ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2004 թվականի N 498-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 267 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության 17-րդ կետին համապատասխան
(նախաբանը խմբ. 30.03.06 N 218-Ն)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 267 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 2 |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և խորհրդի որոշումների կատարման ընթացակարգերը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Պարտադիր նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարվա առաջին և երրորդ եռամսյակների ընթացքում:
Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջ ներկայացնելուց 20 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
Խորհրդի նիստերը, բացառությամբ պարտադիր նիստերի, կարող են անցկացվել հարցման միջոցով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, էլեկտրոնային կամ այլ կապի միջոցներով: Եթե խորհրդի որոշման նախագիծը խորհրդի անդամին պատշաճ ուղարկվելուց կամ փոխանցվելուց հետո 5-օրյա ժամկետում խորհրդի անդամի կողմից պատասխան չի տրվում, ապա համարվում է, որ խորհրդի անդամը կողմ է որոշման նախագծին: Հարցման եղանակով սահմանված կարգով որոշում չընդունվելու դեպքում հարցը քննարկվում է խորհրդի առաջիկա նիստում:
(2-րդ կետը խմբ. 30.03.06 N 218-Ն)
3. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հիմնադրամի նախագահը:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով:
Խորհրդի նիստերն արձանագրվում են:
(4-րդ կետը փոփ. 30.03.06 N 218-Ն)
5. Խորհրդի նիստերը դռնբաց են: Դռնբաց նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խորհրդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր:
III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
(վերնագիրը փոփ. 30.03.06 N 218-Ն)
6. Խորհրդի նիստերն անցկացվում են սույն աշխատակարգի 2-րդ կետում սահմանված ժամկետում և կարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը, որոնք նշվում են նրա հաստատած` խորհրդի նիստի օրակարգի նախագծում: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հարց ներկայացնելու նիստի օրակարգում ընդգրկելու համար: Խորհրդին առաջարկություն ներկայացվում է նիստի օրակարգը հաստատելու ժամանակ:
(6-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 30.03.06 N 218-Ն)
7. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`
ա) քննարկման ենթակա հարցերը,
բ) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը,
գ) նիստին հրավիրված` խորհրդի անդամ չհանդիսացող անձանց անունները, ազգանունները,
դ) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
Խորհրդի յուրաքանչյուր առաջին պարտադիր նիuտում քննարկվում են հիմնադրամի նախորդ տարվա, իսկ երկրորդ նիստում` տվյալ տարվա բյուջեի կիսամյակային կատարողականի հաշվետվությունները: Հարցը ներկայացնում է հիմնադրամի նախագահը կամ հիմնադրամի համապատասխան պաշտոնատար անձը:
(7-րդ կետը փոփ., խմբ. 30.03.06 N 218-Ն)
8. Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են ուղարկվում նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
9. Խորհրդի նիստերն արձանագրվում են` սույն աշխատակարգի IV բաժնի համաձայն:
10. Խորհրդի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը, այդ թվում` նիստի հաստատված օրակարգի նախագծի և նիստում քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերի առաքումը խորհրդի անդամներին իրականացնում է հիմնադրամի աշխատակազմը:
(10-րդ կետը փոփ. 30.03.06 N 218-Ն)
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
11. Խորհրդի նիստերն արձանագրում է հիմնադրամի աշխատակազմը:
(11-րդ կետը փոփ. 30.03.06 N 218-Ն)
12. Խորհրդի որոշմամբ նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել:
13. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`
ա) նիստի օրակարգը,
բ) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները,
գ) քվեարկության դրված հարցերի ճշգրիտ ձևակերպումները, յուրաքանչյուր հարցի քվեարկության արդյունքները, ինչպես նաև ընդունված որոշումները,
դ) հրավիրված անձանց ցուցակը,
ե) նիստին ներկա` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը:
Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում` քվեարկության ներկայացված որոշումների նախագծերը, գրավոր զեկուցումների և ելույթների տեքստերը:
14. Նիստի արձանագրությունը կազմվում և 3 աշխատանքային օրվա ընթացքում և խորհրդի ընդունած որոշումների հետ միասին ստորագրության են ներկայացվում նիստը վարող անձին:
(14-րդ կետը փոփ. 30.03.06 N 218-Ն)
15. Խորհրդի նիստերի արձանագրությունները, քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը և ընդունված որոշումների բնօրինակները կարվում են հատուկ թղթապանակում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահվում հիմնադրամում:
16. Յուրաքանչյուր հարցի քվեարկության արդյունքները և ընդունված որոշումները նիստից հետո, 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են խորհրդի բոլոր անդամներին:
17. Խորհրդի անդամն իրավունք ունի ծանոթանալու նիստերի արձանագրություններին:
18. Նիստի արձանագրության և ելույթների, քննարկումների, քվեարկության արդյունքների, ընդունված որոշումների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում խորհրդի անդամն իրավունք ունի պահանջելու, որ արձանագրության տեքստը վերանայվի, և դրա մեջ կատարվեն համապատասխան լրացումներ ու փոփոխություններ: Նիստի տեսագրության կամ ձայնագրության բացակայության դեպքում նիստի արձանագրության տեքստում տեղ գտած անհամապատասխանությանն առնչվող վեճերը քննարկվում և լուծվում են խորհրդի նիստում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
(գլուխն ուժը կորցրել է 30.03.06 N 218-Ն)
VI. ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
23. Խորհրդի որոշումների կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամը` դրանց կատարման ընթացքի մասին պարբերաբար և խորհրդի որոշմամբ սահմանած ժամկետներում տեղեկատվություն տրամադրելով խորհրդի նախագահին: Հիմնադրամի նախագահը պատասխանատվություն է կրում խորհրդի որոշումները ժամանակին և ճշգրիտ կատարելու համար:
(23-րդ կետը փոփ. 30.03.06 N 218-Ն)
24. Խորհրդի պարտադիր նիստերում լսվում են խորհրդի նախկին նիստում ընդունված որոշումները կատարելու մասին հաշվետվությունները:
(24-րդ կետը փոփ. 30.03.06 N 218-Ն)
25. Խորհրդի նիստերը լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցներով:
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 30.03.06 N 218-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սարգսյան Վ. Խաչիկյան Լ. Գևորգյան Գ. Մալխասյան Ա. Պետրոսյան Պ. Սաֆարյան Վ. Տերտերյան Լ. Յոլյան Ռ. Քոչարյան Ա. Ղազարյան Բ. Խառատյան
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
- ՀՀ Նախագահի օգնական
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)
- ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
(կազմը խմբ. 10.03.05 N 144-Ն, փոփ. 23.12.05 N 1006-Ն, 30.03.06 N 218-Ն, խմբ. 23.07.07 N 491-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |