Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-842(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-249/2007 թ.
Նախագահող դատավոր՝

Ա. Թումանյան

դատավորներ՝

Տ. Սահակյան

Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի


 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանողներ Ս. Ասրյանի և «Սպարտակ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.02.2007 թվականի թիվ 07-249 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Արթուր Գասամանյանի հայցի ընդդեմ Սպարտակ Ասրյանի, «Սպարտակ» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու և պատասխանողներից հօգուտ հայցվորի 46.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ հայցվոր Արթուր Գասամանյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել «Սպարտակ» ՍՊԸ-ի անվամբ 26.07.2004 թվականին տրված թիվ 1461570 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 16 շենքի առաջին հարկում գտնվող տարածքի (անշարժ գույքի) նկատմամբ ճանաչել Արթուր Գասամանյանի սեփականության իրավունքը 1/2 մասով և բռնագանձել պատասխանողներից հօգուտ հայցվորի 46 000 000 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 2-2065/2006թ. վճռով հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը 2007 թվականի փետրվարի 27-ի թիվ 07-249 վճռով հայցը բավարարել է մասնակի. «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ 26.07.2004թ-ին տրված թիվ 1461570 սեփականության իրավունքի վկայականը անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, իսկ սեփականության իրավունքը ճանաչելու և գումարի բռնագանձման մասով հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ս. Ասրյանը և «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ, 1094-րդ, 1097-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի 1092-րդ, 1094-րդ, 1097-րդ հադվածներով սահմանված անհիմն հարստացման կանոնները կիրառելի չեն, քանի որ հայցվորը և պատասխանող Սպարտակ Ասրյանը գտնվել են պայմանագրային պարտավորությունների մեջ, կատարել են գործարք, հայցվորը տրամադրել է գումարներ, իսկ պատասխանողը չի կատարել իր պարտավորությունը: Անհիմն հարստացման հարաբերությունները չեն կարող առաջանալ պայմանագրից: Հայցվորի պահանջը՝ «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող տարածքի 40/79 մասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին, չի կարող կարգավորվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1094-րդ հոդվածի (անհիմն հարստացումը բնեղենով վերադարձնելը) դրույթներով: Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածում:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայի 16 շենքի առաջին հարկի տարածքի 40/79 մասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելով, խախտել է ընկերության ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել` գնահատական չի տվել պատասխանողներ Սպարտակ Ասրյանի, «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցչի բացատրություններին, որի հետևանքով կայացրել է չհիմնավորված վճիռ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.02.2007 թվականի թիվ 07-249 վճիռը Արթուր Գասամանյանի հայցը բավարարելու մասով բեկանել և փոփոխել՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 1992-1993 թվականների ընթացքում Սպարտակ Ասրյանին Արթուր Գասամանյանը փոխառությամբ տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, որպիսի հանգամանքը ընդունում է Սպարտակ Ասրյանը:

2) Սպարտակ Ասրյանը հանդիսանում է «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից:

3) 24.11.1994 թվականին թիվ 129 սեփականաշնորհման պայմանագրով «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սեփականաշնորհել է թիվ 23 կարի արտադրամասը, որը գտնվում է ք. Երևան, Մաշտոցի 16 հասցեում:

4) 26.07.2004 թվականին գրանցվել է «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքը՝ ք.Երևան, Մաշտոցի 16 շենքի առաջին հարկում գտնվող 366.96 քմ մակերեսով տարածքի նկատմամբ, ինչի վերաբերյալ տրվել է թիվ 1461570 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

5) 21.10.2005 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում Ս. Ասրյանի նկատմամբ հարուցվել է թիվ 13211505 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրա կողմից 1992-1993 թվականների ընթացքում ԱՄՆ քաղաքացի Արթուր Գասամանյանից խարդախությամբ 20.000 ԱՄՆ դոլար հափշտակելու փաստի առթիվ:

6) Նշված քրեական գործի վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա հայցվորի և պատասխանողի միջև հարաբերությունները ծագել են մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքով նախատեսված են այն դեպքերը (հարաբերությունները), որոնց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Վկայակոչված օրենսգրքի 4-րդ հոդվածում ամրագրված ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Տվյալ դեպքում քաղաքացիական իրավահարաբերություններն առաջացել են դեռևս 1992-1993 թվականներին:

Հետևաբար, հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ, 1094-րդ, 1097-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ անհիմն հարստացման կանոնները դատարանը չպետք է կիրառեր, քանի որ հայցվորը և պատասխանողը գտնվել են պայմանագրային հարաբերությունների մեջ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ այն անձը, որը օրենքով կամ գործարքով սահմանված հիմքեր չունենալով գույք է ձեռք բերել ուրիշի հաշվին, պարտավոր է վերջինիս վերադարձնել անհիմն կերպով ձեռք բերած գույքը:

Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերը չեն պահպանել նախկին քաղաքացիական օրենսգրքի պահանջները, քանի որ նշված իրավական ակտի 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գրավոր պետք է կնքվեն քաղաքացիների գործարքները միմյանց հետ, երբ դրանց գումարը հարյուր դրամից ավելի է, բացառությամբ սույն օրենսգրքի 43 հոդվածում նախատեսված գործարքների և ԽՍՀ Միության օրենսդրությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ մատնանշված այլ գործարքների: Սույն գործով ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ կողմերի միջև կնքված «գործարքի» գումարը գերազանցում է հարյուր դրամը: Տվյալ դեպքում հայցվորի և Սպարտակ Ասրյանի միջև որևէ պայմանագիր (գործարք) կնքված չի եղել, քանի որ ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով պահանջվող հասարակ գրավոր ձևը (նույն օրենսգրքի 44 հոդված) չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է գործարքի գոյությունը հաստատելու համար վկաների ցուցմունքների վրա հենվելու իրավունքից: Տվյալ դեպքում կողմերից ոչ մեկը գրավոր կամ այլ ապացույցներ, որոնցով կապացուցվեր նրանց միջև գործարքի գոյությունը, չեն ներկայացրել: Այն, որ հայցվորը պատասխանողին տվել է 20.000 ԱՄՆ դոլար, իսկ պատասխանողը և Սպարտակ Ասրյանը չեն ժխտել, դա ամենևին էլ հիմք չէ, որ նրանց միջև կնքվել է որևէ գործարք, քանի որ ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և կազմակերպությունների այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն: Իսկ կողմերի և վկաների կողմից բացի բացատրություններից և ցուցմունքներից, որևէ այլ գրավոր ապացույց չեն ներկայացվել, որոնցով հնարավոր կլիներ ապացուցել նրանց միջև կնքված գործարքի առկայությունը:

Համաձայն ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 475-րդ հոդվածի բովանդակության՝ անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է, որպեսզի ուրիշի հաշվին գույք ձեռք բերողը դրա համար չունենա ոչ գործարքով սահմանված, ոչ էլ օրենքով սահմանված որևէ հիմք: Եվ չնայած այն հանգամանքին, որ ոչ հայցվորը և ոչ էլ պատասխանողը չեն ժխտում գումար տալը և այն ստանալը, այնուամենայնիվ պատասխանողը առանց օրենքով սահմանված բավարար հիմքի է ձեռք բերել 20.000 ԱՄՆ դոլլարը: Փաստորեն անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է, որպեսզի նախ՝ մեկ կողմը հարստացած լինի մյուսի հաշվին, ապա՝ նման հարստացումը տեղի ունենա օրինական հիմքի բացակայության պայմաններում:

Վերոգրյալը վճռաբեկ դատարանին հիմք է տալիս գալ այն հետևության, որ պատասխանողին վիճելի գումարի հանձնումը և նրա կողմից դրա ստացումը օրինական հիմք չի ունեցել:

Ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն` այն անձը, որը, օրենքով կամ գործարքով սահմանված հիմքեր չունենալով, գույք է ձեռք բերել ուրիշի հաշվին պարտավոր է վերջինիս վերադարձնել անհիմն կերպով ձեռք բերած գույքը, ինչպես նաև պարտավոր է վերադարձնել կամ հատուցել նաև այն բոլոր եկամուտները, որոնք նա այդ գույքից ստացել է կամ պետք է ստանար այն պահից ի վեր, երբ ինքն իմացել է կամ պետք է իմանար գույքը ստանալն անհիմն լինելու մասին: Իսկ կողմերը այդ մասին պետք է իմանային գումարը հանձնելու պահից:

Բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգքի 163-րդ և 172-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր անհիմն է, քանի որ 163-րդ հոդվածը վերաբերում է սեփականության իրավունքին, իսկ 172-րդ հոդվածը սեփականության իրավունքը ձեռք բերելու հիմքերին, որոնք ամենևին էլ առնչություն չունեն վեճի առարկայի հետ, քանի որ սույն գործով գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը չի վիճարկվում:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Սպարտակ Ասրյանը հանդիսացել է «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից, իսկ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:

Ինչ վերաբերում է մասնակցի պարտավորությունների դեպքին, ապա համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա նրա անձնական պարտքերի համար բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում: Նման մասնակցի պարտատերերն իրավունք ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահանջել վճարելու կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխան ընկերության գույքի մասի արժեքը կամ առանձնացնելու գույքի այդ բաժնեմասը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար: Ընկերության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է պարտատերերի պահանջները ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով: Նված դրույթի բովանդակությունից հստակ բխում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի գույքի վրա բռնագանձում կարելի է տարածել միայն և բացառապես այն դեպքում, երբ մասնակցի այլ գույքը չի բավականացնում նրա պարտքերը մարելու համար: Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը չի պարզել` արդյոք պարտատերն ունի այլ գույք, թե՝ ոչ: Փաստորեն վերաքննիչ դատարանը ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ քննություն չկատարելով, չպարզելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի այլ գույքի բավարար կամ ոչ բավարար լինելը, բռնագանձել է ոչ միայն մասնակցի գույքը, այլև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքը, ինչը հիմք է տալիս գալ այն հետևության, որ խախտվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածներով երաշխավորված սեփականության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անհիմն է նաև ՍՊԸ-ից պետական բյուջեի օգտին պետական տուրքի բռնագանձումը:

2) Բողոքի առաջին հիմքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է գործի նոր քննություն, հետևաբար նաև ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ բողոքի երկրորդ հիմքին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.02.2007 թվականի վճռի հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան