ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Քաղաքացիական գործ թիվ 3-951 (ՏԴ) |
Քաղաքացիական գործ թիվ Տ-326 | |
Նախագահող դատավոր՝ |
Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Սարգսյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճռի դեմ՝ ըստ հայցի Ծառայության Խորհրդային հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ «Ուրարտու-Ալեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` 811 350 (ութ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 811 350 (ութ հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 2007 թվականի փետրվարի 19-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 524 250 (հինգ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասով, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար առաջադրված տուգանքը բռնագանձելու մասով հայցը մերժվել է՝ ստուգման արդյունքում կազմված ակտն Ընկերության ղեկավարին չներկայացնելու պատճառաբանությամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ստուգման հանձնարարագիրը ստուգողների կողմից ներկայացվել է պատասխանողին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել այն:
2) Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ստուգման ակտում նշված է խախտված իրավական նորմը` ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի թիվ 298 որոշումը, իսկ ստուգման ակտը ստուգողների կողմից ներկայացվել է պատասխանողին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել ակտը և ստանալ դրա մեկ օրինակը: Այդ մասին ստուգող տեսուչների կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին կազմվել է արձանագրություն:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճիռը` հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության պետի 2003 թվականի հուլիսի 21-ի թիվ 205733 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է Ընկերությունում կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում:
2) 2003 թվականի հուլիսի 23-ի թիվ 205733 ստուգման ակտով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանք:
3) Ստուգման ակտով` որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտված իրավական ակտ, նշվել են ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշումը և ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 01/58 հրամանը:
4) 2003 թվականի հուլիսի 23-ին կազմվել է արձանագրություն այն մասին, որ ստուգման ընթացքում Ընկերության տնօրեն Ս.Ասլանյանը բացակայել է:
5) Գործում բացակայում է 2003 թվականի հուլիսի 23-ի թիվ 205733 ստուգման ակտն Ընկերության ղեկավարին ներկայացնելու, այդ թվում` փոստի միջոցով հանձնելու մասին ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:
Դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածը, եզրակացրել է, որ օրենսդիրը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության ստուգումն իրականացնելու համար սահմանել է որոշակի կարգ, այն է՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ստուգման անցկացման մասին ծանուցելը, որը պետք է կատարվի եթե ոչ երեք աշխատանքային օր առաջ, ապա գոնե ստուգումը սկսելուց անմիջապես առաջ:
Վերոնշյալ եզրահանգումը հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությանը և չի համապատասխանում հոդվածի պահանջներին հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը տնտեսավարող սուբյեկտին հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն չի նախատեսում: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածով նախատեսված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրելու դրույթին, որը նախատեսվում է որպես ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից ստուգման մասին ծանուցված լինելը հավաստող հանգամանք, և որը Դատարանի կողմից մեկնաբանվել է որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն, ապա իրականում հոդվածի այդ կարգավորումը հանդիսանում է ստուգումների անցկացման ընդհանուր կանոնի տրամաբանական շարունակությունը և չի վերաբերում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ստուգման դեպքերի համար նախատեսված բացառությանը:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը պետք է մեկնաբանվի` հաշվի առնելով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության հետ կապված ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը:
Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված խախտումների բացահայտումը պահանջում է վարչական մարմնի արագ գործելու անհրաժեշտություն, հետևաբար, նման ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու դեպքում անհնար կդառնա օրենքով նախատեսված ստուգման նպատակների իրագործումը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական հարցադրումը որևէ նշանակություն չունի սույն գործի լուծման տեսանկյունից, քանի որ տվյալ դեպքում ներկայացվել է գումարի բռնագանձման հայցապահանջ, և ներկայացված պահանջի շրջանակում դատարանի կողմից քննարկման է ենթակա բացառապես այն իրավական հարցը, թե արդյոք առկա է գումարի վճարման պարտավորություն, թե ոչ.
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձի պատճառաբանությունները Դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելու առնչությամբ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով 2003 թվականի հուլիսի 23-ի թիվ 205733 ստուգման ակտն ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից չի ստորագրվել:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում տեղ գտած այն փաստարկին, որ ստուգման ակտն ստուգողների կողմից ներկայացվել է պատասխանողին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել ակտը և ստանալ դրա մեկ օրինակը, որի համար ստուգող տեսուչների կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին կազմվել է արձանագրություն, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ ստուգող պաշտոնատար անձանց կողմից 2003 թվականի հուլիսի 23-ին կազմված արձանագրության համաձայն` ստուգմանն Ընկերության տնօրեն Ս. Ասլանյանը բացակայել է:
Նշված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք չեն կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ստուգման արդյունքում կազմված ակտն ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնելու պարտավորությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
Նույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ (տես «Իզի Ստարտ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2238/ՏԴ (Հարկային տեսչության 20.07.2006 թվականի թիվ 2305600 ակտն անվավեր ճանաչելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 366-371) արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վերոնշյալ հոդվածներով անձի՝ վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով: Դրանց համաձայն` այդ իրավունքի խախտման հետևանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրն ուժի մեջ մտնելը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը չկատարելու հետևանքով վարչական մարմինը կրում է վարչական ակտի ուշ ուժի մեջ մտնելու արդյունքում առաջացող իրավական հետևանքի ռիսկը:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Ծառայության կողմից ստուգման ակտն Ընկերությանը հանձնելու (ներկայացնելու) մասին ապացույց դատարանին չի ներկայացվել, հետևաբար, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների ուժով ստուգման ակտն ուժի մեջ չի մտել: Ծառայության` ուժի մեջ չմտած ակտը չի կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ այդ ակտով առաջադրված տուգանքը բռնագանձելու համար (տես օրինակ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ընդդեմ «Վագրա» ՍՊԸ, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-1714/ՏԴ (500.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու և տեղեկատվություն ներկայացնելուն պարտադրելու պահանջներով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 163-167):
Դատարանի եզրահանգումը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի խախտման վերաբերյալ, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի վճռով նշվել է, որ ստուգող պաշտոնատար անձինք, խախտելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, չեն նշել այն իրավական նորմը, որի պահանջները չեն կատարվել: Մինչդեռ Դատարանը նման եզրակացության է հանգել` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ 2003 թվականի հուլիսի 23-ին կազմված թիվ 205733 ստուգման ակտով որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտված իրավական ակտ նշվել է նաև խախտումը հայտնաբերելու դրությամբ գործող ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 01/58 հրամանը (ուժը կորցրել է 2004 թվականի դեկտեմբերի 11-ին):
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին հիմքը և մասնակիորեն երկրորդ հիմքը հիմնավոր են, սակայն դրանք բավարար չեն Դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի տրամաբանությամբ` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված լինելն ինքնին հիմք չէ դատական ակտը բեկանելու համար:
Այսպիսով, սույն քաղաքացիական գործով Ծառայության` վճռաբեկ բողոքով վիճարկվող գումարն Ընկերությունից բռնագանձելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում սույն վճռաբեկ բողոքի առաջին և մասնակիորեն երկրորդ հիմքերում նշված Դատարանի կողմից թույլ տրված խախտումների առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է ոչ բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 19-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Ս. Սարգսյան | |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |