Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.10.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
10.10.2007
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
10.10.2007
Дата вступления в силу
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-389

Քաղաքացիական գործ թիվ 3-1451 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
դատավորներ՝ Ա. Թումանյան
  Տ. Սահակյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Միխաել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` Միխաել Սիմոնյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Մարուսյա Աբրահամյանը և Ռուբիկ Սիմոնյանը պահանջել են փոխհատուցմամբ դադարեցնել Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տան նկատմամբ և վտարել:

Հակընդդեմ հայցով Միխաել Սիմոնյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել վերը նշված տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը տան մասի և կից հողատարածքի մասի նկատմամբ:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.09.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցի հայցապահանջի` սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխաել Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռուբիկ Սիմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Մակիչ Սիմոնյանը 1963 թվականին վաճառել է Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի իրենց բնակարանը և ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանի Նորագավիթ 2 փողոցի 28 հասցեի Սուսաննա Զաքարյանի տանը, որը 1966 թվականին վիճելի բնակարանը նվիրել է Մակիչ Սիմոնյանի ավագ որդուն` Մելիք Սիմոնյանին: 1967 թվականի մարտի 19-ին ընտանեկան անհաշտության պատճառով Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի միջև վկաների ներկայությամբ կնքվել է համաձայնագիր, համաձայն որի վիճելի տունը և հողամասը բաժանվել է երկու հավասար մասերի:

Երևանի Լենինյան շրջանի ժողդատարանի 01.11.1983 թվականի կայացված վճռով հաստատվել է Մելիք Սիմոնյանի սեփականության իրավունքը վեճի առարկա տան նկատմամբ, սակայն հետագայում` հայցվորը ավելի քան 15 տարվա ընթացքում իր սեփականության իրավունքով պատկանող գույքից պատասխանողին վտարելու մասին որևէ պահանջ չի ներկայացրել:

Բացի այդ, հայցվորը երբևիցե չի կատարել պատասխանողի կողմից զբաղեցրած տարածքի գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված վճարումները, ինչպես նաև վերջիններիս հետ պայմանագրերի կնքումը: Ուստի, հայցվորի գործողություններից բխում է, որ վերջինս հրաժարվել է իրեն պատկանող սեփական գույքի այդ մասից:

Փոխարենը պատասխանողները 1983 թվականից սկսած բացահայտ, բարեխղճորեն և անընդմեջ տիրապետում են տան վիճելի տարածքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Դատարանի 14.09.2006 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Բողոք բերած անձի կողմից վկայակոչված նյութական իրավունքի նորմերը տվյալ գործով կիրառելի չեն, քանի որ դրանք կարգավորվում են բացառապես տիրազուրկ գույքի օգտագործման հետևանքով առաջացող հարաբերությունները:

Սույն քաղաքացիական գործում առկա են բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ վիճելի գույքը երբեք տիրազուրկ չի եղել և ներկայումս էլ այն սեփականության իրավունքով պատկանում է հայցվորներին: Ավելին, պատասխանողները նշված տան նկատմամբ ունեցել են բնակելի տարածության օգտագործման իրավունք, որից բխող հարաբերությունները ենթակա էին կարգավորման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով, որն էլ դատարանի կողմից իրավացիորեն կիրառվել է:

Ակնհայտ է, որ պատասխանողները, որպես օգտագործողներ, բնակվելով այդ տանը, իրավունք ունեին բացահայտ օգտագործել այն, միաժամանակ, նրանք պարտավոր էին հոգալ իրենց օգտագործման հետևանքով առաջացած բոլոր ծախսերը: Այսպիսով, վերջիններիս կողմից իրենց իրավունքի իրականացումը, ինչպես նաև դրանից բխող պարտականությունների կատարումը որևէ կերպ չի նշանակում, որ նրանք գույքն օգտագործել են որպես սեփական գույք և այդ գործողությունները չեն կարող հիմք հանդսանալ վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 19.03.1967 թվականին Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեն բաժանվել է երկու մասերի, որոնցից մեկում բնակվել է Միխաել Սիմոնյանի հայրը` Մակիչ Սիմոնյանը, իսկ մյուսում Ռուբիկ Սիմոնյանի հայրը` Մելիք Սիմոնյանը:

2) Երևանի Շենգավիթի թաղապետարանի 22.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն՝ Միքայել Սիմոնյանը 1962 թվականից բնակվում է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տանը:

3) Երևանի Լենինյան շրջանի ժողդատարանի 01.11.1983 թվականի վճռով հաստատվել է Մելիք Սիմոնյանի սեփականության իրավունքը Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեի նկատմամբ:

4) 1983 թվականից սկսած Միխաել Սիմոնյանը իր ընտանիքով տիրապետում է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեի իր մասը, մինչ օրս կատարում է բոլոր կոմունալ վճարումները:

5) Ռուբիկ Սիմոնյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ Միխաել Սիմոնյանին որևէ պահանջ չի ներկայացրել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման (կորստի) միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքը անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` Գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

19.03.1967 թվականի Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 հասցեն բաժանվել է երկու մասերի, որոնցից մեկում բնակվել է Միխաել Սիմոնյանի հայրը` Մակիչ Սիմոնյանը, իսկ մյուսում Ռուբիկ Սիմոնյանի հայրը` Մելիք Սիմոնյանը:

Երևանի Շենգավիթի թաղապետարանի 22.08.2006 թվականի տեղեկանքի համաձայն՝ Միքայել Սիմոնյանը 1962 թվականից բնակվում է Երևանի Նորագավիթ 2-րդ փողոցի թիվ 28 տանը: Միխաել Սիմոնյանը վիճահարույց գույքի տիրապետման ընթացքում, իրականացրել է դրա պահպանման ծախսերը, այդ հանգամանքը ընդունվել է նաև Ռուբիկ Սիմոնյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում: Բացի այդ Ռուբիկ Սիմոնյանը 1983 թվականից (վեճի առարկա տան նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պահից) որևէ պահանջ չի ներկայացրել Միխաել Սիմոնյանին իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից օգտվելը սահմանափակելու համար:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող՝ Մանվել Սիրաբեկյանը 10 տարվա ընթացքում, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է վեճի առարկա հողատարածքը, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Մասնավորապես, Միխաել Սիմոնյանի կողմից վեճի առարկա գույքի 10 տարի տիրապետման անընդմեջությունը և բացահայտությունը ուղղակիորեն հիմնավորվում է Երևանի Շենգավիթի թաղապետարանի 22.08.2006 թվականի տեղեկանքով: Այդ հանգամանքը, չի հերքվում նաև պատասխանողի կողմից:

Վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ այն երկու մասի է բաժանվել Մակիչ Սիմոնյանի և Մելիք Սիմոնյանի համաձայնությամբ: Այսինքն, տունը երկու մասերի բաժանելը, վերջինիս բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա տան այդ մասը տիրապետելու է որպես սեփականը, իսկ Ռուբիկ Սիմոնյանը Միխաել Սիմոնյանի կողմից գույքի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պահանջ չներկայացնելով փաստացի կատարել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են իր կողմից այդ գույքից հրաժարվելու մասին:

Ինչ վերաբերում է վեճի առարկա գույքը որպես սեփական գույք տիրապետմանը, ապա այն հիմնավորվում է այն հանգամանքով, որ Միխաել Սիմոնյանը վիճահարույց գույքի տիրապետման ընթացքում, իրականացրել է դրա պահպանման ծախսերը: Այդ հանգամանքը հաստատվել է նաև Ռուբիկ Սիմոնյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն պատճառաբանությանը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ գույքի նկատմամբ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակված չէ միայն տիրազուրկ գույքով: Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող մեկնաբանվել որպես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահանափակող դրույթ: Այն հանգամանքը, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով, ինքնին չի ենթադրում, որ նույն եղանակով սեփականության իրավունք չի կարող ձեռք բերվել այլ անշարժ գույքի նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալ երկու հոդվածները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել այն գույքի նկատմամբ, որը տիրազուրկ է (օրենքով սահմանված կարգով ճանաչվել է տիրազուրկ) կամ որը տիրազուրկ չէ, բայց դրա սեփականատերը օրենքով սահմանված ժամկետում անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել դրա նկատմամբ:

Այսպիսով, բողոքի հիմքերի հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն՝ վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատարանի վճռին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 14.09.2006 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան