Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1118 (ՏԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ1-28, 29, 30, 31/2007 թ.
Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արփինե Արշակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` դատարան) Տ1-28, 29, 30, 39 քաղաքացիական գործերով 04.04.2007 թվականին կայացրած, օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ, ըստ հայցի «Գյումրու տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության անվճարունակության գործով կառավարչի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի (այսուհետ՝ ծառայություն) և երրորդ անձ Արփինե Արշակյանի` 08.08.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ «Գյումրու տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության անվճարունակության գործով կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել 08.08.2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարող Գագիկ Աբդալյանի և Արփինե Արշակյանի միջև կնքված չորս առուվաճառքի պայմանագրերը:

Դատարանի 15.01.2007 թվականի որոշմամբ Տ1-28, 29, 30, 39 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դատարանի 04.04.2007 թվականի վճռով հայցադիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արփինե Արշակյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ, 16-րդ, 31-րդ, 81-րդ հոդվածների, 86-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վեճը ենթակա չէր ՀՀ տնտեսական դատարանի քննությանը: Կառավարիչը դիմել է դատարան պատասխանող նշելով ծառայությանը, սակայն հայցապահանջով վիճարկել է գործարք, որի կողմ է հանդիսացել Արփինե Արշակյանը: Միաժամանակ վիճարկվել է նաև նոտարի գործողությունները, որը դատավարության կողմ չի ընդգրկվել:

Ծառայությունը սույն գործով պատասխանող չէր կարող հանդիսանալ, քանի որ ծառայության կողմից չէր կատարվել որևէ գործողություն, որը հիմք կտար դիմել ՀՀ տնտեսական դատարան: Կառավարիչն ըստ էության բողոքարկել է հարկադիր կատարողի գործողությունները, որը, համաձայն գործող օրենքի, ենթակա է բողոքարկման առաջին ատյանի դատարան:

Սույն գործով կողմ (պատասխանող) պետք է ներգրավվեր ինչպես Արփինե Արշակյանը, այնպես էլ գործարքը վավերացնող նոտարը, և գործը դատարանում քննելու ենթակայությունը պետք է որոշվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կանոններով:

 

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ, 562-րդ հոդվածները և 464-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Բողոք բերած անձը, որպես աճուրդում հաղթող, ամեն ինչ կատարել է պատշաճ կարգով, օրենքով սահմանված կարգով: Աճուրդով գնված գույքը իր սեփականությունն է և համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 562-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքների` անհրաժեշտ է կնքել նաև նոտարական վավերացմամբ պայմանագիր, որն էլ հարկադիր կատարողը կատարել է 08.08.2005 թվականին:

Հարկադիր կատարողի կատարողական վարույթի ընթացքում կատարվող գործողություններն ավարտվում են աճուրդի ավարտման ժամանակ արձանագրության ստորագրմամբ և արձանագրությունում նշված ժամկետում գումարը վճարելով կատարված են համարվում նաև կատարողական թերթի պահանջները: Նման պայմաններում կողմերի հետագա քայլերը որպես հարկադիր կատարողի գործողություններ չեն կարող դիտվել, քանի որ հարկադիր կատարողը գործողություններ կատարելու մասին պետք է կայացնի որոշում:

Նշվածից հետևում է, որ բացակայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված իրավիճակը:

Դատարանը գործարքն անվավեր ճանաչելիս պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները, մինչդեռ դատարանը անվավեր ճանաչելով, չի նշել դրա հետևանքները, դեռ ավելին` դրանք նշելու համար անհրաժեշտ կլիներ անվավեր ճանաչել նաև ամբողջ աճուրդը:

3) ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ և 119-րդ հոդվածների, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության 464-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սակարկություններում հաղթած անձը և սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ: Դատարանն ուղղակի չէր կարող աճուրդի արձանագրության հիման վրա կնքված նոտարական վավերացմամբ պայմանագիրը դիտել որպես անշարժ գույքի առուվաճառքի գործարք, քանի որ ըստ էության այն իրենից ներկայացնում է արդեն իսկ վաճառքի վերաբերյալ գործարքի փաստի հաստատում:

Դատարանում հնչեցվեցին հարցեր, որոնց վերաբերյալ պատասխաններ կարող էր տալ միայն հարկադիր կատարողը, սակայն դատարանը չհետաձգեց նիստը վերջինիս հրավիրելու համար` մերժելով բողոք բերած անձի միջնորդությունը` դատական նիստը հետաձգելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 04.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հարուցված կատարողական գործողությունների իրականացման արդյունքում «Գյումրու տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 26 հասցեում գտնվող գույքը 08.06.2004, 09.03.2005 և 19.04.2005 թվականներին հրապարակային սակարկությունների միջոցով վաճառվել է Արփինե Արշակյանին:

2) Հարկադիր կատարողի և Արփինե Արշակյանի միջև աճուրդի անցկացման արդյունքներով կազմվել է «Ապրանքը հարկադիր աճուրդով վաճառելու մասին» արձանագրություններ:

3) Աճուրդով ձեռք բերված գույքի համար գնորդը կատարել է նախատեսված վճարումները:

4) 14.06.2005 թվականին «Գյումրու տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությունը ՀՀ տնտեսական դատարանի վճռով ճանաչվել է անվճարունակ:

5) ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2005 թվականի որոշմամբ «Գյումրու տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Մկրտչյանը:

6) 11.07.2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի հարկադիր կատարող Գագիկ Աբդալյանի որոշմամբ կարճվել է «Գյումրու տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը:

7) 08.08.2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի հարկադիր կատարող Գագիկ Աբդալյանի` որպես վաճառող և Արփինե Արշակյանի` որպես գնորդ, կնքվել է առուվաճառքի չորս պայմանագրեր, որոնք վավերացվել են նոտարական կարգով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում վկայակոչված հիմքերի շրջանակում Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա հետևյալ երկու իրավական հարցերին.

1. Արդյոք սույն վեճը ենթակա է ՀՀ տնտեսական դատարանի իրավասությանը:

2. Արդյոք ընկերությանն անվճարունակ ճանաչելը բավարար հիմք է անվճարունակությանը նախորդող ժամանակաշրջանում հրապարակային սակարկությունների միջոցով վաճառված գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար:

Վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում` նկատի ունենալով, որ բողոք բերած անձը, թվարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ օրենքների բազմաթիվ հոդվածներ, ըստ էության վճռաբեկ բողոքով իրավական պնդումը կատարում է վերոգրյալ երկու իրավական հարցերի շրջանակում:

 

1) Վճռաբեկ բողոքն առաջին իրավական հարցի հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով սկզբնապես առևտրային ընկերության շահերի պաշտպանության հայց է հարուցվել ընդդեմ պետական մարմնի, հետևաբար այն պետք է ներկայացվեր ՀՀ տնտեսական դատարան: Հետագայում դատարանը գործի քննությանը երրորդ անձ է ներգրավել Արփինե Արշակյանին: Տնտեսական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, շարունակել է քննել գործն ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ տարբերակում է ընդդատություն ու ենթակայություն եզրույթները: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով ընդդատությունը կարգավորում է կոնկրետ դատարանի տարածքային իրավասության շրջանակները:

Տնտեսական դատարանը քննում է միայն այնպիսի բնույթի գործեր, ինչպիսիք օրենքով վերապահված են իր իրավասությանը: Ընդհանուր իրավասության դատարանների և Տնտեսական դատարանի առարկայական իրավասության տարբերակման հիմքում ընկած է 2 սկզբունք՝

1) վեճի մասնակիցների սուբյեկտային կազմը և

2) վեճի բնույթը:

Հետևաբար, ենթակայության ինստիտուտի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել դատավարության մասնակիցների իրավական կարգավիճակը և նրանց միջև առաջացած վեճի բնույթը:

Վճռաբեկ դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի բովանդակությունից և նշանակությունից, գտնում է, որ երրորդ անձի ներգրավման արդյունքում սույն գործով վեճը դարձել է ենթակա քաղաքացիական գործեր քննող դատարանին, և Տնտեսական դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը, քանի որ այն վերաբերում է ոչ թե ենթակայությանը, այլ ընդդատությանը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի ենթակայությունը փոխելու անհրաժեշտությունը բացակայել է Տնտեսական դատարանում գործի քննության ժամանակ հետևյալ պատճառաբանությամբ.

Բացի քաղաքացիական գործին մասնակցող սուբյեկտներից (հայցվոր և պատասխանող) վեճի կարգավորմանը կարող են շահագրգիռ լինել և այլ անձինք՝ երրորդ անձինք: Երրորդ անձինք ըստ էության դատական քննության առարկա հանդիսացող վիճելի իրավահարաբերության հետ փոխկապակցված նյութական իրավահարաբերությունների սուբյեկտներ են, որոնք ներգրավվում են արդեն քննվող գործին իրենց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով: Նրանք կարող են ինքնուրույն պահանջներ ներկայացնել կամ ոչ:

Ընդդատություն, ենթակայություն և երրորդ անձ հասկացությունների նշանակության լույսի ներքո տվյալ դեպքում պետք է հաշվի առնել նաև երրորդ անձ Արփինե Արշակյանի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի (դատավարական իրավունքի) իրագործման ապահովումը: Այդ իրավունքը ներառում է շահագրգիռ անձի` դատարան դիմելու իրավունքը, վեճի լուծումն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով, ինչպես նաև այլ իրավունքներ:

Վճռաբեկ դատարանն օրենսդրական նման կարգավորման պարագայում գտնում է, որ եթե վեճին երրորդ անձի ներգրավման պայմաններում ենթակայության փոփոխություն է տեղի ունենում տնտեսական կամ քաղաքացիական դատարանում, ապա գործը մեկ դատարանից պետք է հանձնվի մեկ այլ դատարանի քննության, պայմանով, որ այդ դեպքում չի խախտվի գործին մասնակցող անձանց ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման գալիս հիմք է ընդունում այն հանգամանքը, որ ինչպես քաղաքացիական, այնպես էլ տնտեսական դատարանում գործի քննությունն իրականացվում է ըստ էության դատավարական նույն կանոններով, գործին մասնակցող անձինք օժտված են նույն դատավարական իրավունքներով և կրում են պարտականությունների նույն ծավալը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ իրավական հարցի հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. 

Սույն գործով կիրառելի 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև դատարանի թույլտվությունը սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը: Այդ պահից կասեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:

Նշված հոդվածով սահմանված է սնանկության հիմնական առանձնահատկություններից մեկը` պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում): Օրենսդիրը նման սկզբունքի իրագործման պարտադիր նախապայման է նախատեսել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որի վրա հասնելու հետևանքով սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից կասեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված են այն գործողությունները, որոնք չեն կարող իրականացվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Սույն գործով անվճարունակության գործով կառավարիչը, դիմելով դատարան, իր պահանջի հիմքում դրել է վկայակոչված հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ըստ որի` կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները:

Հիշատակված հոդվածով ուղղակիորեն սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունները կարգավորող նորմը բացակայում է: Հետևաբար, դատարանը սույն գործով ներկայացված պահանջով վկայակոչված հոդվածի կիրառման համար պետք է ունենար հետևյալ երկու պայմանները.

- վեճի կողմը պետք հանդիսանա պարտատեր անվճարունակ ճանաչված ընկերության նկատմամբ, և

- իրականացված գործողությունը պետք է ուղղված լինի պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կազմակերպվել է Ընկերության գույքի աճուրդ վաճառք, որն ուղղված է եղել պարտատերերի պահանջների բավարարմանը: Վճռաբեկ բողոք բերած անձը մասնակցել է սակարկություններին և ճանաչվել հաղթող: Դրա մասին կազմվել և ստորագրվել է արձանագրություն, հաղթող ճանաչված անձը կատարել է սակարկությունների արդյունքում ձեռք բերված գույքի համար նախատեսված վճարումը: Ընդ որում, վկայակոչված բոլոր գործողությունները կատարվել են մինչև Ընկերությանը անվճարունակ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Նշված փաստերի առկայության պայմաններում ակնհայտ է, որ վեճի կողմը` բողոք բերած անձը, չի հանդիսանում Ընկերության պարտատեր:

Ինչ վերաբերում է 08.08.2005 թվականին (Ընկերությանը անվճարունակ ճանաչելուց հետո) հարկադիր կատարողի` որպես վաճառող և Արփինե Արշակյանի` որպես գնորդ, միջև կնքված առուվաճառքի չորս պայմանագրերին, ապա այդ գործողությունը (պայմանագրի կնքումը) ուղղված չէ պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը: Հետևաբար, տվյալ դեպքում բացակայել է Օրենքի 41-րդ հոդվածի կիրառման իրավական հիմքը:

Ավելին, նշված պայմանագրի կնքումը, Ընկերության որևէ գույքային կազմի փոփոխության չի հանգեցրել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով աճուրդն անցկացնելու մասին կնքված արձանագրությունն արդեն հանդիսացել է կողմերի միջև կնքված պայմանագիր, որը սույն գործով չի վիճարկվում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի մասնակի հիմնավոր լինելը բավարար հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, հիմք ընդունելով առաջին իրավական հարցի վերաբերյալ այն պատճառաբանությունը, որ երրորդ անձի ներգրավմամբ սույն գործով առաջացել է ենթակայության փոփոխության անհրաժեշտություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 04.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան