Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-994 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-429
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

դատավորներ`

Տ. Սահակյան

Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Շենգավիթի թաղապետարանի (այսուհետ՝ Թաղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.02.2007 թվականի թիվ 07-429 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ՝ ըստ հայցի Աշխեն Աբրահամյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի՝ բնակարան հատկացնելու կամ փոխարժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Թաղապետարանի՝ իրեն տրամադրել մեկ սենյականոց բնակարան կամ բնակարանի դիմաց տալ համարժեք դրամական փոխհատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է. դատարանը Թաղապետարանին պարտավորեցրել է Աշխեն Աբրահամյանին հատկացնել Երևանի Ե.Թադևոսյան փողոցի 12/2 շենքի թիվ 21 բնակարանին նույնանման մեկ սենյականոց այլ բնակարան կամ դրա դիմաց բնակարան գնելու համար տրամադրել համարժեք դրամական փոխհատուցում:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թաղապետարանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.

 

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին» 13.03.1997 թվականի թիվ 42-րդ որոշման 3-րդ կետը:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չկատարելու արդյունքում հանգել է այն համոզման, որ վիճելի բնակարանը պատկանել է հայցվորի ծնողներին: Նշված փաստն ապացուցված համարելու հետևանքով Վերաքննիչ դատարանը Թաղապետարանին պարտավորեցրել է Աշխեն Աբրահամյանին հանձնելու Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի թիվ 21 բնակարանին համարժեք մեկ սենյականոց բնակարան կամ դրա շուկայական արժեքը՝ 10.450.000 (տասը միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Երևանի Լենինյան շրջսովետի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշման 2-րդ կետի համաձայն՝ գործկոմը պարտավորվել է հայցվորի չափահաս դառնալու օրը նրան հատկացնել բնակարան: 1988 թվականին բնակարանները հատկացվում էին վարձակալության, այլ ոչ թե սեփականության իրավունքով: Հետևաբար, նշված որոշումը չի սահմանում հայցվորին սեփականության իրավունքով բնակարան հատկացնելու պարտավորություն: Ա.Աբրահամյանին բնակարան հատկացնելու պարտավորությունը պետք է կատարվեր 2005 թվականի նոյեմբերից սկսած, երբ «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը դադարել էր գործել: Նշված օրենքը չի կարգավորում վիճելի իրավահարաբերությունը: Բնակարան ստանալու հայցվորի իրավունքը ծագել է նրա չափահաս դառնալու պահից՝ 2005 թվականի նոյեմբերից, երբ նրան հատկացվելիք բնակարանը չէր կարող սեփականաշնորհվել հիշյալ օրենքով սահմանված կարգով:

Վերաքննիչ դատարանը, հիմնավորելով, որ Շենգավիթ համայնքին փոխանցված բնակարանային ֆոնդը ծանրաբեռնված է եղել հայցվորին բնակարան հատկացնելու պարտավորությամբ, այդ պարտավորությունը դիտարկել է որպես սեփականության իրավունքով բնակարան հատկացնելու պարտավորություն և Թաղապետարանին պարտավորեցրել վճարելու բնակարանի շուկայական արժեքը, ինչը չի բխում գործկոմի վերը նշված որոշումից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 1988 թվականի հունիսին հայցվորի ծնողները մահացել են:

2) Երևանի Լենինյան շրջսովետի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/2 շենքի թիվ 21 բնակարանը, որի վարձակալներն են հանդիսացել անչափահաս Աշխեն Աբրահամյանի ծնողները, հանձնվել է Լենինյան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, պայմանով, որ շրջխորհուրդը վերջինիս չափահաս դառնալու օրը, նրան հատկացնի մեկ սենյականոց նույնանման բնակարան:

3) Բնակարանը շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ հատկացվել է այլ քաղաքացու, որը հետագայում սեփականաշնորհել է այն:

4) 02.11.2005 թվականին հայցվորը դարձել է չափահաս:

5) 13.10.2005 թվականին հայցվորը դիմել է Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավարին, այնուհետև Երևանի քաղաքապետին՝ խնդրելով Երևանի Լենինյան շրջսովետի գործկոմի թիվ 24/15 որոշման 2-րդ կետի համաձայն իրեն հատկացնել Ե. Թադևոսյան փողոցի 12/2 շենքի թիվ 21 բնակարանին նույնանման մեկ սենյականոց բնակարան կամ բնակարանի դիմաց իրեն տալ փոխհատուցում՝ դրա շուկայական արժեքի չափով:

6) Շենգավիթի թաղապետարանի 15.12.2005 թվականի գրությամբ հայցվորի դիմումը մերժվել է, պատճառաբանելով, որ ներկայումս Երևանի Ե. Թադևոսյան փողոցի 12/2 շենքի թիվ 21 բնակարանի սեփականատերն այլ քաղաքացի է, իսկ ինչ վերաբերում է Լենինյան շրջխորհրդի գործկոմի թիվ 24/15 որոշման 2-րդ կետի պահանջները կատարելուն, հայտնվել է, որ նախկին Լենինյան (Շենգավիթի) շրջսովետի գործադիր կոմիտեն լուծարվել է, Շենգավիթ համայնքում ձևավորվել է տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքի ղեկավար և համայնքի ավագանի, որոնք նախկին գործադիր կոմիտեի իրավահաջորդը չեն հանդիսանում, հետևաբար հայցվորին բնակարան հատկացնելու պարտավորություն չունեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը՝ նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշումը գնահատելիս դատարանը պետք է պատասխաներ այն իրավական հարցին, թե ծագել է, արդյոք, նշված որոշումից հայցվորի սեփականության իրավունքը և ինչ՞ու է այդ որոշմամբ Լենինյան շրջսովետի գործկոմի կողմից ստանձնած պարտավորությունը դրվել Շենգավիթի թաղապետարանի վրա:

1978 թվականի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության համաձայն` գործադիր կոմիտեները հանդիսացել են պետական իշխանության գործադիր մարմիններ:

ՀՀ Սահմանադրության 104.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: ՀՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք միայն օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ Սահմանադրության 104-րդ և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 3-րդ հոդվածի իմաստով՝ համայնքային մարմինները հանդիսանում են ոչ թե պետական, այլ տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք չպետք է պատասխանատվություն կրեն Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ իրավաբանական անձ համարվող համայնքը Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար չի կարող պատասխանատվություն կրել:

«Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին» 13.03.1997 թվականի թիվ 42-րդ որոշման 3-րդ կետով հաստատվել է Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որով մասնավորապես համայնքի սեփականությանն է փոխանցվել պետական բնակարանային ֆոնդը (բացի գերատեսչականից): Վերաքննիչ դատարանի՝ պետական բնակարանային ֆոնդի փոխանցման փաստով համայնքի համար հայցվորին սեփականության իրավունքով բնակարան հատկացնելու պարտավորության ծագման վերաբերյալ եզրահանգումը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ այն չի բխում ՀՀ կառավարության նշված որոշման պահանջներից և տրամաբանությունից: Հետևաբար «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին» 13.03.1997 թվականի թիվ 42-րդ որոշման 3-րդ կետը սխալ մեկնաբանելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է գտնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար և սույն գործով անհրաժեշտ է նոր քննություն:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Շենգավիթի թաղապետարանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան