ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-5-Ո-15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Ե. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ, Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
նախագահությամբ | Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, |
Լ. Մեհրաբյանի, Ս. Անտոնյանի, | |
Հ. Մովսեսյանի, Ն. Տավարացյանի, | |
Մ. Մարտիրոսյանի, Մ. Սիմոնյանի, | |
Վ. Աբելյանի, Տ. Բարսեղյանի | |
քարտուղարությամբ |
Մ. Հարթենյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դարբինյանի, Ա. Հովհաննիսյանի, Ա. Պողոսյանի |
ՀՀ արդարադատության նախարար |
Գ. Դանիելյանի |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Գ. Կոստանյանի |
2007 թվականի հուլիսի 11-ին քաղաք Երևանում Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին և Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ արդարադատության նախարարի 15.03.2007 թվականի թիվ 40-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանի, Ա. Հովհաննիսյանի և Ա. Պողոսյանի նկատմամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գ. Կոստանյանը, հրապարակելով միջնորդությունը, Խորհրդին հայտնեց.
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, կազմով` Ե. Դարբինյանի, Ա. Հովհաննիսյանի և Ա. Պողոսյանի, քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Միշա Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով:
Դատապարտյալ Մ. Հարությունյանը և նրա գործով պաշտպան Հ. Ալումյանը 29.10.2003 թվականին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3, 6.1, 6.2, 6.3d կետերով իրեն երաշխավորված իրավունքների խախտումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով ներկայացված հայցը, 05.07.2005 թվականին որոշում է կայացրել մասնակի անընդունելիության մասին, որտեղ անընդունելի է ճանաչել Կոնվենցիայի 3, 6.2, 6.3d հոդվածների խախտման առնչությամբ ներկայացված պահանջները, իսկ 6.1 հոդվածի մասով հայցի քննությունը հետաձգել մինչև ՀՀ կառավարության հետ քննարկումը:
Տվյալ հայցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը նախապատրաստելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Լ. Աթանյան) և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի (կազմով` Ե. Դարբինյան, Ա. Հովհաննիսյան և Ա. Պողոսյան) կողմից քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Միշա Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով և պարզվել, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը արդարադատություն իրականացնելիս խախտել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6.1-րդ հոդվածը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 15-րդ հոդվածը:
Նշված խախտումները հիմնավորվում են հետևյալ փաստարկներով.
Գործի քննության ընթացքում պաշտպան Հ. Ալումյանը վիճարկել է գործով մեղադրյալ Մ. Հարությունյանի և վկաներ Գ. Տավարածյանի և Կ. Անտոնյանի կողմից տրված ցուցմունքները՝ դրանց թույլատրելիության տեսանկյունից: Պաշտպանը մասնավորապես պնդել է, որ վերջիններս այդ ցուցմունքները տվել են ՌՈ ստորաբաժանման աշխատակիցների կողմից կիրառված խոշտանգումների արդյունքում, ինչի վերաբերյալ արդեն հարուցված քրեական գործի մասին վերջինս հայտնել է դատարանին:
Պաշտպանության կողմի նման միջնորդություններին և վկաների տված ցուցմունքներին գնահատական տալով` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատավճռի պատճառաբանական մասում նշել է. «Դատարանը, գնահատական տալով Գուրգեն Տավարածյանի, Կարեն Անտոնյանի նախաքննության և դատաքննության ժամանակ տված հակասական ցուցմունքներին, գտնում է, որ իրականում հետաքննության մարմնի կողմից բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար»:
Նման գնահատական տալով` դատավորը, փաստորեն, ընդունել է խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները և դրել մեղադրանքի հիմքում, դրանով իսկ արդարացրել նշված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.06.2002 թվականի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փորձ է արել նվազեցնելու առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա խախտումները և այդ ապացույցները, որոնք ըստ առաջին ատյանի դատարանի՝ կիրառելի էին և կիրառելի էին արդարադատություն իրականացնելու նպատակով, փորձ է արվել հերքել վերաքննիչ դատավարության ընթացքում: Մասնավորապես, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն իր դատավճռում նշել է.
«Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ սույն քրեական գործի փաստական հանգամանքներով հիմնավորված Ստեփանակերտի զինոստիկանությունում բռնությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները մեղադրանքի հիմքում չի դրվել և որպես ապացույց չի օգտագործվել»: Սակայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը գնահատական չի տվել առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ «բռնությունները գործադրվել են ճշմարտությունը բացահայտելու նպատակով»:
Այսպիսով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս հիմնվել է այլ ապացույցների վրա, սակայն չի անդրադարձել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռում ամրագրված վերոնշյալ գնահատականներին: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի` վերաքննիչ դատարանը, արդեն հաշվի առնելով այն փաստը, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները, պետք է բեկաներ դատավճիռը` թեկուզ և կայացնելով նույն պատժաչափով, նույն պատժատեսակով դատավճիռ:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարը միջնորդում է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին և Ա. Պողոսյանին:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ե. Դարբինյանն ընդունեց կարգապահական խախտման փաստի առկայությունը և Խորհրդին հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը թվարկում է այն բոլոր դեպքերը, երբ դատավճիռը ենթակա է բեկանման կամ փոփոխման: Դատավորը վկայակոչեց նաև ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության մեջ առկա եզրահանգումը. «ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս Մ. Հարությունյանին մեղավոր ճանաչելու համար չի հենվել խոշտանգումների արդյունքում ստացված ցուցմունքների վրա, սակայն չի անդրադարձել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռում ամրագրված գնահատականներին»: Այսինքն` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, խոշտանգումների հետևանքով ստացված ապացույցները չի դրել մեղադրանքի հիմքում, իսկ գործող քրեադատավարական օրենսդրությունը վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատավճռի բեկանում և փոփոխություն չի նախատեսում: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը նշեց նաև այն, որ ներկայումս առկա է նախադեպային որոշում, ինչն այսուհետ հիմք է տալու ղեկավարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ամրագրված մոտեցումներով:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Հովհաննիսյանը և Ա. Պողոսյանը չառարկեցին և լրացուցիչ բացատրություններ չներկայացրեցին:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանի, Ա. Հովհաննիսյանի և Ա. Պողոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Միշա Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով:
Դատավորը դատավճռի պատճառաբանական մասում նշել է. «Դատարանը, գնահատական տալով Գուրգեն Տավարածյանի, Կարեն Անտոնյանի նախաքննության և դատաքննության ժամանակ տված հակասական ցուցմունքներին, գտնում է, որ իրականում հետաքննության մարմնի կողմից ՌՈ բաժնում բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար»:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նման մոտեցումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքներին:
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, որն էլ անփոփոխ է թողել այն, չվերացնելով Միշա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված խախտումները: Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը դատավճիռը կայացրել է ոչ թե հիմնվելով «ոչ թույլատրելի» ապացույցների, այլ` 1999 թվականի ապրիլի 16-ին տրված մեղադրյալի խոստովանական ցուցմունքի և իր կողմից հետազոտված այլ ապացույցների վրա:
Բացի այդ, վերաքննիչ դատարանն իր դատավճռում նշելով` «Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ սույն քրեական գործի փաստական հանգամանքներով հիմնավորված Ստեփանակերտի զինոստիկանությունում բռնությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները մեղադրանքի հիմքում չի դրվել և որպես ապացույց չի օգտագործվել», փաստորեն օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները դուրս է գրել դատավճռից, ուստի և գործել է օրենքի շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի այն պնդմանը, որ վերաքննիչ դատարանը պետք է բեկաներ առաջին ատյանի դատավճիռը, թեկուզ և կայացներ նույն պատժաչափով և նույն պատժատեսակով դատավճիռ, Խորհուրդը գտնում է անհնար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատավճիռը բեկանելուց հետո կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1. բեկանում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացնում է արդարացման դատավճիռ կամ կարճում է գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը.
2. բեկանում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և կայացնում է մեղադրական դատավճիռ.
3. բեկանում է դատավճիռը կամ որոշումը և սույն օրենսգրքի 311 հոդվածի հիմքերով գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության:
Այսպիսով՝ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտմանը նպաստել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որը հնարավորություն չի տալիս առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը բեկանելուց հետո կայացնել նույն պատժատեսակով և պատժաչափով նոր մեղադրական դատավճիռ:
Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ե. Դարբինյանը դատավորի պաշտոնում է 28 տարի, Ա. Հովհաննիսյանը` 22 տարի, Ա. Պողոսյանը` 8 տարի: Դատավորները երբևէ չեն ենթարկվել կարգապահական ատասխանատվության, աչքի են ընկել օրինավոր վարքագծով, նպաստել են արդարադատության որակի բարձրացմանը:
Քննարկելով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանի, Ա. Հովհաննիսյանի և Ա. Պողոսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով և 162-րդ հոդվածի 2-րդ մասով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
Միջնորդությունը մերժել. Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին և Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Լ. Մեհրաբյան Հ. Մովսեսյան Մ. Մարտիրոսյան Մ. Սիմոնյան Ն. Տավարացյան Ս. Անտոնյան Վ. Աբելյան Տ. Բարսեղյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|