Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-1176 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1186
Նախագահող դատավոր՝

Տ. Սահակյան

դատավորներ՝

Ն. Հովսեփյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ դատարան) 03.05.2007 թվականի թիվ 07-1186 քաղաքացիական գործով կայացված «Վճռի շրջադարձ կատարելու դիմումը մերժելու մասին» որոշման դեմ ըստ Գյումրու քաղաքապետարանի դիմումի՝ վճռի շրջադարձ կատարելու մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 03.05.2007 թվականի թիվ 07-1186 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ մերժվել է վճռի շրջադարձ կատարելու մասին Գյումրու քաղաքապետարանի դիմումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռն ի կատար ածված լինելու և նշված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Լավրենտի Սուջյանի հայցն առանց քննության թողնվելու պայմաններում դատարանը չի բավարարել քաղաքապետարանի միջնորդությունը՝ վճռի կատարման շրջադարձի մասին:

Այնինչ վերոհիշյալ հոդվածների համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է, և հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին՝ նոր դատական ակտին համապատասխան: Վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը: Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի որոշման մեջ միայն նշվել է, որ «ուսումնասիրելով դիմումը, գործում եղած ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման»: Մինչդեռ, վերոհիշյալ հոդվածի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն այն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

 

3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ և 34-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անպատշաճ կողմ հանդիսացող Գյումրու քաղաքապետարանին չի փոխարինել պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեով, կամ վերջինիս գործին մասնակից չի դարձրել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:

Մինչդեռ, դատարանի կողմից վճիռ է կայացվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 03.05.2007 թվականի թիվ 07-1186 որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 29.08.2006 թվականի վճռով բավարարվել է Լավրենտի Սուջյանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, վավեր է ճանաչվել Լավրենտի Սուջյանի կողմից Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 9ա հասցեում ինքնակամ կառուցված 747,0 քմ մակերեսով բնակելի տան և 2123,08 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ գործարքը:

2) Վերոհիշյալ վճռի հիման վրա Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 9ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Լավրենտի Սուջյանի սեփականության իրավունքը և տրվել թիվ 2027075 վկայականը:

3) 26.10.2006 թվականին վերաքննիչ բողոք է բերվել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 29.08.2006 թվականի վճռի դեմ, որը վերադարձվել է բողոք բերելու համար սահմանված ժամկետը լրացած լինելու, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

4) Վճռաբեկ դատարանի 19.01.2007 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 06.12.2006 թվականի թիվ 06-4333 որոշումը:

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.03.2007 թվականի որոշմամբ Լավրենտի Սուջյանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին՝ նոր դատական ակտին համապատասխան: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում, վերաքննիչ բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Այսպիսով, սույն գործով հաստատված փաստերի հիման վրա 26.10.2006 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքը Վճռաբեկ դատարանի որոշումից հետո համարվել է վերաքննիչ դատարանում ընդունված 19.01.2007 թվականին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի (գործի քննության սահմանները վերաքննիչ դատարանում) հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածը (հայցն առանց քննության թողնելը) կիրառելի է վերաքննիչ վարույթում, և վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը համարվում է քաղաքացիական գործով կայացված նոր դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վճռի կատարման շրջադարձի հարցը ենթակա էր լուծման վերաքննիչ դատարանի կողմից.

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն այն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

 

Մինչդեռ, դատարանի որոշման մեջ ընդամենը հղում է կատարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներին և նշվել է. «ուսումնասիրելով դիմումը, գործում եղած ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման»:

Տվյալ դեպքում, դատարանը չի նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա մերժել է ներկայացված միջնորդությունը, ինչը հանգեցրել է այնպիսի հետևանքի, որ դատարանի որոշումից նույնիսկ Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է, թե դիմումը մերժվել է նոր դատական ակտ կայացրած դատարան չհանդիսանալու, դիմումով ներկայացված պահանջը վճռի շրջադարձով լուծման ենթակա հարց չլինելու, թե` այլ պատճառներով:

Բացի այդ, վերոհիշյալ նկատառումներով իրավական ակտի նորմի վրա հղում կատարելն առանց տվյալ նորմի կիրառման համապատասխան պատճառաբանություններ ներկայացնելու չի կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իմաստով դիտվել որպես «օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչում»:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր.

 

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկն անհիմն է, քանի որ որևէ կապ չունի վճռի շրջադարձ կատարելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշման հետ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի պահանջը խախտելու, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջները չկիրառելու պատճառաբանությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 03.05.2007 թվականի «Վճռի շրջադարձ կատարելու դիմումը մերժելու մասին» թիվ 07-1186 որոշումը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան