«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2003 թվականի N 247-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի 2-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մարտի 13 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգն ընդգրկում է մաքսատները (այդ թվում` տարածաշրջանային) և մաքսային կետերը` հիմնարկների կարգավիճակով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեն կարող է ունենալ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի տիրապետման իրավունք:
7. Կոմիտեն իրավապահ մարմին է:
8. Կոմիտեի աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան կարող են լինել մաքսային ծառայողներ, իսկ կոմիտեի աշխատակազմի աշխատողները` քաղաքացիական ծառայողներ և մաքսային մարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Կոմիտեն ունի նաև հայեցողական պաշտոն: Քաղաքացիական ծառայության մեջ ընդգրկված` տեխնիկական սպասարկում իրականացնող և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակը, ինչպես նաև նրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով:
Կոմիտեում մաքսային և քաղաքացիական ծառայողների պաշտոնների դասակարգումն իրականացվում է «Մաքսային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
9. Կոմիտեի համակարգում աշխատող մաքսային ծառայողների համար նախատեսվում է համազգեստ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կարգը` կոմիտեի նախագահը:
10. Կոմիտեի պաշտոնատար անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային զենք:
11. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`
ա) իր իրավասության սահմաններում համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի պաշտպանվածության ապահովումը.
բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
գ) մաքսային վճարների գանձման և դրանք ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ապահովումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների գծով աշխատանքների ապահովումը.
դ) մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, քննումը ու բացահայտումը.
ե) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ապահովումը.
զ) մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման ապահովումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
է) մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը.
ը) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցելը.
թ) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովման միջոցառումներին աջակցելը.
ժ) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.
ժա) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.
ժբ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:
(11-րդ կետը լրաց. 10.05.07 N 535-Ն)
II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ֆիզիկական անձանց, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` անձինք) մասին տեղեկությունների (այդ թվում` անձանց կողմից իրականացված և իրականացման ենթակա մաքսային վճարումների) հավաքագրում.
բ) իր իրավասության սահմաններում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, մաքսատուրքի, պետական տուրքի, այլ պարտադիր վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացում.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխելիս մաքսասակագնային մեխանիզմների կիրառման, ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, ինչպես նաև մաքսային ռեժիմների նկատմամբ հսկողության ապահովում.
դ) մաքսային հսկողության ու ձևակերպումների կազմակերպում և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում.
ե) կրկնակի մաքսային հսկողության իրականացում.
զ) մաքսային քաղաքականության մշակմանը մասնակցություն.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային մեխանիզմների կատարելագործում.
ը) մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարում և իրավունքների իրացում, օտարերկրյա պետությունների մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների կազմակերպում, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի ու այլ նախագծերի պատրաստում.
թ) մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունների հավաքագրում.
ժ) մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների գործերով հետաքննության և նախաքննության կատարում.
ժա) մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթների իրականացում.
ժբ) մաքսային և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավախախտումների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում.
ժգ) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով` օրենքով սահմանված իրավասության սահմաններում համապատասխան միջոցառումների իրականացում.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի փոփոխությունների մասին անձանց իրազեկման ապահովում.
ժե) օրենքով սահմանված կարգով մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորման իրականացում և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ վերահսկողություն.
ժե1 ) հետբացթողումային հսկողության իրականացում.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում: (12-րդ կետը լրաց. 07.10.04 N 1389-Ն, փոփ., լրաց. 10.05.07 N 535-Ն)
III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:
Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Կոմիտեի նախագահը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:
14. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:
15. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Կոմիտեի նախագահը`
ա) կոմիտեին վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ը) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
թ) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
ժա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է հատուկ կոչումներ և դասային աստիճաններ, իջեցնում է հատուկ կոչումները և դասային աստիճանները կամ զրկում դրանցից.
ժգ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժդ) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համակարգի աշխատողներին.
ժե) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում կոմիտեի աշխատակազմի աշխատողներին.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
17. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:
18. Կոմիտեի նախագահի տեղակալը`
ա) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` կոմիտեի համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականները և առաջադրանքները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.
դ) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին զեկուցում կոմիտեի նախագահին.
ժ) կոմիտեի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
ժա) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
19. Կոմիտեի նախագահն ունի խորհրդականներ, օգնականներ և մամուլի քարտուղար, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխումը:
IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
20. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրն օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
21. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
22. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
23. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
24. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
25. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
26. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
27. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
28. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ:
29. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3:
V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
30. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
31. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:
32. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
33. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները` վարչություններ, քարտուղարություն, բաժիններ, մաքսատներ և մաքսակետեր:
34. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է կոմիտեի նախագահը:
VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
35. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը ու կոմիտեի նախագահը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:
36. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և կոմիտեի նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
39. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
40. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա փոխարինման հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
41. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`
ա) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
գ) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
դ) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ե) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
զ) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
է) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ը) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
թ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.`
ժ) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
ժբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
ժդ) ապահովում է աշխատակազմում մաքսային ծառայության և քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: (41-րդ կետը լրաց. 16.11.06 N 1641-Ն)
42. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
43. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
44. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
45. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
46. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչություն
Մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն
Մաքսասակագնային կարգավորման վարչություն
Տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչություն
Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն
Հետաքննության և իրավաբանական վարչություն
Մաքսային վերահսկողության վարչություն
Ֆինանսահաշվային վարչություն
Հետբացթողումային հսկողության վարչություն
Գործերի կառավարչություն
Քարտուղարություն
Ընդհանուր բաժին
Հատուկ բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ռադիոկապի ծառայություն
Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին
Քննչական բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մաքսատներ և մաքսային կետեր
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն
Արարատյան մաքսատուն
- Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ
Միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսատուն
«Զվարթնոց» մաքսատուն
Սյունիքի մաքսատուն
- Մեղրու մաքսային կետ
Գուգարքի մաքսատուն
- Բագրատաշենի մաքսային կետ
- Այրում-Ջիլիզայի մաքսային կետ
- Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ
Շիրակի մաքսատուն
- Բավրայի մաքսային կետ
- «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն
(Կառուցվածքը լրաց. 07.10.04 N 1389-Ն, փոփ. 22.09.06 N 1331-Ն, լրաց. 12.10.06 N 1532-Ն, փոփ. 16.11.06 N 1641-Ն, լրաց. 10.05.07 N 535-Ն, 11.10.07 N 1172-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |