշիչ XI.

Կրթությունը և դաստիարակությունը

 

26. Մանկատունն ապահովում է երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, անձի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակություններն ու պահանջմունքները:

27. Մանկատունն ապահովում է երեխայի հանրակրթությունը, որպես կանոն, համայնքի հանրակրթական դպրոցներում, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղավորում հատուկ հանրակրթական դպրոցներում:

28. Մանկատունն ապահովում է երեխայի, նրա ծնողական իրավունքից չզրկված ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ հարազատների (նրանց առկայության դեպքում) մասնակցությունը երեխայի կրթության հարցերին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին:

29. Մանկատանը մշակվում և իրականացվում է երեխայի անձի զարգացման հատուկ ծրագիր, որում նախատեսվում են անհատական պարապմունքներ, տնային հանձնարարությունների կատարում, ընթերցանություն, ակտիվ խաղեր, մասնագիտական կողմնորոշում, մանկատան տնտեսական (սննդի պատրաստում և ընտրություն, սանիտարական մաքրություն և այլն) աշխատանքներին և լրացուցիչ, արտադասարանային խմբակներին (սպորտային, գեղարվեստական, տեխնիկական) մասնակցություն` ըստ երեխայի հակումների, հետաքրքրությունների, որոնք կարող են կազմակերպվել ինչպես մանկատան ներսում, այնպես էլ մանկատնից դուրս:

 

Չափորոշիչ XII.

Ազատ ժամանցը

 

30. Մանկատունն ապահովում է երեխայի ներգրավումն իր ազատ ժամանցի` զբաղմունքի տեսակների ընտրությանը և պլանավորմանը:

31. Մանկատունն ապահովում է երեխաների մասնակցությունն էքսկուրսիաներին, սպորտային և մշակութային միջոցառումներին:

 

Չափորոշիչ XIII.

Հաղորդակցումը մշակութային արժեքներին

 

32. Մանկատունն ապահովում է երեխայի ազգային պատկանելության գիտակցության ձևավորումը` ազգային ավանդույթների, սովորույթների, ծեսերի և ծիսակատարությունների իմացությունը:

33. Մանկատունն ապահովում է երեխայի` ընտանիքին պատկանելության գիտակցության ձևավորումը, սեռային դերերի գիտակցումը:

34. Մանկատունը նպաստում է երեխայի մարդասիրական արժեքների ձևավորմանը, նրա մտքի և խղճի ազատության պահպանմանը:

 

Չափորոշիչ XIV.

Մանկատան աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները

 

35. Մանկատունն ապահովում է երեխայի ինքնուրույնության, անկախության և սեփական արժանապատվության գիտակցության ձևավորումը` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության բարյացակամության, փոխօգնության և համագործակցության վրա:

36. Մանկատունն ապահովում է երեխայի ինքնաճանաչմանը, ինքնագիտակցության զարգացմանը և ինքնահաստատմանը նպաստող մոտեցումներ:

37. Մանկատունն անհրաժեշտության դեպքում հետևողական աշխատանք է տանում երեխաների օրինավոր վարքագծի ձևավորման համար:

38. Մանկատանն անհնազանդ, անկառավարելի երեխայի նկատմամբ կիրառվում է համապատասխան մանկավարժական մոտեցում` մեթոդներ, հնարներ` հաշվի առնելով նրա տարիքը և զարգացման աստիճանը: Արգելվում է որևէ պատժամիջոցի (ներառյալ նաև սննդի, հանգստի և անձնական հիգիենայի պայմանների, ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների, հարազատների հետ տեսակցության սահմանափակումների) կիրառումը:

39. Մանկատունը երեխայի ծնողներին կամ նրա օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է երեխայի կատարած իրավախախտումների և նրա նկատմամբ իրավասու մարմինների կիրառած պատասխանատվության միջոցների մասին:

40. Մանկատան ղեկավարությունը երեխայի կողմից մանկատունն ինքնակամ լքելու (երբ անհայտ է երեխայի գտնվելու վայրը) և անհարգելի բացակայության (երբ երեխան գնացել է տուն և ժամանակին չի վերադարձել) դեպքերում ահազանգում է նրա ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) և ոստիկանության համապատասխան մարմիններին:

41. Մանկատունն անձնակազմին, ծնողական իրավունքից չզրկված ծնողներին և երեխաներին ապահովում է հոգեբանական խորհրդատվությամբ` նրանց միջանձնային հարաբերությունները շտկելու, հարթելու համար:

 

Չափորոշիչ XV.

Երեխայի կապն ընտանիքի, հարազատների հետ

 

42. Մանկատունն ապահովում է երեխայի կապն ընտանիքի և հարազատների հետ: Երեխայի խնամքը, նրա սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, ընտանիքի հետ հարաբերությունները պլանավորվում, կազմակերպվում և իրականացվում են` ելնելով երեխայի շահերից:

43. Մանկատունն ապահովում է երեխայի կապն ընկերների, շրջապատի հետ, եթե դա բխում է նրա շահերից:

 

Չափորոշիչ XVI.

Երեխայի հետ տեսակցությունը

 

44. Մանկատունն ապահովում է ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների կամ հարազատների տեսակցությունը երեխայի հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ հարազատները գտնվում են ոչ սթափ կամ հակահիգիենիկ վիճակում:

 

Չափորոշիչ XVII.

Կապի միջոցները

 

45. Մանկատունը պետք է ապահովված լինի կապի անհրաժեշտ միջոցներով, ինչպես նաև հանդիպումների առանձնասենյակով:

 

Չափորոշիչ XVIII.

Հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը

 

46. Մանկատունը շրջանավարտի համար կազմում է նրա հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը:

 

Չափորոշիչ XIX.

Խորհրդատվություն, տեղեկատվություն` շրջանավարտին

 

47. Մանկատունն ապահովում է 14-18 տարեկան երեխաների մասնագիտական կողմնորոշումը, աջակցումը նրանց աշխատանքի տեղավորմանը` համագործակցելով զբաղվածության տարածքային մարմինների և գործատուների հետ:

Մանկատունը շրջանավարտին տրամադրում է տեղեկատվություն սոցիալական աջակցություն տրամադրող կառույցների մասին (սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, զբաղվածության կենտրոններ, հասարակական կազմակերպություններ և այլն):

 

Չափորոշիչ XX.

Մանկատնից դուրս գրվող երեխայի փաստաթղթերը

 

48. Մանկատունը մանկատնից դուրս գրվող շրջանավարտներին կամ հարազատ ընտանիք վերադարձող, որդեգրվող, խնամակալության (հոգաբարձության), խնամատար ընտանիք հանձնվող բոլոր երեխաներին ապահովում է համապատասխան փաստաթղթերով (ծննդյան վկայական/անձնագիր, բժշկական քարտ, կերակրողին կորցնելու կենսաթոշակի իրավունք ունեցող երեխային` երեխայի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին տեղեկանք, ինչպես նաև նրա գույքային իրավունքները հավաստող փաստաթղթեր` եթե այդպիսիք կան):

49. Մանկատան շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է միանվագ դրամական օգնություն` 50.000 դրամի չափով:

 

Չափորոշիչ XXI.

Աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը

 

50. Մանկատունն աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի համար ապահովում է մանկատան ղեկավարի կողմից հաստատված` սույն չափորոշիչներին համապատասխանող աշխատանքի նկարագիրը:

51. Մանկատունն ապահովում է երեխաների հետ անմիջական աշխատողների պարբերական մասնագիտական վերապատրաստումը և բժշկական ստուգումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան