Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (14.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.12/2(805) Հոդ.3
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
22.11.2007
Дата подписания
22.11.2007
Дата вступления в силу
14.12.2009

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ստանդարտացման, չափագիտության ԵՎ սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, ընդունելով տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում միասնական քաղաքականության վարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նպատակ ունենալով`

պահպանել և հետագայում զարգացնել ընդհանուր նորմատիվային-տեխնիկական ներուժը և ապահովել չափումների միասնականությունը, որոնք նպաստում են Համագործակցության մասնակից պետությունների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության տեխնիկական խոչընդոտների վերացմանը,

իրականացնել Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների կառուցվածքի կատարելագործման և բարեփոխման մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1999 թվականի ապրիլի 2-ի որոշումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

1. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. Համաձայնագրի ամբողջ տեքստում, բացի Համաձայնագրի և Խորհրդի անվանումներից, «ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման)» բառերով:

1.2. 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «համաձայնեցված կազմակերպչական-մեթոդական դրույթների հիման վրա իրականացնում են համապատասխանության գնահատման (հաստատման) աշխատանքներ` ազգային օրենսդրությանը համապատասխան»:

1.3. 4-րդ հոդվածի վերջին պարբերությունը հանել:

1.4. 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կողմերի փոխհամաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող համապատասխան արձանագրությամբ»:

1.5. Համաձայնագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով` համապատասխանաբար փոխելով հաջորդ հոդվածների համարակալումը. «Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով»:

1.6. 9-րդ հոդվածը (նոր համարակալմամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն Համաձայնագիրը բաց է ԱՊՀ այլ մասնակից պետությունների միանալու համար, ինչպես նաև նրա դրույթներն ընդունող և սույն Համաձայնագրի նպատակներն ու խնդիրները կիսող երրորդ պետությունների համար` բոլոր Կողմերի համաձայնությամբ, այդ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

Միանալը համարվում է ուժի մեջ այդ միանալուն Կողմերի համաձայնության մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից»:

2. Ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի մասին դրույթը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման մասին 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2000 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը:

4. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` հիշյալ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2007 թվականի նոյեմբերի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Սույն Արձանագրությունն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության (վերապահումով) կողմից:

 

Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 14.12.2009թ.:

 

Հավելված

Ստանդարտավորման, չափագիտության

և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված

քաղաքականության վարման մասին

1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրում

փոփոխություններ կատարելու մասին 2007

թվականի նոյեմբերի 22-ի Արձանագրությանը կից

 

Դ ր ու յ թ

 

Ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) իր գործունեությունում ղեկավարվում է ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման մասին 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր), սույն Դրույթով և այլ փաստաթղթերով, որոնք ընդունվել են Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման նպատակով:

Խորհուրդը, համագործակցելով Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի հետ, իրականացնում է համակարգումը, մշակում և ընդունում է որոշումներ տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման վերաբերյալ:

Ստանդարտավորման միջազգային կազմակերպության` ԻՍՕ-ի խորհրդի 1995 թվականի սեպտեմբերի 14-ի հմ. 40/1995 բանաձևին համապատասխան` Խորհուրդը հանդիսանում է ստանդարտավորման տարածաշրջանային կազմակերպություն և նորմատիվ փաստաթղթերում ու միջազգային, տարածաշրջանային և օտարերկրյա կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում օգտագործում է Խորհրդի կողմից ընդունված անվանումը, հապավումը և խորհրդանշանը՝ ԻՍՕ-ի` ստանդարտավորման տարածաշրջանային կազմակերպություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Խորհուրդը կազմված է Համաձայնագրի անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչներից:

Խորհուրդն ստեղծում է Ստանդարտների բյուրո տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության, համապատասխանության գնահատման (հաստատման) ուղղությամբ Խորհրդի աշխատանքների կատարման և ԱՊՀ գործադիր կոմիտեի համար նյութերի նախապատրաստման համար:

Ստանդարտների բյուրոյի նստավայրն է Մինսկ քաղաքը` Բելառուսի Հանրապետություն:

Խորհրդի պետական լեզուն ռուսերենն է:

 

2. Խորհրդի գործառույթները

 

Խորհուրդը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները.

տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում միջպետական համագործակցության ուղղությամբ համատեղ գործունեության գերակա ուղղությունների և ձևերի մշակում և համաձայնեցում,

գիտական հետազոտությունների, գիտատեխնիկական ծրագրերի, պլանների և նախագծերի հիմնական ուղղությունների քննարկում և ընդունում,

Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունների հաստատմանը փաստաթղթերի ներկայացում, իսկ լիազորությունների առկայության դեպքում Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերի հաստատում գործունեության ամրագրված ոլորտներում,

տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստում, միջպետական ստանդարտների մասին որոշումների ընդունում, տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) ուղղությամբ համատեղ աշխատանքների անցկացման կանոնների և ընթացակարգերի մշակում և ընդունում,

ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերով հանձնաժողովի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերի համար նյութերի նախապատրաստում Խորհրդին ամրագրված գործունեության ոլորտներում,

տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) ուղղությամբ նպատակային ծրագրերի և տեխնիկական նախագծերի կատարման համար ծախսերի նախահաշիվների քննարկում ու համաձայնեցում և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկությունների մշակում,

Խորհրդին առընթեր գիտատեխնիկական հանձնաժողովների և տեխնիկական կոմիտեների ստեղծման մասին որոշումների ընդունում, նրանց աշխատանքների պլանների հաստատում,

գործունեության ամրագրված բնագավառներում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացում,

ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների, այդ թվում` շինարարությունում տեխնիկական նորմավորման և ստանդարտավորման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի (ՄԳՏՀՇ) հետ համագործակցության իրականացում` Խորհրդին ամրագրված գործունեության ոլորտներում քաղաքականության և տեղեկատվության միասնականության ապահովման նպատակով,

Ստանդարտների բյուրոյի տնօրենի նշանակման, ստանդարտների բյուրոյի հաստիքային թվաքանակի մասին որոշումների ընդունում, Ստանդարտների բյուրոյի ֆինանսավորման նախահաշվի և այն ծախսելու մասին հաշվետվության հաստատում:

Միջպետական կազմակերպչական, գիտատեխնիկական և այլ միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով, որոնք աջակցում են տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ապահովում են համագործակցությունը ստանդարտավորման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, Խորհուրդը, ընդունված նորմերին համապատասխան, կարող է առաջարկություններ ներկայացնել Համագործակցության իրավասու մարմիններին ինքնաֆինանսավորվող ոչ առևտրային կազմակերպությունների (արտաբյուջետային ֆինանսավորման կազմակերպություններ, որոնց գործունեության նպատակը շահույթ ստանալը չէ) ստեղծման մասին:

Խորհուրդը գործունեության ամրագրված բնագավառներում կարող է իրականացնել նաև այլ գործառույթներ, որոնք սահմանվում են Համաձայնագրի մասնակից պետությունների հետ համաձայնեցված լրացուցիչ լիազորություններով:

 

3. Խորհրդում պետությունների ներկայացուցչությունը

 

Խորհրդի անդամներ են հանդիսանում պետական իշխանության համապատասխան ազգային մարմինների ղեկավարները, որոնք լիազորված են գործառույթներ իրականացնելու տեխնիկական կարգավորման, ստանդարտավորման, չափագիտության, համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում և պետությունների անունից ստանում են Խորհրդի անդամներ լինելու իրավունք և լիազորություններ, որոնք անհրաժեշտ են այդ Խորհրդի վրա դրված գործառույթները կատարելու համար:

Եթե Համաձայնագրի մասնակից պետությունում գործունեության նշված բնագավառներում գործում են մի քանի կառավարման մարմիններ, և նրանց ղեկավարներին պետության կողմից իրավունք է ընձեռվել լինելու Խորհրդի անդամներ, ապա նրանք մասնակցում են դրա աշխատանքին իրենց լիազորությունների սահմաններում: Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

Խորհրդի անդամները.

իրենց լիազորությունների սահմաններում որոշիչ ձայնի իրավունքով մասնակցում են Խորհրդի գործունեության բոլոր տեսակներին,

Խորհրդում նախաձեռնում են միջպետական համագործակցության տարբեր հարցերի քննարկում` տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) ուղղությամբ,

Խորհրդին տեղեկացնում են նշված գործունեության տեսակներում միջպետական համագործակցության որոշակի հարցերի վերաբերյալ իրենց պետությունների դիրքորոշման մասին,

փոխանակում են տեղեկատվություն` Համաձայնագրի մասնակից պետություններում մշակվող և գործող տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների, համապատասխանության գնահատման (հաստատման) ընթացակարգերի վերաբերյալ և բանակցություններ են վարում Խորհրդի այլ անդամների հետ տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) ուղղությամբ միջպետական և միջազգային համագործակցության որոշակի ձևերին իրենց պետության մասնակցության հարցերով,

կանոնավոր կերպով ստանում են Խորհրդի նիստերի արձանագրությունները, Խորհրդի և Ստանդարտների բյուրոյի գիտատեխնիկական հանձնաժողովների ընթացիկ գործունեության մասին տեղեկատվություն, ինչպես նաև համագործակցության որոշակի ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն,

Խորհրդի հարցումով` նրան և Ստանդարտների բյուրոյին են ներկայացնում տեխնիկական կարգավորման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում գործառույթներ իրականացնելու համար լիազորված պետական իշխանության ազգային մարմինների գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվություն միջպետական հետաքրքրություն ներկայացնող որոշակի հարցերի վերաբերյալ:

 

4. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը

 

Տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ Խորհրդի ընդունած որոշումները և փաստաթղթերը գործողության մեջ են մտնում Համաձայնագրի մասնակից պետություններում ազգային օրենսդրությանը համապատասխան:

Խորհուրդն իր նիստերն անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին երկու անգամ: Նիստերին, բացի Խորհրդի անդամներից, կարող են մասնակցել նաև պետությունների այլ ներկայացուցիչներ, Համաձայնագրի մասնակից պետությունների արդյունաբերության առաջատար բնագավառների ներկայացուցիչներ` առանց որոշիչ ձայնի իրավունքի: Համաձայնագրի մասնակից պետությունների պատվիրակությունների կազմի մեջ կարող են ընդգրկվել անհրաժեշտ թվով խորհրդականներ և փորձագետներ:

Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

Խորհրդի և նրա աշխատանքային մարմինների նիստերի անցկացման կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է այն պետությունը, որի տարածքում անցկացվում են նիստերը:

Պետությունները հոգում են Խորհրդում և նրա աշխատանքային մարմիններում իրենց ներկայացուցիչների աշխատանքի հետ կապված բոլոր ծախսերը:

Խորհրդում նախագահությունն իրականացվում է ըստ հերթականության, Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրի կողմից՝ ի դեմս նրա ներկայացուցիչների, ռոտացիայի սկզբունքի հիման վրա, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նախագահը ղեկավարում է Խորհրդի նիստերը և կազմակերպում է նրա աշխատանքը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:

Խորհրդի նախորդ նախագահը հանդիսանում է նրա համանախագահը յուրաքանչյուր նոր ժամկետի համար:

Նիստերի օրակարգերը ձևավորվում են ըստ Խորհրդի կողմից ընդունված ՄՊԽ-ի ընթացակարգի կանոնների, հաստատվում են նիստերին ներկա գտնվող` Համաձայնագրի մասնակից պետությունների ձայների մեծամասնությամբ:

Որոշակի ծրագրերի, տեխնիկական նախագծերի և միջպետական համագործակցության ձևերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից` փոխհամաձայնության հիման վրա:

Այն որոշումները, որոնք շոշափում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել նրա բացակայությամբ:

Ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Համաձայնագրի մասնակից պետությունների ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է Համաձայնագրի մասնակից պետությունների կեսից ավելին:

Խորհրդի նախագահը`

տեխնիկական կարգավորման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) բնագավառում գործառույթներ իրականացնելու համար լիազորված պետական իշխանության ազգային մարմինների հետ համաձայնեցմամբ ներգրավում է Համաձայնագրի մասնակից պետությունների մասնագետներին համատեղ ծրագրերի, նախագծերի նախապատրաստմանը մասնակցելուն արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ բնագավառների զարգացման ուղղությամբ բազմակողմ պայմանավորվածության շրջանակներում,

մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր` տնտեսական հարցերով հանձնաժողովի, այլ միջպետական մարմինների նիստերին տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, ստանդարտավորման, չափագիտության և համապատասխանության գնահատման (հաստատման) հարցերի քննարկման ժամանակ: Խորհրդի նախագահի հանձնարարությամբ նշված նիստերի աշխատանքին կարող է մասնակցել Խորհրդի այլ անդամ իր լիազորությունների սահմաններում:

Նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում Խորհրդի անդամներն իրենց պետություններում աշխատանք են կազմակերպում Խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, պահպանում են կապը ԱՊՀ գործադիր կոմիտեի, Խորհրդի ստեղծած կազմակերպությունների և միմյանց հետ:

 

5. Ստանդարտների բյուրո

 

Ստանդարտների բյուրոն ստեղծվում է Խորհրդի կողմից և կազմվում է այն մասնագետներից, որոնք մշտական հիմունքով աշխատում են Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններով:

Ստանդարտների բյուրոյի քանակական կազմը որոշվում է Խորհրդի կողմից:

Ստանդարտների բյուրոն իր գործունեությունում ղեկավարվում է սույն Դրույթով, Խորհրդին ամրագրված գործունեության բնագավառներում ԱՊՀ շրջանակներում ընդունված համաձայնագրերով և Ստանդարտների բյուրոյի մասին դրույթով` հաստատված Խորհրդի կողմից:

Ստանդարտների բյուրոն գործունեության իրականացման համար ձևակերպում է իր իրավաբանական անձի կարգավիճակը՝ գտնվելու վայրի երկրի օրենսդրությանը համապատասխան, և ունի հաշվարկային հաշիվ ու իր անվանումով կնիք:

Ստանդարտների բյուրոն ապահովվում է անհրաժեշտ շենքերով` ընդունող երկրի պետական կառավարման մարմինների համար տրամադրվող պայմաններով:

Ստանդարտների բյուրոյի` Խորհրդի աշխատանքի կազմակերպման և աշխատակազմի ապահովման հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Խորհրդում ներկայացված` Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության ազգային մարմինների ամենամյա մուծումների, ինչպես նաև տեղեկատվական-խորհրդատվական և մեթոդական-կազմակերպչական գործունեության, տնտեսավարող սուբյեկտների կողմից ստանդարտավորման աշխատանքների վարձատրման արդյունքում ստացված միջոցների և այլ աղբյուրների հաշվին՝ ընդունող երկրի գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 14.12.2009թ.:

 

Մոլդովայի Հանրապետության

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

Ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման մասին 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությանը

 

2007 թվական, նոյեմբերի 22

Ք. Աշգաբադ

 

«Մոլդովայի Հանրապետությունը տվյալ Արձանագրության դրույթների կիրառման ժամանակ ղեկավարվելու է ազգային օրենսդրության պահանջներով և տվյալ բնագավառում իր կողմից ընդունված միջազգային պարտավորություններով»:

 

Վարչապետ`

Վասիլե Տարլև

 

Ուկրաինայի վերապահումը ըստ

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների

Խորհրդի նիստի օրակարգի 13-րդ կետի

 

Ստանդարտավորման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման մասին 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության վերաբերյալ

 

 2007 թվական, նոյեմբերի 22

 

«Բացառությամբ Միջպետական խորհրդի միջազգային իրավասուբյեկտությանը վերաբերող դրույթների»:

 

Ուկրաինայի վարչապետ,

պատվիրակության ղեկավար`

Վ. Յանուկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան