Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.08.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.08.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
01.08.2007
Дата вступления в силу
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1222(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 03-1508/2003թ.
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
դատավորներ՝ Կ. Հակոբյան
  Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Հայկո Պետրոսյանի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին թիվ 03-1508 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.07.2003 թվականի վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է որպես առողջությանը հասցված վնաս պատասխանողից բռնագանձել 120.000 ՀՀ դրամ և 2001 թվականի մայիսի 1-ից սկսած՝ յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձել 5.000 ՀՀ դրամ:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 9-ի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ դատարանի 2003 թվականի հուլիսի 25-ի վճռով հայցադիմումը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունից հօգուտ Հայկո Պետրոսյանի բռնագանձել 120.000 ՀՀ դրամ, որպես 01.05.2001 թվականից մինչև 01.05.2003 թվականն ընկած ժամանակահատվածի համար առողջությանը պատճառված վնասի հատուցման գումար: ՀՀ քաղաքաշինության նախարարությանը պարտավորեցվել է շարունակել 01.05.2003 թվականից սկսած՝ Հայկո Պետրոսյանին վճարել առողջությանը պատճառված վնասի օրենքով սահմանված կարգով հատուցումը: Հայցադիմումը մնացած մասով մերժվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 11-ի թիվ 1460-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կանոնադրության 8-րդ կետի «ժդ» ենթակետը, որոնք պետք է կիրառվեր, որի հետևանքով թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը հայցը բավարարելիս չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածը և Նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժդ» ենթակետը, որոնց համաձայն՝ Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կողմից վնասի հատուցման վերաբերյալ գործերով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից: Վերը նշված նորմերի պահանջները խախտելով՝ դատարանը դատաքննությանը մասնակից չի դարձրել Նախարարությանը և վճիռ է կայացրել վերջինիս պարտականությունների վերաբերյալ: Այդպիսի դատավարական խախտումը բոլոր դեպքերում դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

 

2) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ, 1086-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, և չի կիրառել նույն օրենսգրքի 64-րդ, 67-րդ, 1086-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Հայբնակկոմունտնտ» հանրապետական միավորման լուծարմամբ նրա պարտականություններն իրավահաջորդության կարգով չեն փոխանցվել ինչպես ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, այնպես էլ «Գույք» ՊՓԲԸ-ին: Իսկ «Հայբնակկոմունտնտ» հանրապետական միավորման գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնվել են ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ որպես հիմնադրի տնօրինությանը, ինչը չի նշանակում, որ վերջինս հանդիսանում է «Հայբնակկոմունտնտ» հանրապետական միավորման իրավահաջորդը և նրան են փոխանցվել միավորման ունեցած իրավունքներն ու պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարները օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են՝ դրանք տուժողին վճարելու նպատակով: Այսինքն, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում և աշխատունակության կորուստ ստացած, հաշմանդամ աշխատակիցներին պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետք է վճարվեն համապատասխան իրավաբանական անձանց միջոցների հաշվին, իսկ դրանց լուծարման դեպքում լուծարման գործընթացում գտնվելու ընթացքում կապիտալացված միջոցների, այլ ոչ թե պետական բյուջեի հաշվին:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 1971 թվականին Հայկո Պետրոսյանը աշխատել է ՀՀ բնակարանային-կոմունալ տնտեսության Աբովյանի շինարարական վերանորոգման վարչությունում՝ Աբովյան «Նորոգշին» ՍՊԸ-ում:

2) 15.02.1971 թվականին արտադրությունում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով Հայկո Պետրոսյանը ստացել է աշխատունակության 30 տոկոսի կորուստ: Այդ մասին կազմվել է համապատասխան ակտ և հիմնարկը մինչև 01.05.2001 թվականը կատարել է համապատասխան վճարումներ:

3) ՀՀ բնակարանային-կոմունալ տնտեսությունը ՀՀ կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1 որոշմամբ լուծարվել է, իսկ դրա գույքը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:

4) ՀՀ քաղաքաշինության նախարարի 1999 թվականի մարտի 15-ի որոշմամբ «Գույք» ՊՓԲԸ-ի կազմում ստեղծվել է «Ծառայողական ավտոպարկ» մասնաճյուղը, որի կազմում ընդգրկվել է նաև Աբովյանի «Նորոգշին» ՍՊԸ-ն:

5) «Գույք» ՊՓԲԸ-ն լուծարվել է ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 139-Ն որոշմամբ:

6) Սույն գործի քննությանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մասնակից չի դարձվել: 25.07.2003 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, գործը քննվել է Նախարարության ներկայացուցչի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ նույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Սույն գործով հայցվորը, գումարի պահանջի հիմքում դնելով առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պարտավորությունները, դատարանից պահանջել է պատասխանողից բռնագանձել առողջության 30 տոկոսի կորստով պայմանավորված՝ իրեն պատճառված վնասը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից քաղաքացիաիրավական վնասի բռնագանձման կամ վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի ուժով առաջանում է ֆինանսական մարմիններին դատաքննությանը ներգրավելու դատարանի պարտականություն:

Նույն օրենսգրքի 129-րդ հոդվածը սահմանում է, որ պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

Նախարարության կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:

Նախարարության՝ սույն քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու իրավունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածով, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճիռ կայացնելով, վերաքննիչ դատարանը պարտավոր էր գործի քննությանը մասնակից դարձնել Նախարարությանը:

Վճռաբեկ դատարանը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ նաև հարկ է համարում արտահայտել հետևյալ իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունը մրցակցային է: Այսինքն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ունի հավասար իրավունքներ և կրում է հավասար պարտականություններ, նրանցից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, հայցը կամ դիմումը պետք է ներկայացվի պատշաճ հայցվորի կողմից, բավարար հիմնավորված լինի և ուղղված լինի պատշաճ պատասխանողի դեմ: Դատաքննության ընթացքում կողմերն ունեն ակտիվ դեր, իսկ դատարանին վերապահված է չեզոք գնահատողի դեր: Դատարանն ընդամենը հետազոտում և գնահատում է կողմերի ներկայացրած ապացույցները և վճիռ կայացնելով իրականացնում է արդարադատություն՝ դուրս չգալով ներկայացված հայցապահանջի շրջանակներից և հիմնվելով միմիայն կողմերի ներկայացրած և դատաքննության ընթացքում հետազոտված ու գնահատված ապացույցների վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցակցային դատավարությունում պատշաճ պատասխանող ներգրավելը պետք է լինի միմիայն հայցվորի պարտականությունը, կամ նման ներգրավում պիտի կատարվի հայցվորի միջնորդության հիման վրա: Ոչ պատշաճ պատասխանողի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման: Այս հարցում դատարանի ակտիվ դերակատարությունը կարող է վտանգել դատավարության մրցակցությունը և խաթարել դրա էությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը՝ հաշվի առնելով ներկա անցումային ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում առկա իրավագիտակցության դեռևս ցածր մակարդակը, հասարակական հարաբերությունների օրենսդրական կարգավորման անբավարար աստիճանը, գտնում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործի քննությունն իրականացնելիս դատարանից պահանջվում է մարդու և քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային–իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքների և ազատությունների առավելագույնս արդյունավետ ապահովում և պաշտպանություն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանձնահատուկ դեպքերում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիման վրա այնուամենայնիվ դատարանը պետք է կրի գործի քննությանը պատշաճ պատասխանողին ներգրավելու պարտականություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

 

2) Բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:

Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով այն բավարար հիմք է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.07.2003 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

 

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան